Աջակցելով համապարփակ և առավել արդյունքամետ մոտեցմանը՝ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը համագործակցություն է ձեռնարկում StrategEast-ի հետ՝ վերջիններիս նոր ծրագրի շրջանակներում․ «Տեղեկագրում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների (այսուհետև ԱլԳ) երկկողմ օրակարգի հիմնական հարցերի վերաբերյալ»: Տեղեկագիրը ձևավորված է որպես օգտակար գործիք հանրային կառույցների և որոշում ընդունողների համար, որոնց հետաքրքրության ոլորտն ընգրկում է ԱլԳ տարածաշրջանը և տարածվելու է ԵՄ և ԱլԳ ավելի քան 1000 բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային կառույցների և ճանաչված փորձագետների շրջանում։
Եվրոպական հանձնաժողովն իր Արևելյան հարևանության գործընկերների համար ընդունել է COVID-19-ի մակրոֆինանսական աջակցության փաթեթի առաջարկ՝ օգնելու վերջիններիս սահմանափակել կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետևանքները: Կորոնավիրուսային համավարակի բռնկմանն իր համընդհանուր արձագանքի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը տարածաշրջանի սոցիալական և տնտեսական վերականգնմանն աջակցելու համար շտապօգնության փաթեթ է հավաքագրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար` մինչև 80 միլիոն եվրո անհապաղ կարիքների և մինչև 883 միլիոն եվրո կարճաժամկետ ու միջնաժամկետ կարիքների համար: StrategEast-ը հարցազրույց է անցկացրել Արևելյան գործընկերության երկրների առաջատար փորձագետների հետ՝ լսելու նրանց տեսակետները յուրաքանչյուր երկրում ԵՄ աջակցության միջոցառումների վերաբերյալ: Հայաստանի վերաբերյալ փորձագետների պատասխանները ներկայացված են ստորև:
Եվրոպական հանձնաժողովի հայտարարության համաձայն՝ ԵՄ-ն 80 միլիոն եվրոյի անհապաղ և 883 միլիոն եվրո միջնաժամկետ աջակցություն կտրամադրի Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ կորոնավիրուսային համավարակի բռնկմանն ի պատասխան: Ինչպես տեսնում ենք, այսպիսի օգնության փաթեթը նպատակ ունի արձագանքելու ինչպես ԱլԳ երկրների առողջապահական համակարգերի անմիջական կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքավորումների և անձնակազմի հանդերձանքի մատակարարմանը, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և հասարակության խոցելի խմբերի միջնաժամկետ կարիքներին: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է վարակվածության թվի կտրուկ աճի, և ԵՄ օգնությունը կարող է օգտակար լինել Հայաստանում՝ արձագանքման հաջորդ փուլի նախապատրաստմանն ընդառաջ:
Թեև համավարակի տնտեսական ազդեցությունն ԱլԳ տարածաշրջանում և ՀՀ-ում դեռ դժվար է կանխատեսել, վիրուսի դեմ կառավարության արդյունավետ միջոցները և ԵՄ կողմից աստիճանական օգնությունը ևս առանցքային կլինեն՝ վերականգնմանն ուղղված ժամանակը կրճատելու և ամբողջ տարածաշրջանը կայուն պահելու համար:
Բավարար համարո՞ւմ եք արդյոք այս տեսակ աջակցությունը
Համապատասխան պետական ծրագրերին զուգահեռ աջակցության համար հատկացված գումարը կարող է չափավոր դրական ազդեցություն ունենալ: Իհարկե, այն բավարար չէ համավարակի տնտեսական ներկա և գալիք ահռելի հետևանքները փոխհատուցելու համար: Մեկ այլ գործոն է ՀՀ պետական ապարատից ֆինանսական օգնության վերջնական բաշխումը դեպի մասնավոր հատված: Այնուամենայնիվ, ԵՄ-ի աջակցությունը ԱլԳ երկրներին կատարվում է համամասնորեն, ինչպես երևում է ստորև:
ԵՄ ինչպիսի՞ ծրագրեր լավագույնս կօգնեն Ձեր երկրին՝ կանխելու COVID-19-ի կտրուկ տարածումը և նվազեցնելու բռնկման հետևանքները՝ առողջապահակա՞ն, կրթակա՞ն, տեխնիկակա՞ն, բիզնեսի աջակցությա՞ն, թե՞ այլ:
Համավարակով պայմանավորված տնտեսական կորուստները նվազեցնելու հարցում փոքր ձեռնարկություններին ուղղակի աջակցությունն ավելի մեծ ազդեցություն կունենար: Այդ ծրագրերը բազմապատկական ազդեցություն կունենային բնակչության կարիքների և նշված մյուս ոլորտների վրա: ԵՄ-ն անցյալում Հայաստանի մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ ունեցել է: Համավարակի ընթացքում նման համագործակցության նախաձեռնումը հետաքրքիր արդյունքների կբերի և էլ ավելի կընդլայնի ԵՄ-ի, ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի միջև փոխգործակցությունը:
Ինչ վերաբերում է համավարակի տարածումը կանխելուն, ամենայն հավանականությամբ առավել մեծ դեր կխաղան այնպիսի գործոններ, ինչպիսիք են վերջին ամիսների ընթացքում ՀՀ կառավարության գործադրած քայլերը: Նախկինում ԵՄ-ն անընդհատ ձգտում էր բարելավել Հայաստանի պետական հաստատությունների ինստիտուցիոնալ արդյունավետությունը: Այս ուղղությամբ աշխատանքները պետք է ապագայում շարունակվեն նոր ինտենսիվությամբ, քանի որ նախկինում ԵՄ կողմից նախաձեռնված որոշ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ինչպիսին է ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքը, որը գրեթե ամբողջությամբ արդյունք է ԵՄ ուղղորդման և ֆինանսական աջակցության, ապացուցել են իրենց օգտակարությունը համավարակի ընթացքում: ԵՄ ուղղակի աջակցությունը տեղական փոքր բիզնեսին կարող է նվազեցնել համավարակով պայմանավորված տնտեսական կորուստները Հայաստանում:
Եվս մեկ կարևոր քայլ կլինի պատվաստանյութի փոխանակումը՝ ապագայում եվրոպական ընկերությունների կողմից դրա մշակման դեպքում կամ աջակցությունը այլ կողմերից այն ձեռք բերելու հարցում:
Ինչպե՞ս ազդեց համավարակը ձեր երկրի և ԵՄ միջև հարաբերությունների վրա
Մինչև Արևելյան գործընկերության աջակցության փաթեթի ընդունումը՝ տարածաշրջանում ԵՄ աջակցության չափերը համեմատաբար փոքր էին և պակաս նկատելի: Փոխարենը Չինաստանը և Ռուսաստանը պայքարում էին համավարակի հաղթահարման հարցում առաջատար դիրք զբաղեցնելու համար: Դրա վկայությունը Չինաստանի կողմից ապրիլի սկզբին Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնությունն էր՝ բժշկական սարքավորումների և անհրաժեշտ այլ պարագաների տեսքով: Չնայած ԵՄ-ում ճգնաժամի պատճառով Բրյուսելից որոշ ժամանակ պահանջվեց իր աջակցության հիմնական փաթեթը մշակելու համար, սակայն ԵՄ-ն կարծես թե դառնում է առաջատար դոնորն Արևելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում՝ օգնելով պայքարել համաճարակի, հատկապես դրա տնտեսական հետևանքների դեմ: Այս ծրագրով Հայաստանը ԵՄ-ից ստացել է շուրջ 92 միլիոն եվրոյի աջակցություն (մեծությամբ երրորդը Ուկրաինայից և Վրաստանից հետո): Փաթեթի վերաբերյալ հայտարարությունը խթան կհանդիսանա նաև 2020 թվականի հունիսին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գումարման համար, որը կօգնի ամրապնդել ԵՄ դիրքը՝ որպես տարածաշրջանում գլխավոր միջազգային դերակատար, և կապահովի հանրային աջակցություն:
Այնուամենայնիվ, դժվար է գտնել օգնության փաթեթի չափը պայմանավորող, մասնավորապես՝ հայաստանյան գործոնների, որոնք վերջին տարիների կամ հենց բուն համավարակի արդյունք են: ԵՄ ֆինանսական օգնությունը Արևելյան գործընկերության և մասնավորապես Հարավային Կովկասի երկրներին, ընդհանուր առմամբ, նույնօրինակ է եղել անցնող տարիների ընթացքում: Եթե դիտարկենք Հարավային Կովկասը, ապա 2007 թվականից ի վեր տարածաշրջանում ԵՄ ամենամեծ օգնությունը ստացել է Վրաստանը, հաջորդիվ՝ Հայաստանը: Ադրբեջանը վերջին տեղում է[1]։ Նույն ժամանակահատվածում ԱլԳ տարածաշրջանում Ուկրաինան առաջնային շահառուն է եղել բոլոր ֆիսկալ տարիների համար: Նույն տրամաբանությամբ է բաշխվել նաև Աջակցության փաթեթը․ Ուկրաինան ստացել է 190 միլիոն եվրո (ամենաշատը), Վրաստանը՝ 183 միլիոն (մեծությամբ երկրորդը), Հայաստանը՝ 93 միլիոն (երրորդ ցուցանիշը), Մոլդովան՝ 87 միլիոն, Բելառուսը՝ 60 միլիոն, և Ադրբեջանը՝ ընդամենը 14 միլիոն եվրո: Ադրբեջանն ու Բելառուսն ավանդաբար ստանում են ԵՄ օգնության ամենափոքր չափաբաժինը, մինչդեռ Ուկրաինան և Վրաստանը՝ ամենաբարձրը: Հայաստանն ու Մոլդովան ստանում են համեմատաբար համամասնական գումարներ:
Այսպիսով, Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների դինամիկան համավարակի ընթացքում, ընդհանուր առմամբ, ընթանում է Հայաստանի և ԵՄ միջև տարիների ընթացքում ձևավորված նույն շրջանակներում, և վերջիններիս հարաբերություններում էական փոփոխություններ նկատելի չեն։ Այնուամենայնիվ, ինչպես նշվեց վերևում, աշխարհում աճող անկայունության լույսի ներքո օգնության փաթեթը կարող է դրական լույս սփռել իբրև առաջատար ուժային կենտրոնի և տարածաշրջանում առանցքային դերակատարի ԵՄ-ից ակնկալվող դերի վրա:
Հեղինակներ՝ Գևորգ Գասպարյան (Gevorg Gasparyan), Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan), Հակոբ Հակոբյան (Hakob Hakobyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Սկզբնաղբյուր՝ Strategeast
Թարգմանիչ՝ Մարիետա Ստեփանյան (Marieta Stepanyan):