Քաղաքականության, բարոյականության և նախապաշարումների մասին

Քաղաքականության մասին խոսելը ամենաբարդն է։ Խոսակցության բարդության հիմքը քաղաքականության մասին արմատավորված և ժամանակի ընթացքում վերարտադրվող կլիշեներն են, որոնք խանգարում են սթափ մտքի, իրավիճակի ու համատեքստի համադրմանը։ Ըստ այդմ՝ մեզանում ամենատարածված կլիշեներից մեկը այն պնդումը կամ նախապաշարմունքն է, որ քաղաքականությունը անբարոյականություն է, և  քաղաքական բոլոր գործիչները անբարոյական են ու ստախոս։ Կամ առնվազն ցանկացած պահի, իրենց շահից ելնելով, պատրաստ են կեղծել, խաբել և ստել քաղաքացիներին՝ իրենց ընտրողներին։  Բայց արդյո՞ք այս պնդման մեջ ճշմարտության կամ իրականության ծիլեր չկան կամ եթե կան, ապա որքանո՞վ են արդարացված, իսկ եթե չկան, ապա ինչո՞ւ են այդքան տարածված հանրային կարծիքում՝ անկախ հասարակությունից (սա գրեթե ունիվերսալիզմի ձգտող մի իրողություն է, և այդ պնդումը կարող ենք տեսնել ողջ աշխարհում, հանրային տարբեր քննարկումներում՝ խմբայինից մինչև անհատական)։ 

Նախևառաջ հարկ է նշել, որ քաղաքականության գործունեության առանցքային ոլորտը հաղորդակցությունն է։ Չկա քաղաքականություն առանց հաղորդակցության, և առավել կարևոր է այն, որ այդ հաղորդակցությունը պետք է լինի հանրային, որովհետև քաղաքականությունը միշտ հանրային է։ Ընտանիքում քաղաքականություն չկա, քաղաքականությունը միշտ հրապարակում է՝ հավասարների կամ հավասարության ձգտողների մեջ։ Քաղաքական գործչի խոսքը միշտ ուղղված է ընտրողին, հանրությանը։ Եվ երբ խոսվում է, որ  քաղաքական գործիչները խաբում են և պետք է ճշմարտությունը ասեն, իրականության մասին խոսեն, ենթադրվում է, որ նրանք կեղծում են, չեն ասում այն իրականը, ինչ մտածում են, այլ ասում են այն, ինչ հաճո է իրենց ընտրողին։ Հիմա առաջինը, որ սերում է այս սկզբունքից, հաղորդակցության պարադոքսն է։ Մի պահ պատկերացրեք հաղորդակցության հնարավորության կամ դրա խաթարման մասին, եթե բոլորը և առաջին հերթին քաղաքական գործիչները ասեն այն, ինչ մտածում են։ Դա հնարավոր չէ պատկերացնել նույնիսկ ամենապարզ, մտերմիկ անհատական հարաբերություններում, ուր մնաց քաղաքական տիրույթում, որտեղ միանշանակությունները առավել նվազ են և բազմաթիվ, եթե ոչ բոլոր հարցերը, ունեն տարբեր կողմ ու դեմ փաստարկներ։ Ըստ գերմանացի սոցիոլոգ Նիկալ Լումանի՝ այդ պարագայում մենք կունենայինք «էթիկապես բարձրարժեք քաղաքական գործիչներ՝ առանց քաղաքականության[i]։

Այս բոլոր կանխադրույթների առանցքը հետևյալ կանխընկալումն է, որ քաղաքականության ոլորտի հաղորդակցության հիմքը կամ կոդը բարոյականությունն է և դրա սկզբունքները։ Որ քաղաքականությունում պետք է լինեն միայն ազնիվ, անբիծ, ճշմարտախոս ու ուղղախոս գործիչներ, և որ այդ պարագայում ամեն ինչ իր տեղը կընկնի ու ամեն ինչ իր լուծումը կգտնի։ Այս մտայնության հիմքը գալիս է դեռևս լուսավորության և եվրոպական արդիության դարաշրջանից։ Դա  նկատել ու բացատրել էր գերմանացի քաղաքական տեսաբան և սահմանադրագետ Կարլ Շմիթը։ Նա, խոսելով եվրոպական մտքի զարգացման շրջանների կամ փուլերի մասին, նշում է, որ եվրոպական միտքը հաջորդաբար անցել է  գաղափարական հետևյալ շրջաններով՝ աստվածաբանական, մետաֆիզիկական, հումանիտար-բարոյական և վերջապես տնտեսական։ Իր «ապաքաղաքականացման և չեզոքացման դարաշրջանը» հոդվածում[ii] Շմիթը նշում է, որ լուսավորական դարաշրջանը բնորոշվում է բարոյական-հումանիտար ոլորտի գերակշռմամբ, իհարկե, չբացառելով մյուս ոլորտների ներկայությունը։ Իսկ դա նշանակում է, որ ըստ այդ տրամաբանության՝ մարդկության զարգացման և բարգավաճման ամբողջ դրականը կապվում է հասարակության մեջ բարոյական-հումանիտար գաղափարների գերակայության հետ, հետևաբար դրա գերակայության դեպքում ամեն ինչ իդեալական կլինի։ Ասել է թե, եթե հասարակությունը տարբեր մարտահրավերների առջև է կանգնած, ապա հումանիտար-բարոյական, կրթական և նմանատիպ ոլորտների առավելության և գերակայության շնորհիվ մնացյալ հարցերը  և մարտահրավերները ինքնաբերաբար կկարգավորվեն։ Նույն տրամաբանությամբ դեռևս վաղ և ուշ միջնադարում աստվածաբանական գաղափարի գերակայության ժամանակ ընդունված էր մտածել, որ բոլոր լավ ու վատ իրողությունները աստծուց են, և եթե օրինակ մարդը հիվանդանում է, ուրեմն նա զայրացրել է աստծուն, կամ եթե ապաքինվել է, ապա նրա հանդեպ աստվածները բարեհաճ են գտնվել։  Տնտեսական շրջափուլի գերակայության տրամաբանությունը հուշում է օրինակ, որ եթե մենք տնտեսական հարցերը լուծենք, զարգացնենք տնտեսությունը և արտադրությունը, ապա այդ ոլորտից ածանցված մնացյալ ոլորտները նույնպես կզարգանան։

Շմիթյան այս շրջափուլերում և բարոյական-հումանիտար դարաշրջանում են առաջ գալիս բարոյականության գերիշխանության դրույթը և դրանից ածանցյալ քաղաքական ոլորտի ենթակայության սկզբունքը։ Այն է՝ քաղաքական գործիչները պետք է լինեն բարոյական, չխաբեն, չկեղծեն, հետևեն կանոններին, և ամեն ինչ լավ կլինի։ Բայց հետո գալիս է Մաքիավելին և առաջ քաշում «raison d’etat»՝ պետական շահի գաղափարը։ Ասել է թե՝ իմանալ գաղտնիքը, ճշմարտությունը, բայց չբարձրաձայնել (կիսատ ասված լինել), այսինքն՝ մարտավարական կեղծիք ռազմավարական բարիքի համար։ Գործել փոքր չարիք՝ ի նպաստ մեծ բարիքի։ Կամ ունենալ տեղեկատվություն պետական իրավիճակի մասին, բայց իրավունք (ընդհուպ իրավական պատասխանատվության մակարդակով) չունենալ բարձրաձայնելու դրա մասին։

Մեկ այլ կանխադրույթ է նաև վերը նշված դարաշրջաններից ժառանգած, որ բարոյականությունը մարդու բնության մաս է, և ծագող խնդիրները բարոյական են. պետք է դրա շրջանակներում լուծվեն։ Կամ մեկ այլ հիմնադրույթ, որ ինչպես կարող է քաղաքական գործիչը կամ անհատը պահել բարոյականության նորմերը, եթե մնացյալի կողմից դա չի խրախուսվում ու չի պահվում։ Մեկ այլ պարադոքս է այն, որ ազնվությամբ, ճշմարտախոսությամբ առավել հեշտ է գործել/ապրել, քանի որ այն առավել քիչ տեղեկատվական ծանրաբեռնվածություն ունի։ Ասել է թե՝ ստելու դեպքում միշտ պետք է հիշես՝ ինչ ես խաբել և այլոց հետ շփումներում ու հանրային խոսքում միշտ մտապահես դա։ Լումանը, օրինակ, մեկ այլ պարադոքսից է խոսում, որ ազնվությունը և անկեղծությունը հնարավոր չէ փոխանցել ուղիղ խոսքով։ Օրինակ, եթե դուք ձեր խոսքից առաջ նշում եք, որ անկեղծ կխոսեք, կամ չեք խաբում, այդ ձևակերպումն իսկ արդեն առնվազն կասկած է հարուցում, բայց հակառակը նույնպես հնարավոր չէ։ Այսինքն՝ ինչպես պետք է խոսեք ձեր ազնվությունից առանց շեշտելու այն։

Այս բոլոր հարցերից, կանխադրույթներից և մտորումներից Լումանը դուրս է բերում երկու պարադոքս՝ բարոյականության և հաղորդակցության։ Առաջինի  դեպքում պարադոքսն այն է, որ բարոյականությունը երբեմն պահանջում է անբարոյական արարքներ, որպեսզի լինի հնարավոր։ Այսինքն՝ բարոյականությունը և անբարոյականությունը դիալեկտիկ կապի մեջ են։ Մյուսը՝ հաղորդակցության պարադոքսը՝ խոսել ազնվության մասին, առանց ազնվության մասին խոսելու, այն է՝ հաղորդակցություն անհաղորդակցելիի մասին։

Ահա այս ահռելի մտածական խնդիրները, պարադոքսները և հակադրությունները լուծվում են, եթե մենք ընդունում ենք, որ ցանկացած ոլորտ ինքնավար է, ունի իր սեփական գործառութային տրամաբանությունը, և մեկը մյուսին ենթակա չէ։ Այսինքն՝ քաղաքականությունը առանձին, ինքնավար ոլորտ է և ունի սեփական կանոնները, թե կուզեք էթիկան, բարոյականության չափումները, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մեր պատկերացումների և նախապաշարումների հետ։ Օրինակ ի՞նչ պայմաններում է քաղաքականության մեջ մի գործողություն բարոյական, իսկ մյուսը՝ անբարոյական։ Չէ՞ որ քաղաքական գործիչները առաջնորդվում են իրենց քաղաքական շահի՝ քվեի ու ընտրողի պատկերացմամբ և իրենց պատկերացումները ունեն իրենց ընտրողների ու նրանց բարոյական նկարագրի մասին՝ըստ էության՝ դառնալով այդ փակ շղթայի գերին։ Պատկերացրեք «բարոյական» քաղաքական գործիչ «անբարոյական» հասարակությունում։ Մյուս կողմից պետք է հիշել ժողովրդավարական ընտրությունների և քաղաքականության ամենաառանցքային հիմադրույթներից մեկը։ Երբ դու՝ որպես անհատ կամ կուսակցություն, ընդունում ես դիմացինիդ ընտրվելու իրավունքը և հնարավորությունը, ըստ այդմ՝ նաև նրա բարոյական «հավասարությունը» քո նկատմամբ։ Պատկերացրեք իրավիճակ, երբ կուսակցությունները կամ անհատական գործիչներն ընտրվեն՝ ոչ թե համաձայն իրենց ծրագրի, դրա իրականացման ժամանակացույցի և դրա իրականացման թիմի, այլ որ իրենք բարոյական մարդիկ են։ Օրինակը, ըստ էության, ցույց է տալիս իրավիճակի ու նկարագրած սկզբունքի ողջ աբսուրդությունը և ծիծաղելի վիճակը։

Այստեղ է, որ մենք կտեսնենք այն կարևոր փոփոխությունը, որը բերել է քաղաքականության էթիկական կոդի անկախության կարևորությունը այլ ոլորտների էթիկական կոդերից։ Օրինակ, քաղաքականության «ազնիվ խաղի» սկզբունքը, որի հիմքը սպորտից է գալիս, և զարմանալի չէ, որ շատ ժամանակ քաղաքականությունն ու սպորտը նույնացվում են իրար հետ։ Դոպինգի գաղափարը, ըստ այդմ, օրինակ կարող է նույնացվել ընտրակաշառքի հետ։ Կամ գիտական ոլորտում էթիկական նորմ կարող է լինել գրագողությունը, և միանգամից հիշենք, որ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականը ու Ուոթրգեյթի ճգնաժամը՝ կապված դեմոկրատների գաղտնալսման բացահայտման հետ։

Որպես վերջաբան՝ մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգը ստեղծված չէ այլ ոլորտի՝ բարոյականության չափորոշիչների կողմից կառավարման համար, այլ ունի սեփական չափորոշիչները՝ էթիկան/բարոյականությունը։ Եվ այն, որ կա արմատացած նախապաշարմունք, թե  քաղաքական բոլոր գործիչները կամ նրանց մեծամասնությունը ստախոս անբարոյականներ են, նախկին դարաշրջանի չափանիշների տրանսլյացիան է քաղաքական ոլորտին, որն արդեն վաղուց ինքնավար ոլորտ է՝ սեփական կանոններով։ Եվ կրոնական բարոյականության չափորոշիչները չեն աշխատում այս ոլորտում, որովհետև իշխանությունն այլևս աստծուց չէ։ Ավելին՝ մարդիկ հակված են բարոյականացման, քանի որ բարոյականության կոդը՝ լավ/վատ հնարավորություն է տալիս իրենց ընդունելու բարու կողմը՝ ընդդեմ չարի։ Ըստ «եթե ես լինեի» հայտնի կանխադրույթի՝  քաղաքական բոլոր գործիչները անբարոյական են, ստախոս, կաշառակեր և այլն, իսկ ժողովուրդը՝ ազնիվ, բարոյական, օրինապաշտ և այլն։

Հղումներ

[i] Никлас Луман, Честность политиков, стр. 69-76, 69.

[ii] Шмитт Карл. Эпоха деполитизации и нейтрализации. Социологическое обозрение Том 1. № 2. 2001, стр. 48-58.


Գոռ Մադոյան (Gor Madoyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Կարլ Շմիթ «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեի թվանշային հրատարակությունը