Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

14 հոկտեմբերի, 2020թ. 17:19

ՀՀ ՄԻՊ

Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը դրոնով հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սոթք քաղաքացիական համայնքին։ Վիրավորվել է 14-ամյա երեխա, որն այժմ հիվանդանոցում է։ Կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ դաշտում եղել են նաև այլ քաղաքացիներ, այդ թվում՝ այլ երեխաներ։

14 հոկտեմբերի, 2020թ. 16:55

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիսային-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները։ Սա արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

14 հոկտեմբերի, 2020թ. 16:49

ԱՀ ՊԲ

Հակառակորդը, շարունակելով խախտել հումանիտար հրադադարը, այս անգամ թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Վերոնշվածն արդեն բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

14 հոկտեմբերի, 2020թ. 14:48

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Մեկ շաբաթ առաջ հարավային ուղղությամբ երկու խմբավորում փաստացի շրջափակման մեջ էին եղել անտառներում, սակայն հետո նրանք դուրս էին եկել: Նման դեպք էլ երեկ է եղել, Մատաղիսի ուղղությամբ 2 զինծառայող դուրս են եկել, 10 օր թաքնված են եղել անտառներում: Այս մարդկանց մասին ո՛չ մենք ենք ինֆորմացիա ունեցել, ոչ էլ ծնողները։

14 հոկտեմբերի, 2020թ. 12:27

ԱՀ ՊԲ

Հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը: Մասնավորապես Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաև ռազմական ավիացիա: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:

14 հոկտեմբերի, 2020թ. 10:41

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։

14 հոկտեմբերի, 2020թ. 10:32

ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել ՀՀ տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։ Վերահաստատելով, որ մինչև այս պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, հայտարարում ենք, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։ Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Զոհեր և վիրավորներ չկան:

14 հոկտեմբերի, 2020թ. 09:19

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ ակտիվությունը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղություններում ձեռնարկում են համարժեք գործողություններ՝ շարունակելով վստահորեն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանության սրբազան առաքելությունը:

14 հոկտեմբերի, 2020թ. 01:10

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։