Տեխնոլոգիական ընտրություն. այլընտրանքային արժեք

Ի՞նչ է ռեսուրսների տեխնոլոգիական ընտրությունը

Հասարակությունը մշտապես բախվում է ռեսուրսների սահմանափակության խնդրին։ Ուստի իրենց պահանջմունքները առավելագույնս բավարարելու համար մարդիկ ստիպված են ռեսուրսներն օգտագործել հնարավորինս արդյունավետ: 

Նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը հնարավորություն է տալիս ավելի խնայողաբար օգտագործել ռեսուրսները և ապահովել աշխատանքի բարձր արտադրողականություն: Միաժամանակ դա օգնում է բարձրացնել արտադրանքի որակը և նվազեցնել դրա վրա կատարվող ծախսերը:

Սահմանափակ ռեսուրսներն ունեն իրենց օգտագործման հնարավորությունները, որի պայմաններում արդյունքների արտադրությունը սահմանափակ է, սրանից էլ բխում է «արտադրական հնարավորությունների սահման» հասկացությունը:

Այս սահմանափակությանը բնորոշ են արդյունքների արտադրության տարբեր այլընտրանքներ, որոնցից էլ հասարակության անդամները կատարում են ընտրություն։ Արտադրական հնարավորությունների սահմանը ցույց է տալիս ռեսուրսի՝ տվյալ քանակի պայմաններում դրանից առավելագույն քանակությամբ արտադրանք ստանալու հնարավորության սահմանը:

Ի՞նչ է սա նշանակում. ծայրահեղ տարբերակում ենթադրենք սահմանափակ ռեսուրսներն օգտագործվում են միայն հացի արտադրության համար: Եվ բնականաբար բնակչությունը նաև ավտոմեքենայի պահանջարկ ունի: Այս դեպքում որպեսզի ապահովվի մեքենայի արտադրություն, հասարակությունը ստիպված է հրաժարվել հացի որոշակի քանակի արտադրությունից՝ փոխելով ռեսուրսների օգտագործման այլընտրանքը:

Ուստի բարիքների՝ այսպիսի տարբեր համակցությունների արտադրությունն ունի իր սահմանը: Պատկերավոր այս ամենը կունենա հետևյալ տեսքը՝

Արտադրանքի տեսակը

Ա Բ Գ Դ Ե
Հաց (հզ. տոննա) 10 9 7 4 0
Ավտոմեքենա (հատ) 0 1 2 3 4

Ինչպես նկատելի է՝ այլընտրանքային փոփոխության դեպքում հացի և ավտոմեքենայի արտադրության փոփոխությունները նույն համամասնությամբ չեն տեղի ունենում: Նշված աղյուսակում Ա և Ե տարբերակները ծայրահեղ և քիչ հավանական իրավիճակներ են պատկերում:

Բնականաբար հացի և ավտոմեքենայի արտադրության տեխնոլոգիաները տարբեր են, ուստի հասարակությունը կատարում է տեխնոլոգիական ընտրություն՝ հնարավոր տարբերակներից ընտրելով սպառման նախընտրելի հարաբերակցությունը, ինչն էլ ի վերջո դառնում է ռեսուրսների և տեխնոլոգիաների օգտագործման ընտրության հիմքը:

Այս ամենից պարզ է դառնում, որ գործ ունենք սահմանափակ ռեսուրսների օգտագործման տարբեր այլընտրանքների հետ:

Այլընտրանքային արժեք

Այսպիսով՝ սահմանափակ ռեսուրսների պարագայում ընտրություն կատարելու հանգամանքը ինքնին ենթադրում է որևէ ռեսուրսի օգտագործումից և հետևաբար բարիքի արտադրությունից հրաժարում հօգուտ մյուսի: Հացի արտադրությունից հրաժարումը հօգուտ ավտոմեքենաների նշանակում է հասարակության տնօրինության տակ գտնվող սահմանափակ ռեսուրսների մի մասի ուղղորդումը հացի արտադրությունից դեպի ավտոմեքենայի արտադրություն: Սա նշանակում է, որ գոյություն ունեն արտադրության բազմաթիվ այլընտրանքներ, որոնցից ընտրվում է մեկը, ինչն էլ հետագայում կարող է փոփոխվել: Ահա այստեղից առաջացել է «այլընտրանքային արժեք» հասկացությունը:

Սահմանափակ ռեսուրսների և բարիքների պայմաններում ամեն ինչ ունի իր արժեքը, և ընտրություն կատարելիս որևէ բարիք «զոհաբերվում է» այլ բարիք ձեռք բերելու համար: Այլընտրանքային արժեքը, հետևապես և բարիքների սպառման հարաբերակցությունը պայմանավորված են մարդկանց սպառողական վարքագծի փոփոխությամբ:


Հեղինակ՝ Մարիամ Խաչատրյան (Mariam Khachatryan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին