Առաջարկ

Առաջարկի բովանդակությունը և օրենքը: Առաջարկի գնային և ոչ գնային գործոնները

Ի՞նչ է առաջարկը

Առաջարկը բարիքի այն քանակությունն է, որը արտադրողը ցանկանում է և կարող է արտադրել ու ներկայացնել վաճառքի առկա գների պայմաններում՝ որոշակի ժամանակահատվածում:

Ո՞րն է առաջարկի գինը

Բարիքի գինը պետք է լինի այնպիսին, որ դրա իրացումից հետո փոխհատուցվեն արտադրողի բոլոր ծախսերը, և ապահովվի համապատասխան եկամուտ: Այստեղից էլ առաջանում է առաջարկի գին հասկացությունը, որը այն նվազագույն գինն է, որի դեպքում արտադրողը պատրաստակամ է վաճառելու իր բարիքը՝ դրա վրա կատարած ծախսերը փոխհատուցելու և համապատասխան եկամուտ ստանալու համար:

Առաջարկի օրենքի բովանդակությունը հետևյալն է. բարիքի գնի բարձրացումը հանգեցնում է դրա առաջարկի մեծացման, իսկ նվազումը՝ փոքրացման: Այսինքն առկա է ուղիղ կապ բարիքի գնի և առաջարկի միջև:

Գծապատկեր. Առաջարկի կորը

Առաջարկի փոփոխության ոչ գնային գործոնները

Առաջարկի վրա ազդում են գնային և ոչ գնային գործոններ: Առաջարկի վրա ազդող ոչ գնային գործոնները հետևյալն են.

  • Ռեսուրսների գները

Եթե բարիքի արտադրության համապատասխան ռեսուրսների գները բարձրանում են, ապա ծախսերը մեծանում են, որի արդյունքում արտադրողը ստիպված է լինում կրճատել արտադրությունը, քանի որ չի կարողանում փոխհատուցել ծախսերը և ապահովել համապատասխան եկամուտ, այս ամենի հետևանքով առաջարկի կորը տեղաշարժվում է դեպի ձախ, և հակառակը՝ ռեսուրսների գների նվազումը կրճատում է արտադրության ծախսերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ: 

  • Տեխնոլոգիան

Ռեսուրսների առկա գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումը կրճատում է արտադրության ծախսերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ: Սա տեղի է ունենում այն բանի արդյունքում, որ գիտատեխնիկական առաջադիմության նվաճումները կրճատում են միավոր բարիքի վրա կատարվող ծախսերը:

  • Հարկը, մաքսատուրքը և լրավճարը (դոտացիան)

Հարկերը պետության համար եկամուտ են հանդիսանում, իսկ արտադրողի համար՝ ծախս: Հետևաբար դրանց բարձրացումը հանգեցնում է առաջարկի կրճատման՝ կորը տեղաշարժելով դեպի ձախ, և հակառակը: Մինչդեռ դոտացիան հակառակ ազդեցությունն է ունենում, քանի որ տվյալ դեպքում պետությունն սուբսիդավորում է բարիքի արտադրությունը՝ արդյունքում կրճատելով ձեռնարկության ծախսերը և մեծացնելով առաջարկը: 

  • Մյուս բարիքների գները

Որևէ բարիքի գնի փոփոխությունը կարող է ազդել մյուսի առաջարկի վրա: Օրինակ՝ կարող է լինել այնպես, որ մի բարիքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ բարիքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Տվյալ պարագայում ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը:

  • Սպասումները

Արտադրողների վարքագիծը մեծ չափով կախված է ապագայի վերաբերյալ նրանց կանխատեսումներից կամ սպասումներից: Եթե արտադրողները կանխատեսում են, որ ապագայում տեղի է ունենալու գների բարձրացում, ապա նրանք կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով: 

  • Վաճառողների կամ արտադրողների թիվը

Եթե բարիք արտադրողների թիվը մեծանում է, ապա մեծանում է նաև առաջարկը, և հակառակը:

  • Քաղաքական իրավիճակի փոփոխությունը

Քաղաքական իրավիճակը նույնպես իր ազդեցությունն է ունենում առաջարկի վրա, քանի որ քաղաքական բարենպաստ պայմաններում արտադրողները ձգտում են մեծացնելու ներդրումները, որը մեծացնում է առաջարկը, և հակառակը:

  • Արտաքին ազդեցությունները

Միջազգայի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները նույնպես իրենց ազդեցությունը կարող են ունենալ տվյալ երկրի տնտեսության վրա:

  • Բնական աղետները

Բնակլիմայական պայմանների փոփոխությունը և բնական աղետները նույնպես իրենց ազդեցությունն են ունենում արտադրության վրա, որի հետևանքով կարող է կրճատվել արտադրությունը, հետևապես և առաջարկի մակարդակը:

Նշված գործոնների ազդեցությամբ առաջարկի կորը տեղաշարժվում է աջ կամ ձախ: Եթե ոչ գնային գործոնների ազդեցությամբ առաջարկը մեծանում է, դա հանգեցնում է կորի ձախ կտեղաշարժի, և հակառակը:

Գծապատկեր.  Առաջարկի կորի տեղաշարժը՝ ոչ գնային գործոնների ազդեցությամբ

Չպետք է շփոթել առաջարկի մեծության փոփոխությունը առաջարկի փոփոխության հետ: Առաջարկի վրա ոչ գնային գործոնների ազդեցությունը վերաբերում է առաջարկի փոփոխությանը, որի դեպքում առաջարկի կորը տեղաշարժվում է աջ կամ ձախ: Իսկ երբ տեղի է ունենում գնի փոփոխություն, առաջարկի հաստատուն կորի մի կետից անցում է կատարվում դեպի մյուս կետը: Այս դեպքում տեղի է ունենում առաջարկի մեծության փոփոխություն:


Հեղինակ՝ Մարիաննա Մանվելյան (Marianna Manvelyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)

Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտոն ՀԿ

EconoMix նախագծի մասին