Եվրոպական ինտեգրումը և Մեծ Բրիտանիան
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ու. Չերչիլը հնչեցրեց «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» ստեղծելու Եվրոպական ինտեգրացիայի մանիֆեստը՝ ստեղծել «Եվրոպայի Միացյալ Նահանգները»` «վերստեղծելով եվրոպական ընտանիք, որը կարող ենք ապահովել ազատության մեջ խաղաղ գոյատևելու հնարավորություն ընձեռնող համակարգով»: Սակայն հետաքրքիրն այն էր, որ միավորված Եվրոպայի կողմնակից Չերչիլը Մեծ Բրիտանիան չէր տեսնում այդ միության մեջ, այլ տեսնում էր նորաստեղծ միության կողքին՝ Ազգերի բրիտանական համագործակցության, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ:
Չերչիլի խոսքերը մարգարեական եղան, և արդեն 1952 թվականին Փարիզում Ֆրանսիայի, Արևմտյան Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսենբուրգի և Իտալիայի կողմից հիմնվեց Ածխի և պողպատի եվրոպական ընկերակցությունը (ԱՊԵԸ), որը նպատակ ուներ միացնել և ազգային պետությունների վերահսկողությունից հանել դարավոր թշնամիների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի տնտեսությունների այն ճյուղերը, որոնք հիմք են հանդիսանում պատերազմական գործողությունների համար:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չմիացավ այդ միությանը, քանզի չէր ցանկանում կորցնել իր ինքնիշխանյությունը: Բրիտանիայի այդպիսի որոշման հետևում կարող ենք նշել մի քանի պատմական նախադրյալներ.
- Մեծ Բրիտանիայի ռազմական և նավատորմային հզորությունը սկսել էր անկում ապրել: Անգլիական արդյունաբերությունը սկսեց տանուլ տալ Գերմանիայի և ԱՄՆ-ի հետ տնտեսական պայքարում: 1-ին աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիան արդեն կորցրել էր տնտեսական գերակայությունը, սակայն դեռ մնում էր ամենաշատ գաղութներ ունեցող պետությունը: Մեծ Բրիտանիայի քաղաքական և տնտեսական հզորությունը գագաթնակետին էր հասել 19-րդ դարի 2-րդ կեսին, սակայն դրանից հետո սկսեց անկման գործընթացը, որը միանգամից աչքի չընկավ:
- 2-րդ աշխարհամարտը խոր ազդեցություն ունեցավ Մեծ Բրիտանիայի վրա, որը էականորեն տարբերվում էր այն ազդեցությունից, որ պատերազմը թողեց Գերմանիայի և Ֆրանսիայի վրա: Ֆրանսիան օկուպացվել էր պատերազմի սկզբում, Գերմանիան՝ վերջում, իսկ Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետ միասին փրկել էր Եվրոպան: Մեծ Բրիտանիան գերմանական հարձակումներից պաշտպանված էր Լա Մանշով, այն մի քանի անգամ տուժել էր գերմանական ավիացիայի հարձակումներից: Այդ իսկ պատճառով Ֆրանսիան և Գերմանիան պատերազմից հետո համոզված էին, որ ազգայնականությունը կործանիչ է և պատրաստ էին իրենց ինքնիշխանությունից մի քիչ զիջել՝ նպատակ ունենալով խաղաղություն պահպանել Եվրոպայում: Մեծ Բրիտանիայում տրամագծորեն հակառակ պատկերն էր. բրիտանացիները հպարտ էին իրենց անկախ և հաղթած պետությամբ, ուստի և չէին ցանկանում գնալ որևէ զիջումների, Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության որևէ սահմանափակման:
- Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկը ԱՄՆ-ի հետ հատուկ հարաբերությունների ձևավորումն էր, որի հետ պետք է պայքարեր կոմունիզմի դեմ: Կարևոր էր նաև Ազգերի բրիտանական համագործակցության պետությունների հետ հարաբերությունների պահպանումը:
Եվրոպայի ինտեգրման գործընթացը հետագայում շարունակվեց. փորձ էր արվել հիմնել ԵՊԸ-ն (Եվրոպական պաշտպանական ընկերակցություն) և ԵՔԸ-ն (Եվրոպական քաղաքական ընկերակցություն), սակայն փորձը ձախողվեց 1957 թվականին ձևավորվեցին ԵՏԸ-ն (Եվրոպական տնտեսական ընկերակցությունը) և Եվրաատոմը:
Ի պատասխան ԵՏԸ-ի ստեղծման և նպատակ ունենալով հակակշռել դրան՝ Մեծ Բրիտանիան հանձն առավ ստեղծել ազատ առևտրի ուրիշ գոտի, որը հիմնադրվեց 1960 թվականին Ստոկհոլմում: ԱԱԵԱ-ն (Ազատ առևտրի եվրոպական ասոցացիան) որակապես տարբերվում էր Եվրոպական տնտեսական ընկերակցությունից, քանի որ նախատեսում էր անդամ-պետությունների միջև ստեղծել ազատ առևտրի գոտի՝ որևէ կերպ չսահմանափակելով պետությունների ինքնիշխանությունը այլ տնտեսական բլոկերի հետ համագործակցության հարցում:1 Հետագա տարիներին դարձավ, որ Մեծ Բրիտանիան իր ուսերին է վերցրել չափազանց մեծ բեռ, որը չի համապատասխանում իր տնտեսական, ռազմական և քաղաքական պոտենցիալին:
Մեծ Բրիտանիայի մուտքը Եվրոական միություն (այդ ժամանակ դեռ կոչվում էր ԵԸ)2
Մեծ Բրիտանիայի միացումը Եվրոպայի ինտեգրացիոն գործընթացին սկսվեց վարչապետ Հարոլդ Մաքմիլլանի «փոփոխությունների քամիներ» ելույթով: Ապագաղութացման արագ գործընթացը և Մեծ Բրիտանիայի՝ մայրցամաքային Եվրոպայի տնտեսական հզորությանը դիմակայելու անկարողությունը դրդեցին Մեծ Բրիտանիային 1961 թվականին դիմելու ԵԸ անդամակցության համար, Մեծ Բրիտանիային գոհացնող պայմաններով (այն է՝ Մեծ Բրիտանիան կատեգորիկ դեմ է ֆեդերալիզմին ուղղված ցանկացած քայլին): Սակայն Մեծ Բրիտանիայի պայմանները ընդհանրապես հաշվի չառնվեցին, քանզի Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը երկու անգամ վետո դրեց ԵԸ Մեծ Բրիտանիայի մուտքին (1961 թվականին, 1967 թվականին)՝ պատճառաբանելով, որ Մեծ Բրիտանիայի անդամակցությունը կկործանի «մեծ նախագիծը»:
Իրավիճակը փոխվեց 1969 թվականին, երբ Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունները փոխվեցին, Հաագայում որոշվեց վերսկսել բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Իռլանդիայի հետ, այն պայմանով, որ նրանք կընդունեն միության նպատակները և պայմանագրերը (acquis communautaire): 1973 թվականի հունվարի 1-ին Մեծ Բրիտանիան Դանիայի և Իռլանդիայի հետ դարձավ Եվրոպական ընկերակցության անդամ: Այդ ընդլայնումը հետագայում ստացավ «ընդլայնման առաջին ալիք» անվանումը:
Անգամ Մեծ Բրիտանիայի միացումը եվրոպական ինտեգրացիոն գործընթացին չսպառեց հանրության և քաղաքական էլիտայի հեռատեսական միտումները: Քաղաքական էլիտան հանրությանը փորձում էր համոզել, որ այդ քայլը ստիպված քայլ էր և պայմանավորված էր աշխարհաքաղաքական նոր իրադրությամբ, որի պատճառով Մեծ Բրիտանիայի միացումը ԵԸ-ին ժամանակի հրամայակականն էր, այլապես Մեծ Բրիտանիան կկորցներ իր ազդեցությունը Եվրոպայում: ԵԸ-ում անդամակցության տարիներին Մեծ Բրիտանիան միշտ հանդես էր գալիս որպես «պարտադրված գործընկեր», որը 25 տարվա ընթացքում, որևէ լուրջ առաջարկ չի ներկայացրել, իսկ մնացած անդամ-պետությունների նախագծերի ժամանակ խոչընդոտներ ստեղծել:
Մեծ Բրիտանիայի և Եվրոպական ընկերակցության հարաբերությունները հերթական անգամ փորձության ենթարկվեցին այն ժամանակ, երբ իշխանության եկան լեյբորիստները և պահանջեցին անդամակցության պայմանների վերանայում, մասնավորապես ԵԸ-ի ֆինանսավորման և գյուղատնտեսական քաղաքականության հարցերի շուրջ: Լեյբորիստները կասկած էին հայտնում ընդհանուր արժույթի ստեղծման շուրջ, նաև առաջարկում էին առևտրի մեջ արտոնություններ սահմանել Նոր Զելանդիայի համար: Բանակցությունների գործընթացը ավարտվեց ԵԸ-ը կողմից մի քանի զիջումներով, որոնք շահարկվեցին վարչապետ Հարոլդ Վիլսոնի ընդդիմադիրների կողմից՝ նշելով, որ ԵԸ-ին անդամակցելու տնտեսական շահերը չարդարացրեցին իրենց, և Հյուսիսային ծովում գտնված նավթային հանքերը կարող էին ապահովել Մեծ Բրիտանիայի միայնակ զարգացումը: Լեյբորիստները ստիպված եղան հարցը դնել հանրաքվեի: Հանրաքվեին մասնակցեց բնակչության 64%-ը, որի 67.2%-ը քվեարկեց ԵԸ-ի կազմում մնալու համար: Չնայած դրան՝ բանավեճերը այդ հարցի շուրջ շարունակվում էին:
1979 թվականին Մարգարեթ Թեթչերը դարձավ վարչապետ՝ պահպանողականներին բերելով իշխանության: Թեթչերի կաբինետը քննադատում էր ԵԸ-ն՝ հսկայական բյուրոկրատական մեքենայի առկայության և ազգային պետությունների դերերի կրճատման համար: Հատկանշական է նաև, որ «եվրահոռետեսություն» տերմինը ունի բրիտանական ծագում, այն առաջացել է նկարագրելու ԵԸ-ին ուղղված հենց Թեթչերի քաղաքականությունը: Հետևելով տնտեսական լիբերալիզմի սկզբունքներին՝ Թեթչերի կաբինետը կողմ էր ընդհանուր ներքին շուկայի ստեղծմանը, սակայն դեմ էր ցանկացած քայլին, որը կուժեղացներ ԵԸ-ի ինստիտուտները և կխախտեր ինստիտուտների հավասարակշռությունը: Վեճեր կային նաև կապված Մեծ Բրիտանիայի անդամավճարի չափի հետ:
Թորիների պատրկերացումները ԵԸ-ի մասին կամ էլ «ապագա Եվրոպայի 5 ուղղորդող դրույթները» արտահայտված են Թեթչերի 1988 թվականի ճառում, որը նա կարդացել է Բրյուգ քաղաքում, դրանք են՝
- Գլխավորը անկախ և ինքնիշխան պետությունների ինքնակամ համագործակցությունն է, իսկ հաջողության գրավականը իշխանության բաշխումն է, ոչ թե կենտրոնացումը ԵԸ ինստիտուտների ձեռքում,
- ԵԸ-ի քաղաքական հարցերը պետք է ունենան պրակտիկ լուծումներ,
- ԵԸ-ի նպատակները պետք է լինեն ազատ շուկան, ապակենտրոնացվածությունը, պետության քիչ խառնվելը,
- Եվրոպան չպետք է լինի պրոտեկցիոնիստական,
- Եվրոպան պետք է ունենա անվտանգության գործող մեխանիզմներ, որոնք ապահովում է ՆԱՏՕ-ն:
1992 թվականի փետրվարին կնքվեց Մաաստրիխտի պայմանագիրը, որով հիմնվեց ԵՄ-ը (Եվրոպական Միությունը)՝ ազդարարելով ինտեգրացիոն գործընթացի նոր փուլը: Մեծ Բրիտանիան պայմանագրի բանակցությունների ընթացքում դիվանագիտական հաղթանակ համարեց այն հանգամանքը, որ պայմանագրի մեջ չնշվեց ֆեդերալիզմի մասին դրույթը, որը պետք է հանդիսանար ինտեգրացիայի վերջին փուլը: Մեծ Բրիտանիան չցանկացավ քայլեր ձեռնարկել նաև ընդհանուր արժույթի ստեղծման ուղղությամբ՝ իր հետևում իրավունք թողնելով ինքուրույն որոշել այդ հարցը: Պայմանագրի վավերացումը բրիտանական խորհրդարանում ընթացավ մեծ դժվարություններով:
1997 թվականին լեյբորիստները եկան իշխանության Թոնի Բլեերի գլխավորությամբ: Նրա քաղաքական կուրսը ԵՄ-ի նկատմամբ չէր տարբերվում պահպանողականների քաղաքականությունից. նա կարևորում էր ԵՄ-ի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ որպես նրա անվտանգության երաշխավոր: Բլեերը հանդես եկավ ԵՄ-ի համար նոր տնտեսական ռազմավարության ձևավորման նախաձեռնությամբ, ինչպես նաև աջակցեց Եվրապոլի ստեղծման ծրագրին: Եվրապոլի ստեղծման մասին որոշում էր կայացվել 1992 թվականին Մաաստրիխտի պայմանագրով. նախատեսվում էր ստեղծել ահաբեկչության, թմրադեղերի և այլ միջազգային հանցագործությունների դեմ պայքարի կառույց: Այդպես 1995 թվականին ստորագրվեց Եվրապոլի մասին կոնվենցիան, որը ուժի մեջ մտավ 1998 թվականին՝ բոլոր անդամ պետությունների կողմից վավերացվելուց հետո:
Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի հարաբերությունները սկսեցին փոխվել Դեյվիդ Քեմերոնի՝ վարչապետ լինելու ժամանակ: Եվրահոռետեսների ճնշման տակ Քեմերոնը խոստացավ հանրաքվե անցկացնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը լուծելու համար: Մինչ այդ Քեմերոնը բանակցեց Բրյուսելի հետ՝ Մեծ Բրիտանիայի անդամավճարի հետ կապված: Քաղաքացիներին ԵՄ-ի կազմում մնալ համոզելու Քեմերոնի ջանքերը ապարդյուն էին, քանի որ 2016 թվականի հունիսի 23-ին կայացած հանրաքվեի արդյունքով բրիտանացիները ընտրեցին Brexit-ը (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ի կազմից), չնայած այս որոշումը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, հանրաքվեի արդյունքները չեն կարող հաշվի չառնվել, ինչպես նշել է Քեմերոնը: 51.9% կողմ էին քվեարկել ԵՄ-ից դուրս գալուն, 48.1%-ը՝ դեմ: Հանրաքվեին մասնակցել է բնակչության 71.8%-ը: Անգլիան և Ուելսը քվեարկել էին ԵՄ-ի կազմից դուրս գալու համար, իսկ Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, ընդհակառակը, մնալու համար: (Անգլիա-53.4%` դուրս գալ, 46.6%` մնալ, Ուելս-52.5%` դուրս գալ, 47.5%` մնալ, Շոտլանդիա-38%`դուրս գալ, 62%` մնալ, Հյուսիսային Իռլանդիա-44.2%` դուրս գալ, 55.8%` մնալ): Լոնդոն քաղաքը քվեարկել է ԵՄ-ի կազմում մնալու համար (59.9%` մնալ, 40.1%` դուրս գալ): Քեմերոնն արդյունքների հայտարարումից հետո ազդարարեց իր հրաժարականի մասին՝ նշելով, որ Մեծ Բրիտանիային հարկավոր է «նոր լիդեր», որը կտանի Մեծ Բրիտանիային ուրիշ ճանապարհով: Հետաքրքիր են նաև հանրաքվեի արդյունքների տարիքային տվյալները. երիտասարդ բրիտանացիների (18-24 տարեկան) 64 տոկոսը քվեարկել է ԵՄ-ի կազմում մնալու համար: Նրանց կարծիքով ԵՄ-ի կազմում մնալը երաշխավորում է նրանց համար շարժի ազատություն, նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանություն: 65 տարեկանից մեծ մարդկանց 58 տոկոսն է քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին: Այս տարիքային տվյալներից կարող ենք հետևություն անել, որ երիտասարդ բրիտանացիները պետք է իրենց կյանքի մեծագույն հատվածը ապրեն ավագ սերնդի որոշումով:
Եվրահոռետեսությունը՝ որպես բրիտանական ֆենոմեն
Մեծ Բրիտանիան միշտ էլ կասկածամտորեն է վերաբերվել եվրաինտեգրման գործընթացին: Այդ իսկ պատճառով եվրահոռետեսությունը/եվրակասկածամտությունը (euroscepticism) ունի բրիտանական ծագում. այդ տերմինն առաջին անգամ օգտագործվել է Times օրաթերթում եվրոպական ինտեգրացիային ուղղված Թեթչերի քաղաքականությունը նկարագրելու համար: Բրիտանացիների այսպիսի մոտեցումը մեծապես պայմանավորված է բրիտանացիների ինքնությամբ. սոցիոլոգիական հարցումների տվյալներով բրիտանացիների կեսը իրեն եվրոպացի չի համարում, միայն 23%-ն է այս կամ այն կերպ իրեն համարում եվրոպացի: Եվրահոռետեսական միտումների մեջ մեծ տեղ ունի նաև Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը, դրա պատճառով բրիտանացիները իրենց Եվրոպայի մաս չեն համարում: Աշխարհագրական նախապայմանից բխում է տնտեսականը, այն է՝ Մեծ Բրիտանիան ավելի շատ կապված է եղել Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Աֆրիկայի իր գաղութների, հետագայում ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի հետ, քան մայրցամաքային Եվրոպայի:
Եվրաբարոմետրի՝ 2008 թվականի ուսումնասիրությունների համաձայն՝ ԵՄ-ի քաղաքացիների 52%-ը կարծում էր, որ ԵՄ-ը օգտակար կառույց է, մինչդեռ բրիտանացիների միայն 30%-ն էր այդպես մտածում: Հաջորդ հարցին, թե արդյոք իրենց երկիրը օգուտ քաղում է ԵՄ-ից, եվրոպացիների 54%-ը դրական պատասխան էր տվել, իսկ բրիտանացիների միայն 36%-ն էր այդպես մտածում: Իրավիճակը փոքր-ինչ այլ էր 2010 թվականի ուսումնասիրությունում, որտեղ բրիտանացիների 42%-ը ԵՄ-ի մասին դրական պատկերացումներ ուներ, 39%-ը՝ բացասական, մնացածը՝ չեզոք:
Բրիտանական եվրակասկածամտության մեջ իրենց դերն ունեն նաև տեղական ԶԼՄ-ները, որոնք իրենց եվրահոռետեսական լուրերով, հասարակության մոտ ստեղծում են ԵՄ-ի բացասական կերպար (Financial times, the Economist, Reuters):
Այսպիսով, Մեծ Բրիտանիայում եվրահոռետեսական միտումները առկա են և՛ հանրության շրջանում, և՛ կուսակցական մակարդակում: Վառ օրինակ է «Անկախություն» կուսակցության առաջնորդ Ն. Ֆարաժը, որի կարիերայի նպատակը Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրսբերումն էր: Հանրաքվեից հետո նա հրաժարվեց կուսակցության առաջնորդի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ հասել է իր նպատակին:
Մինչ հունիսյան հանրաքվեն՝ Մեծ Բրիտանիայի ինտեգրումը Եվրամիությանը ամբողջական չէր կարելի համարել, այն մասնակցում էր ճկուն (տարբերակված) ձևով՝ ինտեգրվելով միայն իրեն ձեռնտու ոլորտներում, որոնք չէին ընդգրկում շենգենի գոտին և ընդհանուր արժույթի ընդունումը (եվրո):
Բրիտանացիների որոշումը դուրս գալ ԵՄ-ի կազմից և դրա հնարավոր հետևանքները
2007 թվականի Լիսաբոնի պայմանագրով անդամ-պետությունները իրավունք ստացան դուրս գալու ԵՄ-ի կազմից՝ իրենց սահմանադրական կարգերին համապատասխան: Մեծ Բրիտանիայի 2016 թվականի հունիսի 23-ի հանրաքվեն պարտադիր ուժ կստանա, եթե խորհրդարանի կողմից ընդունվի համապատասխան օրենք: Եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա խորհրդարանը պետք է ակտիվացնի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը և Եվրոպական խորհրդին տեղյակ պահի այդ որոշման մասին (կոնկրետ ժամանակահատված չկա): 50-րդ հոդվածը չի նախատեսում որևէ պայման ԵՄ-ից դուրս գալու համար, սակայն նախատեսում է որոշակի գործընթացներ, բանակցություններ, որտեղ պետք է որոշվեն պետության և ԵՄ-ի հետագա հարաբերությունները, ինչպես նաև հարաբերությունները ԵՄ-ի մնացած անդամների հետ: Այդ գործընթացները տևում են 2 տարի, որից հետո տվյալ պետությունը մեխանիկորեն դուրս է գալիս ԵՄ-ից, եթե ԵՄ-ը կամ տվյալ պետությունը չեն ցանկանում երկարաձգել բանակցային գործընթացը: Ի տարբերություն ԵՄ մտնելու ընթացակարգին, որտեղ ԵՄ-ի անդամ-պետությունները պետք է հավանություն տան նոր պետությանը, միությունից դուրս գալու համար այդպիսի ընթացակարգ չի նախատեսվում: ԵՄ-ից դուրս գալուց հետո լքող պետությունը պետք է մշակի օրենքներ, որոնք կկարգավորեն նախկինում ԵՄ-ի օրենքներով կարգավորվող ոլորտները:
ԵՄ-ից դուրս գալը Մեծ Բրիտանիայի համար կունենա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիրներ: Տնտեսական խնդիրները կարող էին լուծվել առանց ԵՄ-ին անդամակցելու՝ մնալով ԵՄ-ի ընդհանուր շուկայում (չնայած պետք է նշել, որ հանրաքվեի արդյունքների հայտարարումից հետո ֆունտ ստեռլինգի գինը դոլարի նկատմամբ ընկավ): Քաղաքական հետևանքը կարող է լինել Շոտլանդիայի անկախության 2-րդ հանրաքվեն, որը «շատ հնարավոր է» Brexit-ից հետո, ” ասել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթրջընը: Հյուսիսային Իռլանդիան նույնպես ցանկանում է հանրաքվեով անջատվել Մեծ Բրիտանիայից և միանալ մայր Իռլանդիային: ԵՄ-ի համար նույնպես հետևանքներ չեն կարող լինել՝ բացառությամբ դոմինոյի էֆֆեկտի, այն է՝ եվրակասկածամիտ ԵՄ-ի անդամ-պետությունները նույնպես կցանկանան լքել ԵՄ-ը, կհանգեցնի խոր ճգնաժամի: Ինչպես նաև «ԵՄ-ին սպասվում է բանակցությունների «ցավալի» գործընթաց»,- նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Դ. Տուսկը:
Եզրակացություն
Այսպիսով, Մեծ Բրիտանիայի հակաեվրոպական միտումները նոր չեն և ունեն պատմական խոր արմատներ, այն միշտ էլ եղել է և մնում է եվրահոռետեսության օրրանը: Բրիտանացիների՝ հունիսի 23-ի որոշումը կարող է Մեծ Բրիտանիան և՛ դուրս բերել ԵՄ-ի կազմից, և՛՝ ոչ, սակայն հանրաքվեի արդյունքները ունեն ժողովրդավարական մեծ ուժ, և այնուամենայնիվ, լուրջ հետևանքներ կունենան Մեծ Բրիտանիա-ԵՄ հարաբերություններում:
1ԱԱԵԱ-ին 1960 թվականի դրությամբ անդամակցում էին Ավստրիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Պորտուգալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան: Նրանք նաև կոչվում էին «արտաքին յոթնյակ»,
21965 թվականին կնքված պայմանագրի արդյունքում ստեղծվել է ԵԸ-ն (Եվրոպական ընկերակցությունը): Արդեն 1992 թվականին հիմվել է ԵՄ՝ ԵԸ-ն դարձնելով իր սյուներից մեկը:
Օգտագործած գրականության ցանկ
- Գալստյան Ն., Եվրոպական արտաքին քաղաքականության ձևավորման նախապատմությունը, ԵԻԻԿ, Երևան, 2010
- Алмонд Г., Пауэлл Дж. Б., Стром К., Далтон Р., Сравнительная политология сегодня: Мировой обзор. М.: Аспект-пресс, 2002.
- Шемятенков В. Г., Европейская Интеграция, 2003.
- Article 50TEU: Withdrawal of a Member State from the EU, Briefing, 2016.
- Attitudes towards the EU in UK, 2010.
- Grant Ch., Why is Britain eurosceptic? December 2008.
- http://www.bbc.com/news/uk-politics- 21148282
- http://www.bbc.com/news/uk-politics- 32810887
- http://www.bbc.com/news/uk-politics- 36615028
- http://www.economist.com/news/britain/21694557-why- britons-are- warier-other-europeans-eu- roots-euroscepticism
- http://www.independent.co.uk/news/business/news/oil-price- sterling-stocks- and-gold- b-a7100711.html
- http://www.independent.co.uk/news/uk/home-news/eu- referendum-result- what-is-article-50- how-long- will-it- take-for- britain-to- leave-the- eu-a7099966.html
- http://www.independent.co.uk/news/uk/politics/brexit-eu- referendum-leave- article-50-lisbon-treaty- a7100436.html
- http://www.telegraph.co.uk/news/2016/06/23/leave-or- remain-eu- referendum-results-and-live- maps/
- http://www.telegraph.co.uk/news/newstopics/eureferendum/12176663/EU-Facts-how-much-does-Britain-pay- to-the- EU-budget.html
- http://www.theguardian.com/politics/2016/feb/07/british-euroscepticism- a-brief- history
- http://www.theguardian.com/politics/2016/jun/24/david-cameron- resigns-after- uk-votes-to-leave- european-union
- https://armenpress.am/arm/news/852211/pordzagetnery-em- ic-mets- britaniayi-durs-galn-axet- chen-hamarum.html#.V25l- TYvkqg.facebook
- https://www.cer.org.uk/sites/default/files/publications/attachments/pdf/2011/essay_eurosceptic_19dec08-1345.pdf
- https://lenta.ru/news/2016/06/24/twitter/
- http://blogs.ft.com/ftdata/2016/07/01/brexit-everything- you-wanted- to-know- about-turnout-by- age-at- the-eu- referendum/
Հեղինակ՝ Տաթև Դերզյան (Tatev Derzyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են: