Արտադրության գործոնները
Այն արժեքը, բավարարվածության մակարդակը, որ մարդիկ ստանում են ապրանքների և ծառայությունների սպառումից, կոչվում է օգտակարություն։ Ի վերջո, տնտեսության արտադրության գործոնները ստեղծում են օգտակարություն և ծառայում են մարդկանց շահերին։
Արտադրության գործոնները տնտեսության կառուցվածքային մասը հանդիսացող ռեսուրսներ են․ վերջիններս օգտագործվում են ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար։ Տնտեսագետները արտադրության գործոնները բաժանում են չորս խմբի՝ հող, աշխատանք, կապիտալ և ձեռներեցություն:
Աշխատանքը որպես արտադրության գործոն
Աշխատանքը մարդկանց կողմից կատարված ցանկացած տիպի ֆիզիկական կամ մտավոր ծանրաբեռնվածությունն է: Աշխատուժը վարձատրվում է իր ժամանակի և գործադրած ջանքերի, արտադրողականության համար, որոնք կախված են իր կրթությունից, հմտություններից և պատրաստվածությունից: Եթե ձեզ երբևէ վճարել են աշխատանքի դիմաց, ապա աշխատուժի ռեսուրսներ եք ներդրել ապրանքների կամ ծառայությունների արտադրության մեջ: Աշխատանքային ռեսուրսներով վաստակած եկամուտը կոչվում է աշխատավարձ։ Այն մարդկանց մեծամասնության համար եկամտի ամենամեծ աղբյուրն է: Աշխատանքային ռեսուրսները ներառում են ռեստորանում սնունդը բերող մատուցողի ջանքերը, ինչպես նաև ինժեների կողմից գործադրված ջանքերը, որը նախագծել է դպրոց տեղափոխող ավտոբուսը: Նույնիսկ արվեստով զբաղվող անձի ստեղծագործությունը, լինի դա նկար, թե սիմֆոնիա, համարվում է աշխատանք: Մարդիկ, որոնք չունեն եկամտաբեր զբաղմունք և աշխատանք են փնտրում, կոչվում են գործազուրկ և նույնպես համարվում են տնտեսության աշխատուժի մի մասը:
Վաղ քաղաքական տնտեսագետների համար աշխատուժը տնտեսական արժեքի հիմնական շարժիչ ուժն էր: Երկրները, որոնք հարուստ են որակյալ մարդկային կապիտալով, մեծացնում են տնտեսության արտադրողականությունն ու արդյունավետությունը:
Աշխատանքի առանձնահատկությունները
Աշխատանքը հետերոգեն է
Մենք չենք կարող ակնկալել, որ աշխատուժը միատարր կլինի: Յուրաքանչյուր աշխատող եզակի է, ուստի նրա կատարած աշխատանքը ևս կտարբերվի մյուսներից: Աշխատանքի որակը և արդյունավետությունը կախված կլինեն աշխատողի հմտություններից, աշխատանքային միջավայրից, խթաններից և այլ բնորոշ հատկություններից:
Աշխատողը մարդ է և ոչ թե մեքենա: Ուստի աշխատողը չի կարող աշխատել մեքենաների պես շուրջօրյա: Մի քանի ժամ շարունակական աշխատանքից հետո նրա համար հանգիստը էական է:
- Աշխատանքի առաջարկը համեմատաբար ոչ առաձգական է
Աշխարհում աշխատուժի առաջարկը ոչ առաձգական է որոշակի ժամանակահատվածում: Սա նշանակում է, որ անհրաժեշտության պահին վերջինիս պահանջարկը չի կարող ոչ ավելացվել, ոչ էլ նվազեցվել: Օրինակ, եթե որևէ երկիր աշխատողների որոշակի տիպի սակավություն ունի, նրանց առաջարկը չի կարող ավելացվել մեկ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում: Աշխատողները չեն կարող «պատվիրվել», ինչպես մյուս ապրանքները:
Կարճաժամկետում այլ երկրներից սահմանափակ քանակի աշխատուժ ներգրավելու միջոցով կարելի է ապահովել աշխատանքի առաջարկը: Սակայն, աշխատուժի առաջարկը կախված է բնակչության թվից: Բնակչության թիվը չի կարող արագ աճել կամ նվազել: Հետևաբար, աշխատանքի առաջարկը մեծ մասամբ առաձգական չէ: Այն անհնար է անմիջապես ավելացնել կամ նվազեցնել:
- Աշխատավարձի բարձրացումը կարող է նվազեցնել աշխատանքի առաջարկը
Ապրանքների առաջարկը ավելանում է, երբ դրանց գները բարձրանում են, բայց եթե աշխատողների աշխատավարձերն ավելանում են, աշխատանքի առաջարկը նվազում է: Օրինակ, երբ աշխատավարձը ցածր է, ընտանիքի բոլոր աշխատունակ անդամները ստիպված են աշխատել իրենց ապրուստը վաստակելու համար: Բայց երբ աշխատավարձը բարձրանում է, տան աշխատողների քանակը կարող է նվազել։ Այս եղանակով աշխատավարձի բարձրացումը նվազեցնում է աշխատուժի առաջարկը: Աշխատողները նաև ավելի քիչ ժամեր են աշխատում, երբ ավելի շատ աշխատավարձ են ստանում, և հետևաբար նրանց առաջարկը նվազում է:
- Դժվար է պարզել աշխատանքի արտադրության արժեքը
Մենք հեշտությամբ կարող ենք հաշվարկել մեքենայի արտադրության գինը: Սակայն դյուրին չէ հաշվարկել աշխատողի, օրինակ՝ փաստաբանի, ուսուցչի, բժշկի արտադրության ծախսերը: Եթե մարդը քսան տարեկան հասակում ինժեներ է դառնում, դժվար է պարզել նրա կրթության ընդհանուր արժեքը, սնունդ, հագուստ և այլն: Հետևաբար, դժվար է հաշվարկել աշխատանքի արտադրության գինը:
- Աշխատուժը արտադրության ակտիվ գործոն է
Հողն ու կապիտալը համարվում են արտադրության պասիվ գործոններ, քանի որ դրանք միայնակ չեն կարող սկսել արտադրական գործընթացը: Հողից և կապիտալից արտադրությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ մարդը միանում է արտադրության գործընթացին։ Արտադրությունը սկսվում է մարդու ակտիվ մասնակցությամբ: Հետեւաբար, աշխատուժը արտադրության ակտիվ գործոն է:
Գրականություն
Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն