Ի՞նչ է ՀՆԱ-ն
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) որոշակի ժամանակահատվածում, որպես կանոն 1 տարում, տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների դրամական կամ շուկայական արժեքների հանրագումարն է: Վերջնական են համարվում այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են վերջնական սպառման նպատակով: Չնայած ՀՆԱ-ն սովորաբար հաշվարկվում է տարեկան կտրվածքով՝ այն կարող է հաշվարկվել նաև եռամսյակային կտրվածքով:
ՀՆԱ-ի տեսակները
Անվանական ՀՆԱ. տվյալ տարում տվյալ երկրի տարածքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է՝ արտահայտված ընթացիկ տարվա գներով:
Իրական ՀՆԱ. տվյալ տարում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքն է՝ արտահայտված բազիսային տարվա (համեմատության համար հիմք ընդունված տարի) գներով:
Իրական ՀՆԱ = Անվանական ՀՆԱ/ ՀՆԱ դեֆլյատոր
Իրական ՀՆԱ-ի հիման վրա իրականացվում է տնտեսական աճի գնահատումը: Ընդ որում՝ տնտեսական աճի հաշվարկը կատարվում է 2 եղանակով.
- համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի մեծացումը որոշակի ժամանակահատվածում,
- համախառն ներքին (ազգային) արդյունքի իրական ծավալի աճը բնակչության մեկ շնչի հաշվով:
Փաստացի ՀՆԱ. առանձին տարիների ստեղծված ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է՝ արտահայտված միասնական համադրելի գներով:
Պոտենցիալ ՀՆԱ. ՀՆԱ-ի այն ծավալն է, որը կարող է արտադրվել տվյալ երկրի տարածքում լրիվ զբաղվածության պայմաններում:
ՀՆԱ-ի հաշվարկման մեթոդները
Ծախսային մեթոդ. ՀՆԱ-ն հաշվարկվում է որպես տվյալ երկրում կատարված բոլոր ծախսերի հանրագումար (սպառում (C), ներդրումներ (I), պետական գնումներ (G), զուտ արտահանում (NX)):
Ավելացված արժեքի կամ արտադրական մեթոդ. հաշվարկվում է որպես տնտեսվարող սուբյեկտների կողմից ստեղծված ավելացված արժեքների գումար: Ավելացված արժեքը պատրաստի արտադրանքի գնի և մատակարարներից ստացած հումքի, նյութերի, կոմպլեկտավորման իրերի արժեքների տարբերությունն է:
Եկամտային մեթոդ. այս մեթոդով ՀՆԱ-ն հաշվարկելու համար գումարվում են եկամուտների 4 տեսակները և եկամուտների վճարման հետ չառնչվող ևս 2 հատված` աշխատավարձ, շահույթ, ռենտա, տոկոս, բիզնեսի անուղղակի հարկեր, ամորտիզացիա:
ՀՆԱ-ի թերությունները
- ՀՆԱ-ն չի արտացոլում ազգային տնտեսության շրջանակներում արտադրված ապրանքների և ծառայությունների ողջ արժեքը: Մասնավորապես տնային տնտեսության շրջանակներում արտադրված և սպառված արդյունքը չի ներառվում ՀՆԱ-ի մեջ:
- ՀՆԱ-ն որևէ կերպ չի արտացոլում պահանջմունքների բավարարման մակարդակը: Այսպես` խոշոր արդյունաբերական քաղաքներում համախառն թողարկման աճն ուղեկցվում է շրջակա միջավայրի աղտոտմամբ, սննդամթերքի էկոլոգիական վիճակի վատթարացմամբ:
- ՀՆԱ-ն չի արտացոլում անհատական բարեկեցության մակարդակը:
- ՀՆԱ-ն չի արտացոլում ստվերային տնտեսությունը (ներկայումս աշխարհի տարբեր երկրներում իրականացվում է հաշվարկված ՀՆԱ-ի որոշակի տոկոսային աճ՝ գնահատված ստվերային տնտեսության չափով):
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն