4 շիշ կոնյակ՝ Քյարքիի դիմաց | Մաս 2

Ալեքսան Հակոբյան. 4 շիշ կոնյակ՝ Քյարքիի դիմաց | Մաս 2

Շարունակում ենք հրապարակել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, ազատագրված Քաշաթաղի (Լաչինի) հայացման կազմակերպիչ Ալեքսան Հակոբյանի հուշերը՝ նվիրված Ղարաբաղյան շարժմանը: Երկրորդ հատվածը նվիրված է Քյարքի (այժմ Տիգրանաշեն) գյուղի հայացման պատմությանը (1990 թ.): Քյարքին Հայաստանում ադրբեջանական երեք անկլավներից մեկն էր՝ ընկած ռազմավարական նշանակություն ունեցող Արարատ-Վայոց ձոր, այսինքն եւ Երեւանը Զանգեզուրին, հետեւաբար՝ Ղարաբաղին կապող ճանապարհին: 

Հիշեցնենք, որ Ալեքսան Հակոբյանի հուշերը նախկին hambardzum.am  կայքի բացառիկ (էքսկլյուզիվ) նյութն էր, որը պարոն Հակոբյանը սիրահոժար համաձայնել է պատրաստել կայքի նախաձեռնողների խնդրանքով:Հրապարակում ենք Քյարքիի պատմության երկրորդ մասը:

Ալեքսան Հակոբյան. 4 շիշ կոնյակ՝ Քյարքիի դիմաց | Մաս 1

Երեկոները ծանր քննարկումների արդյունքում բարեբախտաբար կարողացա համոզել «Կոմիտեի» այն տղաներին, որոնք կասկածներ ունեին… իսկ դա հեշտ չէր։ Համոզում էինք երեքով՝ Աշոտ Մանուչարյանը, Համբարձում Գալստյանն ու ես, ե՛ւ կոլեկտիվ քննարկումներում, ե՛ւ առանձին-առանձին։ Մի անգամ, երբ Վազգեն Մանուկյանին, որը շատ դժվար էր համոզվում, ասացի՝ «Տեսնո՞ւմ ես, Վազգե՛ն, իմ վստահությունը, դեմքիս ժպիտը, ախր դա հաջողության նշան է», Վազգենը տարավ-բերեց, երեւի կիսակատակ ասաց՝ «Զգույշ եղի՛ր, մահվանից առաջ բոլոր մարդիկ ժպտում են»։ Բայց համաձայնվեց։

Հունվարի 28-ին հասկացա, որ ռուս զինվորներին՝ Միշայով, Յուրայով ու մյուսներով, հնարավորինս համոզել ենք, որ՝ «մենք գալիս ենք, իսկ դուք չեք կրակելու»։ Եւ ամսի 29-ի առավոտյան ավտոբուսները Տեխնիկայի տնից շարժվեցին։ Մեր հանձնախմբի տղաները շատ լավ էին աշխատում. կարողանում էին փախստականների խմբին գերօպերատիվ հավաքել։ Իսկ սա արդեն երրորդ անգամն էր։ 29-ի կեսօրին ավտոբուսները կանգնեցին գյուղի մուտքի կամրջի մոտ։ Տեսանք, որ զինվորները կանգնել եւ ցույց են տալիս նոր մերժում։ Զինվորների մեջ կային իրենց գործին հատկապես «նվիրվածները», որ առավել դեմ էին մեր մուտքին։ Այդ պահին, բարեբախտաբար, Յուրա կոչվածը՝ երկրորդ խմբի պատասխանատուն, չկար. Միշան էր ու արդեն մեր ընկեր դարձած տղաները, որոնց հետ դեռ ամսի 24-ին լեզու էինք գտել։ Շլագբաումը բաց էր։ Եզրերով շարված զինվորներին փախստականներն ուղղակի գրկերն առնելով, ժպտալով ու ծիծաղելով, «сынки, сыночки» ասելով՝ թափանցեցին Քյարքիի կենտրոնական փողոց։ Այդ պահին եկավ Յուրա կոչվածը, ավտոմատով մի քանի անգամ օդ կրակեց, ու թե՝ պիտի դուրս գաք։ Բարեբախտաբար, գյուղի կեսն արդեն մերն էր, եւ ոչ մեկը դուրս չէր գալու. փախստականները լուրջ էին տրամադրված, եւ պիտի ասեմ՝ հերոսական ձեւով պահեցին իրենց։ Մի մոտեցում կա Բաքվի փախստականներին պակաս աչքով նայելու, բայց այդ օպերացիային իրենց մասնակցությունը ցույց տվեց, թե ինչ զինվորի քաջություն ու կարգապահություն դրսեւորեցին՝ հասկանալով, որ խնդիրը պարզապես իրենց տնավորվելը չէ, այլ ազգային լրջագույն խնդիր է լուծվում։

Դյակով Վովան կանգնեց Յուրայի առջեւ ու սկսեց ե՛ւ սիրով, ե՛ւ ավագի տոնով խոսել հետը, որ՝ «քեզ խելոք պահի՛ր, այսպե՛ս է լինելու եւ ո՛չ մի ուրիշ կերպ, մենք նույն ազգից ենք, վաղը հանդիպելու ենք, մի՛ արա այնպես, որ ադրբեջանցիների պատճառով թշնամանանք»։ Յուրան նորից սկսեց օդ կրակել ու հայտարարեց, որ անձամբ գնդակահարելու է Վովային։ Անմիջապես պայմանավորվեցինք, որ Վովան դուրս է գալիս… Եւ սկսեցին աշխատել մեր փախստական կանայք։ Երեխաներին չէինք բերել, վտանգավոր էր. թողել էինք հանրակացարաններում, ուր նախնական տեղավորվել էին։ Յուրային մի կերպ հանգստացրինք, զորքն իր դիրքերն ամրացրեց ու մեզ զգուշացրեց, որ, միեւնույն է, համաձայն չէ։ Փախստականները մտան, 45 տունը քարտեզագրեցին, թե ո՛ր ընտանիքը ո՛ր տանն է ապրելու, ու տեղավորվեցին։

Երեկոյացավ, ճաշեցինք, փորձում էինք նաեւ ռուս տղաներին հյուրասիրել, հիմնականում՝ անհաջող, քանի որ արդեն կապվում, հրամաններ էին ստանում, թե՝ աշխատեք հանել։ Բարեբախտաբար, չկարողացան. մերոնք շատ պինդ էին։ Ողջ ընթացքում Արարատի ջոկատի մոտ կեսը վերեւից հսկում էր։ Իսկ փախստականների հետ խռնված, ծպտված՝ գյուղ էր մտել նաեւ Պարույր Սեւակ գյուղի ջոկատից տասը տղա՝ փոքր զենքերով զինված՝ անհրաժեշտության դեպքում մեզ անվարան պաշտպանելու։

Ես ու Հակոբյան Միշան, ջոկատի տղաների հետ միասին, տեղավորվեցինք երկու տներում։ Միշայի մեքենան մնացել էր դրսում, 3 ավտոբուսները հետ էինք ուղարկել, եւ ընդամենը 2 հոգի էր փախստականների հսկա խմբից ավտոբուսով ետ վերադարձել՝ վախենալով անորոշ ապագայից։ Վովային էլ էինք ետ դարձրել, որովհետեւ Յուրայի խումբը նրան համարում էր իր ամենամեծ թշնամին։ Այսօր՝ տարիներ անց, զարմանում եմ, որ Վովային ոչ մի բանով չպարգեւատրեցինք. այդպե՛ս էինք վերաբերվում ինքներս մեզ, կամ էլ՝ մեր ընկերներին ուրիշներից առանձնացնելուն… կռիվներ էին, հետո՝ Ղարաբաղյան պատերազմ… հետո այս կարգի բաները մոռացվեցին… դարձան փոքրիկ «արկածներ»։

Հաջորդ օրն արթնացանք, տեսանք, որ ռուսական ներքին զորքերի վաշտը դարձել է մի ամբողջ գումարտակ՝ մոտ 200 զինվորական, որ նաեւ ուղղաթիռներով էին իջել։ Գլխավորն արդեն մայոր էր. դիմեց մեզ, իսկ մենք… ղեկավարներ չունեինք։ Մելքումյան Ռոզան (ինձնից մի քիչ տարիքով, փախստական հրաշք կին), մի քանի բաքվեցի տղաների հետ, անընդհատ կանգնում էր դրանց առջեւ։ Մայորը բանակցություններ փորձեց վարել, թե՝ պետք է խաղաղ գնաք։ Ռոզան էլ վերցրեց «լաչառությունը» դրեց, թե՝ «թողե՛ք հեռացե՛ք, մե՛նք ենք էս հողի տերերը, մենք Ադրբեջանի քաղաքացի ենք, Քյարքին էլ Ադրբեջանի մի գյուղ է, իսկ դո՞ւք ով եք, դուք ո՞ւմ շունն եք, ձեր անձնագրերը ցույց տվեք տեսնե՛մ»։ Եւ այդպես մի 15 ակտիվ կին ու տղամարդ ռուս զինվորներին, սպաներին նույն ոգով բացատրում էին, որ՝ «արդեն վե՛րջ, սա մեր տունն է, խնդրեմ՝ եկե՛ք մեր տուն հյուր, բայց ոչ ավելին, կամ էլ գնացե՛ք մեր հին տները Բաքվում այնպես պաշտպանեք, որ մենք ետ վերադառնանք»։

Հունվարի 30-ին Երեւանից մեզ մոտ եկավ Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատվիրակությունը՝ մի քանի հոգի Կենտկոմից ու ԿԳԲ-ից, Հայաստանում խորհրդային ներքին զորքերի հրամանատար գեներալ-մայոր Սուրկովը եւ լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը (մինիստրների խորհրդի նախագահը՝ վարչապետը)։ Եկել էին համոզելու փախստականներին, որ «Ադրբեջանի ղեկավարությունը տեղյակ է արդեն եւ համաձայն չէ, որ դուք այստեղ ապրեք, քանի որ բնիկ բնակչությունը մի օր պետք է վերադառնա, որ նույնպես փախստական է դարձել եւ ապրում է Իլյիչեւսկում ու Սադարակում՝ սպասելով իր վերադառնալու հնարավորությանը. իսկ մենք Հայաստանի կառավարության կողմից ձեզ խոստանում ենք, որ այստեղ հավաքված բոլոր անտուն բաքվեցիներին կապահովենք տներով Երեւանում կամ նրա շրջակայքում, կամ էլ՝ գոնե ավելի լավ ժամանակավոր կացարաններով, քան այն հանրակացարանները, որտեղ այս տասն օրն ապրել եք՝ Թուրքմենիայից Երեւան հասնելով»։

Մոտավորապես այս էր խոսակցությունը։ Հեռացան՝ փոշմանած, որ հասել են Քյարքի, քանի որ Ռոզան ու մյուս կանայք քիչ էր մնում դրանց մազերը պոկեին։ Եթե ռուս զինվորներին, սպաներին խնայում էին, ապա Հայաստանի ղեկավարությանն ամենեւին չէին պատրաստվում խնայել. պարզապես քշեցին։

Տարիներ անց, երբ Մովսիսյանի հետ արդեն ընկերական հարաբերություններ ունեինք (1991 թ. վերջին, մեկուկես տարի իմ աշխատելուց հետո, նա փոխարինեց ինձ Կառավարությանն առընթեր Փախստականների կոմիտեի նախագահի պաշտոնում), մեծ սիրով ու գորովանքով հիշում էինք այդ օրերը։ Ախր նա մեկ անգամ էլ եկավ, ու նրան մեկ անգամ էլ ձեռնունայն ետ ուղարկեցին. կենտկոմի քարտուղար Սուրեն Հարությունյանն ուղարկում էր, նա էլ ստիպված գալիս էր, իսկ Հարությունյանն էլ կատարում էր Մոսկվայի պահանջը։ Ոմանք գուցեեւ չընդունեն, բայց ես միշտ պնդել եմ, որ ճիշտ էր այն «մեծ դաշինքը», որ կնքվեց Հայոց համազգային շարժման եւ կոմունիստների միջեւ (իհարկե, ոչ՝ կոմունիստական կուսակցության որպես այդպիսին, այլ՝ կոնկրետ մարդկանց)։ Երբ քաղաքականության մեջ ճգնաժամին մոտեցող իրավիճակ կա, «մեծ դաշինքները» փրկում են բոլոր հասարակություններում։ Եւ դա՛ է խնդիրներ լուծելու ամենանորմալ, ժողովրդավարական եղանակը։ Եւ մենք էլ Հայաստանում դա կիրառել ենք ողջ 90-ական թվականներին։ Անգամ 1998-ից հետո, երբ իշխանափոխություն կատարվեց եւ նախագահական ընտրություններում լուրջ խնդիր առաջացավ Կարեն Դեմիրճյանի ընտրության հետ կապված, նա եւ Վազգեն Սարգսյանը կիրառեցին այդ նույն մեթոդը՝ ստեղծվեց «Միասնություն» դաշինքը, որը մեր նախկին «մեծ դաշինքի» վերակերտումն էր։ Կան նաեւ, իհարկե, խնդիր լուծելու հակաժողովրդավարական մեթոդներ. այդ դեպքում ճգնաժամերի ժամանակ վերացվում են պայքարի, բողոքի օրինական հիմքերը, ինչպես վարվեց հենց ներկայիս իշխանությունը՝ Սահմանադրության այս տարբերակն ապօրինի ձեւով՝ ժողովրդի «ոչ»-ի մեծամասնությամբ անցկացնելով։ Երբ տվյալ սահմանադրական կարգում ճգնաժամային վիճակ է հասունանում, դու հասկանում ես, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել. օրինակ՝ պարզ բան՝ ավելի լավ աշխատել, ուժերի ավելի լայն ընդգրկում եւ համախմբում ապահովել։ Մինչդեռ դրա փոխարեն իշխանությունը փոխում է բուն կարգը՝ ստեղծելով այնպիսինը, որում իր նկատմամբ քննադատությունը դառնում է ոչ օրինական կամ անհասցե։ Այսինքն՝ հարցերը կարելի է լուծել կա՛մ ժողովրդավարական (օրինակ՝ քաղաքական համախմբման), կա՛մ հակաժողովրդավարական ու հակաօրինական ճանապարհով, որը հարցի սուռոգատ լուծում է։ Մենք, Արցախյան շարժմումից հետո գալով իշխանության, բնականաբար, նախընտրեցինք առաջինը։

Մի խոսքով… Հաջորդ օրը՝ փետրվարի 1-ին, երկու ուղղաթիռով Քյարքի եկավ Ադրբեջանում խորհրդային ներքին զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վարեննիկովը. այն նույն հայտնի Վարեննիկովը, որը 1991-ի օգոստոսին գովերգում էր Պուտչը, իսկ Հայաստանից հեռացավ միայն, երբ 1990 թ. մայիսյան ընտրություններով իշխանությունը փոխվեց (հետագայում Ելցինը դրան նստեցրեց եւ արժանին հատուցեց)։ Սա եկավ, շրջապատեց մի 10 հոգու, ձերբակալեց ու ավտոմատավորներով տարավ դպրոցում՝ շտաբում փակեց։ Եւ այդ ամբողջը՝ մեր կանանց «վայնասունի» ֆոնին։ Ընդամենը կես ժամ անց ստիպված եղավ ազատ արձակել, որովհետեւ հասկացավ, որ մեր կանայք կամ կզոհվեն, կամ իրենց մազերն էլ կփետեն։ Վարեննիկովի հետ Ռոզան էր կռիվ տալիս. կողքից նայում էի ու քեֆս գալիս էր, վերցնեիր կինո նկարեիր, հրաշք կերպար էր, որ դարձել էր փախստականների Ժաննա դ’Արկը։

Վարեննիկովը նեղսրտած հեռացավ իր ուղղաթիռով եւ հայտարարեց բլոկադա: Քյարքին փակվեց ու ոչ մի բան, ոչ մի կենդանի էակ չէր կարող Քյարքի մտնել։ Բոլոր կողմերից մի հսկա լրացված գումարտակ փռվեց ողջ գյուղի շրջակայքով, տեխնիկան ավելացվեց, ԲՄՊ-ներ դրվեցին գյուղամիջում, եւ համարյա թե արգելվեց անգամ շարժը տներից։ Գյուղից դուրս գալ թույլատրում էին (ոչ մեկը, ի դեպ, չգնաց), բայց ներս ոչ ոքի չէին թողնում։ Դժվարացավ մատակարարումը. մենք մեզ հետ ինչ-որ բաներ, իհարկե, ավտոբուսներով բերել էինք, բայց դա հերիքեց 2-3 օր։ Դրանից հետո սկսեցինք ուտել՝ ինչ որ տներում գտնում էինք։ Լենինգրադի բլոկադայի պես տնային կենդանիներ չենք մորթել, բայց վախենում էինք, որ անգամ դրան կհասնի։ Ոչ փախստականը ես էի, Պարույր Սեւակի ջոկատի հրամանատար Ավետիսյան Էդիկը (մի պարզ, լավ տղա, որ տարիներ անց դարձավ Պարույր Սեւակի երկարամյա գյուղապետը) եւ եւս 3 հոգի։ Արարատցի տղաները երբեմն թափանցում էին, բայց այնքան թույլ էր դրա հնարավորությունը, որ հետները որեւէ լուրջ բան բերել չէին կարողանում. միայն մանր փաթեթներ, որոնք իրենց շորերի տակ չէին երեւա։ Զինվորական խմբերը երբեմն փոխվում էին, եւ ամեն մի նորը մոտենում էր բոլորիս ու հերթով զգուշացնում, թե՝ «իմացեք, դուք հակաօրինական քայլ եք կատարում, մենք ձեզ ձերբակալելու ենք» եւ այլն։ Անընդհատ տեսնում էինք՝ ոնց են մեր տղաները՝ Վազգենը եւ մյուսները, զանազան ոլորաններից ծիկրակում։ Բայց դե, նշաններով իրար հետ շատ բան չէինք խոսի, ռացիա չկար, մոտավորապես էինք իրար հասկանում ու գիտեինք միայն, որ մնալու ենք տեղում։

Կենցաղը, իհարկե, բացարձակ բլոկադայի մեջ ապրելու կենցաղ էր։ Ոչ մի մաքուր բան չունեինք, անցել էինք այն ամենն օգտագործելուն, ինչ մնացել էր թուրքերից։ Բարեբախտաբար, մեր փախստականներն էլ պինդ դուրս եկան, էլ չեմ ասում մեր ջոկատի տղաների մասին։ Այդ օրերին արդեն զգում էի, թե ո՛նց է մեր փախստական ժողովուրդը տաքանում «իր» տների վրա։ Արդեն վերադասավորումներ էին անում, մաքրում այդ ձյուն-ձմեռվանը, հողամասում ինչ-որ բաներ փորփրում, հերթով տանում, ցույց էին տալիս, թե՝ «գիտե՞ս, ախր իմ այգում տանձենի չկա, մենակ խնձոր կա» կամ «իմ գոմը փոքր է, էն մեկինը մեծ է, բա ո՞նց անենք՝ փոխենք. իմ էրեխեքը շատ են» եւ այլն, եւ այլն։ Համայնքային կյանքը հոսում էր, ես էի՝ գյուղապետի կարգավիճակում, Էդիկն էլ՝ զինվորական հարցերն ու կարգուկանոնն ապահովողի։

Ամսի 6-ի երեկոն էր, որ հիշողությունիցս դուրս չի գա։ Հերթական ինչ-որ փշրանքներ ուտելուց հետո Էդիկի հետ խոսում ենք, ասացի՝ «Ժողովրդին ստիպված հանելու ենք. կա՛մ սովամահ ենք լինելու, կա՛մ էլ ժողովուրդն ինքն է դուրս գալու, ի՞նչ կարծիքի ես», ասաց՝ «Հրամանատարը դու ես, ոնց ասես, էդպես ենք անելու, բայց ես խորհուրդ եմ տալիս հիմա քնել. հո հենց հիմա չե՞նք գնալու, առավոտյան կերեւա»։ Ասացի՝ լավ։ Քնեցինք։ Որքան շնորհակալ եմ իրեն (միայն ինքն իմացավ եւ իմաստնաբար գաղտնի պահեց րոպեական թուլությունս)…

Փետրվարի 7-ի առավոտյան վեր կացանք… ու ինչպես հեքիաթի վիշապը մի օր աղբյուրի ակունքից հանկարծ ցնդում է, այդպես էլ տեսանք՝ գյուղը դատարկ է, զորք չկա։ Ո՛նց էին գիշերով գնացել՝ չէինք էլ իմացել, ո՛նց էին տեխնիկան հավաքել, որ ոչ ոք չարթնանա, չհասկացանք, ո՛նց էր 200-ից ավելի զինվոր հօդս ցնդել, չիմացանք։ Ութօրյա բլոկադան վերացել էր։

Դե, դրանից հետո միայն հրավառություն էր պետք, բայց դրա հնարավորությունը չկար. մոտ 100 հերոսներ բավարարվեցինք կշտանալով։

Փետրվարի 7-ի երեկոյան արդեն վերադարձա Երեւան։ Կոմիտեի նիստ գումարվեց, զեկուցեցի։ Որոշվեց, որ ես այնտեղ այլեւս շատ չեմ երեւալու (Մոսկվային չպիտի խրտնեցնեինք). Արարատի տղաները մուտքուելքի հնարավորություն արդեն ունեն, կապը բավարար է։

Հաջորդ օրը գնացի, գյուղում մի լավ քեֆ արեցինք, մնաս բարով ասացի ու վերադարձա… իհարկե, համարում էի, որ ավելի ուրախ կլիներ, եթե կարողանայի շարունակել Քյարքիով զբաղվել ու այն դարձնել հենց հայության դեմքը, օրինակելի համայնք՝ բառի բոլոր իմաստներով՝ ե՛ւ ներդրումների, ե՛ւ շինարարության, ե՛ւ մարդկային հարաբերությունների։ Բայց որոշումը կայացվե՛ց՝ մենք զգուշորեն ենք շարժվում եւ չենք թմբկահարում Հայաստանի միջամտությունը։

Եւ իրոք, մոտ 1992 թվականից Քյարքիում, արդեն՝ Տիգրանաշենում, սկսեց լուրջ գործ արվել, իսկ մինչ այդ ավելի շատ աշխատում էինք ոչ պաշտոնական ուղիներով՝ Արարատի տղաների միջոցով։ Վլադիմիր Մովսիսյանն ինձ պատմում էր, որ հետագայում էլի է գնացել, մարդիկ էլ է ուղարկել՝ իմանալու, թե ինչի կարիք ունեն։ Բայց Քյարքիի բնակչության հետ հիմնականում աշխատում էր ՀՀՇ-ի փախստականների հանձնախումբը՝ Ներսիսյան Գագիկի գլխավորությամբ, որին որոշ չափով միացան նաեւ Վերածնունդը (Ռոմիկը, Ալբերտը), Ազգային կառույցը (Միսակյան Աշոտը, Ֆրիդան) եւ այլն։ Այդ հերոսական օրերի մեր գյուտը՝ Մելքումյան Ռոզան, անմիջապես ընտրվեց ոչ պաշտոնական գյուղապետ։ Արարատի ջոկատը մի մեքենա հայթայթեց նրա համար։ Հետը բազմիցս հանդիպել եմ Երեւանում։ Թեպետ սիրտս շատ կցանկանար ստեղծել այնտեղ այդ օրինակելի համայնքը՝ ուտոպիստական լավագույն համայնքների ոգով, բայց հույս ունեի, որ առանց ինձ էլ դա անելու են, եւ ինչ-որ չափով, իրոք, արեցին. գյուղը վերածնվեց ու դարձավ Արարատի տարածաշրջանի նորմալ գյուղերից մեկը։ Ճիշտ է, փախստականների մի մասը, հենց որ հնարավորություն առաջացավ համեմատաբար խաղաղ պայմաններում, վաճառեց տներն արարատցիներին ու հեռացավ։ Այսօր գյուղը կես-կես է. մոտ 20 տուն փախստական, մոտ այդքան էլ՝ արարատցիներ։ Իսկ փոխադրվեցին հիմնականում Երեւանի մերձակա շրջաններ՝ Մասիս, Նոր Հաճն, որտեղ տներ էին կառուցվում փախստականների համար։ Ռոզան, կարծեմ 1996-ին, ի վերջո, մեկնեց Եւրոպա ու այնտեղ էլ ինչ-որ հիվանդությունից անժամանակ մահացավ։

Սա՛ էր Քյարքիի օպերացիան՝ մեր հաջողված գործերից մեկը, որպիսիք քիչ չեն եղել, եւ որոնց շարքում կդնեի նաեւ Նյուվադիի գրավումը 1991-ի օգոստոսի 8-ին, որն էլի ծանր եղավ (ի դեպ, գետաշենցիների մի մեծ խմբի ակտիվ մասնակցությամբ). Նյուվադին՝ Նռնաձորը, վերջին թուրքական գյուղն էր Հայաստանի տարածքում՝ Մեղրիի արեւելյան հատվածում։

Դա էլ իմ անձնական տոնն եմ համարում։ Իսկ հունվարի 29-ը՝ Քյարքիի բնակեցման օրը, եթե անգամ ընկերներիս հետ չի ստացվում, որդիներիս հետ պարտադիր կոնյակով եմ նշում։

Հետագայում կատակներ էին հնչում, թե 5 շիշ կոնյակով Քյարքին հայացրեցինք, ես էլ միշտ միջամտում էի, որ՝ 5 չէ՝ 4 շիշ. որպես պատմաբան ճշգրտություն եմ սիրում։ Որովհետեւ այն մեկ շիշը, որ մնացել էր մեքենայում, եւ որն այդ օրը հատուկ որոշել էի չօգտագործել, մեկ տարի անց՝ Քյարքիի բնակեցման նույն օրը, ես, լուսահոգի Սարգսյան Վազգենը, Դյակով Վովան, հրամանատար Էդիկը եւ Հակոբյան Միշան նույն Ժիգուլիով տարանք Քյարքի, Ռոզայի, Արտոյի ու մեր մնացյալ ակտիվի հետ խնջույք կազմակերպեցինք ու բնակիչների հետ միասին խմեցինք։

Համարում եմ, որ մենք մեր համբերատարությամբ, ե՛ւ ոգու, ե՛ւ ֆիզիկական ամրությամբ կարողացանք Քյարքին վերցնել ու պահել։ Մեր կյանքով խնդիր դրեցինք, որ Զանգեզուրի ճանապարհը չենք թողնելու օտարի ձեռքին՝ ո՛չ խորհրդային, ո՛չ էլ, առավել եւս, ադրբեջանական իշխանության, ու ստիպեցինք, որ խորհրդային կենտրոնը դրա հետ հաշտվի, որի կամքին եթե թողնվեր, ադրբեջանական ՕՄՕՆ-ը մշտապես կմնար այնտեղ։ Իսկ դա ցանկացած պարագայում դառնալու էր վտանգ, առավել եւս՝ կես տարի անց, երբ իշխանությունը Հայաստանում փոխվեց. այլեւս հնարավոր չէր լինի կանխատեսել, թե ինչ քայլերի կդիմեին նրանք։


Աղբյուրը՝ hambardzum.am կայքի արխիվ