Պահանջարկի առաձգականությունը
Առաձգականությունը որևէ երևույթի զգայունության աստիճանն է դրա վրա ազդող պարամետրերի փոփոխության նկատմամբ։
Պահանջարկի վրա առաջին հերթին ազդում է գնի փոփոխությունը։ Եվ պահանջարկի զգայունության աստիճանը գների փոփոխության նկատմամբ կարող է տարբեր լինել։
Այսպես՝ եթե գնի ոչ մեծ փոփոխությունը տվյալ բարիքի սպառումն ավելացնում է զգալի չափով, ապա պահանջարկն առաձգական է։ Իսկ եթե գնի էական փոփոխությունը հանգեցնում է սպառման չնչին ավելացման, ապա պահանջարկը ոչ առաձգական է։
Պահանջարկի առաձգականության աստիճանը որոշվում է գործակցի միջոցով։ Առաձգականության գործակիցը, ըստ գնի փոփոխության, նշանակենք EDP , ապա EDP = ΔQ/Q: ΔP/P, որտեղ՝
ΔQ-ն բարիքի քանակի փոփոխությունն է, Q-ն՝ քանակությունը, ΔP-ն գնի փոփոխությունն է, P-ն՝ գինը։
Այս հարաբերակցությունը ցույց է տալիս, թե գնի մեկ տոկոսի փոփոխության դեպքում քանի տոկոսով է փոխվել պահանջարկը։
Պահանջարկն առաձգական է, եթե գնի տոկոսային փոփոխությունը հանգեցնում է պահանջարկի ավելի մեծ տոկոսային փոփոխության։
Օրինակ՝ եթե գինը նվազել է 4%-ով, որի հետևանքով պահանջարկն աճել է 5,5%-ով, ապա պահանջարկն առաձգական է։ Առաձգական պահանջարկի դեպքում գործակիցը մեծ է մեկից։
Պահանջարկը ոչ առաձգական է, եթե գնի տոկոսային փոփոխությունը մեծ է պահանջարկի տոկոսային փոփոխությունից։
Օրինակ՝ եթե գինը նվազել է 2%-ով, իսկ պահանջարկն աճել է 0,5%-ով, ապա պահանջարկը ոչ առաձգական է, և առաձգականության գործակիցը փոքր է 1-ից։
Եթե գնի և պահանջարկի տոկոսային փոփոխությունները հավասար են, ապա առկա է պահանջարկի միավոր առաձգականություն։ Այդ դեպքում առաձգականության գործակիցը հավասար է մեկի։
Պահանջարկի վրա ազդում է նաև եկամտի փոփոխությունը։ Եկամտի աճը տարբեր բարիքների պահանջարկի վրա ազդում է տարբեր ձևով։ Այդ ազդեցությունը նույնպես գնահատվում է ըստ առաձգականության գործակցի։
Պահանջարկի առաձգականության գործակիցը ըստ եկամտի՝ EDI = ΔQ/Q: ΔI/I, որտեղ՝
ΔQ-ն բարիքի քանակի փոփոխությունն է, Q-ն՝ քանակությունը, ΔI-ն եկամտի փոփոխությունն է, I-ն՝ եկամտի մեծությունը։
Եթե EDI >1, ապա ըստ եկամտի՝ պահանջարկը համարվում է առաձգական,
եթե EDI =1, ապա դա կոչվում է միավոր կամ հավասարաչափ առաձգականություն, իսկ եթե EDI <1, ապա գործ ունենք ոչ առաձգական պահանջարկի հետ։
Պահանջարկի առաձգականության վրա ազդող գործոնները
Պահանջարկի առաձգականության վրա ազդում են հետևյալ գործոնները․
- Փոխադարձ փոխարինելի կամ փոխլրացնող բարիքի գնի փոփոխությունը. օրինակ՝ փոխադարձ փոխարինելի բարիքներ են ձեթը և յուղը, այսինքն՝ եթե դրանցից մեկի գինը փոխվի, ապա կփոխվի նաև մյուսի նկատմամբ պահանջարկը։ Փոխլրացնող բարիքներ են, օրինակ, ավտոմեքենան և բենզինը։ Այսինքն՝ սրանց գնի և պահանջարկի միջև ևս գոյություն ունի կապ։
- Բարիքի ձեռքբերման ծախսերի տեսակարար կշիռը սպառողի բյուջեում. օրինակ՝ եթե ոչ պարենային բարիքների տեսակարար կշիռը մեծ է, ապա դրանց գնի նվազումը կարող է մի քանի անգամ մեծացնել պահանջարկը։
- Բարիքի բնույթը. օրինակ՝ հացի գնի փոփոխությունը նվազագույն չափով է ազդում դրա պահանջարկի վրա։ Այսինքն՝ բարիքի բնույթը նույնպես պայմանավորում է պահանջարկի առաձգականությունը։
- Ժամանակը. օրինակ՝ երբ ձեթի գինը բարձրանում է, մարդիկ անմիջապես չեն հրաժարվում դրանից։ Սակայն որոշակի ժամանակ անց նրանք կարող են ձեթը յուղով փոխարինելու որոշում կայացնել։ Երկարաժամկետում մեծանում է յուղի պահանջարկը։
Հեղինակ՝ Մարիամ Խաչատրյան (Mariam Khachatryan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտոն ՀԿ