Հունիսի 7-ին «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի արդեն նախկին նախագահ Աննա Խաչյանը ֆեյսբուքյան Live-ի միջոցով հանդես եկավ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփեց «Ինլայթ»-ի հնգամյա գործունեությունը և անդրադարձ կատարեց բոլոր այն հանգրվաններին, որոնց կազմակերպությունը հասել է 5 (13) տարիների գործունեության ընթացքում։
Հունիսի 6-ին լրացավ «Ինլայթ»-ի՝ որպես հասարակական կազմակերպության 5-ամյակը, որպես նախաձեռնության՝ 13-ամյակը։ Եվ նախորդ տարվանից որդեգրված ավանդույթը՝ տարվա խորագրի և կարգախոսի ընտրությունը, շարունակվեց նաև այս տարի։ 2020 թվականին կազմակերպությունը իր գործունեությունը ծավալել է «Կրթություն» խորագրի ներքո՝ «Սովորի՛ր, որ փոխես» կարգախոսով՝ կարևորելով կրթության առաջնահերթությունը Հայաստանում։ «Ինլայթ»-ի հնգամյակը նշանավորվեց նոր խորագրի՝ «Աշխատանք (ջանք)», և կարգախոսի՝ «Արարի՛ր ապագան» ընտրությամբ։ Աննան հիշեցրեց այս տարվա խորագիրը կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ աշխատանքային մշակույթի ձևավորումը Հայաստանում, և հավելեց, որ կազմակերպության գործունեության մեջ կարևորվում է այս սկզբունքը՝ կարևորելով անցած ճանապարը, նայել ապագային։
Նախագահը իր խոսքում առանձնացրեց նաև «Ինլայթ»-ի կարևոր հանգրվանները՝ պատմությունը, գաղափարները, նպատակները, սկզբունքները, մարդիկ և աշխատանքը։ «Ինլայթ»-ի գործունեությունը՝ 13 տարի՝ որպես նախաձեռնություն, և 5 տարի՝ որպես կազմակերպություն, ծավալվել է գաղափարների՝ հայաստանակենտրոնության և ազատականության, նպատակների՝ հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպման, սկզբունքների՝ նախանձախնդրության և համարձակության շուրջ համախմբված, բացառապես կամավոր իրենց ջանքն ու եռանդը ներդրած անձանց շնորհիվ։
Անդրադարձ եղավ նաև «Ինլայթ»-ի հնգամյա գործունեության ընթացքում իրականացված կարևոր նախագծերին։ Դրանցից են կազմակերպության գործունեության ընդլայնումը և անվանափոխությունը՝ «Ինլայթ», Վերլուծական ֆորումը՝ հարթակ տարբեր մտահորիզոնի, մասնագիտությունների, հետաքրքրությունների, բայց միևնույն ժամանակ նույն արժեքների տեր անձանց ինքնադրսևորման համար, Անցյալի ներկայությունը (նախկին hambardzum.am կայքի հայ հասարակական-քաղաքական կյանքի պատմությունը արտացոլող նյութերի, հոդվածների հրապարակում), Ինլայթ համալսարանը (պրակտիկաների, տարբեր դասախոսությունների, մարզային դպրոցներում մի շարք ծրագրերի իրականացում), թարգմանչական նախագծերը/հրատարակությունները (միջազգային լավագույն պարբերականների և դեռևս հայերեն չթարգմանված մի շարք հեղինակների հոդվածների թարգմանություններ/լավագույն թարգմանությունների ժողովածուի հրատարակում)։ Կարևոր նախագծերից են նաև Ոսկեղենիկ/GreEnlight նախաձեռնությունները (արծարծում են կազմակերպության համար կարևոր ուղղությունները՝ մայրենիի մաքրության պահպանումը/առողջ և կանաչ շրջակա միջավայրի ապահովման կարևորությունը), Economix նախաձեռնությունը (ինֆոգրաֆիկաների և տեսանյութերի տեսքով ներկայացվում են տնտեսագիտական եզրույթների հայերեն բացատրությունները), որը նվիրված է «Ինլայթ»-ի խորհրդի անդամ, վերլուծաբան, Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Հակոբ Հակոբյանի հիշատակին։
Ամփոփելով՝ Աննան շնորհակալություն հայտնեց ինլայթյան համայնքին, բոլոր անդամներին և այն մարդկանց, ովքեր հետևում են կազմակերպության գործունեությանը և դրա զարգացման ու կայացման գործում իրենց ներդրումն են ունեցել, շնորհակալություն հայտնեց նաև «Ինլայթ»-ի գործընկերներին՝ համատեղ աշխատանքների և կազմակերպությանը աջակցելու համար։
Հանդիպման վերջում Աննան ներկայացրեց կազմակերպության նորընտիր նախագահ Դավիթ Պետրոսյանին և փոխնախագահ Լիլիթ Կաապետյանին՝ շեշտելով կազմակերպությունում 2 տարին մեկ տեղի ունեցող նախագահական ընտրությունների կարևորությունը։
Նախագահը հանդիպումն ավարտեց մասնակիցներին հուզող հարցերին պատասխանելով և բոլորին առաջարկեց մասնակցություն ու ներդրում ունենալ «Ինլայթ»-ի հետագա գործունեության մեջ։
Պատրաստեց Մարիամ Մանուկյանը