Արցախյան քրոնիկոն | 29 հոկտեմբերի

Ստորև ներկայացնում ենք սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղությամբ հրադադարի խախտումներն ու հետագա զարգացումներն ըստ ժամանակագրության՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն թարգմանություններով:

29 հոկտեմբերի, 2020թ. 23:13

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան

Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանը շարունակաբար թիրախավորվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Մայրաքաղաքին հասցված հրթիռային հարվածների հետևանքով վիրավորվել է երկու քաղաքացի: Ավերվել կամ վնասվել են բնակելի տներ և մեքենաներ, ինչպես նաև կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքներ: Շուշի քաղաքի հրթիռակոծության հետևանքով քաղաքի բնակելի հատվածներին և քաղաքացիական օբյեկտներին հասցվել է նյութական մեծ վնաս: Սղնախ գյուղում երկու քաղաքացիական անձ է վիրավորվել:

29 հոկտեմբերի, 2020թ. 18:01

ԱՀ ԱԻՊԾ

Ռազմական ավիացիա է կիրառվել նաև Ասկերան և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ այստեղ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։

29 հոկտեմբերի, 2020թ. 14:53

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է։

29 հոկտեմբերի, 2020թ. 14:38

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյան

Հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները:

29 հոկտեմբերի, 2020թ. 12:05

ԱՀ ԱԻՊԾ

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

29 հոկտեմբերի, 2020թ. 11:56

ԱՀ ԱԻՊԾ

Օդային տագնապ է Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և Մարտակերտում։

29 հոկտեմբերի, 2020թ. 09:21

ԱՀ ԱԻՊԾ

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա: Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

29 հոկտեմբերի, 2020թ. 09:11

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան

Ռազմական գործողություններն առաջնագծի տարբեր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են։ Պաշտպանության բանակը, հատկապես, թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։

29 հոկտեմբերի, 2020թ. 09:03

ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում րոպեներմ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը։ Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ արձակեց։ Նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան։

29 հոկտեմբերի, 2020թ. 03:04

ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտում րոպեներ առաջ ավարտվեց տագնապի ազդանշանը։ Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ արձակեց։ Նախնական տվյալներով տուժածներ ու ավերածություններ չկան։

29 հոկտեմբերի, 2020թ. 02:31

Արցախի տեղեկատվական շտաբ

Նախնական տվյալներով՝ վերջին րոպեներին Ստեփանակերտը 5 անգամ հրթիռակոծվեց։