Փողի պահանջարկ

Ի՞նչ է փողի պահանջարկը

Փողի պահանջարկը ցույց է տալիս, թե որքան ակտիվներ են նախընտրում տնտեսության մասնակիցները պահել փողի տեսքով:

Ըստ փողի քանակական տեսության՝ փողի նկատմամբ պահանջարկը որոշվում է հետևյալ բանաձևով.

MV=PY

Որտեղ՝

  • M-ը փողի քանակն է,
  • V-ն՝ շրջանառության արտադրությունը,
  • P-ն՝ գների մակարդակը,
  • Y-ը՝ թողարկման ծավալը:

Այլ կերպ ասած՝ փողի պահանջարկը ցույց է տալիս, թե որքան ակտիվներ են նախընտրում տնտեսության մասնակիցները պահել փողի տեսքով:

Ենթադրվում է, որ շրջանառության արագությունը հաստատուն մեծություն է, քանի որ կապված է տնտեսությունում գործարքների համեմատաբար կայուն կտրվածքով, բայց ժամանակի ընթացքում այն կարող է փոփոխվել, օրինակ, կապված բանկային համակարգում նորագույն տեխնոլոգիայի կիրառմամբ:

Ըստ Իրացվելիության նախընտրելիության տեսության՝ առանձնացնում ենք երեք շարժառիթ, որոնք ստիպում են մարդկանց կանխիկ փող պահել.

  1. տրանսակցիոն շարժառիթ. ընթացիկ գործարքներում կանխիկի նկատմամբ պահանջարկ,
  2. զգուշավորության շարժառիթ. ապագայում չկանխատեսված գործարքում կանխիկի նկատմամբ պահանջարկ,
  3. սպեկուլյատիվ շարժառիթ. որոշակի պահուստ ունենալու մտադրություն, որպեսզի ավելի արդյունավետ օգտագործվի ապագայում:

Փողի նկատմամբ սպեկուլյատիվ պահանջարկը հիմնված է բաժնետոմսի կուրսի և փոխատվական տոկոսադրույքի միջև հակադարձ կախվածության վրա: Եթե տոկոսադրույքը աճի, ապա բաժնետոմսի նկատմամբ պահանջարկը կնվազի և կկրճատվի կանխիկ փողի պաշարը, այսինքն՝ կանխիկ փողի նկատմամբ պահանջարկը: 

Ընդհանրացնելով փողի նկատմամբ պահանջարկի քեյնսյան և դասական մոտեցումները՝ կարելի է առանձնացնել փողի պահանջարկի վրա ազդող հետևյալ գործոնները.

  1. եկամտի մակարդակը,
  2. փողի շրջանառության արագությունը,
  3. տոկոսադրույքի մակարդակը:

Փողի՝ կանխիկ տեսքով պահելը կապված է որոշակի ծախսերի հետ: Դրանք հավասար են տոկոսադրույքին, որոնք կարող են ստանալ փողը բանկում կամ այլ ֆինանսական ակտիվներում պահելով: Ինչքան բարձր է տոկոսադրույքը, այնքան բարձր է կորցրած եկամուտը, և մեծ է կանխիկ փող պահելու այլընտրանքային արժեքը, հետևաբար ցածր է կանխիկ փողի նկատմամբ պահանջարկը:

Ենթադրելով, որ փողի շրջանառության արագությունը հաստատուն է փողի նկատմամբ, պահանջարկի ֆունկցիան կարող ենք ներկայացնել.

MPD=KY- hR

Որտեղ՝

  • R-ը փոխատվական տոկոսադրույքն է,
  • Y-ը իրական եկամուտն է,
  • K և h-ը ցույց են տալիս փողի պահանջարկի զգայունությունը եկամտի և տոկոսադրույքի նկատմամբ:

Փողի պահանջարկի ֆունկցիան գրաֆիկական առումով ունի հետևյալ տեսքը.

Այն ցույց է տալիս եկամտի ցանկացած մակարդակի դեպքում պահանջարկի մեծության նվազումը տոկոսադրույքի աճին զուգընթաց: Եկամտի մակարդակի ավելացումը արտահայտվում է փողի նկատմամբ պահանջարկի LD կորի աջ տեղաշարժով՝ K ΔY մեծության չափով:


Հեղինակ՝ Մարինե Ավետիսյան (Marine Avetisyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝  Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)


© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն

EconoMix նախագծի մասին