Փողի առաջարկ

Տնտեսագիտության տեսությունում փողի միասնական սահմանում գոյություն չունի: Փողի առաջարկի մասին պատկերացում ունենալու համար անհրաժեշտ է հասկանալ փողի ագրեգատների էությունը:

Այս կամ այն ֆինանսական գործիքի ընդգրկումը փողի ագրեգատների կազմում առնչվում է տնտեսական գործընթացներում փողի կատարած գործառույթների հետ:

Փողի չորս հիմնական գործառույթները.

  • Վճարման միջոց. փողը որպես ապրանքների, ծառայությունների, ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման միջոց:
  • Արժեքի պահպանման կամ հարստության կուտակման միջոց. փողը որպես հարստության և խնայողությունների կուտակման միջոց:
  • Հաշվառման կամ արժեքի չափի միավոր. որպես ապրանքների, ծառայությունների, ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվների արժեքների գնահատման կամ գների որոշման չափանիշ՝ փողը հնարավորություն է տալիս համեմատել դրանց արժեքները, ինչպես նաև ֆինանսական հաշիվներում արտացոլել և համեմատել տարբեր բնույթ ունեցող ֆինանսական և ոչ ֆինանսական ակտիվները:
  • Ժամանակի տարբեր պահերին կատարված վճարումների չափանիշ. ֆինանսական պայմանագրերի ներկա և ապագա արժեքների գնահատման և համեմատման միջոց:

Տնտեսության «փող թողարկողներ» են համարվում այն բոլոր ֆինանսական կազմակերպությունները, որոնց պարտավորություններն իրենցից ներկայացնում են «փող» հանդիսացող ֆինանսական գործիքներ: Այսպիսով, տնտեսության հատվածների տեսանկյունից «փող թողարկողներ» են  կենտրոնական բանկերը:

Փողի նեղ զանգվածն ընդունված է անվանել M0 ագրեգատ: 

Փողի ավելի լայն ագրեգատներն ընդգրկում են խնայողական և ժամկետային ավանդները (ոչ փոխանցելի ավանդներ): Վերջիններիս իրացվելիության աստիճանից կախված՝ առանձնացվում են M0, M1, M2 և ավելի ցածր իրացվելիություն ունեցող ագրեգատներ: 

Փողի ագրեգատները

Փողի բազան իրենից ներկայացնում է կենտրոնական բանկերի այն պարտավորությունները, որոնք նպաստում են փողի ստեղծմանը: Փողի բազան երբեմն անվանում են «հզորությամբ օժտված փող» (high-powered money), քանի որ փողի բազայի փոփոխությունները սովորաբար հանգեցնում են փողի ագրեգատների ավելի մեծ փոփոխությունների: Փողի բազան ընդգրկում է. 

  • ԿԲ-ից դուրս կանխիկ թղթադրամը և մետաղադրամը:
  • Առևտրային բանկերի պարտադիր և ավելցուկային միջոցները ԿԲ-ում:
  • Ռեզիդենտ իրական հատվածի՝ տվյալ երկրի արժույթով և արտարժույթով ավանդները ԿԲ-ում: 

Փողի զանգվածը ֆինանսական համակարգի այն պարտավորությունների ամբողջությունն է:

Փողի զանգվածը կազմվում է կենտրոնական բանկերի կողմից՝ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հաշվեկշռային տվյալների հիման վրա: 

M0

Ներառում է.

  • շրջանառությունում կանխիկ դրամը,
  • ռեզիդենտների՝ տվյալ երկրի արժույթով ցպահանջ ավանդները (ներառյալ հաշիվները) և փոխառությունները:

M1 

Ընդգրկում է շրջանառությունում կանխիկ դրամը և ավանդային կազմակերպություններում ռեզիդենտների՝ դրամով բոլոր ավանդները և փոխառությունները: Այստեղ, բացի ցպահանջ, ժամկետային ու խնայողական ավանդներից ու փոխառություններից, ներառվում են նաև. 

  • Բանկերի՝ տվյալ երկրի արժույթով  թողարկած ավանդային սերտիֆիկատները, 
  • Ռեզիդենտների հետ դրամով կնքված հակադարձ ռեպո համաձայնագրերը:

M2

Իրենից ներկայացնում է M2-ին գումարած ռեզիդենտների արտարժութային բոլոր ավանդները և փոխառությունները: 

Տարբեր երկրների փողի ագրեգատների կազմն ու կառուցվածքը զգալիորեն տարբերվում են, որը պայմանավորված է երկրների տնտեսությունների, դրանց ֆինանսական համակարգերի տարբերություններով և առանձնահատկություններով:


Հեղինակ՝ Մարինե Ավետիսյան (Marine Avetisyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝  Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Միլենա Առաքելյան (Milena Arakelyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին