Արցախյան քրոնիկոն | 23 հոկտեմբերի

Սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

23 հոկտեմբերի, 2020թ., 13:36

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան

Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ։ Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր։

23 հոկտեմբերի, 2020թ., 09:36

ԱՀ ԱԻՊԾ

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։ Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ. Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։

23 հոկտեմբերի, 2020թ., 09:23

ԱՀ ՊԲ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հարաբերական կայուն-լարված իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերն ու փոխհրաձգությունները: Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

23 հոկտեմբերի, 2020թ., 01:00

ԱՀ ԱԻՊԾ

Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը, իսկ կեսգիշերին ադրբեջանական զինուժի նշանակետում դարձյալ Մարտունին էր։ Հրթիռակոծության հետևանքով նյութական վնասները շատ են։ Խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։