Արտադրության գործոններ. կապիտալ

Կապիտալը որպես արտադրության գործոն

Դեռ վաղնջական ժամանակներից մարդը իր պահանջմունքները բավարարելու համար օգտագործում էր բնության բարիքները։ Աստիճանաբար իր աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու համար վերջինս սկսեց օգտագործել փայտե, քարե, ապա նաև մետաղյա գործիքներ։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ սրանք համարվում են կապիտալ, որոնք բարձրացնում են աշխատանքի արտադրողականությունը։

Առկա ռեսուրսների պայմաններում մարդը ստեղծում է այն գործիքները կամ միջոցները, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու առավելագույն օգտակարություն աշխատանքի արտադրողականության բարձրացման ճանապարհով։

Այսպիսով՝ կապիտալը մարդու` ստեղծագործական ունակությամբ արարված միջոցների այն ամբողջությունն է, որն ապահովում է ռեսուրսների արդյունավետ օգտագործում, հետևապես և եկամտի հոսք։

Արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների, մեքենաների, մեխանիզմների, կառույցների, տեխնոլոգիաների, մարդկության պատմության ընթացքում կուտակված և փոխանցված գիտելիքի ամբողջությունը կապիտալ է։

Այսինքն՝ արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսային հիմքը կազմում են աշխատանքը, բնական ռեսուրսները և կապիտալը։

Կապիտալի սեփականատերը տնային տնտեսությունն է, որը շուկայում ներկայացնում է կապիտալի առաջարկը, իսկ կապիտալի պահանջարկը ներկայացնում է ֆիրման, որը փորձում է օգտվել դրա օգտակարությունից կամ արտադրողականությունից։

Տնային տնտեսության, ինչպես նաև ֆիրմայի համար կապիտալի օգտակարությունը դրա դիմաց ստացվելիք վարձավճարն է։


Հեղինակ՝ Մարիամ Խաչատրյան  (Mariam Khachatryan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին