Արցախյան քրոնիկոն | 18 հոկտեմբերի

Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

18 հոկտեմբերի, 2020թ. 17:32

ԱՀ ՊԲ

Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված նոր պայմանավորվածությանը՝ օրվա ընթացքում հակառակորդը անօդաչու թռչող սարքերով շարունակաբար փորձել է խախտել Արցախի օդային տարածքը: ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները, հաջողությամբ հավաստանշելով թշնամական անօդաչուների թռիչքները, խոցել են 2 ԱԹՍ:

18 հոկտեմբերի, 2020թ. 11:33

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է։ Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից կրակ են վարել սահմանի երկայնքով, չի համապատասխանում իրականության։

18 հոկտեմբերի, 2020թ. 10:35

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել: Հանրապետության հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը: Բայց, խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ կրակ չի եղել:

18 հոկտեմբերի, 2020թ. 09:37

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։ Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։

18 հոկտեմբերի, 2020թ. 08:32

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, հումանիտար հրադադարը պահպանվել է՝ բացառությամբ հյուսիսային ուղղությամբ՝ 00:04-ից 02:45-ը և հարավային ուղղությամբ 02:20-ից 02:45-ը ընկած ժամանակահատվածների, երբ թշնամական ուժերը կիրառել են նաև, հրթիռահրետանային հարվածներ: Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ: Ճակատային գծում իրադրության լարման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

18 հոկտեմբերի, 2020թ. 05:37

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

18 հոկտեմբերի, 2020թ. 00:20

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց: