Հասարակության տնտեսական կյանքում սպառումն ունի կենսական նշանակություն։ Սպառման տնտեսագիտական բովանդակությունն արտադրված նյութական և հոգևոր բարիքների օգտակար հատկությունների յուրացումն է մարդկանց և հասարակության կողմից՝ պահանջմունքների բավարարման նպատակով։ Այսպիսով՝ սպառումը ցանկացած հասարակությունում արտադրության վերջնական իմաստն ու նպատակն է։
Սպառումն ըստ նպատակի կամ նշանակության հատկանիշի լինում է անձնական, երբ մարդիկ իրենց պահանջմունքները բավարարում են արտադրության գործընթացից դուրս, որի նպատակը կենսագործունեության պահպանումն է, և արտադրական, երբ գոյություն ունեցող միջոցներն օգտագործվում են արտադրության գործընթացը կազմակերպելու, վերսկսելու և նոր բարիքներ արտադրելու նպատակով։
Քանի որ պահանջմունքներն ու դրանց բավարարման ձևերը բազմազան են, ապա սպառումը կարելի է քննարկել պահանջմունքների բավարարման գործընթացում հասարակության անդամների միջև ձևավորվող հարաբերությունների տեսանկյունից՝ անձնական կամ անհատական, կոլեկտիվ և հասարակական կամ պետական սպառման միջոցով:
Արտադրված արդյունքներից շատերի սպառման եղանակը տարբեր է նաև ժամանակային առումով, ուստի սպառման գործընթացում այդ ապրանքները կարող են դասակարգվել երկարաժամկետ կամ կարճաժամկետ սպառման կամ օգտագործման խմբերի, որոնք սպառման ողջ գործընթացին հաղորդում են որոշակի առանձնահատկություններ։ Դրանցից կարող ենք նշել, օրինակ, փոխադարձ փոխարինելի կամ լրացնող ապրանքների օգտագործման ժամկետների տարբերության փաստը, որը հիմք է հանդիսանում այլընտրանքային վարքագիծ ընտրելու համար։
Հասրակաության տնտեսական կյանքն ունի մշտական զարգացման միտում, որի արդյունքում շուկա են մուտք գործում նոր սուբյեկտներ և օբյեկտներ, որն էլ բարդացնում է ողջ տնտեսական, այդ թվում՝ սպառման գործընթացը։
Անվիճելի է այն փաստը, որ հասարակության սպառման ծավալի և կառուցվածքի ընտրության գործընթացը կախված է եկամտի մեծությունից։ Հիմք ընդունելով այս հանգամանքը՝ Քեյնսը նշում էր, որ սպառման աճը եկամտի աճի կայուն գործառություն է, այսինքն՝ սպառումն աճում է եկամտի աճի հետևանքով։ Իհարկե հետագայում նա նաև նշում է, որ այդ գործընթացն ունի իր սահմանները։
Սպառումն օրգանապես կապված է վերարտադրության մյուս փուլերի՝ արտադրության, բաշխման և փոխանակության հետ։ Առանց արտադրության չկա և սպառում, որովհետև արտադրությունն է ստեղծում սպառման օբյեկտ, իսկ եթե չլինի սպառում, արտադրությունը կդառնա անիմաստ։ Արտադրության դերը սպառմանը ծառայելն է, որը, սակայն, հասարակական-տնտեսական ֆորմացիաներում իրագործվում է տարբեր կերպ, սոցիալիզմի պայմաններում այն իրացվում է անմիջաբար, իսկ կապիտալիզմի ժամանակ՝ միջնորդավորվում շահույթի ստացմամբ։ Միաժամանակ, արտադրությունն առաջնային է սպառման նկատմամբ։ Այն ստեղծում է սպառման արդյունքներ, առաջացնում արտադրված արդյունքների սպառման պահանջ և, վերջին հաշվով, որոշում սպառման մակարդակն ու կառուցվածքը։ Իր հերթին սպառումն փոխներգործում է արտադրության վրա՝ առաջացնելով արդյունքների պահանջ։ Առկա պահանջմունքների բավարարմանը զուգընթաց ծագում և ձևավորվում են նորերը, դրանով իսկ սպառումը կյանքի է կոչում նոր արդյունքների արտադրություն։ Չսպառվող արդյունքները դադարում են օգտակար լինելուց, և դրանց արտադրությունը դադարեցվում է։ Սպառման ընդհանուր մակարդակը տարբեր երկրներում և տարբեր ժամանակաշրջաններում միշտ որոշվում է արտադրության, արտադրողական ուժերի զարգացման ձեռք բերված մակարդակով։ Հասարակության առանձին դասակարգերի, սոցիալական խմբերի, ինչպես նաև առանձին ընտանիքների և անձանց սպառման մակարդակն անմիջաբար որոշվում է տվյալ հասարակարգին հատուկ բաշխման բնույթով։
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտոն ՀԿ