Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Վերլուծական պրակտիկա» ծրագրի շրջանակում:
Հանրակրթությունը և Covid-19ը.
նոր միջավայր, նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ
Հանրակրթությունը համավարակի ընթացքում
Համավարակի առկայությունը մեր ամենօրյա կյանքում հանգեցրեց բազմաթիվ փոփոխությունների, որոնցից անմասն չմնաց կրթության ոլորտը, որտեղ վերջին հարյուրամյակում նման մարտահրավեր այսքան լայնածավալ մասշտաբներով դժվար է հիշել։ Նույնիսկ համաշխարահային երկու պատերազմների ընթացքում կրթական հաստատությունների աշխատանքի ժամանակավոր դադարեցումն այսքան ընդգրկուն չի եղել, որքան այժմ, քանի որ այդ ժամանակ դասապրոցեսը հիմնականում ընդհատվում էր այն շրջաններում, որտեղ ընթանում էին ռազմական գործողություններ և որտեղ մեծ էր ռմբակոծման վտանգը։ Համավարակով պայմանավորված՝ աշխարհի բազմաթիվ երկրներ հայտնվեցին երկընտրանքի առջև․ շարունակել բաց պահել կրթական հաստատությունները կամ փակել դրանք։ Արդյունքում շատ երկրներ որոշեցին անժամկետ փակել ուսումնական հաստատությունները, որն էլ իր ազդեցությունը թողեց համաշխարհային աշակերտական համայնքի ավելի քան 60%-ի (ըստ որոշ աղբյուրների՝ 90%-ի) վրա, որն անորոշ ժամկետով դուրս մնաց ուսուցումից։ Սահմանափակումների արդյունքում 2020 թվականի մարտի 4-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում աշխարհի 188 երկրներ աստիճանաբար դադարեցրեցին դպրոցների աշխատանքը։
Կրթական հաստատությունների փակմամբ պայմանավորված՝ խիստ անհրաժեշտություն առաջացավ մշակել, ադապտացնել կամ օգտագործել կրթության կազմակերպման նոր ձևեր, որոնք հնարավորություն կտային ոչ միայն ապահովել կրթության շարունակականությունը, այլև տրամադրել հնարավորինս որակյալ կրթություն։ Սկզբնական շրջանում բազմաթիվ երկրների կրթական հաստատություններում փորձարկվեցին առցանց կրթության կազմակերպման մի շարք գործիքներ (Moodle, Microsoft Teams, G Suite և այլն), իրականացվեցին դասավանդողների վերապատրաստումներ (որոշ դեպքերում դրանք կազմակերպվում էին տարբեր հասարակական կազմակերպությունների կամ նախաձեռնությունների կողմից), մշակվեցին մի շարք մեթոդական ուղեցույցներ, որոնք պետք է առցանց կրթության կազմակերպման, մեթոդաբանական, տեխնիկական միջոցներից և համակարգչային ծրագրերից օգտվելու հարցերում օգնեին ուսուցիչներին։
Արդյունքում, որոշ ընդհատումից հետո կրթական համակարգը վերակազմակերպվեց առցանց հարթակում, սակայն, ցավոք, դա ոչ միայն չլուծեց բոլոր խնդիրները, այլև նորերի առաջացման պատճառ դարձավ։
Նոր միջավայր, նոր մարտահրավերներ
Համավարակով պայմանավորված նոր միջավայրում Հայաստանի և աշխարհի բազմաթիվ երկրների հանրակրթական համակարգերը բախվեցին ինչպես բազմաթիվ նոր խնդիրների, այնպես էլ նախկին խնդիրների ավելի սրմանը։
Այդ խնդիրներից մեկը կրթության հասանելիությունն էր, որն այս դեպքում գերազանցապես կապված էր տեխնիկական միջոցների և ինտերնետ կապի հասանելիության հետ, և որը զարգացող երկրներում սոցիալապես խոցելի խմբերի երեխաների շրջանում կրթությունից դուրս մնալու պատճառ դարձավ։ Ճիշտ է, մի շարք երկրներում (Լիտվայում, Վրաստանում, Ավստրալիայում, Հայաստանում և այլ երկրներում) հեռուստատեսությամբ և կամ ռադիոյով հեռարձակվում էին որոշ առարկաների մի քանի թեմաների դասեր, այնուամենայնիվ դրանց արդյունավետությունը՝ որպես կրթությունից դուրս մնացած աշակերտների ուսումնառության կազմակերպման գործում միակ միջոց, այդքան էլ բարձր չէ։
Մեկ այլ խնդիր է ներառական կրթության կազմակերպումն առցանց գործիքների կիրառմամբ։ Պայմանավորված ԿԱՊԿՈՒ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) աշակերտների մոտ առկա առողջական և հոգեբանական առանձնահատկություններով՝ բազմաթիվ աշակերտներ դուրս մնացին հատուկ մանկավարժների կողմից տրամադրվող կրթությունից։ Վերոնշյալ հանգամանքներն ավելի են սրում կրթության հասանելիության հիմնախնդիրը՝ պատճառ դառնալով այժմ կրթությունից դուրս մնացող աշակերտների մոտ հետագայում սոցիալական, մշակութային, տնտեսական և մի շարք այլ խնդիրների առաջացմանը՝ հանգեցնելով անհավասարության աճին։ Խնդիրը արդիական և մտահոգիչ է Հայաստանի համար ևս, քանի որ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների ժամանակավոր փակման արդյունքում մի մեծ խումբ ԿԱՊԿՈՒ աշակերտներ չկարողացան ստանալ համապատասխան մասնագիտական օգնություն, նրանց կարողությունների զարգացմանն ուղված աշխատանքներն ընդհատվեցին և նրանք դուրս մնացին ուսումնական գործընթացից այն ժամանակ, երբ այլ աշակերտները առցանց տարբերակով ուսուցման հնարավորություն ունեին։
Կրթության հասանելիության հիմնախնդրին հավելելու է գալիս որակյալ կրթության հիմնախնդիրը, որի ապահովումը բացառապես առցանց գործիքների կիրառման պարագայում խիստ բարդ է, իսկ որոշ դեպքերում պարզապես անհնարին։ Սովորողների բացակայությունը դպրոցական կյանքից իր բացասական ազդեցությունն է թողնում նրանց սոցիալականացման, գործնական հմտությունների, կարողությունների ձևավորման, համակողմանի և ներդաշնակ զարգացման վրա։ Համաձայն «Կիզակետ. Որակյալ կրթություն բոլորի համար Covid-19-ի ճգնաժամի ժամանակ» (Spotlight: Quality education for all during Covid-19 crisis) զեկույցի՝ առցանց կրթության պարագայում սովորողը դժվարությամբ է կարողանում կենտրոնանալ ուսումնառության վրա, սովորաբար միայնակ է իրեն զգում, ծնողները փորձում են համատեղել իրենց աշխատանքն ու երեխաների տնային կրթությունը, դժվարություններ են առաջանում աշակերտ-ծնող-ուսուցիչ փոխհարաբերություններում` պայմանավորած հետադարձ կապի ոչ պատշաճ կամ թերի տրամադրման և ընդհանուր հաղորդակցության կազմակերպման հետ:
Այս համատեքստում մեկ այլ խնդիր է գնահատման առցանց ձևերի և գնահատման համակարգի անկատարությունը, որն ավելի է սրվում քննությունների և ամփոփիչ ստուգումների ժամանակ։ 2020 թվականի ապրիլի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված կրթական վեբինարում առաջարկվեց այն մոտեցումը, համաձայն որի՝ այս ընթացքում պետք է գնահատել սովորողների առաջընթացը՝ վերջիններիս ուսումնառության բացերը հայտնաբերելու համար, իսկ դպրոցների վերաբացվելուց հետո առաջարկել արագացված և մշակված ուսուցում և գնահատում, քանի որ ոչ բոլոր առարկաներն է կարելի ամբողջությամբ իրականացնել և գնահատել առցանց։ Ստեղծված իրավիճակում սա կարելի է համարել լավագույն լուծումներից մեկը, այնուամենայնիվ, գնահատման գործընթացի առցանց կազմակերպումը շարունակում է մնալ արդի մանկավարժական խնդիրներից մեկը։ Ինչ վերաբերում է քննություններին, ապա որոշ երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, չեղարկվեցին քննությունները: Այլ երկրներ, որոնցից են Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան որոշեցին, որ պետք է անցկացվեն քննությունները՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ երկրների մյուս մասը (այդ թվում և Հայաստանը)՝ անցկացրեց բուհերի ընդունելության և կամ ավարտական քննությունները՝ չեղարկելով քննությունների մի մասը։
Ուսուցման գործընթացի հստակ պլանավորումը երկարաժամկետ, միջնաժամկետ պլանով ամբողջ աշխարհի կրթության կառավարիչների համար դարձել է լրջագույն խնդիր, քանի որ կառավարությունները կարող են որոշումներ ընդունել ուսումնական հաստատությունների աշխատանքի վերաբերյալ՝ այդ կերպ անորոշ վիճակում և առանց հստակ պլանավորման թողնելով ուսումնական գործընթացի մասնակիցներին և ուսումնաօժանդակ կազմին։ Մանկավարժների մոտ առաջացող խնդիրներից է, օրինակ, դասավանդվող առարկայի թեմատիկ պլանավորում կազմելը, քանի որ ուսումնասիրվող թեմաների առանձնահատկություններով պայմանավորված՝ առերես ուսուցման դեպքում դրանց կարող է հատկացվել այլ ժամաքանակ, առցանց դեպքում՝ մեկ այլ։
Համավարակի ընթացքում անկում ապրեց նաև մանկավարժների՝ իրենց մասնագիտությամբ աշխատելու ցանկությունը։ Համաձայն Քեմբրիջի համալսարանի դասախոս Ն․ Սվինի՝ այժմ ուսուցիչների մեկ երրորդը ակտիվորեն փնտրում է այլ աշխատանք՝ առաջիկա 5 տարիների ընթացքում ներկա աշխատանքը լքելու նպատակով, որն էլ առաջ կբերի ուսուցիչների և կրթության կազմակերպիչների հավաքագրման գործընթացի ճգնաժամի։ Ուսուցիչների և կրթության կազմակերպիչների դժգոհությունը հիմնականում պայմանավորված է աշխատանքի շատ ծանրաբեռնվածությամբ, մեծ պատասխանատվությամբ և դրանց ոչ համարժեք ցածր վարձատվությամբ։ Բացի այդ այժմ կրթության մեջ տեղի ունեցող մեծաթիվ փոփոխությունների ֆոնին անհրաժեշտություն է առաջացել վերանայել մանկավարժական կրթության բովանդակությունը՝ նպատակ ունենալով պատրաստել այնպիսի մանկավարժներ, որոնք կկարողանան ոչ միայն դիմագրավել խնդիրներին, այլև հաջողությամբ հաղթահարել դրանք և ցուցաբերել ստեղծագործ մոտեցում։
Սովորողների տարիքային առանձնահատկությունների հաշվառմամբ կրթության կազմակերպումն առցանց կրթության պարագայում նույնպես խնդիր է։ Եթե միջին դպրոցի երեխաները, ովքեր արդեն հարմարվել էին դպրոցի ու դասի կարգուկանոնին, կարողացան համեմատաբար հեշտությամբ շարունակել կրթությունը առցանց տիրույթում, ապա կրտսեր դպրոցականների համար դա մեծ խնդիր էր։ Կրտսեր դպրոցականից հաճախ պահանջվում էր մեկ ամբողջ դասաժամ նստել էկրանի դիմաց, փորձել կենտրոնացնել ուշադրությունը և չցուցաբերել ֆիզիկական ակտիվություն, որը նրանց համար վերածվում էր ոչ հաճելի գործընթացի։ Առերես ուսուցման ժամանակ մանկավարժները կարողանում էին կիրառել մի շարք հնարներ, խաղեր ու մեթոդներ, որոնք նպաստում էին երեխաների ակտիվացմանը և ուշադրության կենտրոնացմանը։ Բացի այդ, եթե ավագ դպրոցականները հիմնականում հստակ գիտակցում են իրենց նպատակները և կրթության կարևորությունը, կրտսեր դպրոցականների համար դա ևս խնդիր է։ Հաճախ նրանք չեն էլ հասկանում կրթության անհրաժշտությունը և տանը լինելով՝ գերադասում են ավելի շատ ժամանակ հատկացնել իրենց հետաքրքրող և հաճելի զբաղմունքներին, քան ուսուցմանը։
Ամփոփելով վերը թվարկված խնդիրներն ու մարտահրավերները, կարծում ենք որոշ խնդիրների (oր․՝ տարիքային առանձնահատկությունների հաշվառում, գնահատման գործընթաց և այլն) բացասական ազդեցությունը հանրակրթության վրա մեծապես կնվազի, եթե ներդրվի ուսուցման խառը (Blended) ձևը, որը հնարավորություն կտա համատեղել առցանց կրթությունն առերեսի հետ, ինչպես նաև հնարավոր կլինի թեթևացնել հոսքը դեպի դպրոցներ։ Ուսուցման խառը ձևի հիմնական գաղափարը ուսուցման ավանդական ձևի և առցանց կրթության համատեղումն է, որի ընթացքում սովորողը ինքը կարող է ղեկավարել ուսումնական պլանը, որոշել դասընթացի անցկացման տեղը, ժամը, արագությունը։
Ավագ և միջին դպրոցներում ուսումնական գործընթացի շարունակականությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով առաջարկում ենք ծրագրավորված ուսուցման տեխնոլոգիայի ճյուղավորված տեսակը (Branching Programming) զուգակցել դպրոցներում այժմ կիրառվող ավանդական ուսուցման տեխնոլոգիային։ Ծրագրավորված ուսուցման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կազմակերպել սովորողների ինքնուրույն, անհատական ուսուցումը նախօրոք կազմված պլանավորման հիման վրա, որի իրականացումն այժմյան անընդհատ փոփոխվող պայմաններում չի խոչընդոտվի։ Այն ենթադրում է ուսումնասիրվող նյութի, թեմաների ոչ մեծ մասերի բաժանում և դրանց յուրացվածության մակարդակը որոշելու, սխալների պատճառները պարզելու նպատակով հարցերի և վարժությունների մշակում։ Այն առաջադրվում է սովորողին յուրաքանչյուր հատվածի հետ աշխատանքն ավերտելուց հետո, ընդ որում հարցերին սխալ պատասխանելու դեպքում նրանք չեն կարող անցնել հաջորդ թեմային, այլ պետք է կրկնեն այդ թեման այնքան, մինչև յուրացնեն այն և ճիշտ պատասխանեն հարցերին։ Այդ ողջ գործընթացն իրականացվում է համակարգչով և դրա ամենամեծ դժվարությունը նախնական պլանավորումը և ծրագրերի կազմումն է։ Դրանից հետո սովորողները մանկավարժների և համադասարանցիների հետ աշխատանքին զուգահեռ հնարավորություն կունենան ուսումնասիրել թեմաները նաև ինքնուրույն։ Սա կարող է լինել արդյունավետ լրացում Հայաստանում այժմ կիրառվող այն մոտեցմանը, համաձայն որի՝ 20-ից ավելի աշակերտներ ունեցող դասարանների աշակերտները դպրոց են հաճախումը ընդամենը 3 օր, որի ընթացքում հանձնարարվում է երկու թեմա, որոնցից մեկը ուսումնասիրվելու է ինքնուրույն։
Նոր միջավայր, նոր հնարավորություններ
Համաճարակով պայմանավորված այս նոր իրավիճակը կրթության ոլորտում հանգեցրեց նաև որոշ դրական տեղաշարժերի, որոնք արժանի են մեր ուշադրությանը։
Անցում կատարելով կրթության առցանց կազմակերպմանը, մի շարք երկրներում իրականացվեցին ուսուցիչների և ուսումնաօժանդակ անձնակազմի լայնածավալ վերապատրաստումներ։ Դրանք նպաստեցին մանկավարժների մասնագիտական հմտությունների/կարողությունների զարգացմանը և ուսուցման գործընթացում նոր մեթոդների ու ձևերի կիրառմանը, որոնք նրանք կարող են հաջողությամբ կիրառել նաև առերես ուսուցման ժամանակ։ Օրինակ՝ առցանց անանուն էլեկտրոնային հարցումների անցկացման միջոցով ուսուցիչները կարող են պարզել կրթական ելքային վերջնարդյունքների ձևավորվածության մակարդակը սովորողների մոտ տվյալ առարկայի շրջանակում: Նաև կարող են համատեղել առերես ուսուցումը առցանցի հետ՝ օրինակ առողջական խնդիրներ ունեցող կամ այլ պատճառով ֆիզիկապես դասասենյակում չգտնվող աշակերտների հետ ուսուցումը շարունակելու նպատակով և այլն։
Ուսումնական հաստատությունների փակ լինելու և ուսուցումն առցանց կազմակերպելու հանգամանքը որոշակիորեն նպաստեց նաև կրթության բոլոր շահառուների տեխնիկական-տեխնոլոգիական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև երեխաների ուսումնական գործընթացի կազմակերպման և դասապատրաստման մեջ ծնողների և ընտանիքի անդամների ներգարվվածության ավելացմանը։ Վերջինս հատկապես դրսևորվում էր տարրական և միջին դպրոցի աշակերտների ծնողների, ընտանիքի այլ անդամների շրջանում։ Նրանք փորձում էին մի կողմից աջակցել տեխնիկական միջոցներից օգտվելու երեխաների կարողությունների զարգացմանը, մյուս կողմից ծնողներն ավելի շատ էին ներգրավված ուսուցման պրոցեսում։ Պայմանավորված այն հանգամանքով, որ աշակերտները փաստացի չէին հաճախում դպրոց, իսկ առցանց տարբերակով ուսուցչի կողմից անհատական մոտեցումն այնպիսին չէր, ինչպես հնարավոր էր առերես ուսուցման դեպքում, ծնողներն ավելի շատ ժամանակ էին հատկացնում երեխաների դասապատրաստմանը, հնարավոր անհասկանալի թեմաների և հարցերի բացատրմանը: Դա հնարավորություն տվեց ծնողներին ավելի շատ ժամանակ հատկացնել երեխաներին, ծանոթանալ երեխաների ուսումնական դժվարություններին, առանձնահատկություններին։
Համավարակը նպաստեց նաև կրթության բովանդակության նկատմամբ հասարակության պահանջների փոփոխմանը և դրա կարևորության գիտակցմանը՝ առաջին պլան բերելով կենսական նշանակության գիտելիքիների (առողջապահության, հիգիենայի և այլն) և 21-րդ դարի կրթական կարողությունների (ստեղծագործականություն, համագործակցություն և այլն) ձևավորման անհրաժեշտությունը։
Առցանց կրթությունը դասավանդողներին և ուումնառողներին ժամանակի արդունավետ կառավարման և ճկունության հնարավորություն տվեց. նրանք այժմ կարող էին ձայնագրել դասերը և հետագայում օգտագործելով դրանք, ստեղծել առցանց ռեսուրսների շտեմարան, ուսումնական գործունեությունը կազմակերպել ավելի հարմար պայմաններում և ժամանակ ու միջոցներ չծախսել ուսումնական հաստատություն հասնելու և վերադառնալու վրա։
Համավարակը նպաստեց ուսուցչի դերի վերարժևորմանը, դրա կարևորության գիտակցմանը: Սա առաջնահերթ մարտահրավեր էր հենց ուսուցիչների համար, որոնց զգալի մասը կարճ ժամանակահատվածում փորձեց սովորել առցանց հարթակի տրամադրած հնարավորությունները և դասավանդումն ադապտացնել նոր պայմաններին: Սա բավականին ծանրաբեռնված և պատասխանատու շրջան էր նրանց համար և այս փուլում նրանց աշխատանքը որպես այդպիսին գտնվում էր աշակերտների, ծնողների, ընտանիքի այլ անդամների, կրթության կազմակերպիչների, հասարակության այլ շահառու խմբերի առավել ուշադրության կենտրոնում: Արդյունքում, նրանց աշխատանքն ու պատրաստակամությունը, կամ հենց այս պրոցեսներում ուսուցիչների դերակատարությունն ու առաքելությունը որոշակիորեն հիմք հանդիսացան ուսուցչի աշխատանքի, վերջինիս կերպարի մասին ունեցած պատկերացումների վերափոխմանը։
Համավարակով պայմանավորված գլխավոր դրական միտումներից մեկն էլ ուսուցման գործընթացում դասավանդման մշակույթից ուսումնառության մշակույթ աստիճանաբար անցումն էր։ Մանկավարժները սկսեցին սովորողներին ավելի շատ ինքնուրույն ուսուցման մղել, իսկ տեխնիկական միջոցների օգտագործումն ուսումնական նպատակներով հազարավոր ուսումնառողների համար բացահայտում լինելուց բացի, նպաստեց նաև դասասենյակից դուրս ուսուցման կազմակերպման առանձնահատկությունների գիտակցմանը, պրակտիկ փորձի ձեռքբերմանը և դրանց շարունակական կիրառման ցանկության ձևավորմանը։
Ակնհայտ է, որ 2020 թվականը մարդկության պատմության մեջ կգրվի թավ տառերով, քանի որ խնդիրները, որոնք առաջ եկան այս տարվա ընթացքում, իրենց մեծ հետքը թողեցին և դեռ կթողնեն մարդկանց, երկրների և ընդհանրապես ամբողջ աշխարհի զարգացման վրա։ Հանրակրթական համակարգի՝ համավարակի տարածմանը զուգահեռ անցումն առցանց տարբերակի ուներ մի շարք հնարավորություններ, որոնք իրենց դրական ազդեցությունը կունենան հետհամավարակային հանրակրթության վրա, սակայն միևնույն ժամանակ առցանց կրթության անցումը լի էր մարտահրավերներով և խնդիրներով, որորնք իրենց զգացնել կտան ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարում։ Կրթությունն այլևս չի լինի այնպիսին, ինչպիսին նախքան համավարակն էր, քանի որ խնդիրները, մարտահրավերները, հնարավորությունները, որոնք ի հայտ եկան այս կարճ ժամանակահատվածում, խթան կհանդիսանան նոր կրթական հարացույցերի մշակման համար։
Գրականություն
Հեղինակ՝ Անահիտ Հովակիմյան (Anahit Hovakimyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: