Տնտեսագիտության անվանական և իրական ցուցանիշները

Անվանական ցուցանիշները տվյալ ցուցանիշի արժեքն են՝ հաշվարկված ընթացիկ գներով։

Իրական ցուցանիշները ցույց են տալիս համապատասխան անվանական ցուցանիշի արժեքը՝ հաշվի առնելով ինֆլյացիայի մակարդակը։

Ներկայացնենք տնտեսագիտության մեջ կիրառվող մի քանի անվանական և իրական ցուցանիշներ՝

  • անվանական և իրական աշխատավարձ
  • անվանական և իրական ՀՆԱ
  • անվանական և իրական տոկոսադրույք
  • անվանական և իրական փոխարժեք

Աշխատավարձը աշխատանքի՝ որպես արտադրության գործոնի հետևանքով առաջացած եկամուտն է։ Տարբերվում են անվանական և իրական աշխատավարձ կատեգորիաները։ 

Անվանական աշխատավարձն այն գումարն է, որն ստանում է աշխատողն իր աշխատանքի դիմաց։ Իրական աշխատավարձը չափվում է կենսական բարիքների և ծառայությունների ծավալով, որը կարելի  է ձեռք բերել անվանական աշխատավարձով: Անվանական աշխատավարձը, որը աշխատողը ստանում է փողի ձևով, որոշակի իմաստով խորհրդանշական է և խաբուսիկ կարող է լինել տվյալ աշխատողի և նրա ընտանիքի վերարտադրության ծախսերը ծածկելու տեսանկյունից։ Անվանական աշխատավարձը կարող է ցույց տալ տարբեր աշխատողների աշխատավարձերի մեծության հարաբերակցությունը, բայց ոչ  առանձին աշխատողի և նրա ընտանիքի բարեկեցության  աստիճանը, որը կարող է ձեռք բերվել այդ աշխատավարձով։ Ընտանիքի բարեկեցության մակարդակը  կախված է նրանից, թե որքան նյութական և հոգևոր բարիքներ կարող է ձեռք բերել և սպառել որպես աշխատավարձ ստացած գումարով (անվանական աշխատավարձով): 

Իրական աշխատավարձն ուղղակի կախվածության մեջ է անվանական աշխատավարձից և հակառակ կախվածության մեջ` գների մակարդակից։ Իրական աշխատավարձը անվանական աշխատավարձն է` արտահայտված ապրանքների և ծառայությունների գներով: Քանի որ այս վերջինների գները, որպես կանոն, ավելի արագ են փոփոխվում, քան աշխատավարձի դրույքները, ապա հնարավոր է, որ անվանական աշխատավարձի  բարձրացումը ուղեկցվի իրական աշխատավարձի ոչ միայն անփոփոխ մնալով, այլև երբեմն իջեցմամբ, երբ ապրանքների ու ծառայությունների գներն աճում են ավելի արագ, քան աշխատավարձը, որը հատկապես նկատելի է դառնում գնաճի պայմաններում։ Գնաճը ցույց է տալիս, թե ժամանակի որոշակի հատվածում, օրինակ` վերջին մեկ տարում, որքան են փոփոխվել ապրանքների և ծառայությունների գները` ընդհանուր վերցրած, տոկոսային մեծությամբ։

Իրական տնտեսությունում գնաճը չափելու համար դիտարկում են 452 ապրանքների և ծառայությունների գները՝ սպառողական զամբյուղ։ Այդ ապրանքների և ծառայությունների գները երբեք հավասարաչափ չեն փոխվում. մի մասը աճում է, մի մասը՝ նվազում, և այդ տարբեր փոփոխությունների «գումարային էֆեկտը» արտահայտվում է պաշտոնական գնաճի ցուցանիշում։ Այնպես որ, պետք է տարբերել որոշ ապրանքների և ծառայությունների գների բարձրանալը ընդհանուր գնաճից։ Սպառողական զամբյուղը կառուցվում է այնպես, որ հնարավորինս ճիշտ արտացոլի ընտանիքների կողմից միջինում սպառվող ապրանքների և ծառայությունների ամբողջությունը։

Համախառն ներքին արդյունքը որոշակի ժամանակահատվածում տվյալ երկրում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է։

  • Անվանական ՀՆԱ-ն ցույց է տալիս տվյալ տարում արտադրված ապրանքների և ծառայությունների արժեքը՝ արտահայտված ընթացիկ տարվա գներով։
  • Իրական ՀՆԱ-ն իրենից ներկայացնում է ապրանքների ու ծառայությունների արժեքը՝ արտահայտված բազիսային տարվա գներով։

Տնտեսագետները տարբերակում են նաև անվանական և իրական տոկոսադրույքները: Այդ տարբերությունը ծագում է ինֆլյացիայի և դեֆյացիայի ընթացքում, այսինքն՝ գների անկայունության ժամանակամիջոցում: Սովորաբար «տոկոսադրույք» տերմինը վերագրվում է անվանական տոկոսադրույքին: Դա այն տոկոսադրույքն է, որը վճարում են ներդրողները փողի փոխառության համար: 

Իրական տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որը հաշվարկվել է ինֆլյացիայի ազդեցությամբ: Անվանական և իրական տոկոսադրույքների տարբերությունը տեսնելու համար դիտարկենք մի ֆիրմայի օրինակ, որը փորձում է կառուցել գործարան և բանկից վարկ է վերցնում 8% դրույքով: Անվանական տոկոսադրույքը հավասար է 8-ի, այսինքն պարտքը բանկին տարեկան աճում է 8%-ով: Բայց երբ գները աճում են տարեկան, օրինակ, 5%-ով, այն գումարը, որ ֆիրման բանկին պետք է վերադարձնի պարտքի դիմաց ամեն տարի, կորցնում է իր արժեքի 5%-ը: Ամեն տարվա հետ ֆիրմայի պարտքը դառնում է 8%-ով ավելի, բայց այն արժե 5% ավելի քիչ: Իրական տոկոսադրույքը, այսպիսով, հավասար է 3%-ի, այսինքն՝ անվանական տոկոսադրույքի և ինֆլյացիայի տոկոսադրույքի տարբերությանը: Այսպիսով, ներդրումները կախված են իրական և ոչ թե անվանական տոկոսադրույքից: Իրական r տոկոսադրույքի և I ներդրումների միջև կապը կարող է արտահայտվել հետևյալ ձևով.

 I = (r) 

Ներդրումային ֆունկցիան նվազող է, քանի որ տոկոսադրույքի աճի հետ միասին ներդրումների նկատմամբ պահանջարկի մեծությունը կրճատվում է:

Տնտեսագիտության մեջ կարևորվում է նաև անվանական և իրական փոխարժեքների տարբերակումը։ Անվանական փոխարժեքը ցույց է տալիս տվյալ երկրի արժույթի գինը՝ արտահայտված մեկ այլ երկրի արժութային միավորով։ Դրանք այն փոխարժեքներն են, որոնք ցուցադրվում են բանկերում և դրամի փոխանակման կետերում: Իրական փոխարժեքները մի փոքր ավելի բարդ են և ցույց են տալիս, թե քանի անգամ կարելի է գնել տվյալ ապրանքի միևնույն քանակությունը արտասահմանում:

Իրական փոխարժեքները ցույց են տալիս, թե մեկ երկրի գնված ապրանքի և ծառայությունների քանակը որքանով կարելի է ձեռք բերել մեկ այլ երկրում: 

Իրական փոխարժեքների հաշվարկման համար հավասարումն ունի հետևյալ տեսքը՝

 իրական փոխարժեքն = անվանական փոխարժեքը X ներքին գինը / արտարժույթը

Ենթադրենք՝ Հնդկաստանում 1 կգ բրնձի գինն է 80 INR, իսկ 1 կգ բրնձի (համարժեք որակի) գինը ԱՄՆ-ում՝ 4 դոլար: Անվանական փոխարժեքը 1 դոլար = 60 INR է: Արդյունքում իրական փոխարժեքը կկազմի 60 × 4/80 = 3:

Միջազգային առևտրի վրա փոխարժեքի ազդեցությունը գնահատելիս իրական փոխարժեքները կարող են ավելի օգտակար լինել, քան անվանական փոխարժեքները, քանի որ դրանք ցույց են տալիս, թե քանի անգամ է տվյալ ապրանքի միևնույն քանակությունը  հնարավոր գնել արտասահմանում:


Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝  Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին