Բանախոսություն «Պրոպագանդայի ուղերձի և հերոսի կերպարի վերլուծություն» թեմայով

#EnlightTalks բանախոսությունների շարք՝ «Ինլայթ»-ի եռամսյա վերլուծական պրակտիկա ծրագրի շրջանակում: 

Հուլիսի 4-ին վերլուծական պրակտիկայի շրջանակներում տեղի է ունեցել «Ինլայթ»-ի վերլուծաբան, հանրային կառավարման մասնագետ Հեղինե Ալեքսանյանի բանախոսությունը «Պրոպագանդայի ուղերձի և հերոսի կերպարի վերլուծություն» թեմայով։

Հեղինեն նախ նշեց, որ իր կողմից թեմայի ընտրությունը պայմանավորված է վերջինիս՝ վերլուծական կարողությունները զարգացնելու լայն հնարավորություն և գործիքներ տալու հանգամանքով:

Նախքան բուն բանախոսությանը անցնելը մասնակիցները առցանց գործիքի միջոցով ներկայացրին «պրոպագանդա» բառի իրենց ասոցիացիաները՝ մանիպուլյացիա, գովազդ և այլն, ապա փորձեցին հասկանալ, թե բանախոսի կողմից ներկայացված երեք պաստառներից ո՞րը կամ որո՞նք են պրոպագանդիայի օրինակ/ներ իրենց կարծիքով։

Խոսելով պորապագանդայի սահմանումների մասին՝ բանախոսը նշեց, որ դրանք շատ տարբեր են և տարիների ընթացքում փոխվում են։ Նա ներկայացրեց առկա սահմանումներից Գարթ Ջոեթի և Վիկտորիա Օ’Դոնելի սահմանումը, ըստ որի. «Պրոպագանդան ընկալումներ ձևավորելուն, ճանաչման գործընթացը մանիպուլացնելուն և վարքագծի ուղղորդմանն ուղղված կանխամտածված, համակարգային փորձ է, որը թույլ է տալիս հասնել պրոպագանդիստի համար ցանկալի արձագանքի»։ 

Նա նաև հավելեց, որ պրոպագանդայի հետ կապված կա երկու սխալ ընկալում. ոմանք կարծում են, որ այն բացառապես պատմական երևույթ է, իսկ երկրորդ մոտեցմամբ ընդհակառակը՝ պորոպագանդան կապվում է նոր, ինֆորմատիվ դարաշրջանի հետ, և ասոցիացիաներ կան գովազդի, քաղաքական տեխնոլոգիաների և նմանատիպ այլ երևույթների հետ։ Բանախոսը շեշտեց, որ պրոպագանդան և՛ պատմական, և՛ ժամանակակից երևույթ է։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է աշխատում պրոպագանդան, բանախոսը նշեց պրոպագանդայի հիմնական բնութագրիչները: Նա նաև ներկայացրեց պրոպագանդայի արդյունավետությունը ապահովող գործոնները, մանիպուլացիոն տեխնիկաները, պրոպագանդայի ուղերձի վերլուծության հիմնական քայլերը, առաջնորդվել դրանցով՝ կատարեց մի քանի պրոպագանդիստական պաստառների վերլուծություն:

Վերդառնալով հանդիպման սկզբում ներկայացված հարցադրմանը, թե ներկայացված պաստառներից ո՞րը կամ որո՞նք են պրոպագանդայի օրինակ/ներ՝ բանախոսը մասնակիցների հետ քննարկում ծավալեց: Մասնակիցները, օգտագործելով բանախոսության ընթացքում ստացած տեղեկատվությունը, ներկայացված պաստառների մեջ կարողացան գտնել պրոպագանդայի օրինակները:

Վերջում բանախոսը պատասխանեց հարցերին: Մասնակիցները ստացան երկու հանձնարարություն. 1) ընտրել և վերլուծել ներկայացված պաստառները՝ ուսումնասիրելով պաստառի ուղերձը, օգտագործված հիմնական տեխնիկաները և թիրախային խումբը, 2) ընտրել Առաջին համաշխարհային պատերազմի շրջանին վերաբերող գերմանական երկու ֆիլմերից մեկը («Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» և «Կարմիր բարոն») և պատասխանել բանախոսի ներկայացրած հարցադրումներին (ինչպե՞ս են ներկայացված հերոսությունը և պատերազմը ֆիլմում, բերել գլխավոր հերոսի համար հերոսության գաղափարի փոփոխությունն արտահայտող մեջբերումների կամ դրվագների օրինակներ, ո՞վ է ֆիլմի թիրախային խումբը, արդյո՞ք այն ժողովրդական/մեծ լսարանի համար նախատեսված ֆիլմ է, թե՞ ոչ):

Պատրաստեց՝ Նարինե Գալոյանը


Բանախոսություն թեմային առավել համապարփակ ծանոթանալու համար առաջարկում ենք ընթերցնել Հեղինե Ալեքսանյանի «Պրոպագանդան որպես հաղորդակցության «լեզու»» հոդվածը:

Հեղինակի մյուս վերլուծություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: