Հարցազրույց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության անգլերենի թարգմանիչ Ջեմմա Խաչատրյանի հետ
Ջեմմա, ինչո՞վ է առանձնանում «Ինլայթը» Ձեզ համար։
«Ինլայթ»-ն ինձ համար հարազատ վայր է դարձել: Այստեղ մթնոլորտը շատ դրական է, թիմը՝ համախմբված, ոչ մի հարց անպատասխան չի մնում, կա պատասխանատվության ու պարտաճանաչության մեծ զգացում:
Ի՞նչն է Ձեզ հատկապես գրավում թարգմանչի մասնագիտության մեջ:
Թարգմանչությունը կա ու կմնա ամենապահանջված մասնագիտություններից մեկը աշխարհում: Ինչ-որ մի նյութ թարգմանելիս ես միշտ նոր արտահայտություններ, բառեր, դարձվածքներ եմ սովորում, կապ չունի՝ նյութը ինչ ասպարեզի հետ է կապված: Թարգմանության մեջ ամենակարևորը խոսքը կամ միտքը ճշտորեն թարգմանելն է. պետք է այնպես անես, որ ինչ-որ տեքստ մի լեզվից մյուսը թարգմանելիս թյուրիմացություն չառաջանա:
Ինչու՞ հենց անգլերենի մասնագետ։ Պատրաստվու՞մ եք ուսումնասիրել այլ լեզու կամ լեզուներ ևս։
Դեռ վաղ տարիքից շատ եմ սիրել լեզուներ, հատկապես անգլերենը: Այն լայն տարածում ունի ողջ աշխարհում: Անգլերենը բիզնեսի, մեդիայի, միջազգային առևտրի, դիվանագիտության, գիտության լեզուն է, աշխարհի որ ծայրում էլ լինես, մարդիկ կհասկանան քեզ: Անդրադառնալով երկրորդ հարցին՝ ասեմ, որ այս տարվանից համալսարանում որպես երկրորդ լեզու ուսումնասիրելու եմ թուրքերենը. կարծում եմ՝ շատ կարևոր է իմանալ թշնամուդ լեզուն: Իսկ ապագայում կցանկանամ սովորել իսպաներեն կամ գերմաներեն:
Մինչ օրս «Ինլայթ»-ում հրապարակված Ձեր թարգմանություններից հատկապես ո՞րը կառանձնացնեք և ինչո՞ւ հենց դա:
Իմ կատարած թարգմանություններից թերևս կառանձնացնեմ «Հզոր մարդու թուլությունը» հոդվածը: Ես ինքս սիրում եմ կարդալ բրիտանացի կամ ամերիկացի վերլուծաբանների կատարած ուսումնասիրությունները միջազգային հարաբերությունների վերաբերյալ և կարծում եմ՝ Ռուսաստանի ու իր հարևան ժողովուրդների մասին պատմող այդ թարգմանությունը շատերին կհետաքրքրի:
Վերջերս ավարտվեց «Ինլայթ»-ի կազմակերպած եռամսյա թարգմանչական պրակտիկան: Դուք ևս որոշակի մասնակցություն եք ունեցել ծրագրին: Կպատմե՞ք Ձեր փորձառության մասին, և ի՞նչ նշանակություն ունեն նման պրակտիկաներն առհասարակ։
Պրակտիկանտների հետ աշխատելը ինձ համար մեծ փորձառություն էր, շատ ուրախ եմ այս ծրագրին մասնակցություն ունենալու համար: Այդ 3 ամիսների ընթացքում խմբագրել եմ մի քանի պրակտիկանտների կատարած թարգմանությունները: Ինչպես գիտեք, թարգմանչական պրակտիկայի ավարտին անգլերենի պրակտիկանտները թարգմանեցին Յան Արտյուս-Բերտրանի “Human” ֆիլմը, որի թարգմանության մեջ ներգրավված ենք եղել ես և ևս 3 թարգմանիչ:
Պրակտիկաները տալիս են փորձառություն հետագայում արդեն աշխատելու համար: Վերջիններիս միջոցով ուսանողները ձեռք են բերում այնպիսի հմտություններ ու գիտելիքներ, որոնք համալսարանում չեն սովորի:
Ինչպե՞ս կմեկնաբանեք կազմակերպության «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսը և ի՞նչ կասեք այս տարվա «Սովորի՛ր, որ փոխես» կարգախոսի մասին:
Այս երկու կարգախոսներն էլ շատ համապատասխան են կազմակերպությանը. «Ինլայթ»-ը երիտասարդներին ընձեռնում է ազատ մտածելու ու նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորություն: Եվ ամեն մարդ սովորելով կարող է հասնել հաջողության ու մեծ բարձունքների: Պետք է կարողանաս հմտություններ, գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն դպրոցում կամ համալսարանում, այլև ընկերներիցդ և քեզ շրջապատող մարդկանցից: Յուրաքանչյուրս լավ սովորելով կարող ենք փոխել աշխարհն ու մեր շրջապատը՝ դարձնելով այն ավելի բարեկիրթ:
Հարցազրույցը վարեց՝ Ինգա Շիրակյանը
Ջեմմա Խաչատրյանի թարգմանություններին կարող եք ծանոթանալ հղմամբ: