Աշոտ Սարգսյան. Շարժման պոռթկումը Հայաստանում
ԼՂԻՄ մարզխորհուրդը` պատգամավորների դիմումների հիման վրա, ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջան էր նշանակել փետրվարի 20-ին, ժամը 16-ին: Չնայած հարուցած արգելքներին, ընդհուպ ճանապարհները փակելուն՝ պատգամավորները «Կռունկ» կոմիտեի ջանքերով կարողացան հասնել Ստեփանակերտ։ Նույն օրը շտապ Ստեփանակերտ հասավ Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, հանրապետության կոմկուսի բյուրոյի անդամների եւ ԽՄԿԿ ԿԿ-ի հրահանգիչ Վ. Յաշինի հետ միասին։ Նրանք ամեն ինչ արեցին խափանելու համար նստաշրջանը: Ճիշտ է՝ չորս ժամ ուշացումով, սակայն նստաշրջանը կայացավ եւ կեսգիշերից հետո ընդունեց հետեւյալ հայտնի որոշումը.
«Լսելով եւ քննարկելով ժողովրդական դեպուտատների ԼՂԻՄ-ի խորհրդի դեպուտատների ելույթները` ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ կազմից Հայկական ՍՍՀ կազմ հանձնելու համար Ադրբեջանական ՍՍՀ եւ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջեւ միջնորդության մասին, ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի 20-րդ գումարման մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է.
Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին եւ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետին՝ խորին ըմբռնման զգացում դրսեւորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին եւ լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ՍՍՀՄ Գերագույն սովետի առջեւ՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ-ի կազմ հանձնելու հարցը դրական լուծելու համար»:
Որոշումը վավերացվեց պատգամավորների ստորագրություններով, քանի որ մարզկոմի քարտուղար Բ. Կեւորկովը վերցրել էր մարզխորհրդի կնիքը եւ ադրբեջանցիների հետ հեռացել Աղդամ: Փաստաթուղթը հրապարակվեց հաջորդ օրը՝ փետրվարի 21-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Մոսկվայում, կարծես, հիմա միայն հասկացան կատարվածի քաղաքական ողջ վտանգավորությունը. Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ իշխանության մարմինը «ներքեւից», առանց վերադաս խորհրդային կամ կուսակցական մարմնի համաձայնության` նրանց կամքին հակառակ, որոշում էր ընդունել։ Ուստիեւ անմիջապես` նույն օրը, հաջորդեց ԽՄԿԿ կենտկոմի դատապարտող որոշումը, որտեղ Շարժման մասնակիցներին «ծայրահեղականներ», «ազգայնականներ» սուր գնահատականներն էին տրվում:
Այդ որակումները մեծ հուզում առաջացրեցին եւ ավելի գրգռեցին բնակչությանը:
Լեռնային Ղարաբաղում նախ Բաղիրովը, ապա նաեւ փետրվարի 22-ին այստեղ ժամանած մոսկովյան բարձրաստիճան պաշտոնյաները՝ ԽՄԿԿ ԿԿ-ի քարտուղար Ռազումովսկին եւ ԳԽ-ի նախագահության նախագահի տեղակալ Դեմիչեւը փորձեցին տեղում հավանություն ստանալ ԽՄԿԿ ԿԿ-ի վերոհիշյալ որոշմանը: Ըստ ՏԱՍՍ-ի պաշտոնական հաղորդագրության՝ մարզի կուսակցական ակտիվի ժողովն, իբր, լիակատար համաձայնություն էր տվել ԽՄԿԿ ԿԿ-ի՝ փետրվարի 21-ի այս որոշմանը եւ նրա պարունակած գնահատականներին, համարելով, որ այդ ամենը հնարավոր է դարձել «անպատասխանատու անձանց կոչերի, ինչպես նաեւ ինքնավար մարզի կուսակցական եւ սովետական մարմինների պասիվ դիրքորոշման շնորհիվ»:
Հաջորդ օրն իսկ ԽՍԿԿ ԿԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ կուսակցության մարզկոմի պլենում, որտեղ պաշտոնանկ արվեց Բ. Կեւորկովը, եւ նրա փոխարեն մարզկոմի առաջին քարտուղար ընտրվեց Հենրիկ Պողոսյանը: Հանդես գալով հանրահավաքում, Դեմիչեւը եւ Ռազումովսկին հայտարարեցին, թե իրենք այս այցելությամբ շատ բան հասկացան ու վերադառնալով` ամեն ինչ կհաղորդեն Մոսկվայում: Սակայն, նրանց կոչը եւ հորդորները՝ վերադառնալ աշխատանքի, որեւէ նշանակություն չունեցան, հանրահավաքները եւ գործադուլներըը շարունակվեցին:
Միաժամանակ սկսվեցին ադրբեջանցիների կողմից բռնությունների կիրառման առաջին դեպքերը: Մարզի հարեւանությամբ գտնվող Աղդամ քաղաքից փետրվարի 22-ին կազմակերպվեց բազմահազարանոց երթ-հարձակում դեպի Ասկերանի շրջան: Ամբոխը ճանապարհին ավերում ու հրդեհում էր շինությունները, ջարդում արտադրական տեխնիկան եւ այլն: Նրանց դիմագրավելու եւ ավերածությունները կանխելու համար ոտքի ելան նաեւ Ասկերանի հայ բնակիչները: Ընդհարման հետեւանքով 25 հոգի մարմնական վնասվածք ստացավ, որոնցից 14-ին տեղափոխեցին հիվանդանոց: Հարձակումը կասեցվեց միայն այստեղ տեղակայված զորամասի միջամտության շնորհիվ: Մարզից դուրս գնացող ճանապարհների վրա վերահսկողություն սահմանվեց ադրբեջանական միլիցիայի կողմից, ինչով փաստորեն սկիզբը դրվեց մարզի շրջափակման:
* * *
Ուշագրավ ու բնութագրական է նույն օրերին, այն է՝ փետրվարի 18-ից Երեւանում տեղի ունեցած դեպքերի ընթացքը։ Փետրվարի 18-ին հրավիրված հանրահավաքը բնապահպանական թեմաներով էր եւ վերաբերում էր, մասնավորապես, Աբովյան քաղաքում կառուցվելիք մի գործարանի: Հանրահավաքը շարժվեց դեպի ՀԿԿ ԿԿ-ի շենք եւ, փակելով փողոցը, սպասեց այնքան, մինչեւ տեղ հասան Աբովյան քաղաքի հանրահավաքի մասնակիցները: Պլակատներն ավելի շատ վերաբերում էին Ղարաբաղին: Հաջորդ օրերին Թատերական հրապարակում հրավիրված հանրահավաքը իշխանությունների կողմից որեւէ խոչընդոտի չհանդիպեց: Փետրվարի 20-ին տարածված թռուցիկը տեղեկացնում էր, որ այդ օրը կայանալու է ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջան, որն «անպայման ընդունելու է ՀՍՍՀ-ի հետ վերամիավորման որոշում», եւ ժամը 14-ին հանրահավաքի էր հրավիրում։ Հանրահավաքում նույնպես հայտարարվեց, որ սպասվում է ԼՂԻՄ մարզխորհրդի որոշման կայացումը:
Հանրահավաքների կազմակերպական հարցերը կարգավորելու նպատակով ներկայացվեց մի «կազմկոմիտե»՝ Իգոր Մուրադյանի նախագահությամբ, որ հաջորդ օրերից սկսեց կոչվել կարճ՝ «Ղարաբաղ» կոմիտե։ Հանրահավաքների նախաձեռնողների հետ միասին` դրա մեջ ընդգրկված էին նաեւ մինչ այդ Ղարաբաղի խնդրով այս կամ այն կերպ զբաղված եւ կազմակերպիչների կողմից ճանաչված մարդիկ: Հաջորդ օրերին այդ կազմը համալրվեց: «Կազմկոմիտեն» հետապնդումներից զերծ պահելու, ինչպես նաեւ հասարակական վստահությունն ու հնչեղությունն ապահովելու համար նրա մեջ որպես «ավագների խորհուրդ» ընդգրկվեցին ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ նախագահ Վիկտոր Համբարձումյանը, ԳԱ թղթակից-անդամ Ռաֆայել Ղազարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Զորի Բալայանը, Սերո Խանզադյանը, Հովհաննես Չեքիջյանը, ԳԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, Սոս Սարգսյանը, նկարիչ Սարգիս Մուրադյանը եւ այլք: Կազմկոմիտեի կոչով հաջորդ օրերին տեղական ենթակոմիտեներ ստեղծվեցին բազմաթիվ հիմնարկներում եւ ձեռնարկություններում:
Փետրվարի 21-ին Երեւան հասավ Արցախի պատվիրակությունը՝ ձեռքին ունենալով մարզխորհրդի որոշումը: Հանրահավաքի մասնակիցները որոշման մասին լուրն ընդունեցին բուռն ոգեւորությամբ: Եվ իսկույն ձեւավորվեց փետրվարյան հանրահավաքների առաջին եւ միակ պահանջը. Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջան հրավիրել եւ անմիջապես դրականորեն արձագանքել իրենց ուղղված դիմումին։ Ի նշան հավատարմության «վերակառուցման» քաղաքականությանը, հանրահավաքի մասնակիցները ծածանում էին ԽՍՀՄ պետական դրոշը, Լենինի, Գորբաչովի, քաղբյուրոյի անդամների դիմանկարները, վանկարկում «Լենին-պարտիա-Գորբաչով», «Միացում» կարգախոսները։
Հանրահավաքի մասնակիցների թիվն արագորեն աճում էր: Տասնյակ հազարավոր մարդիկ էին գալիս նաեւ շրջաններից: Բազմահազարանոց հանրահավաքների ու ցույցերի ժամանակ թույլ չէին տրվում հասարակական կարգի խախտումներ, մարդիկ միմյանց վերաբերվում էին շեշտված հոգատարությամբ՝ որպես միակամության ու համախմբվածության նշան՝ ընդհանուր, համազգային խնդրի շուրջ։
Փետրվարի 22-ին Երեւան ժամանեցին ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարներ Վ. Դոլգիխը եւ Ա. Լուկյանովը, որոնց մասնակցությամբ փետրվարի 23-ին տեղի ունեցավ Հանրապետական կուսակցական ակտիվի ժողովը։ ԽՄԿԿ կենտկոմի փետրվարի 21-ի հայտնի դատապարտող որոշման հիմքի վրա Ժողովն ընդունեց հետեւյալ բանաձեւը.
«1. Ակտիվի ժողովը հավանություն է տալիս եւ ի ղեկավարումն ու անշեղ կատարումն է ընդունում ՍՄԿԿ կենտկոմի 1988 թվականի փետրվարի 21-ի որոշումը՝ որպես ստեղծված պայմաններում միակ ճիշտ որոշումը։
- Ժողովն ընդգծում է ժողովրդի, կուսակցության առջեւ հանրապետության կուսակցական ակտիվի առանձնահատուկ պատասխանատվությունը եւ գտնում է, որ կուսակցության քաղկոմները, շրջկոմները…. պետք է ձեռնարկեն վճռական միջոցներ, գլխավորեն ստեղծված իրադրության կարգավորման աշխատանքը, լայն աշխատանք ծավալեն մասսաների մեջ, աշխատավորական կոլեկտիվներում պարզաբանելու ՍՄԿԿ Կենտկոմի որոշումից բխող խնդիրները…
- Խնդրել ՍՄԿԿ Կենտկոմին ազգային քաղաքականության պրոբլեմներին նվիրված ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս մյուս պրոբլեմների կոմպլեքսում բազմակողմանիորեն քննության առնել Լեռնային Ղարաբաղի հարցը»։
Այս որոշումով կուսակցության կառավարող վերնախավն ազդարարեց, որ ինքն աշխատելու է փոթորկուն իրադարձությունները կանխելու ուղղությամբ։ Բանաձեւի 3-րդ կետը, որ կարող էր թվալ ծավալված համաժողովրդական պահանջին ընդառաջ արված քայլ, ակնհայտորեն Շարժումը սառեցնելու, ժամանակ շահելու նպատակ ուներ։ Ի պատասխան՝ փետրվարի 23-ին բազմահազարանոց հանրահավաքը բուռն օվացիայով ընդունեց քաղաքական գործադուլի դիմելու կոչը, ինչպես նաեւ հանրապետության իշխանության հրաժարականի պահանջը։ Ողջ գիշեր մի քանի հազար հոգի քայլարշավով անցան Երեւանի բոլոր փողոցներով՝ գործադուլի կոչով: Համընդհանուր գործադուլը հաջորդ օրն արդեն իրականություն էր, իսկ հանրահավաքների մասնակիցների թիվը մոտենում էր կես միլիոնի։
Ժողովուրդն իրեն հասու միջոցներով սատար էր կանգնում Ղարաբաղում սկսված շարժմանը՝ թույլ չտալու համար ադրբեջանական իշխանություններին ուժի միջոցով ճնշել Արցախի բնակչության ընդվզումը։ Ձեռնարկություններում տեղի էին ունենում աշխատավորական կոլեկտիվների ժողովներ, որտեղ դատապարտվում էին ԽՍՀՄ, Ադրբեջանական ԽՍՀ եւ Հայկական ԽՍՀ իշխանությունների դիրքորոշումը ազգային հարցերի լուծման նկատմամբ, դատապարտվում էին, մասնավորապես, Կենտրոնի կողմից Շարժմանը տրվող գնահատականները։ Դրության կայունացմանը չնպաստեցին ո՛չ փետրվարի 23-ին Կ. Դեմիրճյանի, ո՛չ փետրվարի 24-ին Վ. Դոլգիխի հեռուստաելույթները, ո՛չ ԽՍՀՄ ՆԳ մինիստրության ներկայացուցիչների ժամանելը Երեւան՝ մինիստրի առաջին տեղակալ Վ. Պ. Տրուշինի գլխավորությամբ, եւ ոչ էլ մամուլի ամենօրյա խմբագրականներն ու հոդվածները «ժողովուրդների բարեկամությունը մեր հարստությունն է» խորագրով։ Հանրահավաքներում հնչում էին Լեռնային Ղարաբաղից ստացվող տեղեկություններ՝ շարունակվող բարոյական ու ֆիզիկական ճնշումների մասին, որոնք մեծացնում էին անհանգստությունը։ Մարզ ժամանած ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Ֆ. Կատուսեւի ներկայացմամբ (որի հետ հարցազրույցը տպագրվել էր մամուլում փետրվարի 26-ին)` մարզում իրավիճակը համարվում էր լիովին վերահսկելի, իսկ ստացվող լուրերը բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների մասին՝ ապատեղեկատվություն։ Պաշտոնատար անձանց նման հաղորդումները ընկալվում էին խոր վերապահությամբ՝ հավատ չընծայելով նրանց անկողմնակալությանը, ուստի ավելի ու ավելի մեծանում էին դեպի հրապարակ բնակչության հոսքերը՝ վստահելի տեղեկատվություն լսելու համար։ Անվստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ գնալով մեծանում էր՝ կենտրոնական մամուլում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ հավասար մեղքի վերագրման, հանրահավաքների անցկացման նկատմամբ բացասական դիրքորոշման եւ արցախահայության առաջադրած բուն հարցը շրջանցելու կամ լռության մատնելու միտումների պատճառով։ Այսօրինակ անհաշվենկատ հակազդեցությամբ կենտրոնական, տեղական իշխանությունները եւ լրատվամիջոցները, կարծես, ամեն ինչ արեցին Շարժումն առավելագույնս բորբոքելու համար: Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տասը հազարանոց առաջին հանրահավաքն անցավ կես միլիոնի սահմանագիծը:
Փետրվարի 25-ին եւ 26-ին Երեւանի Թատերական հրապարակը, հարակից զբոսայգին եւ փողոցները լեցուն էին Երեւանի եւ հանրապետության ողջ տարածքից ժամանած բնակչությամբ։ Մասնակիցների նման ահռելի թվով հանրահավաքներն աննախադեպ երեւույթ էին ոչ միայն հայ ժողովրդի, այլ ԽՍՀՄ կյանքում՝ նրա ողջ պատմության ընթացքում: Նման բռնկում, կարելի է չկասկածել, ոչ միայն Կենտրոնը չէր կարող սպասել, ոչ միայն հանրահավաքների կազմակերպիչները, այլեւ, թերեւս` ոչ մեկը: Հանրահավաքների օրակարգի միակ հարցը ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրումը եւ ԼՂԻՄ-ի դիմումին համաձայնություն տալու պահանջն էր, եւ չէր երեւում, թե իշխանությունն ուրիշ ինչ պետք է անի ահռելի այդ ուժի առջեւ, բացի նրա պահանջը կատարելուց, եթե վերջինս շարունակի պնդել։ Սակայն, ԼՂԻՄ մարզխորհրդի փետրվարի 20-ին կայացրած որոշումից հետո դա կլիներ երկրորդ ծանրագույն հարվածը խորհրդային կայսրության քաղաքական հիմքերին՝ վտանգավոր ու վարակիչ նախադեպ։ Ուստիեւ իշխանությունները պարտավոր էին այն խափանելու ձեւեր գտնել։
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ
Ընթերցեք նաև՝ Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման ժամանակագրություն | 1986-1988-ի մարտի 26» հոդվածը