AD-AS-ը կամ համախառն պահանջարկի և համախառն առաջարկի մոդելը տնտեսագիտության առանցքային գործիքներից մեկն է, քանի որ այն մեկ համակարգում է միավորում տնտեսական հիմնական գործոնների շրջանակը:
Մոդելն օգտագործելով կարելի է ցույց տալ, թե ինչպես տարբեր գործոններ կարող են հանգեցնել իրական ՀՆԱ-ի և գնաճի մակարդակի փոփոխության:
Մոդելի կառուցվածքը և գրաֆիկական տեսքը հասկանալու համար անդրադառնանք դրա բաղադրիչներին՝ համախառն պահանջարկին և համախառն առաջարկին առանձին:
Համախառն պահանջարկը տնտեսությունում արտադրվող վերջնական սպառման ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսերի հանրագումարն է: Համախառն պահանջարկի AD կորը ցույց է տալիս ապրանքների և ծառայությունների քանակությունը, որը սպառողները պատրաստ են գնելու յուրաքանչյուր հնարավոր գների մակարդակի դեպքում:
Շարժը AD կորի վրայով ցույց է տալիս համախառն պահանջարկի փոփոխությունը՝ կախված ընդհանուր գների մակարդակի դինամիկայից:
Այդ կապի առավել պարզ արտահայտությունը ստացվում է քանակական տեսության հավասարումից՝
MV=PY
կամ Y=MV/P,
որտեղ՝
- M-ը դրամի առաջարկն է,
- V-ն դրամի շրջապտույտի արագությունն է,
- P-ն գների մակարդակն է,
- Y-ը ՀՆԱ-ն է:
AD կորի բացասական թեքությունը պայմանավորված է գնային գործոնների ացդեզությամբ, որոնք են.
- Հարստության էֆեկտ” որքան բարձր է գների մակարդակը, այնքան քիչ է փողի իրական պաշարը, քիչ քանակությամբ ապրանքների և ծառայությունների նկատմամբ է պահանջարկ ներկայացվում:
- Տոկոսադրույքների էֆեկտ” որքան բարձր է գների մակարդակը, այնքան բարձր են տոկոսադրույքները, և ավելի քիչ ներդրումային ապրանքների նկատմամբ է պահանջարկ ներկայացվում:
- Ներմուծման ծախսերի էֆեկտ- գների աճը տանում է զուտ արտահանման կրճատման, և կրճատվում է համախառն ամբողջական պահանջարկը:
Համախառն առաջարկը տնտեսությունում արտադրված վերջնական սպառման ապրանքների և ծառայությունների ընդհանուր քանակությունն է:
AS կորը ցույց է տալիս, թե ինչ քանակությամբ ամբողջական արտադրանք կառաջարկվի տարբեր գների մակարդակների դեպքում:
AS կորի ոչ գնային գործոններ են տեխնոլոգիաների փոփոխությունը, ռեսուրսների գները, հարկերը և այլն:
Այս գործոնների փոփոխությունը գրաֆիկորեն արտահայվում է AS կորի շարժով: AS կորի ձևը տարբեր եղանակով է մեկնաբանվում դասական, քեյնսյան, նոր դասական և նոր քեյնսյան դպրոցների ներկայացուցիչների կողմից:
Առաջարկի թեք կորի տեսքը կարելի ներկայացնել հետևյալ բանաձևի օգնությամբ՝
Y=Y*+a(P-Pe)+e, a>0
որտեղ՝
- Y-ը և Y*-ը համապատասխանաբար արտադրության փաստացի և պոտենցիալ մակարդակներն են,
- P-ն փաստացի գների մակարդակն է,
- Pe-ն սպասվող գների մակարդակն է,
- e-ն պատահական շոկերն են:
Այս հավասարումից հետևում է, որ արտադրության ծավալը շեղվում է իր պոտենցիալ մակարդակից այն դեպքում, երբ գների մակարդակը շեղվում է իր սպասված մակարդակից:
Արդյունքում AD-AS մոդելը իրենից ներկայացնում է հետևյալ հավասարումների համակարգը՝
Y=q+*G-*Ta+*M/P+*e-* exr
Y=Y*+a(P-Pe)+e
Համակարգում Y-ը և P-ն էնդոգեն փոփոխականներ են, իսկ Y*-ն, M-ը G-ն, Ta-ը, e-ն և exr-ը՝ էկզոգեն:
Y*-ը որոշվում է արտադրական ֆունկցիայով և կախված է արտադրության գործոնների քանակից:
M-ը, G-ն և Ta-ն որոշվում են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցով:
e-ն ընդունվում է, որ հավասար է դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսված սղաճի մակարդակին:
Ինչ վերաբերում է exr-ին, ապա, ճիշտ է, իրական փոխարժեքը կախված է մոդելում առկա մյուս փոփոխականներից, բայց իր վրա կրում է նաև արտաքին շոկերի ազդեցությունը և միանշանակ չի կարող որոշվել երկրի տնտեսական քաղաքականությամբ:
Հեղինակ՝ Մարինե Ավետիսյան (Marine Avetisyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն