Արտադրության գործոնները
Այն արժեքը, բավարարվածության մակարդակը, որ մարդիկ ստանում են ապրանքների և ծառայությունների սպառումից, կոչվում է օգտակարություն։ Ի վերջո, տնտեսության արտադրության գործոնները ստեղծում են օգտակարություն և ծառայում են մարդկանց շահերին։
Արտադրության գործոնները տնտեսության կառուցվածքային մասը հանդիսացող ռեսուրսներ են․ վերջիններս օգտագործվում են ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար։ Տնտեսագետները արտադրության գործոնները բաժանում են չորս խմբի՝ հող, աշխատանք, կապիտալ և ձեռներեցություն:
Ձեռներեցությունը որպես արտադրության գործոն
Ձեռներեցությունը գաղափարը բիզնեսի վերածելու մղումն է: Ձեռներեց է այն անձը, որը օգտագործում է արտադրության մյուս գործոնները՝ հողը, աշխատանքը և կապիտալը՝ շահույթ ստանալու նպատակով: Սովորաբար, ամենահաջողակ ձեռներեցները նորարարներն են, որոնք ապրանքներ և ծառայություններ արտադրելու նոր եղանակներ են մշակում: Այսօր մեզ շրջապատող շատ նորամուծություններ գոյություն չէին ունենա, եթե ձեռներեցը հողը, աշխատանքը և կապիտալը օգտագործելու նոր եղանակներ չմշակեր․ վառ օրինակ են Հենրի Ֆորդը կամ Բիլ Գեյթսը։ Ձեռներեցները տնտեսական աճի կարևոր շարժիչ են, որոնք օգնում են կառուցել աշխարհի ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին ընկերություններ: Ձեռնարկատերերը զարգանում են այն տնտեսություններում, որտեղ նրանք ազատություն ունեն բիզնես սկսելու և ազատորեն ռեսուրսներ գնելու: Ձեռնարկատիրության դիմաց եկամտի աղբյուր է համարվում շահույթը:
Հաշվի առնելով ձեռներեցության դերը տնտեսական աճի գործում՝ պետությունները անհրաժեշտ պայմաններն ու քաղաքականություն են մշակում՝ նոր ընկերություն սկսելու գործընթացը հնարավորինս հեշտացնելու համար։
Ձեռներեցության հիմնական տեսակները
- Ստարտափ ընկերություններ
Ստարտափները բիզնես են սկսում նորարարական գաղափարներով մարդկանց խնդիրները լուծելու համար, օրինակ՝ Սիլիկոնյան հովտում գործող ընկերությունները, ինչպիսիք են Apple-ը, Google-ը և այլն: Այս ընկերությունները փորձում են գրավել այնպիսի ներդրողների, որոնք խրախուսում են սահմաններից դուրս մտածող և գործող մարդկանց: Վերջիններս ավելի մեծ վենչուրային կապիտալ են պահանջում՝ իրենց գաղափարը զարգացնելու, խթանելու և բազմաթիվ շուկաներ գրավելու համար:
- Փոքր ընկերություններ
Փոքր ընկերությունը ենթադրում է առանց գլոբալ հեռանկարների և բազմաթիվ մասնաճյուղերի բիզնես բացելու գաղափար։ Վերջինիս վառ օրինակներ են մեկ մասնաճյուղով ռեստորանը, մթերային կամ տնտեսական խանութը, վարսահարդարման կենտրոնները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում հիսունը։ Այս ընկերությունները սովորաբար իրենց սեփական միջոցներն են ներդնում բիզնեսի զարգացման համար կամ ձեռք են բերում փոքր բիզնես վարկեր և հաջողության հասնելու դեպքում էլ շահույթով հոգում են կեցության ծախսերը։
- Խոշոր ընկերություններ
Այս ընկերությունները միջինում մեկ կյանքի տևողություն ունեն: Վերջինների մեծ մասն աճում և կայունանում է՝ մշտապես նորարարական ապրանքներ առաջարկելով, որոնք կապված են իրենց հիմնական ապրանքների հետ: Նման ընկերությունները իրենց դիրքը ամրապնդում են նոր մասնաճյուղերի բացման կամ տեխնոլոգիական հնարավորություններն օգտագործելու միջոցով։ Խոշոր ընկերության վառ օրինակներ են Կոկա Կոլան, Ամազոնը և այլն։
- Սոցիալական ձեռնարկություններ
Այս ընկերությունների նպատակը սոցիալական կարիքներն ու խնդիրները լուծող ապրանքներ և ծառայություններ արտադրելն է։ Վերջիններս կենտրոնանում են մարդկության, շրջակա միջավայրի համար դրական փոփոխություններ իրականացնելու վրա և շահույթի նպատակ չեն հետապնդում։
Ձեռներեցի գործառույթները
- Հիմնել ընկերություն
Նոր բիզնես գործունեության մեկնարկումը ձեռներեցի առաջին գործառույթն է: Նախ ձեռներեցը նկատում է տնտեսությունում որևէ պրոդուկտի պակաս կամ բացակայություն և այն դիտարկում որպես հնարավորություն, որը կարող է օգտագործել բիզեսի համար: Այնուհետև նա զարգացնում է իր գաղափարները, որոշում կայացնում բիզնեսի մասշտաբների վերաբերյալ և, վերջապես, ձեռք բերում արտադրության գործոնները՝ մեկնարկելու համար:
Ձեռներեցը պետք է անընդհատ զարգացնի և բարելավի իր բիզնեսը: Նա պետք է կառավարի և օգտագործի արտադրության գործոնները այնպիսի համամասնություններով, որ վերջիններից առավել բարձր արտադրողականություն ստանա: Այսպիսով, ձեռներեցը ձգտում է հնարավոր նվազագույն ծախսերով առավելագույն եկամտաբերություն ապահովել արտադրության գործոններից:
- Դիմել ռիսկի
Սա, թերևս, ձեռներեցների ամենակարևոր գործառույթն է: Ձեռներեցները կրում են ձախողման ռիսկերը ընկերության շահույթի դիմաց: Քանի որ անընդհատ զարգացող տնտեսությունում սպառողի ճաշակը, վարքագիծը կարող են փոխվել, շուկայում կարող են հայտնվել նոր մասնակիցներ, հարկային քաղաքականությունը կարող է փոխվել և այլն, ձեռնարկատերը պետք է մշտապես պատրաստ լինի փոփոխությունների՝ ֆինանսական կորուստներից խուսափելու համար։ Մեծ ռիսկերը ենթադրում են մեծ ֆինանսական օգուտներ, սակայն անհաջողության դեպքում՝ մեծ կորուստներ, և հակառակը։
- Նորարարության և տեխնոլոգիայի կիրառում
Ձեռներեցության մյուս կարևոր գործառույթը շարունակաբար նորարարություններ կատարելն է: Վերջինս կարող է դրսևորվել նոր ապրանքների, արտադրության նոր մեթոդների, նոր բիզնես մոդելների, մարտավարության, նոր շուկաների ուսումնասիրությամբ։ Ներկա ժամանակաշրջանում նորարարությունը առավելապես իրականացվում է տեխնոլոգիայի միջոցով, և վերջինիս դերը պարզապես անգնահատելի է ձեռներեցության համար։ Սակայն, ցանկացած նոր նորարարություն կամ տեխնոլոգիական լուծում իր հետ նոր ռիսկեր է բերում, և ձեռներեցը պետք է կարողանա ճիշտ գնահատել և կառավարել նման ռիսկերը․ չէ՞ որ ամենահաջողակ ձեռնարկատերերը մեծ նորարարներ են:
Գրականություն
Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն