Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության անգլերենի թարգմանիչ Լուիզա Մխիթարյանի հետ:
Լուիզա, ի՞նչ դեր ունի «Ինլայթ»-ը Ձեր կյանքում։
«Ինլայթ»-ն իմ առաջին մասնագիտական փորձառությունն էր, որն ինձ տվեց հսկայական փորձ, ինքնադրսևորման և ինքնակատարելագործման հարթակ և հիանալի թիմում աշխատելու հնարավորություն: «Ինլայթ»-ում կամավորությունն ինձ հնարավորություն ընձեռեց մասնագիտական կարողություններս ծառայեցնելու հասարակության շահերին և սեփական փորձով համոզվելու, թե որքան պատասխանատու մասնագիտություն է թարգմանչական գործը: «Ինլայթ»-ի հիմնական նպատակը հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպումն է, որում ես կարողացա իմ փոքրիկ ներդրումն ունենալ՝ օտարալեզու նյութերը հայ հասարակությանը հասանելի դարձնելով և հարստացնելով հայալեզու առցանց գրականությունը, ինչպես նաև մեր այլազգի ընթերցողներին ծանոթացնելով հայ վերլուծական մտքին: Բայց նորարարական գաղափարների և լայն հնարավորությունների հարթակ լինելուց զատ՝ «Ինլայթ»-ն ինձ համար միշտ եղել է և կմնա ջերմ ընտանիք:
Ի՞նչն է Ձեզ գրավում թարգմանչի աշխատանքում, և ըստ Ձեզ` ի՞նչ առավելություններ է լեզվի իմացությունը տալիս մարդուն։
Թարգմանչի աշխատանքն ամենահանրօգուտ մասնագիտություններից մեկն է, որը կամրջում է ազգեր, քաղաքակրթություններ և դարեր: Թարգմանության շնորհիվ մենք պարփակված չենք մեր մշակույթի շրջանակներում, այլ մեր ազգային և լեզվական առանձնահատկություններով հանդերձ կազմում ենք միասնական աշխարհի մի մասնիկը, հասանելիություն ունենք այլ ժողովուրդների ստեղծած ժառանգությանը և ներկայացնում ենք աշխարհին մեր սեփականը: Մասնագիտությանս կարևորությունն ինձ համար էլ ավելի ակնառու դարձավ, երբ անհրաժեշտություն առաջացավ հրատապ նյութեր թարգմանելու հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ և աշխարհին հայտնելու ճշմարտությունը տիրող իրավիճակի մասին՝ նման կերպ փորձելով կատարել մեր պարտքը հայրենիքի առաջ: Ինձ համար մեծ պատիվ է լինել այսպիսի կարևոր մասնագիտության ներկայացուցիչ:
Ի՞նչու անգլերենի մասնագետ։ Պատրաստվու՞մ եք ուսումնասիրել այլ լեզու կամ լեզուներ։
Անգլիացի գրող Ջորջ Բայրոնն ասում էր, որ հայերենն Աստծո հետ խոսելու միակ լեզուն է: Դե իսկ անգլերենն աշխարհի հետ խոսելու լեզուն է, որի հետ տանն ես երկրագնդի ցանկացած կետում և ունես անսահմանափակ հնարավորություններ: Բացի այդ՝ անգլերենն իր պարզությամբ և նրբագեղությամբ ինձ համար անչափ հոգեհարազատ լեզու է: Ես ընտրել եմ բացառապես սիրելի մասնագիտություն. լեզուները, գիրն ու գրականությունն այն ոլորտներն են, որտեղ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում: Անգլերենին զուգահեռ այժմ ուսումնասիրում եմ գերմաներեն: Գերմաներենի լեզվամտածողությունը ևս հետաքրքիր է՝ իր ժողովրդի պես հստակություն և տրամաբանություն սիրող: Իրականում իմ սերն օտար լեզուների հանդեպ այնքան մեծ է, որ ցանկացած լեզվի հետ առնչվելիս որոշում եմ անպայմանորեն սովորել այն: Ապագայում մտադիր եմ ուսումնասիրել նաև ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն: Տեսնենք՝ ինչ կստացվի:
21-րդ դարում օտար լեզուների իմացությունն արդեն ոչ թե առավելություն է, այլ անհրաժեշտություն, քանի որ մենք ապրում ենք ինտեգրման և գլոբալացման ժամանակաշրջանում: Պրակտիկ առումով լեզուների իմացությունը մեզ կապում է աշխարհի հետ և մեր առջև բացում կարիերային հնարավորություններ, տեղեկատվական աղբյուրների մեծ ընտրանի, շփման ավելի լայն շրջանակ: Որևէ օտար լեզու սովորելիս զուգահեռ բացահայտում ես լեզվակիր ժողովրդի պատմությունը, արվեստը, գրականությունը, սովորույթները և քեզ զգում այդ մշակույթի մի մասնիկը: Քանի որ օտար լեզուն առաջին հերթին նոր աշխարհայացք է, օտար լեզուների տիրապետող մարդիկ սովորաբար ավելի լայնախոհ, բազմակողմանի զարգացած և տոլերանտ են: Ճիշտ է, այսպիսի առավելությունները անթիվ են, բայց կարծում եմ՝ այսքանն էլ բավական է մոտիվացվելու և հենց այսօրվանից մի նոր լեզու սովորելու համար:
Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տարվա կարգախոսը՝ «Սովորիր, որ փոխես»:
Կարծում եմ՝ ամենամեծ առաքելությունը, որ մարդ կարող է ունենալ, աշխարհն իր գործունեությամբ ավելի լավը դարձնելն է: Ցանկացած հասարակություն ունի իր արատները, որոնց մասին պետք է ոչ թե լռել կամ աչք փակել դրանց վրա, այլ բարձրաձայնել և պայքարել դրանց դեմ: Մի փոքր ուսումնասիրելով հասարակական արատները՝ կարելի է գտնել մեկ օրինաչափություն. բոլորի հիմքը տգիտությունն է: Ստացվում է, որ կրթությունը միակ և ամենահզոր գործիքն է աշխարհը մեզ և մյուսների համար ավելի լավ վայր դարձնելու համար: «Սովորի՛ր, որ փոխես» կարգախոսը համահունչ է «Ինլայթ»-ին, քանի որ նրա հիմնական նպատակներն են հանրային կրթությունն ու լուսավորությունը:
Վերջերս ավարտվեց «Ինլայթ»-ի կազմակերպած եռամսյա թարգմանչական պրակտիկան: Դուք ևս որոշակի մասնակցություն եք ունեցել ծրագրին: Կպատմե՞ք Ձեր փորձառության մասին, և ի՞նչ նշանակություն ունեն նման պրակտիկաներն առհասարակ։
Թարգմանչական պրակտիկային մասնակցություն եմ ունեցել որպես խմբագիր: Սկզբում ինձ համար մի փոքր անսովոր էր թարգմանիչ-խմբագիր համագործակցության մեջ հանդես գալ հակառակ դերում, բայց այս փորձառության շնորհիվ կարողացա աշխատանքին նայել նոր տեսանկյունից և ընդլայնել մասնագիտական կարողություններս: Խմբագրի աշխատանքում ինձ համար առաջնայինը թարգմանչի անհատական ձեռագրի պահպանումն է, որը պետք է հմտորեն զուգորդել խորհուրդների և շտկումների հետ: Կարծում եմ, որ այսպիսի պրակտիկաներ իրականացնելը հրաշալի գաղափար է, քանի որ սկսնակ թարգմանիչներին հնարավորություն է ընձեռվում փորձ ձեռք բերելու և իրենց տեսական գիտելիքները գործնականում կիրառելու:
Մինչ օրս «Ինլայթ»-ում հրապարակած Ձեր թարգմանություններից որո՞վ եք հպարտանում։
Լինելով պերֆեկցիոնիստ՝ յուրաքանչյուր թարգմանություն կատարել եմ բծախնդրությամբ և մեծ նվիրումով, այդ իսկ պատճառով մի փոքր դժվարանում եմ առանձնացնել որևէ մեկը որպես լավագույնը: Այնուամենայնիվ, մեծ բավականություն ստացա «Մահմուդ Դարվիշը և արաբ մտավորական-մարգարեի ուրվականը» նյութը թարգմանելիս: Պաղեստինցի գրողի օրինակով հեղինակը ցույց է տալիս, թե ինչպիսի կարևոր դերակատարում ունեն մտավորականները քաղաքական բարդ իրավիճակներում և ինչպես կարող են օգտագործել իրենց տրված հարթակը ճշմարտությունը բարձրաձայնելու համար:
Կա՞ն հստակ կանոններ, որոնք հեշտացնում են ձեր աշխատանքը և որո՞նք են դրանք։
Ես թարգմանությունը համարում եմ առավելապես ստեղծագործական աշխատանք, իսկ ստեղծագործական աշխատանքը հստակ կանոններ չի սիրում: Թարգմանությունը պատմելու արվեստ է (storytelling), ինչպես, օրինակ, գրականությունը: Ուստի պետք է ոչ թե կառչել առանձին բառերից, այլ փոխանցել կամ վերապատմել գաղափարը թարգմանության լեզվին բնորոշ լեզվամտածողությամբ և բնագրի ոճական առանձնահատկություններով: Ինձ համար լավ թարգմանիչն «անտեսանելի» թարգմանիչն է, որի «ներկայությունը» չես զգում նյութն ընթերցելիս: Իհարկե, շատ բան կախված է թարգմանության տեսակից և ոլորտից, սակայն սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում եմ աշխատանքում:
Հարցազրույցը վարեց՝ Ինգա Շիրակյանը
Լուիզա Մխիթարյանի թարգմանություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: