Պահանջարկի փոփոխության գնային և ոչ գնային գործոններ

Պահանջարկի վրա ազդում են գնային և ոչ գնային գործոնները: Պահանջարկի վրա ազդող ոչ գնային գործոններն են՝

  1. Բնակչության եկամուտների փոփոխությունը

Մարդկանց եկամուտների աճը հանգեցնում է այն բանին, որ նրանք իրենց պահանջմունքները բավարարելու նպատակով ձգտում են ձեռք բերել ավելի շատ բարիքներ և արդյունքում  ավելացնում են թանկ և որակյալ բարիքների պահանջարկը: Եկամտի փոփոխության ազդեցությունը տարբեր բարիքների վրա նույն կերպ չի անդրադառնում: Մասնավորապես այն բարիքները, որոնց պահանջարկը եկամուտների աճին զուգընթաց աճում է, անվանում են բարձրորակ կամ նորմալ բարիքներ, իսկ այն բարիքները, որոնց պահանջարկը եկամուտների աճին զուգընթաց նվազում է, անվանում են ցածրորակ բարիքներ։ Արդյունքում եկամտի աճը մեծացնում է բարձրորակ կամ նորմալ բարիքների պահանջարկը, իսկ նվազումը՝ ցածրորակ բարիքներինը: Այսպիսով՝ այլ հավասար պայմաններում բարձրորակ բարիքների դեպքում եկամտի աճը հանգեցնում է պահանջարկի մեծացման, իսկ նվազումը՝ փոքրացման, իսկ ցածրորակ բարիքների դեպքում՝ հակառակը:

2. Սպառողների (գնորդների) ճաշակի, նախասիրությունների փոփոխությունը

Սպառողների նախասիրությունները և ճաշակը ձևավորվում են հասարակության, ավանդույթների, գովազդի ազդեցությամբ։ Տվյալ տարածաշրջանում ապրող բնակչության ամենօրյա պահանջարկի առարկա հանդիսացող բարիքի գնի փոփոխությունից նրա պահանջարկը կարող է չփոխվել կամ փոխվել աննշան չափով՝ կախված ազգային առանձնահատկություններից:

Սովորաբար մոդայիկ բարիքների նկատմամբ պահանջարկը մեծանում է: Սպառողական ճաշակի փոփոխությունը ինքնին անընդհատ գործընթաց է, որը հիմնականում կախված է գիտատեխնիկական առաջադիմության շնորհիվ նոր տեսակի բարիքների շուկա մուտք գործելուց: Ձեռք բերելով մոդայիկ արտադրանք՝ սպառողները բնականաբար հրաժարվում են մյուսներից, որն անմիջապես ներգործում է մարդկանց սպառման կառուցվածքի վրա:

Գովազդը հաճախ ձևավորում է պահանջարկը այն ժամանակ, երբ սպառողը ապրանքին ծանոթ չի լինում, և արդյունքում լավ կազմակերպված գովազդը նպաստում է պահանջարկի մեծացմանը:

3. Գնորդների թիվը

Այստեղ առկա է ուղղակի կապ. որքան մեծ է շուկայում գնորդների թիվը, այնքան մեծ է պահանջարկը և հակառակը: Ընդ որում շուկայում գնորդների թվի փոփոխությունը տեղի է ունենում տարբեր պատճառներով: Այդ պատճառներից կարող են լինել բնակչության թվաքանակը, արտագաղթը, ներգաղթը, կյանքի միջին տևողության աճը կամ նվազումը և այլն:

4. Փոխկապակցված բարիքների գները

Այդպիսի բարիքները լինում են երկու տեսակ՝ փոխադարձ փոխարինելի և փոխլրացնող կամ ուղեկցող: Երբ մի ապրանքի գինը բարձրանում է, ապա դրա պահանջարկը նվազում է, բայց միաժամանակ բարձրանում է մեկ այլ փոխարինող ապրանքի պահանջարկը և հակառակը (օրինակ՝ փոխադարձ փոխարինելի բարիքներից են հյութը և հանքային ջուրը, տարբեր ֆիրմաների ավտոմեքենաները և այլն): Փոխադարձ փոխարինելի բարիքների գնի և պահանջարկի փոփոխության միջև առկա է հակադարձ կապ: 

Փոխլրացնող կամ ուղեկցող բարիքների դեպքում փոխլրացնող բարիքների գնի և պահանջարկի փոփոխության միջև գոյություն ունի ուղիղ կապ. եթե աճում է ավտոմեքենայի պահանջարկը, ապա մեծանում է նաև բենզինինը և հակառակը:

Գոյություն ունեն նաև անկախ բարիքներ, օրինակ՝ կարագը և փայտը, որոնց գների փոփոխությունը գրեթե չի ազդում միմյանց պահանջարկի վրա, թեև դրանց միջև առկա է անուղղակի կապ. ձմռանը մարդիկ ավելացնում են փայտի սպառումը՝ ի հաշիվ մյուս բարիքների սպառման սահմանափակման, այդ թվում՝ նաև կարագի:

5. Սպասումները 

Մարդկանց վարքագիծը մեծ չափով կախված է ապագայի վերաբերյալ նրանց կանխատեսումներից կամ սպասումներից: Եթե սպառողները կանխատեսում են, որ ապագայում գների բարձրացման պատճառով կունենան կորուստներ, դրանից խուսափելու համար ձգտում են այդ բարիքները ձեռք բերել ներկա ժամանակաշրջանում: Սա մեծացնում է դրանց նկատմամբ պահանջարկը: Իսկ եթե սպառողները կանխատեսում են, որ ապագայում գների նվազում է ակնկալվում, նրանք ձգտում են այդ բարիքները ձեռք բերել ապագա ժամանակաշրջանում՝ կրճատելով դրա սպառումը ներկայումս: Սա նվազեցնում է դրանց նկատմամբ պահանջարկը:

Նշված գործոնների ազդեցությամբ պահանջարկի կորը տեղաշարժվում է աջ կամ ձախ: Եթե ոչ գնային գործոնների ազդեցությամբ պահանջարկը մեծանա, կորը կտեղաշարժվի աջ և հակառակը:

Չպետք է շփոթել «պահանջարկի մեծության փոփոխությունը» «պահանջարկի փոփոխության» հետ: Պահանջարկի վրա ոչ գնային գործոնների ազդեցությունը վերաբերում է պահանջակի փոփոխությանը, որի դեպքում պահանջարկի կորը տեղաշարժվում է աջ կամ ձախ: Իսկ երբ տեղի է ունենում գնի փոփոխություն, ապա պահանջարկի հաստատուն կորի մի կետից անցում է կատարվում դեպի մյուս կետ: Այս դեպքում տեղի է ունենում պահանջարկի մեծության փոփոխություն:


Հեղինակ՝ Մարիաննա Մանվելյան (Marianna Manvelyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին