Շատերը խրոխտ ազդարարում են մեր դարաշրջանում համաշխարհայնացման ավարտի մասին, մյուսները աներկբայորեն պնդում են, որ այս ժամանակահատվածը, որում ապրում ենք, համաշխարհայնացման նախերգանքն է միայն, որը սկիզբ է առել 1989 թ․։ Ո՞ր կարծիքն է համապատասխանում իրականությանը, ո՞րն է ավելի արժանահավատ այս երկու պնդումներից։ Արդյո՞ք մատակարարման ցանցերի բազմազանությունն ու սփռվածությունը մի շարք երկրներում, համացանցի առկայությունն ու հաղորդակցության և տրանսպորտի միջոցները, տեղեկատվության հասանելիությունը բավական են եզրակացնելու, որ համաշխարհայնացումը տեղի է ունեցել, իսկ համաճարակով եզրափակվե՞լ է այդ փուլը։ Ալեն Բադիուն, օրինակ, գրում է, որ «կայսերականությունների՝ հին (Եվրոպա և ԱՄՆ) և նոր (Չինաստան, Ճապոնիա․․․), միջև մրցակցությունը բացառում է կապիտալիստական համաշխարհային պետությանը տանող ցանկացած գործընթաց»։ Իսկ համաշխարհայնացումն՝ իբրև գործընթաց, առանց անդրազգային պետության նպատակի արդյո՞ք տեղի է ունեցել։
Ինչպես Յուվալ Հարարին է պնդում իր հարցազրույցում, աշխարհն այսուհետ ձախերի և աջերի միջև հակամարտության վրա չի կառուցված, այլ՝ համաշխարհայնացման ու ազգայնականության միջև նոր մրցակցության։ Ըստ նրա՝ նոր բաժանումը ազգայնականների ու գլոբալիստների միջև է։ Համաշխարհայնացման գագաթնակետը՝ անդրազգային պետության գաղափարը, այդ քիչ թե շատ նորահայտ վտանգը՝ իբրև համաշխարհային կայսրության նախագիծ, որ ընկալվում է իբրև իշխանատենչության կամ նույնիսկ գաղութացման մի նոր դրսևորում, համաշխարհայնացումն՝ իբրև առավել շատ արևմտայնացում կամ համահարթեցում, հետապնդում է ազգայնականությանը, իսկ երկրների կղզիացած լինելը՝ իբրև արտադրական կապիտալիստական առաջընթացին խոչընդոտ, ռեսուրսների անարդյունավետ կիրառում, հետապնդում է համաշխարհայնացմանը։ Սակայն կան նաև շատերը, որոնք դեմ են և՛ ազգայնականության խոսույթին, և՛ կապիտալիստական համաշխարհայնացմանը։ Այնուամենայնիվ, ընտրությունը այս երկուսի միջև է՝ բազմազանությունը մեկի՞ մեջ (մոլորակում տարբեր ազգերի մեկ կառույց), թե՞ միատարրությունը բազմազանի մեջ (յուրաքանչյուր առանձին ազգ և բազմաթիվ պետությունների առկայություն): Թեև համաշխարհայնացման մոլի ջատագով մարդիկ կնախընտրեին միատեսակ մարդու ստեղծման տարբերակը, սակայն առայժմ այդպիսի նպատակը նրանց կողմից բարեբախտաբար անհասանելի մի իղձ է, ուստի բազմազանությունը այլընտրանք չունի․ հարցը բազմազանության ձևի մասին է մնում, ինչն էլ որոշում է այս երկու թևերի միջև սահմանազատումը։
Երկու իրադարձություն անտառում փշրված հացի փշրանքների նման մեզ ուղղորդում են դեպի հարցի հայաստանյան դիրքից պատասխանի փորձին։ Հասկանալի է, որ դրանք մեր հանրային կյանքը պայմանավորած համավարակը և պատերազմն են, որոնք դիտարկելու համար առաջ եմ քաշել վտանգի ու լուծման տարբերակի քննարկումը։
Մեկ վտանգ, տարբեր լուծումների առաջ կանգեց աշխարհը կորոնավիրուսային համաճարակի արդյունքում։ Համավարակի ընդգրկուն տարածմամբ գրեթե բոլոր պետությունների առջև դրված առաջին մարտահրավերը դարձավ վիրուսը (բացի պատերազմող երկրներից), սակայն գրեթե բոլոր պետությունները տարբեր և յուրատիպ լուծումներ առաջարկեցին միևնույն խնդրին՝ չնայած Առողջապահական համաշխարհային կազմակերպության գործողությունների ստանդարտացման փորձերին։ Խնդրին լուրջ վերաբերվելու ԱՀԿ հորդորներին անգամ միանշանակ ու միակերպ արձագանք չեղավ։ Մի երկրում սկսեցին դիմակ կրել, մյուսում չկրել՝ համարելով դա անարդյունավետ միջոց, մի պետություն փակվեց, դադարեց զբոսաշրջիկներ ընդունել կամ այցելել այլ երկրներ, ավիահաղորդակցությունը դադարեց, մյուս պետությունը շարունակում էր բնականոն հանրային կյանքը (Բելառուս, Շվեդիա), մի վայրում բիզնեսները կանգ առան, հանրային կյանքը մահամերձ դարձավ, հավաքներն ու ցույցերն արգելվեցին, մյուս տեղում ամեն ինչ իր հունով էր ընթանում։ Անգամ երբեմն առանձին գյուղերն ու քաղաքները միասին չէին կարանտինի մեջ մտնում՝ կախված համաճարակային իրավիճակից կոնկրետ այդ վայրում։ Նույնիսկ պատվաստանյութերը սկսեցին հայտնագործել միաժամանակ տարբեր երկրներում և փորձարկել երբեմն սեփական ձևերով։ Այժմ չկա միասնական պատվաստանյութ, կան տարբեր նմուշներ, և յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե որ պատվաստանյութը օգտագործի կամ անգամ չօգտագործի։ Համաշխարհային մակարդակի խնդրին տրվում էին/են տեղական լուծումներ։ Վտանգը մեկն էր, փաստորեն, դրան արձագանքման պատկերացումները անսահմանության հասնող բազմազան են, ինչը հնարավորություն է տալիս գնահատելու, թե որ միջոցառումներն են արդյունավետ։ Նույն վտանգի առջև կանգնած լինելը բերեց կոլեկտիվ ճակատագրի գիտակցմանը, ինչպես պնդում է Էդգար Մորենը իր մի հարցազրույցում։ Ըստ նրա՝ «մոլորակը ենթարկված է ամբողջացման ու տրոհման հակադիր գործընթացներին»։ Վարակը տրոհող ազդեցություն ունեցավ սկզբում, երբ հիվանդության մասին առաջին լուրերն ի հայտ եկան․ վարակվածներին սկսեցին դիտարկել իբրև «բորոտավորներ», որոնցից պետք էր հեռու մնալ հնարավորինս մեծ շառավղով, անգամ, տարածքը նրանցից մաքրելու բռնություններ ու նրանց գտնվելու տեղի մատնանշման դեպքեր տեղի ունեցան։ Սակայն շատ կարճ ժամանակ հետո եղավ սեփական վարակելիության վտանգի գիտակցումը, ինչի արդյունքում պարզորոշվեց համընդհանրական ճակատագիրը։ Կոլեկտիվ ճակատագրի գիտակցումն ունեցավ միավորող, ամբողջացնող ազդեցություն, ինչը համաշխարհայնացման թիվ մեկ պայմանն է։ Կիսվող ճակատագրերով աշխարհի մի ծայրից մարդիկ սկսեցին համակրել մյուս ծայրում՝ իտալական բալկոններում հնչող երաժիշտների երգերին ու երաժշտությանը՝ որպես մեկուսացվածությունը հաղթահարելու միջոց։ Լուրերը աշխարհի բոլոր ծայրերում նույն թեմայով դարձան, առօրեան երկրների մեծ մասում՝ միանման, միակերպ, ճակատագրերը՝ նման, աշխատանքային գործընթացը միևնույն կերպ խաթարված, պլանները՝ հիմնականում միատեսակորեն անկատար։ Նույնիսկ միգրացիայի ու հաղորդակցությունների աճող տեմպի ժամանակ խնդիրների այս աստիճան մեկացում չկար ու հնարավոր էլ չէր։ Պարադոքսալ կերպով փակված տնտեսությամբ ու սահմաններով երկրներն ավելի բաց դարձան այլոց փորձառություններին ապրումակցելու համար, կարելի է ասել՝ փակված աշխարհը «բացվեց»։
Հետևապես, վտանգի ընդհանրությունը և միասնական ճակատագրի գիտակցումը համաշխարհայանացման նախագծի համար դռներ են բացում, քանի որ Մորենի բառերով ասած՝ «զոդում, համերաշխեցնում» են։ Իսկ ահա տեղական, ազգային ու տարակերպ լուծումները (այդ թվում՝ այնպիսի հակագլոբալիստական միջոցառումներ, ինչպիսիք են սահմանների փակումը, առևտրաշրջանառության համեմատական կրճատումը, միգրացիայի պակասեցումն ու հաղորդակցությունների նվազումը) հակասում են համաշխարհայնացման միակերպության (և բացության) նախագծին, ուստի այս վիրուսը իր իրարամերժ ազդակներով մի կողմից համաշխարհայնացման ավարտն է ազդարարում, մյուս կողմից՝ սկիզբը։ Ընդ որում իրարամերժ էր թե՛ վիրուսի բերած ազդեցությունը, թե՛ գլոբալիզմի ու ազգայանականության կողմնակիցների ռեակցիաները։ Բացության կողմնակիցները հաճախ սկսեցին կողմ արտահայտվել սահմանների փակվելուն, իսկ փակվածության կողմնակիցները՝ բացվելուն։ Հետևաբար՝ կորոնավիրուսային վարակը ո՛չ համաշխարհայնացումը պայմանավորող հանգամանք է, ո՛չ էլ՝ այն արգելակող, կամ և՛ այն է, և՛ այն։ Միասնական վտանգն եկավ ու, փաստորեն, աշխարհն ավելի չհամաշխարհայնացվեց, քան կար։
Տեղական վտանգ, միայնակ լուծում տարբերակը հանդիպեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանում։ Այդ պատերազմը տեղական վտանգ էր այնքանով, որ չէր սպառնում գրեթե ուրիշ ոչ մի երկրի, բացի ներգրավված երկու (իսկ ավելի ստույգ երեք) կողմերից։ Դրա լուծմամբ ևս շահագրգիռ էին հակամարտող կողմերը՝ յուրաքանչյուրն իր օգտին, և մի քանի հարևան պետություններ՝ սեփական շահերից ելնելով։ Մնացած ամբողջ աշխարհի համար խնդիրը նույնքան կամ ավելի աննշան էր, որքան հեռավոր Ավստրալիայի անտառների հրդեհումը կամ Սիրիայում ռազմական գործողություններն, ուստի հնչում էին մտահոգության տեքստեր, որոնք, սակայն, մարդկային անտարբերության մանիֆեստացիան էին։ Ուղարկվող հումանիտար օգնությունն էլ փորձում էր վերացնել հետևանքների մի մասը, ոչ թե խնդիրը։ Եթե համավարակի դեպքում գործ ունեինք կոլեկտիվ ճակատագրի գիտակցման հետ, ապա պատերազմը հանգեցրեց վտանգի առջև խորապես միայնակ մնալու գիտակցման հետ առճակատմանը, ընդ որում, խոսքը թե՛ անհատի, թե՛ հավաքական միավորի միայնակության (անգամ դաշնակիցներ ունենալու դեպքում) մասին է։ Չկիսվող ճակատագիրը սեպի նման խրվեց հակամարտող և չհակամարտող կողմերի միջև, ինչպես այլ պատերազմական երկրների դեպքում է եղել, որոնցից շատերը մեղադրում էին աշխարհին փափուկ տեղից միգրացիան զսպելու մեջ։ Ինչպես Ուհանում վիրուսի առաջին անգամ հայտնաբերումը չհուզեց շատերին, որպես հեռվում կատարվող և իրեն չհասնող մի բան, այնպես էլ պատերազմը հակամարտության մեջ չգտնվող երկրների համար միշտ հեռվում է։ Ինչքան շատ էին հայաստանյան օգտատերերը փորձում «բացատրել» աշխարհին Հայաստանի հանդեպ ոչ օրինաչափ գործողությունների մասին (ֆոսֆորային զենքի և կասետային ռումբերի օգտագործում, ահաբեկիչների ներգրավում, զինվորների ու քաղաքացիական անձանց գլխատում և խոշտանգում, գերիների վերադարձի հետաձգում, մշակութային ժառանգության ոչնչացում), աշխարհն այնքան ուժգնությամբ փակում էր աչքերն ու ականջները՝ ուժգնացնելով չկիսվող ճակատագրի հակագլոբալիստական զգացումները։ Ճակատագիրը, ցավն ու «բախտի պարսաքարերը», կարելի է ասել, կիսվում էին միայն ազգակիցների կողմից։ Արդյունքում, մեր խնդիրը մեր խնդիրն է, մտքի հետ հաշտեցումով Հայաստանը հրաժեշտ տվեց մի տարվա, որը եթե ողբերգական էր աշխարհի համար հատկապես տարեց բնակչության մահերի քանակով, ապա Հայաստանի համար կրկնակի ողբերգական էր։ Իսկ համաշխարհայնացված աշխարհում պետք է որ ողբերգություններն ու հաղթանակները բոլորինը լինեին։
Ուրեմն՝ պատերազմը համաշխարհայնացման ավարտն է, քանի որ դա նաև իր հակոտնյայի՝ ազգայնականության զարթոնքն է։ Դրա պատճառն այն է, որ ճակատագրի միասնականությունը շատերի կողմից երևակայության արդյունք համարվող ազգի գաղափարին տալիս է շոշափելիություն։ Տվյալ դեպքում շոշափելիության տրամաբանությունն այսպիսինն է․ հապա ինչպե՞ս կարող է ազգը երևակայական լինել, եթե պատերազմով պայմանավորված դրա սահմաներն ինքնաբերաբար գծվում են ճակատագրի միասնականությամբ պայմանավորված ազգակիցների հետ նույնականացմամբ, եթե վերացականն իրեն երևացնել է տալիս այս պարագայում՝ խոչընդոտելով մեկ այլ, առավել վերացականի՝ համաշխարհային ինքնության ձևավորմանը։ Հատվածավորումը՝ խմբային ինքնության շեշտումը, պատերազմի ժամանակ կասեցնում է ամբողջականացման փորձերը, քանի որ մասի վրա կենտրոնացումը տեսադաշտից հեռացնում է ընդհանուրը։ Իսկ ազգայնականության զարթոնքը և ազգակիցների հետ գերնույնականացումը պատերազմի ժամանակ պայմանավորված է նրանով, որ նման պայմաններում, հատկապես, այդ գերնույնականացումից առաջացող հայրենասիրության մոբիլիզացումն է վտանգի դիմակայման ուղին։ Եթե կորոնավիրուսը միանշանակ համաշխարհայնացնող հանգամանք չէր կարելի համարել, ապա պատերազմը, անգամ համաշխարհայինը, միանգամայն կտրուկ կերպով համաշխարհայնացման նախագիծը արգելակող գործոն է, քանի որ տարանջատում, հատվածավորում է։ Միգուցե այլ կլիներ իրավիճակը, եթե պատերազմները՝ իբրև ոչ թե տեղական խնդիր՝ այլ բոլորին սպառնացող վտանգ՝ կանգնեցնելու համաշխարհային հանձնառություն լիներ։
Մեկ գլխավոր վտանգ, մեկ լուծումն է միայն, որ ամբողջական համաշխարհայնացման ջատագովների երազանքն է։ Սակայն այս տարբերակը դեռևս չի հանդիպել, համենայն դեպս, պատմության վերջին շրջանում։ Սա գուցե միակ տարբերակն է, որի դեպքում համաշխարհայնացման նախագիծը ամբողջությամբ կարող է հաջողել։ Մոտեցող աստերոիդներ, այլմոլորակայիններ (հիպոթետիկ կերպով ասած), բնապահպանական աղետներ՝ գլոբալ տաքացում և այլն։ Սրանցից ցանկացածը կարող է միավորել տարբերներին այն դեպքում, եթե միասնական ջանքի շնորհիվ հնարավորություն լինի լուծելու խնդիրները, որոնք առանձին-առանձին անհնար կլինի հաղթահարել։
․․․
Արդյունքում, կարելի է անել մի այսպիսի բավականին կասկածելի ենթադրություն, որ համաշխարհայնացման մոլի ջատագովներին տեսականորեն ձեռնտու են համաշխարհային մակարդակի պրոբլեմները՝ վիրուսներ, բնապահպանական խնդիրներ և այլն, քանի որ դրանք պետք է որ արմատախիլ անեն ազգայանականությանը, իսկ ազգայնականներին՝ տեղական խնդիրները՝ պատերազմներ և այլն, որ պետք է՝ սանձնի այդ բավականին նորահայտ «հրեշին»՝ համաշխարհայնացմանը։ Շահերը՝ շահեր, բայց հետամուտ են արդյո՞ք երկու կողմերը խնդիրների տեղայնացմանը կամ համաշխարհայնացմանն՝ այդպիսի ծայրահեղ միջոցներով, մնում է բաց հարց պարզապես մտածելու համար։
Ըստ Մորենի՝ կարևոր բացթողումներից է այն, որ «փորձ չի արվել միավորել երկու հակադիր հրամայականները՝ համաշխարհայնացումը և ապահամաշխարհայնացումը։ Համաշխարհայնացնել՝ խթանելու համար ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարգավաճման համար նպաստավոր բոլոր հաղորդակցությունները, և ապահամաշխարհայնացնել՝ փրկելու համար տարածքները, ազգերին ․․․»:
1․ Համաշխարհային պատերազմի ժամանակ աշխարհը ոչ թե միավորվում է, այլ բաժանվում է խմբերի։ Վտանգը մեկն է, լուծումները՝ երկբևեռ կամ բազմաբևեռ։ Հղումներ
1․ «Փոփոխության որոնումները․ հարցազրույց Էդգար Մորենի հետ», Սոցիոսկոպ, Երևան, 2016: 2․ «Արձագանքել մտածողության ճգնաժամին. զրույց Էդգար Մորենի հետ», Ինլայթ հանրային հետազոտությունների կենտրոն, Երևան, 2021։ Գրականություն
Հեղինակ՝ Մարինե Խաչատրյան (Marine Khachatryan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են: