Ազգային հաշիվների համակարգը (ԱՀՀ) միջազգայնորեն համաձայնեցված հասկացությունների, սահմանումների, դասակարգումների և հաշվապահական հաշվառման կանոնների համակարգված ներկայացման գործիք է, որն օգտագործվում է մակրոտնտեսական ցուցանիշները չափելու, գնահատելու և վերլուծելու նպատակով։
Ավելին, ԱՀՀ-ն ներկայացնում է տնտեսական գործընթացների համառոտ ակնարկ՝ արձանագրելով, թե ինչպես է արտադրությունը բաշխվում սպառողների, ձեռնարկությունների, կառավարության, ինչպես նաև այլ պետությունների միջև: Այն ցույց է տալիս, թե ինչպես է արտադրության արդյունքում ձևավորվող եկամուտը հարկումից և նվազեցումներից հետո տեղաբաշխվում այդ խմբերի միջև և այնուհետև վերածվում սպառման, խնայողությունների և ներդրումների: Հետևաբար, ազգային հաշիվների համակարգը մակրոտնտեսական վիճակագրության հիմնաքարերից է տնտեսական վերլուծության և քաղաքականության ձևավորման համար:
ԱՀՀ-ն նախատեսված է օգտագործել բոլոր երկրների համար և կարող է համապատասխանեցվել տնտեսական զարգացման տարբեր փուլերում գտնվող երկրների կարիքները բավարարելու համար:
ԱՀՀ-ի հիմնական առանձնահատկությունները
ԱՀՀ-ն նախատեսված է ինստիտուցիոնալ ստորաբաժանումների վարքագծի և նրանց գործունեության մասին տեղեկատվություն տրամադրելու համար, մասնավորապես արտադրության, սպառման և ակտիվների կուտակման մասին։ Դա ձեռք է բերվում գործարքների տեսքով ինստիտուցիոնալ միավորների միջև ապրանքների, ծառայությունների և ակտիվների փոխանակումը գրանցելու միջոցով:
ԱՀՀ-ի շրջանակներում տրամադրվող հաշիվները՝
- համապարփակ են, քանի որ ընդգրկում են տնտեսության բոլոր կողմերի համար նախատեսված գործողությունները և հետևանքները,
- հաստատուն, քանի որ մեկ գործողության հետևանքը բոլոր կողմերի վրա պարզելու համար օգտագործվում են նույն հաշվապահական կանոնները,
- ինտեգրված, քանի որ մեկ մարմնի կողմից իրականացված գործունեության բոլոր հետևանքները պարտադիր կերպով արտացոլվում են ստացված բոլոր հաշիվներում,
ԱՀՀ-ն համատեղ հրատարակում են ՄԱԿ-ը, Եվրոպական հանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և Համաշխարհային բանկը:
ԱՀՀ-ի հիմնական բաղադրիչները
Ազգային հաշիվների տվյալների ներկայացումը երկրից երկիր կարող է տարբեր լինել, սակայն դրանց հիմնական բաղադրիչները հետևյալն են՝
- Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)` որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված պատրաստի ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը,
- Համախառն ազգային արդյունքը (ՀԱԱ), որը տվյալ երկրի ձեռնարկատերերի կողմից արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների շուկայական արժեքների գումարն է՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրում է ձեռնարկատերը գործունեություն իրականացնում:
- Զուտ ներքին արդյունքը (ԶՆԱ), որը մեկ տարում երկրում արտադրված բոլոր վերջնական ապրանքների և ծառայությունների գումարային ծավալն է դրամական արտահայտությամբ՝ հանած հիմնական միջոցների համար նախատեսված ամորտիզացիան (մաշվածք): Այն որոշվում է որպես համախառն ազգային արդյունքի (ՀԱԱ) և ամորտիզացիոն հատկացումների միջև տարբերություն։
- Ազգային եկամուտը (ԱԵ), որը մեկ տարվա ընթացքում տվյալ երկրում նոր ստեղծված ամբողջական արդյունքի արժեքն է դրամական արտահայտությամբ: Վերջինս իրենից ներկայացնում է արտադրության բոլոր գործոններից (աշխատանք, հող, կապիտալ, ձեռնարկատիրություն) ստացված եկամուտը:
- Մասնավոր կամ անձնական եկամուտը (ՄԵ), որը հասարակության փաստացի ստացված եկամուտն է՝ սոցիալական հատկացումները, հարկերը հանելուց և աշխատանքային ընթացիկ գործունեությանը չառնչվող եկամուտները (տոկոսները) գումարելուց հետո:
Գրականություն
Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն