Ի՞նչ է շահույթը
Շահույթը նկարագրում է այն ֆինանսական օգուտը, որն առաջացել է բիզնեսի գործունեության բոլոր ծախսերը վճարելուց հետո։ Այդ ծախսերը ներառում են աշխատավարձի, հարկերի, վարկային պարտավորությունների և այլնի գծով ծախսեր: Շահույթը հաշվարկվում է հասույթի և ընդհանուր ծախսերի տարբերությամբ։
Շահույթի հաշվարկման նպատակը
Բիզնես գործունեություն իրականացնող ընկերությունների հիմնական նպատակը շահույթի ստացումը, դրա բարձրացումը և կորուստներից խուսափելն է։ Սա էլ դրդում է վերջիններիս՝ տարբերվող նոր ապրանքներով և ծառայություններով շուկայում ներկայանալը։ Շահույթի բարձրացման ամենաարդյունավետ եղանակը ծախսերի կրճատումն է։ Սակայն այստեղ պետք է նկատել, որ ծախսերի հիմնական մասը սովորաբար կազմում են աշխատողներին ուղղվող ծախսերը, և ծախսերի նվազեցումը հաճախ ուղեկցվում է աշխատողների կրճատմամբ։ Սա վտանգավոր է տնտեսության համար, եթե մեծ թվով ընկերություններ նման ռազմավարություն ընտրեն։ Երկարաժամկետում սա կարող է հանգեցնել գործազրկության մակարդակի բարձրացմանը և ընկերությունների ապրանքների պահանջարկի նվազմանը՝ գնորդների քանակով պայմանավորված։
Շահույթը սովորաբար օգտագործվում է բիզնես գործունեությունը նկարագրելիս: Վերջինս տեղեկություններ է տալիս ընկերության գործունեության մասին և կարող է ազդել ղեկավարների որոշումների վրա․ բարձր շահույթը կարող է հանգեցնել բիզնեսի ընդարձակման որոշման կայացմանը և հակառակը։ Այն նաև կարևոր է մրցակիցների գործունեությունը ճիշտ գնահատելու համար։
Շահույթի տեսակները
Ընկերության գործունեության տարբեր փուլերը գնահատելու համար օգտագործում են շահույթի երեք տեսակ ՝ համախառն շահույթ, գործառնական շահույթ և զուտ շահույթ:
-
Համախառն շահույթ
Շահութաբերության առաջին մակարդակը համախառն շահույթն է, որը ընդհանուր հասույթի և վաճառված ապրանքների արժեքի (շատ դեպքերում՝ ինքնարժեքի) տարբերությունն է։ Այս փուլում ընկերությունները համեմատում են ապրանքատեսակները՝ տեսնելու, թե որն է առավել շահավետ:
Համախառն շահույթ = ընդհանուր հասույթ ” վաճառված ապրանքների արժեք
-
Գործառնական շահույթ
Շահութաբերության երկրորդ մակարդակը գործառնական շահույթն է, որը հաշվարկվում է համախառն շահույթի և գործառնական ծախսերի տարբերությամբ։ Համախառն շահույթը ցույց է տալիս շահութաբերությունը ուղղակի ծախսերը հանելուց հետո, իսկ գործառնական շահույթը` գործառնական ծախսերից հետո։ Վերջիններս ընդգրկում են վաճառքի, մարքեթինգի, աշխատավարձի և այլ ընդհանուր ու վարչական ծախսեր:
Գործառնական շահույթ = համախառն շահույթ ” գործառնական ծախսեր
-
Զուտ շահույթ
Շահութաբերության երրորդ մակարդակը զուտ շահույթն է, որը բոլոր ծախսերը (ներառյալ հարկերն ու տոկոսները) վճարելուց հետո մնացած եկամուտն է: Սա ամենաճշգրիտն է ներկայացնում, թե որքան գումար է վաստակում բիզնեսը:
Զուտ շահույթ =գործառնական շահույթ −հարկեր և տոկոսներ
Սահմանային շահույթ (մարժա)
Ընկերությունները շահույթի բոլոր երեք տեսակների վերլուծությունը իրականացնում են օգտագործելով շահույթի մարժան: Դա շահույթն է (համախառն, գործառնական կամ զուտ)՝ բաժանած ընդհանուր հասույթի վրա։
Սահմանային շահույթը բացահայտում է, թե որքան լավ է ընկերությունն օգտագործում իր եկամուտները:
Բարձր հարաբերակցությունը նշանակում է, որ ընկերությունը մեծ եկամուտ է ստանում յուրաքանչյուր վաճառված ապրանքի համար և հակառակը։ Գործակիցները կարող են տարբեր լինել` ըստ գործունեության ոլորտի:
Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտոն ՀԿ