Սահմանային օգտակարությունն ու տեսակները

Ի՞նչ է սահմանային օգտակարությունը

Սահմանային օգտակարությունը սպառողի կողմից ապրանքի կամ ծառայության՝ յուրաքանչյուր հաջորդ միավորից ստացված լրացուցիչ օգտակարությունն է: Տնտեսագետների կողմից սահմանային օգտակարության հայեցակարգը օգտագործվում է որոշելու համար, թե սպառողներն ինչ ապրանք են ցանկանում գնել:

Սահմանային օգտակարության պատմություն

Սահմանային օգտակարության գաղափարը մշակվել է տնտեսագետների կողմից, ովքեր փորձում էին բացատրել գնի տնտեսական իրողությունը, որը նրանց կարծիքով պայմանավորված էր արտադրանքի օգտակարությամբ: 18-րդ դարում տնտեսագետ Ադամ Սմիթը քննարկեց այն, ինչը հայտնի է որպես «ջրի և ադամանդի պարադոքս»: Այս պարադոքսը նշում է, որ ջուրը շատ ավելի քիչ արժեք ունի, քան ադամանդը, չնայած ջուրը կենսական նշանակություն ունի մարդու կյանքի համար:

Այս անհամապատասխանությունը հետաքրքրեց բոլոր տնտեսագետներին և փիլիսոփաներին: 1870-ական թվականներին երեք տնտեսագետներ՝ Ուիլյամ Սթենլի Լևոնսը, Կառլ Մենգերը և Լեոն Վալրասը, յուրաքանչյուրն ինքնուրույն եկավ այն եզրակացության, որ սահմանային օգտակարությունը ջրի և ադամանդի պարադոքսի պատասխանն է: Իր գրքում Լևոնսը բացատրեց, որ տնտեսական որոշումները կայացվում են ոչ թե ընդհանուր օգտակարության, այլ «վերջնական» (սահմանային) օգտակարության հիման վրա:

Դրա համար անհրաժեշտ է տարբերակել «ընդհանուր օգտակարություն» և «սահմանային օգտակարություն» հասկացությունները։ Ջրի ընդհանուր օգտակարության աստիճանը հասարակական կենսագործունեության տեսանկյունից բարձր է ադամանդի ընդհանուր օգտակարությունից, բայց դրանց արժեքը (գնահատականը) որոշվում է ոչ թե ընդհանուր օգտակարությամբ, այլ սահմանային, որի մեծությունը որոշվում է այդ բարիքի սահմանափակության աստիճանով։ Սահմանային օգտակարության տեսության համաձայն՝ բարիքի կամ արդյունքի արժեքը որոշվում է դրա վերջին միավորի օգտակարությամբ, որի հիմքում ընկած է բարիքի նկատմամբ հագեցվածության աստիճանը։

Տնտեսագետներն օգտագործում են սահմանային օգտակարության գաղափարը գնահատելու համար, թե ինչպես է բավարարվածության մակարդակն ազդում սպառողի որոշումների վրա։ 

Տնտեսագիտական գրականության մեջ առանձնացվում է նվազող սահմանային օգտակարության մասին օրենքը: Օրենքի էությունն այն է, որ բարիքի կամ ապրանքի՝ յուրաքանչյուր հաջորդ լրացուցիչ միավորի օգտագործմանը զուգընթաց նվազում է նաև այդ բարիքի սահմանային օգտակարությունը։

Սահմանային օգտակարությունը կարևոր է բացատրելու համար, թե ինչպես են սպառողները ընտրություն կատարում իրենց սահմանափակ բյուջեներից առավելագույն օգուտ ստանալու համար: Ընդհանուր առմամբ մարդիկ կշարունակեն ավելի շատ ապրանքներ սպառել, քանի դեռ այդ ապրանքից ստացվող սահմանային օգտակարությունն ավելի մեծ է, քան նրա սահմանային արժեքը: Արդյունավետ շուկայում գինը հավասար է սահմանային արժեքին: Այդ պատճառով սպառողները շարունակում են գնել նույն ապրանքատեսակից այնքան ժամանակ, քանի դեռ այդ ապրանքից ստացվող սահմանային օգտակարությունը չի հավասարվում սահմանային արժեքին։

Սահմանային օգտակարության տեսակները

Գոյություն ունեն սահմանային օգտակարության մի քանի տեսակներ: Ամենատարածվածներից են հետևյալները.

  • դրական,
  • բացասական,
  • զրոյական:

Դրական սահմանային օգտակարություն

Դրական սահմանային օգտակարություն ապահովվում է այն ժամանակ, երբ լրացուցիչ ապրանքի սպառումը մեծացնում է ընդհանուր օգտակարությունը:

Ենթադրենք, որ ձեզ դուր է գալիս մի կտոր տորթ ուտել, բայց երկրորդ կտորը ձեզ լրացուցիչ բավարարվածություն կպատճառի և կբարձրացնի ձեր ընդհանուր օգտակարությունը: Հետևաբար տորթի նոր կտորի օգտագործումից ձեր սահմանային օգտակարությունը դրական է:

Բացասական սահմանային օգտակարություն

Բացասական սահմանային օգտակարությունն այն կետն է, երբ բարիքի լրացուցիչ միավորի սպառումը իրականում դառնում է վնասակար: Օրինակ ՝ տորթի չորրորդ կտորը կարող է նույնիսկ հիվանդացնել երեք կտոր տորթ ուտելուց հետո:

Զրոյական սահմանային օգտակարություն

Զրոյական սահմանային օգտակարությունն այն վիճակն է, երբ ապրանքի լրացուցիչ միավորի սպառումը ընդհանուր օգտակարության մակարդակը չի փոփոխում: Օրինակ՝ դուք կարող եք երկու կտոր տորթից հետո ձեզ հագեցած զգալ, իսկ երրորդ կտորն ուտելուց հետո իրականում ձեզ ավելի լավ չէիք զգա: Այս դեպքում տորթի երրորդ կտորն ուտելու դեպքում ձեր սահմանային օգտակարությունը դառնում է զրոյական։


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին