Ալեքսան Հակոբյան. 4 շիշ կոնյակ՝ Քյարքիի դիմաց | Մաս 1
Հրապարակում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, ազատագրված Քաշաթաղի (Լաչինի) հայացման կազմակերպիչ Ալեքսան Հակոբյանի հուշերը՝ նվիրված Ղարաբաղյան շարժմանը: Սույն հատվածը նվիրված է Քյարքի (այժմ Տիգրանաշեն) գյուղի հայացման պատմությանը (1990 թ.): Քյարքին Հայաստանում ադրբեջանական երեք անկլավներից մեկն էր՝ ընկած ռազմավարական նշանակություն ունեցող Արարատ-Վայոց ձոր, այսինքն եւ Երեւանը Զանգեզուրին, հետեւաբար՝ Ղարաբաղին կապող ճանապարհին:
Նշենք, որ Ալեքսան Հակոբյանի հուշերը նախկին hambardzum.am կայքի բացառիկ (էքսկլյուզիվ) նյութն էր, որը պարոն Հակոբյանը սիրահոժար համաձայնել էր պատրաստել կայքի նախաձեռնողների խնդրանքով: Հրապարակում ենք Քյարքիի պատմության առաջին մասը:
Քյարքիի «օպերացիան» 1990 թ. հունվարին մի քանի օր տեւած իրադարձություն էր, որը պատերազմի փուլ մտած մեր Արցախյան շարժման լուրջ հաջողություններից էր։ Սրա մասին պատմելը հեշտ չէ, քանի որ մինչ օրս էլ քաղաքական գաղտնիության պահեր կան, որոնք գուցե եւ արժե չտարածել, սակայն մյուս կողմից՝ անցել է 26 տարի, եւ գաղտնիությունն այն աստիճանի պարտադիր չէ, որքան առաջ։
Քյարքին, այսօր՝ Տիգրանաշենը, Արարատի նախկին շրջանի տարածքի մեջ է՝ Երասխ գյուղից վեր, Վայոց Ձոր եւ Սյունիք տանող ճանապարհին, Պարույր Սեւակ գյուղից հետո եւ լուսահոգի Պարույր Սեւակի ծննդավայր Զանգակատուն (նախկին Սովետաշեն) գյուղ չհասած։ Հենց ճանապարհին ընկած մի փոքրիկ կղզյակ հողատարածք է, որը նախկինում պատկանում էր Ադրբեջանին. Նախիջեւանի Նորաշենի շրջանի (ժամանակին՝ Իլյիչեւսկ, ներկայումս՝ Շարուր) մի կտորն էր, որը խորհրդային վերջնական քարտեզները գծելուց հետո մինչեւ 1927թ. մոտ 6 տարի տեւած վեճերի արդյունքում, այնուամենայնիվ, թողնվեց Ադրբեջանին։
Միակ կղզյակը չէր Քյարքին. Հայաստանում անկլավ-կղզյակներ կային նաեւ Իջեւանի եւ Նոյեմբերյանի շրջաններում։ Հայաստանն էլ մի կտոր ուներ Ադրբեջանում՝ Արծվաշեն գյուղը, որն ադրբեջանցիները 1992-ին խորհրդային զորքի օգնությամբ գրավեցին ու մինչ օրս պահում են։
1921-1927թթ. Հայաստան-Ադրբեջան-Մոսկվա եռյակի միջեւ Կենտկոմների եւ Սովնարկոմների մակարդակով քննարկվում էր սահմանային ճշգրտումների հարցը։ 1927-ին Մոսկվայի Կենտկոմի կամ Գերագույն խորհրդի նախագահության մի հրամանագրով 1922-ին կազմավորված Խորհրդային միության կազմի մեջ մտած երկու հարեւան հանրապետությունների սահմանները գծվեցին վերջնականապես (դրանից հետո եղան որոշ փոփոխություններ, բայց գոնե մեծ վեճերը սրանով փակվեցին։ Թե ի՛նչ փաստեր էր ներկայացնում հայկական կողմը, ի՛նչ փաստեր՝ ադրբեջանականը, եւ ինչո՞ւ պետք է սահմաններն այսպես գծվեին, դեռ ամբողջապես ուսումնասիրված չէ. մասնագետների ձեռքին կա ազգային արխիվից հավաքված արձանագրությունների մի մեծ փաթեթ, բայց ամփոփ հետազոտություն դեռ արված չէ։
1989թ. մայիսի վերջին օրը, երբ «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական կազմը բանտից դուրս եկավ, ծանր խնդիրներ կային, որ հերթով պիտի լուծվեին։ Սկսեցինք լուծել. 1989թ. երկրորդ կեսում լուրջ կազմակերպչական աշխատանքներ տարանք բոլոր ուղղություններով՝ սկսած աղետի գոտուց, վերջացրած ինքնապաշտպանության կազմակերպմամբ։
Ժամանակին ասել եմ, կրկին ասեմ, որ 1988թ. վերջերին – 1989-ի սկզբներին՝ բանտ նստելու նախօրյակին եւ ընթացքում, մենք, ըստ էության, կորցրեցինք Հյուսիսային Արցախը, բացի Գետաշենի ենթաշրջանից, որի հետագա կորուստը ծանր է ինձ համար անձամբ, քանի որ դրանով զբաղվել եմ ե՛ւ մասնագիտորեն, ե՛ւ այդ ընթացքում Հյուսիսային Արցախի համար պատասխանատուն լինելով, բայց շատ բան անել չկարողանալով։ Պատճառն այն էր, որ 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեն համարում էր, որ պաշտպանությունը տեղի ժողովրդի եւ հատկապես՝ Ղարաբաղի մեր ընկերների պատասխանատվության տակ է։ Սակայն պարզվեց՝ դա քիչ է. 1988թ. նոյեմբերին տեղի ունեցավ այն հսկայական գաղթը, որով կորցրեցինք Ադրբեջանի հայության մեծ մասը, բացի Շահումյանից, Գետաշենի ենթաշրջանի գյուղերից եւ բուն Արցախից։ Հայությունը դուրս եկավ, հրով ու սրով բռնագաղթեցվեց իր բազմահազարամյա Հայրենիքի մի մեծ կտորից՝ Գանձակի, Գարդմանի, նաեւ Շիրվանի ամբողջ հատվածից։ Մնաց նաեւ Բաքվի հայության մի մասը, որը հետո բռնագաղթեցվեց եղերական ձեւով… Բաքվի ջարդերը տեղի ունեցան 1990թ. հունվարին՝ զուգահեռ նրան, ինչ կպատմեմ Քյարքիի մասին։
Արդեն 1989-ի վերջին – 1990-ի սկզբին երեւում էր, որ անխուսափելի է նաեւ Բաքվի հայության բռնագաղթը, բայց ոչինչ անել հնարավոր չէր, քանի որ Խորհրդային միությունը դեռ բավականին ամուր էր, իսկ Արցախը՝ կապանքների մեջ. Մոսկվան մի ռեժիմ էր սահմանել Արցախի մարզի համար՝ հատուկ կառավարման ռեժիմը, որն էապես թուլացնում էր նախաձեռնությունների հնարավորությունը, եւ որի առկայությամբ Արցախն ամրապնդելը լուծելի էր դառնում միայն ընդհատակյա գործունեությամբ, ինչն էլ կատարվում էր ե՛ւ տեղում, ե՛ւ Կոմիտեի օգնությամբ (որն արդեն 1989-ից դրանով էապես զբաղվում էր)։
Հատուկ կառավարման ռեժիմի սկզբնական տարբերակով Արցախում նշանակվել էր Մոսկվայի ներկայացուցիչ՝ Արկադի Վոլսկին, որն ուղիղ ենթարկվում էր Մոսկովյան Կենտրոնին։ Հետո սա փոխարինվեց մեկ ուրիշ տարբերակով, որով Բաքվի Կենտկոմի երկրորդ քարտուղար եւ Մոսկվայից նշանակված Պոլյանիչկոն դարձավ Ղարաբաղի գերագույն իշխանություն, որի հրամանները պարտադիր էին տեղական մարզային իշխանության, այդ թվում՝ մարզկոմի քարտուղար Հենրիկ Պողոսյանի համար։ Իսկ տեղում գլխավոր իշխանությունը զինվորականն էր՝ զինվորական պարետը, որ գեներալ Սաֆոնովն էր։
Մոսկվան երկու որոշմամբ այսպիսի կարգ էր սահմանել, ինչով մի կողմից՝ փորձում էր լրիվ բացասական չպատասխանել արցախցիների այն բողոքին, թե իրենց համար դժվար է Ադրբեջանի կազմում մնալը, ինչը սպառնում է «սումգայիթով», մյուս կողմից էլ՝ աշխատում էր Արցախի ենթակայությունը Բաքվին դարձնել հնարավորինս «բնական»… ինչը, փառք Աստծո, չստացվեց, եւ չէր էլ կարող ստացվել։
Ղարաբաղյան շարժման ոչ ֆորմալ իշխանությունն Արցախում «Կռունկ» կոմիտեն էր իր տարբեր խմբերով։ Կար նաեւ բավականին լուրջ ընդհատակյա շարժում, որը Կռունկին ուղիղ ենթակա չէր, այլ անմիջապես աշխատում էր «Ղարաբաղ» կոմիտեի հետ։ Կոմիտեն ուներ հատուկ պատասխանատուներ, այդ թվում՝ ռազմական գործի համար, որի հիմնական համակարգողը Մանուկյան Վազգենն էր։ Այլ մարդկանց անուններ, իհարկե, չեմ տա, որովհետեւ կատարածն ընդհատակյա զինվորական գործ էր։
Հունվարի երկրորդ շաբաթում Բաքվում արդեն հայերի ջարդերն էին սկսվել։ Մի քանի օր ուշացումով խորհրդային զորքը մտավ քաղաք եւ հայերի մի մազապուրծ մասին ազատեց լրիվ բնաջնջումից. նրանց նավերով տեղափոխեցին Թուրքմենիա, Կրասնովոդսկ եւ այլուր։ Բաքվի հայությունը՝ 150000-ից ավելի մարդ, 300000-350000 նախկին համայնքից մնացած վերջին կտորը, որ հույս ուներ, թե կկարողանա ապրել իր, ինչպես համարվում էր՝ երկրորդ հայրենիք Ադրբեջանում, ստիպված եղավ ամբողջությամբ դուրս գալ՝ տալով 100-ից ավելի զոհ, որոնց անունները մինչ օրս ճշգրիտ գրանցված չեն, ինչպես եւ 1988-ի Սումգայիթի զոհերինը, որտեղ, գիտենք, զոհերն ավելին էին, բայց ընդամենը 33-ի անունները հաջողվեց հետագայում փաստաթղթավորել։
Բաքվում հայերի հալածանքներին զուգահեռ՝ ադրբեջանցիներն սկսեցին նաեւ Քյարքիից գնդակոծել Զանգեզուր տանող մեր ճանապարհը, որն անցնում էր գյուղին պատկանող հողերով։ Պարզեցինք, որ 1989 թ. հունվարին ադրբեջանցի ընդհատակային զինյալները Նախիջեւանից անցել էին այս կողմ եւ լուրջ ջոկատ կազմել։ Հասկացանք, որ կանգնած ենք Սյունիքի ճանապարհը կորցնելու իրական վտանգի առջեւ։ Ուստի Արարատի մեր ջոկատը, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, մի օպերացիա մշակեց, համաձայնացրեց «Կոմիտեի» հետ եւ իրականացրեց. հունվարի 16-ին մեր տղաները մտան գյուղ ու բոլոր զինյալներին քշեցին։ Բայց գյուղում, իրենց ՕՄՕՆ-ից բացի, խորհրդային ներքին զորքերի մի փոքրիկ խումբ կար, որի պահանջով էլ մերոնք գյուղից դուրս եկան՝ տալով մեկ զոհ՝ Տիգրանին Արարատի շրջանի Արմաշ գյուղից, որի անունով էլ Քյարքին հետագայում անվանակոչեցինք Տիգրանաշեն։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ ադրբեջանցի գյուղացի ժողովուրդը ադրբեջանցի զինյալների հետ միասին հեռացել է Քյարքիից։
Հունվարի 18-ին սկսվեցին Արարատի սահմանային Երասխ գյուղի կռիվներն ու թեժ շարունակվեցին մինչեւ ամսի 20-ը։ Հունվարի 22-ին երկու կողմերում խորհրդային զինվորական հրամանատարների միջնորդությամբ տեղի ունեցան որոշ բանակցություններ, եւ Երասխի ճակատամարտն ավարտվեց։ Կռիվների 4-5 օրերին ունեցանք զոհեր, որոնցից էր Մովսես Գորգիսյանը՝ մի քանի հերոս տղաների հետ միասին։ Երասխի ճակատամարտի ամբողջ ընթացքում «Ղարաբաղ» կոմիտեի ներկայացուցիչը տեղում Բաբկեն Արարքցյանն էր, որը Վազգեն Սարգսյանի կողքին էր, եւ խնդիրները միասին էին լուծում։
Այդ ընթացքում պարզ էր, որ Սյունիքի ճանապարհն ենք կորցնում ու մնալու ենք Մարտունիից Եղեգնաձոր գնացող, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով անցնող ճանապարհի հույսին, որն այն ժամանակ միայն բեռնատարներով էր հնարավոր անցնել։ Հայաստանի կենտրոնից Սյունիքի կտրվելն անթույլատրելի էր՝ կորսվում էր նաեւ Արցախի հետ կապը (Բերձոր-Լաչինի ճանապարհն այդ ժամանակ արդեն վաղուց չկար՝ դիրքավորված էին երկու կողմից էլ, բայց Կոռնիձորից անցնում էինք Բերդաձորի Հինշեն)։ Ուստի ճանապարհը պահելու միակ ձեւը Քյարքի գյուղն ադրբեջանական վերահսկողությունից հանելն էր, իսկ դա հնարավոր էր միայն գյուղը հայ փախստականներով բնակեցնելով… ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի մնացած՝ ադրբեջանցիներից ազատված գյուղերում էր արվել։
«Ղարաբաղ» կոմիտեից ես էի, որ դարձա այդ հարցի պատասխանատուն։ Հունվարի 22-ին մեկնեցի Արարատ եւ տղաների հետ տեղում պայմանավորվեցի, որ Երեւանում անմիջապես նախապատրաստում ենք Քյարքիում բնակվելիք փախստականների խումբը, եւ, եթե բնակեցնելու հնարավորությունը գյուղում կա, տեղափոխում ենք հենց հաջորդ օրը։ Նույն օրը Վազգեն Սարգսյանի հետ գնացինք դեպի գյուղ, բայց չմտանք. տեսանք, որ, այնուամենայնիվ, ինչ-որ կրակներ երեւում են։ Պետք էր պարզել՝ ովքեր են՝ ադրբեջանցինե՞ր, թե՞ ռուսներ, զորքե՞ր, թե՞ բնակչություն։ Գիշերը Վազգեն Սարգսյանի տղաները պարզեցին եւ ասացին, որ ամենայն հավանականությամբ ռուսներ են, ու նրանց հետ պետք է խոսել։
Հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, Վազգեն Սարգսյանի ու Բաբկեն Արարքցյանի հետ Երասխում հանդիպելուց հետո իմ ընկերներից Միշա Հակոբյանի հետ վերջինիս Ժիգուլիով երեկոյան կողմ մտանք Քյարքի։ Գիտեինք, որ բնակիչները գնացել են, բայց արարատցի տղաները, զբաղված Երասխի ճակատամարտով, հաստատ չգիտեին՝ վերադարձե՞լ են, թե՞ ոչ։ Ուստի պիտի պարզեինք։ Ձորակի կամուրջն անցնելով՝ երկարուկ ձգվող այդ գյուղի (ընդամենը՝ 45 տուն) մի ծայրից մյուսն անցանք ու ոչ մեկին չտեսանք, կանգնեցինք գյուղի կենտրոնում, սկսեցինք կանչել, պատասխան չստացանք, նոր ձյունը նստած՝ թարմ հետքեր չերեւացին։ Մենք պատրաստ էինք բոլոր տարբերակներին, բայց պարզվեց՝ ամսի 16-ից հետո գյուղը դատարկ է… համենայն դեպս՝ մեզ այդպես թվաց։ Վերադարձանք՝ գործն անելու։
Հաջորդ օրն արդեն պիտի փախստականներին տանեինք։ Մի քանի օր էր՝ Հայոց համազգային շարժման (Տեխնիկայի տանը) փախստականների հանձնախումբը, որ ղեկավարում էին Ներսիսյան Գագիկն ու Պետրոսյան Շահենը, պայմանավորվել էր Բաքվից Երեւան հասած մի մեծ խմբի հետ, որ իրենց բնակեցնենք Երեւանից ընդամենը 80 կմ հեռավորության վրա ընկած Քյարքի գյուղում։ Ցուցակագրվել էր մոտ 100 մարդ։ Մենք էլ պատրաստ էինք այդ մարդկանց հավաքել ու ցերեկով 3 ավտոբուսով տեղափոխել։
Հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, Վազգեն Սարգսյանը վաղ առավոտյան զանգահարեց, ասաց, որ դա հնարավոր չէ, քանի որ մայրուղուց Քյարքի տանող մուտքին՝ կամուրջի վրա, արգելափակոց (շլագբաում) է հայտնվել եւ ռուսական զորք է երեւում՝ ավտոմատներով, գնդացիրներով եւ այլն։
Միշայի Ժիգուլիով շտապ Քյարքի գնացինք՝ այս անգամ հետներս վերցնելով մեր 3-րդ ընկերոջը՝ Վլադիմիր Դյակովին, որը կրտսեր եղբորս մոտիկ գործընկերն էր եւ Ֆիզկուլտուրայի ինստիտուտում հեծանվասպորտի լաբորատորիայի վարիչը (Հայաստանն այն ժամանակ լավ հեծանվասպորտ ուներ, եւ այդպիսի հատուկ լաբորատորիա կար), մանկավարժական գիտությունների թեկնածու, մեր տարեկից՝ 36-37 տարեկան, ծնունդով վոլգոգրադցի, հայաստանցի ռուս տղա, որը 1990-ականների վերջին, երբ հայրը մահացավ, մորը մենակ չթողնելու համար վերադարձավ Վոլգոգրադ ու մնաց… բայց մեկ-մեկ գալիս է։ Վովան շատ արագ համաձայնեց գալ ու փորձել մեզ օգնել՝ ռուս զինվորներին համոզելու, որպեսզի չխանգարեն՝ Քյարքին Բաքվի փախստականներով բնակեցնենք։ Մտածեցինք՝ ռուս տղաներին ի՞նչ տանենք, ու 3 աստղանի հինգ շիշ կոնյակ վերցրեցինք, որն այն ժամանակ, կարծես, 5 ռուբլի արժեր։ Փողը Բաբկեն Արարքցյանից ստացանք, որը «Ղարաբաղ» կոմիտեի «գանձապահն» էր։
Հասանք Քյարքի ու տեսանք, որ գյուղ մտնել հնարավոր չէ, կամրջի արգելափակոցի պոստից չէին մոտենում ու սպառնում էին կրակել։ Բայց պետք էր ինչ-որ կերպ հետները կոնտակտ հաստատել։ Մայրուղով գնալ-գալով՝ նկատեցինք, որ իրենց հիմնական դիրքը գյուղի մյուս ծայրին, ձորակի մյուս կողմից մայրուղուն հայող դպրոցի կաթսայատան մոտի բարձունքին է, որն իշխում է գյուղի եւ զուգահեռ անցնող մայրուղու կենտրոնական հատվածի վրա։ Մոտեցանք դրա դիմացի ճամփեզրին, սկսեցինք ճանապարհից կանչել՝ «на-до по-го-во-рить, на-до по-го-во-рить»։ Ոչ մի արձագանք։ Չհուսահատվելով՝ համարյա տասը րոպե երեքով այդպես գոռացել ենք, մինչեւ ծիկրակող ինչ-որ շարժում նկատեցինք, ու մեզ նշան արեցին, որ գյուղի վերեւի ճանապարհին մեզ կհանդիպեն։ Մեր Ժիգուլիով հասանք այնտեղ. նույնպես արգելափակոց կար։ Երկու մեքենա մեզ ուղեկցում էր Արարատի ջոկատի զինված տղաներով, որոնք ի սկզբանե գյուղից վեր՝ երկրորդ ոլորանի վերեւում կանգնել հեռադիտակներով հետեւում էին, բայց՝ մեծ հեռավորության վրա, քանի որ զինված տղաներով ռուսական զորքին մոտենալն անվտանգ չէր։
Գյուղի վերին հատվածից մեզ ընդառաջ եկան մի ավագ լեյտենանտ, մի սերժանտ, երեք զինվոր։ Տարբերանշաններից երեւում էր, որ խորհրդային ներքին զորքերի ներկայացուցիչ են։ Զրույցն սկսելով՝ հասկացանք, որ ամսի 23-ին, երբ բարձրացել էինք մինչեւ գյուղի ծայրը, մեզ տեսել էին։ Մենք պարզապես չէինք գնացել դպրոցի կողմը, որը գյուղամիջի հիմնական ճանապարհից մի քանի տասնյակ մետր վերեւ էր։ Ըստ երեւույթին՝ մեզ պարզապես չէին պատասխանել, բայց ռուսական զորք այդ օրն արդեն եղել էր։ Ուղղակի պոստեր չէին դրել. դրանք դրվեցին հաջորդ առավոտյան՝ որպես մեր այցի պատախան։
Բացատրեցինք մեր ուզածը։ Ավագ լեյտենանտը, անունը՝ Միշա, 27-28 տարեկան էր, հրավիրեց շտաբում խոսելու. պարզ է՝ մենակ չէր կարող պատասխանել։ Գնացինք շտաբ, որտեղ կար եւս մի ավագ լեյտենանտ։ Հասկացանք, որ գործ ունենք մեկ դասակի հետ. դուրս ու ներս անելիս, դիրքեր փոխելիս մոտ 30 զինվորական հաշվեցինք։
Կոնյակներից չորսն էի վերցրել, մեկը թողել էի մեքենայում։ Իրենց հասկացրինք, որ ուզում ենք սեղանի շուրջ զրուցել՝ ջերմ պայմաններում։ Մտանք դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճը, որտեղ զորանոցն էին հարմարեցրել, եւ մի ծայրում, ուր խոհանոցային հատվածն էր, սեղանի շուրջ նստեցինք։
Այդ ժամանակ Միշային խնդրեցի (ռուսների համաձայնությամբ), որ, քանի որ դպրոցում առանձնապես բան չկա, բարձրանա տեսնի՝ Արարատից մեզ ինչ «закуска» կբերի։ Նա էլ Վազգենի տղաներից մի քանիսի հետ մեքենայով անմիջապես իջավ Պարույր Սեւակ գյուղ եւ մի կես ժամից վերադարձավ խորովածով. Վազգենը նախապես ծրագրել ու ամեն ինչ պատրաստել էր տվել։ Մի քանի ժամ տեւած զրույցի ընթացքում Միշան եւս մեկ անգամ ստիպված եղավ մեզ «закуска» բերել, որովհետեւ, դե, զինվոր տղաներն անընդհատ մոտենում օգտվում էին։ Վազգենը երկրորդ անգամ էլ մի մեծ «բոխչայով» խորոված-քյաբաբ ուղարկեց, դեռ մի թաս էլ խաշլամա էր հաջողացրել։
Ամբողջ ժամանակ ինքը՝ Վազգենը, մնաց երկրորդ ոլորանի վերեւում, անհանգիստ կանգնած։ Ռուսներն, իհարկե, մեզ ասացին, որ տեսել են ինչ-որ զինված տղաների։ Մենք էլ պատասխանեցինք, որ մեր ընկերներն են, կարող ենք կանչել, ասացին՝ ոչ. չպնդեցինք։
Խնդիրն արդեն ներկայացրել էինք, փորձում էինք իրար կոմպլիմենտներ անել, մոտիկից ծանոթանում էինք, ընդհանուր ծանոթներ փնտրում, ինչ-որ թեթեւ պատմություններ հիշում։ Ինչքան էլ մեր ռուսերենը հերիքում էր, Վովայի ռուսերենին չէր հասնի. շատ անուշ էր զրուցում զինվորների հետ՝ իրար կատարյալ հասկանալով, ծանրակշիռ, հարգանքով, սիրով. դե, դասախոս մարդ, որն անընդհատ երիտասարդների է տեսել, ընդ որում՝ մարզիկ երիտասարդների, ինքն էլ՝ մարզիկ հեծանվորդ։
Կոնյակի երկրորդ բաժակը դատարկելուց հետո մեկ էլ ռուսները՝ թե՝ «ախր, սա ի՞նչ խմելու բան է», ու գնացին 6 լիտրանոց շտոֆով սպիրտ բերեցին, որ 90 աստիճանից բարձր թնդություն ուներ։ Ասացին՝ «այ է՛ս է խմիչքը»։ Լցրեցին բոլորիս։ Խմեցի առաջին բաժակը… ու լավ է, որ հրաշքով ոչ մի վատ բան այդ պահին չկատարվեց… բայց հասկացա, որ երկրորդը խմեմ՝ կհանգեմ։ Ասացի՝ «էս ի՛նչ լավն էր, բայց ես կոնյակ կխմեմ, սովորություն է»։ Իսկ Վովան, կեցցե, դիմացավ։ Միշան որպես վարորդ չէր խմում, իրենցից 4-5 հոգին էին, որ մշտապես մեզ հետ էին, եւ տղաներ, որ մոտենում էին, մի բաժակ խմում, հետո՝ երկրորդը, երրորդը, չորրորդը… Մի խոսքով, 3 ժամ տեւած ջերմ բանակցությունների ընթացքում հասցրեցինք 6 լիտր սպիրտն ու 4 շիշ կոնյակը վերջացնել։
Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը փախստականներին տանում ենք. ընկերաբա՛ր համաձայնեցին։ Մեր ներկայացրած տրամաբանությունն այն էր, որ փախստականները եկել են Բաքվից՝ քաղաքից, իսկ Հայաստանն այժմ հնարավորություն չունի նրանց տեղավորելու, մինչդեռ Քյարքին հա՛մ Ադրբեջանի՝ իրենց հայրենիքի մի կտորն է, հա՛մ վերահսկելի է՝ նրանց կյանքին գոնե ոչինչ չի սպառնա, հա՛մ էլ ռուսական բանակն է առկա, որ ներկայությունն է Կենտրոնի, եւ պետք է ապահովի նրանց անվտանգությունը։ Իսկ եթե կլինեն հին ադրբեջանցի խաղաղ բնակիչներ, որ կցանկանան վերադառնալ, թող գան, միասին կտեղավորվեն, կապրեն (իհարկե, ոչ մի ադրբեջանցի այլեւս չէր վերադառնալու)։
Հաջորդ օրը՝ հունվարի 25-ին, 3 ավտոբուս՝ պատրաստ, 95 հոգին՝ մեջը, բայց Վազգենը զանգեց ու ցավալի լուր հաղորդեց, որ դիրքերն ավելացվել են, ռուսական նոր զորք է բերվել Նախիջեւանից եւ սպառնալից կանգնած են դիրքերում. վտանգավոր է առանց լրացուցիչ պայմանավորվածության մարդկանց այնտեղ տանելը։ Վազգենը, իհարկե, հասկանում էր, որ իր վրա շատ մեծ պատասխանատվություն կա։ Ահա այդ ժամանակ էր, որ «Ղարաբաղ» կոմիտեում մեկ անգամ եւս լուրջ քննարկվեց մեր այս անելիքի իրատեսականությունը, եւ ինձնից նորից պահանջվեց տղաներին հերթով ապացուցել, որ սա իրատեսական է ու այն աստիճանի վտանգավոր չէ, որ դրա փոխարեն մեզ անդառնալի կորուստներ թույլ տանք. բոլորին էր հասկանալի, որ Զանգեզուրի ճանապարհի հարցը պետք է լուծենք։
Հունվարի 25-28-ը ծանր օրեր էին. համարյա ամեն օր երեքով Քյարքիում էինք։ Մոտենում էինք դիրքերին, Միշան ընդառաջ էր գալիս՝ հետն ընկերացել էինք, բայց միանում էր մի ուրիշ, նոր եկած ավագ լեյտենանտ՝ Յուրա անունով, ու մերժում՝ «ո՛չ մի դեպքում»։ Նկատել էինք, որ զորքի քանակը հասցվել է վաշտի՝ մոտ 100 զինվորական, բոլորը՝ ներքին զորքերից։ Մեզ բացատրում էին, որ իրենց ղեկավարությունը տեղյակ է եւ կատեգորիկ արգելել է։ Մի քանի օր շարունակ համոզում էինք, իսկ ողջ ընթացքում արարատցի մեր տղաները ոլորանին կանգնած պատրաստ հսկում էին։ Համառում էինք, որ մենք, միեւնույն է, ուրիշ ճար չունենք, եւ դա անելու ենք։ Բայց սպառնալիքի ենթատեքստով որեւէ խոսակցություն ռուսական զորքի հետ չենք վարել… ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո։ «Համբերատար» զրուցում էինք, առաջին մերժումից հետո, միեւնույն է, շարունակում էինք, 10-րդ մերժումից հետո՝ նույնպես… ինչը կարելի է եւ վերջնագիր համարել։
Ավելորդ բաներ, սակայն, չէինք ասում եւ չէինք էլ պատրաստվում անել. 1990-ի հունվարին չէինք կարող պատկերացնել, որ խորհրդային զորքի դեմ ինչ-որ բան կարող ենք անել, երբ Բաքվում ու Ղարաբաղի շուրջ դրությունը ծանր էր։ Իսկ հենց այդ ժամանակ՝ հունվարի 20-ին, նաեւ սրվել էր վիճակը Գետաշենի ենթաշրջանում՝ Ազատ եւ Կամո գյուղերում, որտեղ հրազդանցի Սասունի եւ Զարզանդի ջոկատներն ու «Արաբոյի» կազմի մեջ մտնող, բայց ՀՀՇ-ին ենթարկվող Շահումյանի երկրապահ ջոկատը լրջորեն ջարդեցին ադրբեջանական ՕՄՕՆ-ի հարձակումը։ Դրանից հետո այնտեղ ռուսական ներքին զորք լցվեց, որի օգնությամբ փետրվարի սկզբին Խանլարի շրջանային իշխանություններն ամբողջությամբ շրջապատման մեջ պահվող Ազատի եւ Կամոյի բնակիչներին ստիպեցին իրենց տների վաճառք ձեւակերպել՝ տալով որոշ գումար (ոչ՝ աստղաբաշխական, բայց ոչ էլ՝ կոպեկներ)։ Իսկ գնորդները տեղի ադրբեջանցիներն էին, փախստականներ էլ չէին։ Հենց իմացանք, մեծ խմբով զբաղվեցինք այդ հարցով։ Անմիջապես այնտեղ մեկնեց Կոմիտեից մի խումբ՝ Դավիթ Վարդանյանն ու Երջանիկ Աբգարյանը (որը Կոմիտեի գաղտնի խմբի անդամ էր)։ Իսկ Քյարքիից հետո ես դարձա «Ղարաբաղ» կոմիտեի՝ այդ խնդրով պատասխանատուն եւ փետրվարի 16-ին ուղղաթիռով մեկնեցի Գետաշեն։ Հայաստանից մեծ գումար տարանք՝ մեկ միլիոն ռուբլուց ավելի, որ Ստամբոլցյան Խաչիկի «Գթություն» կազմակերպությունը տրամադրեց, եւ յուրաքանչյուր ընտանիքի հանձնելով՝ հատ-հատ պայմանավորվեցինք, որ կվերադարձնեն գնորդներին. նրանք էլ պաշտոնապես ետ վերադարձրին վերցրած գումարներն ու պայմանագրերը չեղարկեցին։ Սակայն դրանից հետո՝ փետրվարի 27-ին, խորհրդային զորքն ուղղակի БТР-ներով մտավ Ազատ եւ Կամո, ժողովրդին՝ մի քանի հարյուր մարդու, լցրեց բեռնատարները՝ հայտարարելով, որ պայմանագրերն իրեն չեն հետաքրքրում, ու Կիրովաբադով (Գանձակով) բերեց Հայաստանի սահման։ Ներքին զորքերի մտնելուց հետո մեր ջոկատները ստիպված եղան նահանջել Գետաշեն եւ Մարտունաշեն ու ողջ ընթացքում մնացին այնտեղ։ Դրանից հետո՝ մինչեւ մարտի 9-ը, վերջին 10 ծանր օրերին յոթ հոգով՝ ես (որ արդեն մենակ էի) եւ Կամոյի ու Ազատի մի քանի երիտասարդ բնակիչ, մնացինք գյուղում. զորքին ու միլիցիային պնդում էինք, որ՝ «չենք հեռանալու, սա մեր գյուղն է, մենք պայմանագրեր ունենք, մյուսներին էլ զոռով եք տարել»։ Ադրբեջանական ՕՄՕՆ-ին էլ էինք դիմում, որը ռուսների ներկայությամբ մեզ վնաս չէր տալիս։ Յոթով երկու կից տներում էինք գիշերում։ Գետաշենից ցերեկները միշտ գալիս, մեզ միանում էին (հիմնական «կապավորը» հերոս ռադիստ Լենա Ավագյանի որդի Ալեքսն էր, որը հետո Քաշաթաղի բնակիչ դարձավ), ու ման էինք գալիս 2 խմբով՝ ցույց տալով, որ գյուղերը ձերը չեն, եւ դուք պարտավոր եք ետ բերել հայ բնակիչներին։ Նույն ընթացքում Կոմիտեն փորձում էր Հայաստանի Կենտկոմի ղեկավարության միջոցով (Մոսկվայի հետ անմիջապես կապվելու հնարավորություն Կոմիտեն, իհարկե, չուներ) Կենտրոնից պոկել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոցով բնակչությանը ետ բերելու որոշում. չստացվեց… ու մարտի 9-ին մեր խումբը դուրս եկավ։ Այդ օրը Գետաշենում ու Մարտունաշենում 2 ժողով արեցինք եւ որոշում կայացրեցինք, որ գյուղերը մնալու են տեղում, ջոկատները՝ նույնպես. բանն այն է, որ նրա՛նց էլ համառորեն առաջարկվում էր տներն ադրբեջանցիներին վաճառել ու հեռանալ։ Մեկ օր անց, վերադառնալով Ազատության հրապարակ, հայտարարեցի, որ մեր պատասխանը կարող է լինել միմիայն անկախության հռչակումը, քանի որ, տեսնում ենք, առանց անկախության ու Հայաստանի ներկա իշխանություններով մենք չենք կարողանում լուծել մեր խնդիրները։ Մենք հասկանում էինք, որ Մոսկվան ծանր քայլերի է գնալու, բայց միեւնույն էր։ Ազատն ու Կամոն թույլ էին՝ այնտեղ մի քանի տասնյակ ընտանիք էր մնացել, իսկ Գետաշենն ու Մարտունաշենն ուժեղ էին, հարյուրավոր ընտանիքներով։ Մեկ ու կես տարի հերոսական մաքառումով դիմացան, կամավոր չլքեցին հարազատ օջախները, մինչեւ որ 1991-ի ապրիլի 30-ին «Կոլցո» օպերացիան սկսելով՝ հսկայական զորքով ու տանկերով ներխուժեցին ու նվաճեցին… (դա նաեւ իմ անձնական ողբերգությունը եղավ, որին դիմանալ կարելի էր միմիայն գետաշենցիների ու մարտունաշենցիների կողքին մնալու անհրաժեշտության պարտադրանքով)։ Այդ օրը մերոնք կռվեցին, բազմաթիվ զոհեր տվեցին (սեպտեմբերից Գետաշենի ջոկատներին էր միացել նաեւ Թաթուլ Կրպեյանի խումբը), բայց ջոկատները ստիպված նահանջեցին անտառներ, որից հետո ժողովրդի մի մասը ջոկատների հետ անտառով տեղափոխվեց Շահումյան, իսկ մյուս մասը՝ ծերեր, կանայք, երեխաներ, ավտոբուսներով Նոյեմբերյան հասցվեց նույն կերպ, ինչպես Ազատում ու Կամոյում էին արել դրանից տարի եւ կես առաջ։
Գետաշենի մասին էլ բան չեմ պատմի։ Ծանր է։ Իմ գիտնական ընկերներով անցյալ տարի որոշեցինք, որ այս տարի այդ օրը կնշենք երկօրյա գիտաժողովով՝ ապրիլի 29-ից մինչեւ 30-ը։ «Կոլցոյի» 25-ամյակն է: Արեցինք, ու թեման էր Գարդմանի եւ Շիրվանի հայության պատմա-մշակութային ավանդները։ 20-ի չափ զեկուցում ընթերցվեց։ Եկող տարի էլ, եթե ստացվի, Կառավարությանը կփորձենք համոզել, որ ադրբեջանահայությանը նվիրված մի երկրագիտական թանգարան ստեղծվի բյուջետային ներդրումներով, օրինակ՝ Նոր Հաճնում կամ Աբովյանում, որտեղ բավականաչափ ադրբեջանահայեր կան (օրինակ՝ գետաշենցիների ամենամեծ գյուղն Արտամետն է, որ Նոր Հաճնի կողքին է)։
Շատ շեղվեցի: Վերադառնա՛նք Քյարքի։
Ալեքսան Հակոբյան. 4 շիշ կոնյակ՝ Քյարքիի դիմաց | Մաս 2
Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ