Հայ փախստականները նախկին ադրբեջանական գյուղերում. ֆիզիկական տարածության յուրացում | Մաս 1

Պատմական փաստը

1988-1990 թթ. Հայաստանի Վարդենիսի շրջանը լքեցին տեղի բնակչության մեծամասնությունը՝ ադրբեջանցիները: Նախկին ադրբեջանական գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանը լքած մեծ քանակի հայեր: Մինչև հակամարտության խորացումը ադրբեջանցիները շրջանում էթնիկական մեծամասնություն էին կազմում (գրեթե 70%), իսկ տվյալ տարածքում բնակվող հայերը ծածուկ բաժանվել էին երկու խմբի՝ յայլավոր (թյուրք.՝ նա, ով անասունը տանում է բարձր լեռնային արոտավայր)՝ 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով տեղափոխված հայերը, և գաղթական (հայ.՝ էմիգրանտ)՝ 1895-1915 թվականների ջարդերից հետո Օսմանյան կայսրությունից ներգաղթածները: Ուշագրավ է, որ այս խմբերը իրենցից ներկայացնում են հարաբերականորեն կայուն համայքներ, որոնց միջև տարբերությունները արտահայտվում էին առաջին հերթին խոսքային վարքագծի մակարդակում. սա վառ կերպով արտահայտվում էր գաղթականների տեղի առհամարական մականունով՝ գյալմա (թուրք.՝ եկվորներ): Իրենց սոցիալական կարգավիճակով տեղի ադրբեջանցիները և յայլավորները գերակայում էին գաղթականների նկատմամբ մինչև 1988 թվականը: Տարածաշրջանում էթնիկ քանակակազմի փոփոխության բարդ գործընթացից հետո (1988-1992 թթ.), երբ բնակչության դոմինանտ մեծամասնությունը դարձան հայերը, հիմքից փոխվեց սոցիալական խմբերի կառուցվածքը և ստրատիֆիկացիան: Հիմա այդեն «գյալմա» պիտակը փակցվեց նոր տեղահանվածներին՝ Ադրբեջանից գաղթածներին:

1990-ականների սկզբերին ողջ երկրում սոցիալ-տնտեսական մակարդակի անկման հետ (Սպիտակի երկրաշարժը, Խորհրդային Միության անկումը, Ղարաբաղյան պատերազմը), «տեղացի» և «փախստական» բնակչության միջև հարաբերությունները ակնհայտորեն սաստկացան, անցնելով նոր մակարդակի՝ «սեփական-ուրիշի»: Ըստ ուսումնասիրությունների՝ (08.2014-01.2015, Մեծ Մասրիկ գյուղ, (Վարդենիսի շրջան, Հայաստան)) փախստականների հարմարվողականության գործընթացի սկզբում «սեփականն ու օտարը» որոշելու համար հատկապես կարևոր դեր են կատարել այնպիսի չափանիշներ, ինչպես՝ փախստականն ու տեղի հայը: Այսօր ավելի նշանակալի դեր են կատարում սոցիալ-տնտեսական բնույթի բնութագրերը․ այնպիսիք, ինչպիսիք են՝ կրթությունը, հասարակական կարգավիճակը, կապերը, արտերկրի բարեկամները և այլն: Սա ոչ մի կերպ չի նշանում, որ «փախստական-տեղացի բնակիչ» հակադրությունը ամբողջությամբ անհետացել է: Այն գոյություն ունի մինչ այսօր, բայց զգացումնեը այնքան սուր չեն, որքան 1990-ականներին

Այսպիսով, տվյալ ուսումնասիրության նպատակն է ցույց տալ՝ ինչպես են տեղի ունենում ընտելացման և ինտեգրման գործընթացները նոր տարածքում, ինչպիսի խնդրահարույց կետեր են առաջանում այս գործընթացների ժամանակ և ինչպես են դրանք հաղթահարվում: Նման հետազոտությունները կարող են ծառայել որպես վերլուծական ուղեցույց բարդ իտնտեգրացիոն գործընթացների սուր անկյուններից խուսափելու համար:

Ֆիզիկական տարածության յուրացում

Մինչև 1988 թվականը Վարդենիսի շրջանի հայ-ադրբեջանական խառը բնակչությամբ բնակավայրերը բաժանված էին ըստ էթնիկական սկզբունքի: Այսպես՝ Մեծ Մասրիկ գյուղը (չնայած, որ պաշտոնապես համարվում էր մեկ բնակավայր) կենտրոնական գյուղական ճանապարհով բաժանվում էր հայերի և ադրբեջանցիների առանձին բնակության տարածքների: Խառը հայ-ադրբեջանական բնակչությամբ նախկին բնակավայրերում, երկու էթնիկ խմբերի միջև հարաբերությունները բարեկամական-համբերատար էին: Դրանք բացառապես տնտեսական փոխհարաբերություններ էին (հողագործություն, արածովի անասնապահություն), որոնք չէին խրախուսում ամուսնական կապերի զարգացումը: Նրանք ծայրաստիճան հազվադեպ էին անցնում արյունաբարեկամական կապի:

Շատ հայ փախստական ընտանիքներ հաստատվել էին գյուղական տներում, որոնք առաջ պատկանում էին ադրբեջանցիներին: Տեղափոխությունները ինչպես պլանային էին (այսինքն՝ գյուղխորհրդի կողմից կազմակերպված), այնպես էլ տարերային (առանձին ընտանիքների կողմից): Բնակավայրերում, որտեղ վերաբնակեցումը ամբողջությամբ և կազմակերպված իրակացվում էին գյուղերի փոխանակումով, հաճախ պահպանվում էին աշխատանքային դիրքերը և սոցիալական կարգավիճակները: Հետևաբար, փախստականները նախկին ադրբեջանական տների հետ միասին ստացան սոցիալ-մշակութային փոխհարաբերությունների որոշակի պրոդուկտ (ամենօրյա փորձը, սոցիալական հարաբերությունը, տնտեսական պրոֆիլ և այլն), որը տասնամյակներով մշակվում էր նախկին էթնիկ խմբերի կողմից: Փախստականները ոչ միայն «օտար» էին տեղի բնակչության համար ուղղակի վերաբնակեցման պատճառով, այլև հաստատվելով գյուղի ադրբեջանական մասում, ակամայից ստեղծում էին ավելի շատ արտահայտված «թշնամության⁄օտարության⁄ադրբեջանականության» կարգավիճակ:

Դեպքերի մեծ մասում հայերի գաղթը Ադրբեջանից տեղի էր ունենում անհատական մակարդակում: Ռազմական հակամարտության արդյունքում թողնված տների և բնակավայրերի յուրացնելու գործընթացը սկսվեց նախքան հայ փախստականների Հայաստան տեղափոխվելը: 1988 թվականի սկզբին առաջին ադրբեջանական ընտանիքները Հայաստանի հարավային մասից հեռացան Ադրբեջան: Երբ պարզ դարձավ, որ կոնֆլիկտային իրավիճակը երկու պետությունների միջև գնալով ավելի է լարվում, նրանք սկսեցին փնտրել տներ (բնակարաններ, բնակավայրեր), որոնք կարելի էր փոխանակել Ադրբեջանի հայերի հետ: Աստիճանաբար երևույթը ստացավ նշանակալի մասշտաբներ, համատարած հայերը և ադրբեջանցիները փոխանակեցին տները, ստորագրեցին պայմանագրերը և փաստաթղթեր կազմեցին գույքի փոխանակման համար, վաճառեցին և գնեցին նոր տներ: Այս գործընթացը, իհարկե, թեթևացրեց երկու կողմերի վերաբնակեցումը, քանի որ շատ ընտանիքներ արդեն նախորոք գիտեին, որտեղ պետք է տեղափոխվեն: Նրանք կարող էին համաձայնվել կամ հարժարվել առաջարկված փոխանակումից, փնտրել այլ, ավելի ընդունելի տարբերակ: Հաճախ մարդիկ իրենց ողջ ընտանիքով գնում էին նայելու այն տունը, որոնք նրանք մտադիր էին փոխանակել իրենց սեփականի հետ․ ուսումնասիրում էին տեղանքը, ծանոթանում էին գյուղի բնակիչների հետ, նրանց կյանքի պայմաններին:

Իրազեկիչ․ (հետագայում Ի.) 1989 թվականին աշխատում էր Երևան-Գետաշեն ավտոբուսի երթուղին: Վերաբնակեցումից հետո մենք էլի մի քանի անգամ գնացինք այնտեղ, տեղափոխեցինք մնացած իրերը:

Հեղինակ․ (հետագայում Հ.) Ինչպե՞ս էր տեղի ունենում փոխանակման համար համապատասխան տունը գտնելու գործընթացը:

Ի. Ադրբեջանցիները գալիս էին, իմանում էին հայերի հասցեները շրջանային ԺԷԿ-երում, գալիս էին մեր տուն, առաջարկում էին փոխանակել տները, պատմում էին իրենց տների մասին, թողնում էին հասցեները և հեռանում: Մենք կարող էինք ազատ գալ, նայել տունը, համաձայնվել փոխանակմանը, կամ ոչ: Մեր ընտանիքը եկավ առանց նախնական վերանայման: Սկզբում մենք փոխանակվեցինք տներով այլ սեփականատիրոջ հետ, բայց պարզվեց, որ իր տունը հին է և կիսաքանդ: Մենք վերադարձրեցինք այն տունը և փոխանակեցինք այժմյանի հետ:

Հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախ քաղաքում ձևավորվեցին միջնորդների նկուղ (հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ, լեզգիներ), որոնց աշխատանքը կայանում էր նրանում, որպեսզի երկու կողմերի վերաբնակեցումից հետո գտնեն նախկին բնակիչներին, ձևակերպեն սեփականությունը փոխանակելու փաստաթղթերը, անվնաս տեղափոխեն ընտանիքներին իրենց սեփականությամբ և այլն:

-Երբ այդ գյուղի ղեկավարությունը ուզում էր դուրս անել մեզ մեր կողմից զբաղեցրած տներից, մենք գնացինք հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ քաղաքը, որտեղ հայերի և ադրբեջանցիների միջև դեռ շարունակվում էին սերտ շփումները, և տարբեր մարդկանց միջոցով գտանք այդ տան տիրոջը: Մենք նրան վճարեցինք 15 հազար ռուբլի և պաշտոնապես գնեցինք տունը (Վարդենիսի շրջան, գյուղ Մեծ Մասրիկ 15.08.2014):

-Մեզ և մեր ողջ գույքը բերեցին երկու մեքենաներով՝ երկու ադրբեջանցի լեզգիներ, որոնք պարտավորվել էին մեզ անվնաս հասցնել մինչև սահման, իսկ մենք պետք է ապահովեինք իրենց անվտանգ մուտքը Հայաստան, թեպետ այդ ժամանակ Հայաստանում իրենց ոչինչ չէր սպառնում:

Վերաբնակեցման գործընթացը տեղի էր ունենում փուլերով. Երկու կողմերի ներկայացուցիչները գրեթե երեք տարի շարունակ գալիս-գնում էին, տանում էին ունեցվածքը, ձևակերպում էին փաստաթղթերը, վաճառում էին տները, շարունակում էին հետևել գերեզմաններին և այլն: Սա շարունակվեց այնքան ժամանակ մինչև երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը գրեթե ոչ ամբողջությամբ չազատվեցին «անցանկալի» էթնիկ խմբերից:

Վերաբնակեցման առաջին տարիներին փախստականները սկսեցին յուրացնել, ձևափոխել «նոր և օտար» ֆիզիկական տարածությունը, որտեղ նրանք ստիպված էին մտնել: Նախ և առաջ գաղթականները սկսեցին փոխել նախկին ադրբեջանական տների ներքին կառուցվածքը: Նրանք առանց որմնախորշի պատով փակում էին ապակեպատ ծածկապատշգամբները (Մեծ Մասրիկ բնակավայրում ադրբեջանական տները միանման էին. երկու մեծ սենյակներ (հյուրասենյակ և ննջարան), որոնք միանում էին դռան որմնախոռոչով և նրանց կից գտնվում էր ծածկապատշգամբը գլխավոր մուտքով, խոհանոցը և լոգասենյակը հաճախ առանձին կառույցներ էին), մեծ դահլիճները առանձնացված էին ավելի փոքր սենյակների, պատերը ներկվում էին բաց գույներով, (ադրբեջանական տներում պատերը հիմնականում մուգ գույներով էին ներկված՝ կարմիր, կանաչ, կապույտ), պատուհաններից հանում էին մետաղական ճաղավանդակները, որոնք բնորոշ էին ադրբեջանական տներին: Տների բոլոր հաջորդող վերակառուցումները, հիմնական դեպքերում, կապված էին հարմարավետության և մաքրության գոյություն ունեցող հասկացությունների հետ: Հազվադեպ հարցազրույցներում կարելի է տեսնել «օտարի/թշնամական» տան կատեգորիկ ժխտման և փոփոխելու (ոչնչացնելու, վերակառուցելու) դիսկուսը: Գյուղում մինչ այսօր պահպանվել են տներ, որոնք մեկ քառորդ դարի ընթացքում ոչ մի փոփոխության չեն ենթարկվել և պահպանել են իրենց նախնակական «ադրբեջանական» ինտերիերը (նկար 1․)։

Նկար 1

Տների վերակառուցումը հաճախ պայմանավորված էր նրանով, որ տները և գյուղատնտեսական կառույցները տունը լքելու-բնակեցնելու կարճ ժամանակահատվածում մասամբ քանդված էին նախկին տերերի և տեղացի հայերի կողմից․ կոտրված էին պատուհանների ապակիները, հանված էին դռները, պատուհանների փեղկերը և կտուրների ծածկերը: Բնակեցման պահին տների մեծ մասը ամբողջությամբ դատարկ էին. ադրբեջանցի փախստականները իրենց հետ տարել էին ունեցվածքի հիմնական մասը:

-Այդ տարիներին բավական շատ ազատ տներ կային և գաղթականները կարող էին ընտրել՝ որ տան մեջ բնակություն հաստատել: Նույնիսկ տեղի բնակիչները ծանոթների և բարեկամների միջոցով գյուղերի վարչություններում կարող էին սեփականեցնել դատարկված տունը: Որոշ տներ շատ վատ վիճակում էին գտնվում: Օրինակ՝ իմ հարևանի տան բոլոր պատերը ճեղքերով էին և նա ստիպված էր բոլոր կողմերից նոր պատեր կառուցել: Երբ մեր ընտանիքը 1988-ի դեկտեմբերին տեղափոխվեց, մեր տունը չուներ ո´չ դռներ, ո´չ պատուհաններ և մենք ստիպված էինք մեկ ամիս ապրել հարևանների տանը:[3]

1990-ականների սկզբերին շատ տներ և գյուղատնտեսական կառույցներ ուղղակի լքված էին կամ օգտագործվում էին ոչ իրենց սկզբնական նշանակությամբ: Այդպես բնակելի տները հաճախ վերածվում էին գոմերի, հավաբների, ցորեն պահելու ամբարների, ցախանոցների: Այն տները, որոնք դատարկ էին, ժամանակի ընթացքում ապամոնտաժվեցին և վաճառվեցին որպես շինանյութեր, կամ կողոպտվեցին տեղի բնակիչների կողմից:

-Տների ապամոնտաժումը տեղի էր ունենում փոխադարձաբար շահավետ պայմաններով, ինչպես փախստականների, այնպես էլ շրջկենտրոնի տեղական իշխանությունների համար: Երբ փախստականները տեղափոխվեցին, նրանց անհրաժեշտ էր շինանյութ նոր տները վերանորոգելու համար: Դե, նրանք էլ գողանում էին լքված, դատարկ տներից, որի համար հետո վճարում էին 60 ռուբլի տուգանք շրջկենտրոնում: Նման կերպ վարվում էին նաև տեղի հայերը: Դա շատ հարմար էր, հենց այդպես էլ ժամանակի ընթացքում ամեն ինչ քանդեցին: [4]

Այսօր` մեկ քառորդ դար անց, տները, որտեղ վերաբնակեցվել էին փախստականները, այդպես էլ իրենց կողմից չեն ընդունվում որպես «իրենցը⁄յուրացվածը⁄բնակահարմար»: Որոշ փախստականներ փորձեր էին ձեռնարկում դրանք հարմարեցնել հարմարավետության մասին իրենց պատկերացրածին, «նոր կյանք ստեղծելու տան մասին» (կառուցելով, վերակառուցելով), բայց, ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր կառույցները մնացին իրենց նախկին տեսքով: Տվյալ դիտարկումը կարող է ունենալ մի քանի բացատրություն: Հաճախ ֆիզիկական տարածությունը և հատկապես տունը, դառնում է էմոցիոնալ վերապրումների օբյեկտ, որոնց շրջանակներում «սեփական» (նախկին) բնակավայրը «ավելի հանգիստ և լավ կյանքի վայր էր, որտեղ մարդն ուներ նպատակներ և ձգտումներ»: Այսպես վերաբնակեցվելուց հետո ձեռք բերված տեղանքը, բնակավայրը, տունը, փախստականների կողմից ընկալվում է որպես ապրելու համար ոչ պիտանի վայր: Դիսկուրսի մակարդակում նոր վայրերը համեմատվում են աքսորավայրերի հետ, տաժանակիր աշխատանքների կատարման վայրերի, որտեղ կորսվում է ապագայի նկատմամբ որևէ հույս: -Այստեղ ոչ մի հույս չի մնում: Այս վայրը նման է ռազմագերիների ճամբարի [5]: -Մենք «դրախտից» եկել ենք «դժոխք»: Ինչպե՞ս կարող եմ պնդել, որ այստեղ ես զգում եմ ինձ, ինչպես իմ տանը [6]: -Երբ մենք եկանք ու տեսանք այստեղի սարերի ձյան քանակը, այնպիսի տպավորություն էր, թե մեզ աքսորել են ինչ-որ տեղ Սիբիրում: [7]

«Փոքրիկ հայրենիքի» մասին գաղթածների կոլեկտիվ հիշողությունը, որտեղ ամեն ինչ լավ էր, կկորսվի, հավանաբար, միայն իր կրողների հետ միասին: Նման՝ «լավ» տունը թողնելու կոլեկտիվ ընկալումը պատկերացում է ստեղծում նոր բնակավայրում ժամանակավոր լինելու մասին և ակամայից մարդու մեջ առաջացնում է նոր վայրում սեփական ապագան չստեղծելու ցանկություն: -Մի՞թե հնարավոր է այսպես ապրել: Մենք կարծես ապրում ենք կայարանում, հավերժ սպասելով նոր վերաբնակեցման: [8]

Հարազատ քաղաքների և գյուղերի մասին հիշողությունը, որոնք փախստականները ստիպված էին լքել, որպես կանոն շրջապատված է տխրությամբ և հայրենիքի կարոտով: «Հիմա⁄այստեղ» և «այնժամ⁄այնտեղ» իրավիճակը ներկայանում է բավական հակադրական, հատկապես ավագ սերնդի մարդկանց համար: «Այնտեղ ամեն ինչ ավելի լավ էր, երջանիկ, իմաստավորված, այստեղ ամեն ինչ ավելի վատ է, անիմաստ, դատարկ»: Բոլոր փոփոխությունների բացասական ընկալման վրա շեշտը՝ եղանակից սկսած մինչև ջրի համը, հոտերը, կլիման, արվում է «հարուստ⁄սեփական» տնտեսության հիշողությունների կոնտեքստում, որը սեփական քրտինքով է վաստակված, բայց ճակատագրի բերումով կորսված է:

-Դու պետք է տեսնեիր, թե այստեղ ինչպիսի կիսաքանդ, կեղտոտ մանկապարտեզ գնաց իմ երեխան: Բաքվում նա հաճախում էր լավագույն էլիտար մանկապարտեզներից մեկը: Երբ մենք եկանք նա մի բառ անգամ հայերեն չգիտեր, նա այն ժամանակ ընդամենը չորս տարեկան էր: Մենք զրկվեցինք ամեն ինչից: Բաքվում ես ապրում էի լիության մեջ: Ես երեքսենյականոց բնակարան ունեի, հոյակապ վերանորոգված՝ ըստ այն ժամանակների չափանիշի: Մենք ստացել էինք նոր տուն, վերանորոգել էինք այն, հոյակապ կահավորել էինք: Ես լավ գումար էի վաստակում, իմ ամուսինը հոյակապ աշխատավարձ էր ստանում: [9]

«Ավելի լավ» և «ավելի վատ» հասկացությունները շատերի համար բնորոշվում են խորհրդային տարիներին հարաբերական սոցիալական բարեկեցության հիշողություններով: Ստիպողաբար վերաբնակեցումը և հետագայում Խորհրդային Միության փլուզումը մնացել են ինչպես փախստականների հիշողություններում, այնպես էլ տեղի հայերի հիշողութուններում՝ մեկը մյուսի վրա: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շատերի համար վատթարացած կյանքի պայմանները, այդպիսով, հիշողության մեջ անմիջական կապվեցին վերաբնակեցման հետ: -Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, տեղի թուրքերը հեռացան[10], և միաժամանակ վրա հասավ փախստականների ալիքը, տեղի հայերի ավագ սերունդը չկարողացավ հաշտվել այս ամենի հետ: Նրանք քննադատում էին փախստականներին կյանքի մակարդակը իջեցնելու համար և հաճախ կրկնում էին. «մենք լավ էինք ապրում «մեր» թուրքերի հետ, իսկ փախստականների գալով ամեն ինչ փլուզվեց»: Բայց խնդիրը թուրքերի՝ Հայաստանից դուրս գալը չէր, այլ Խորհրդային Միության փլուզումը, պատերազմը, տնտեսական ճգնաժամը խորացնելու պայմանները: Հենց դա նրանց համար դարձավ ողբերգություն:[11] Հենց այն «միկրոաշխարհի» կորուստը, որը ստեղծվել էր իրենց և իրենց նախնիների կողմից ամենաբարդը վերապրում էին երկու կողմերն էլ (վերաբնակեցվողները և ընդունողները): Հարազատ տունը թողնելու անհատական հիշողությունը արտահայտվում էր նաև ենթագիտակցական մակարդակում: Ինչպես պատմում են շատ իրազեկողներ, իրենց երազներում նրանք տեսնում են բացառապես նախկին բնակավայրերը, որոնք երևում են որպես «իրենց» տան մասին հիշողության տարբերակ: -Իմ երազներում ես տեսնում եմ միայն այն կյանքը, այն տունը, որը մենք թողել ենք: Այս տունը ես երբեք չեմ տեսնում: Ես տեսնում եմ Կիրովաբադը, Խանլարը, իսկ այս բնակատեղին՝ երբեք:[12] -Դա մեր ողջ մանկության հիշողությունն է: Ես իմ մանկությունը անցկացրել եմ Չարդախլու գյուղում, և, իհարկե, իմ երազներում ես տեսնում եմ իմ հարազատ գյուղը, իմ մանկությունն այնտեղ: Բայց, ցավոք, ոչինչ հնարավոր չէ վերադարձնել [արցունքներն աչքերին ձեռքը թափահարում է և հեռանում]:[13]

Ընդհանրացնելով վերոհիշյալը՝ տարբեր տիպի մշակութային տարրերի միավորումը բնութագրում, նաև կառուցում է փախստականների նոր սոցիալական պատկերը, որը արտահայտվում էր նոր ձեռք բերված բնակավայրերում՝ ֆիզիկական տարածությամբ (տների բաշխման, նրանց կառուցվածքի մեջ և այլն): Մշակույթի բնորոշ գծերը, որոնք ծառայում էին որպես ակոս՝ նշանակելով հայերի և ադրբեջանցիների միջև սոցիալ- մշակութային սահմանը, ժամանակի ընթացքում նախագծվեցին հայերի տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ տեղացիների և փախստականների միջև հարաբերությունների հիման վրա: Դա կարելի է նկատել նաև խորհրդանշական տարածության օրինակի վրա (գերեզման, տեղային սրբավայր և այլն), որը ավելի շատ է ընդգրկում այս փոխհարաբերությունների հուզական մակարդակը:

Հղումներ

[1] Полевая работа (далее — ПР), Варденисский р-н, село Мец Масрик, 10.08.2014.

[2] ПР, Варденисский р-н, село Сотк, 23.08.2014.

[3] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 11.08.2014.

[4] ПР, Варденисский р-н, село Сотк, 23.08.2014.

[5] Из полевого материала Петросяна Г., Исследовательский проект-воркшоп «Культурный диалог во имя гармоничного сосуществования», который был проведен научно-исследовательским центром«Азарашен» в 1988-1999 гг.

[6] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 02.08.2014.

[7] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 04.08.2014.

[8] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 04.08.2014.

[9] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 25.08.2014.

[10] В армянском разговорном языке азербайджанцев (кавказских татар) называют турками, ссылаясь на их тюркоязычность автоматически идентифицируя с турками из Турции.

[11] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 07.08.2014.

[12] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 10.08.2014.

[13] ПР, Варденисский р-н, село Мец Масрик, 02.08.2014.

Գրականություն

  1. Бурдье П. Социология социального пространства. — СПб : Алетейя, 2005.
  2. Гусейнова С., Акопян А. и Румянцев С. Кызыл-Шафаг и Керкендж: история обмена селами в ситуации Карабахского конфликта. — Тбилиси : Heinrich Boll Stiftung: South Caucasus, 2008.
  3. Де Ваал Т. Черный сад. Армения и Азербайджан между миром и войной. — Москва : Текст, 2005.
  4. Штырков С. Конструирование коллективной исторической памяти в локальной традиции: возможный подход к построению интерпретационной модели // Староладожский сборник. — Санкт-Петербург : [б.н.], 1998 г.
  5. Lefebvre H. The Production of space. — Cambridge : Blackwel, 1991.


Հեղինակ՝ Էվիա Հովհաննիսյան (Evia Hovhannisyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Թարգմանիչ՝ Սյուզաննա Ղազարյան (Syuzanna Ghazaryan)։