Ներածություն
Կառավարությունները մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վրա ազդելու նպատակով կիրառում են հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների գործիքակազմը:
Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է կենտրոնական բանկերի կողմից:
Տնտեսությունն ակտիվացնելու նպատակով կենտրոնական բանկն իրականացնում է խթանող դրամավարկային քաղաքականություն՝ նվազեցնում է տոկոսադրույքները, և հակառակը, եթե տնտեսությունը չափազանց արագ է աճում, ապա կենտրոնական բանկն իրականացնում է զսպող դրամավարկային քաղաքականություն՝ բարձրացնելով տոկոսադրույքները փողի շրջանառությունը կրճատելու համար:
Հարկաբյուջետային քաղաքականությունը կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն են` կապված պետական ծախսումների, հարկային քաղաքականության և պետական բյուջեի դիրքի՝ պակասուրդի կամ ավելցուկի փոփոխության հետ՝ նպատակ հետապնդելով տնտեսությունում ապահովել լրիվ զբաղվածություն և ոչ գնաճային ՀՆԱ-ի աճ:
Տնտեսությունն ակտիվացնելու նպատակով կառավարությունն իրականացնում է խթանող հարկաբյուջետային քաղաքականություն՝ կրճատելով հարկերի դրույքաչափերը և ավելացնելով պետական ծախսերը:
Տնտեսության գերարագ աճի դեպքում կառավարությունն իրականացնում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն՝ բարձրացնելով հարկերի դրույքաչափն ու կրճատելով պետական ծախսերը:
Որո՞նք են դրանց տարբերությունները
Չնայած նրան, որ այս երկու քաղաքականությունների գործիքակազմը գրեթե միշտ կիրառվում է զուգահեռաբար, այնուամենայնիվ, դրանք ունեն մի շարք տարբերություններ:
- ըստ իրականացնողի՝ հարկաբյուջետային քաղաքականությունն իրականացվում է կառավարության, իսկ դրամավարկայինը՝ կենտրոնական բանկի կողմից,
- հարկաբյուջետային քաղաքականության գործիքները հարկերն ու պետական ծախսերն են, դրամավարկային քաղաքականությանը՝ տոկոսադրույքն ու փողի առաջարկի փոփոխությունը,
- առաջինի դեպքում չկա հստակ թիրախավորում, երկրորդի դեպքում թիրախավորումը գնաճն է,
- առաջինի կողմնակի ազդեցությունը պետական պարտքի վրա է, երկրորդինը՝ փոխարժեքի,
- հարկաբյուջետային քաղաքականությունն ունի ուժեղ կախվածություն քաղաքական գործընթացներից, իսկ դրամավարկային քաղաքականությունն անկախ է նման գործընթացներից:
Հարկաբյուջետային քաղաքականություն |
Դրամավարկային քաղաքականություն |
|
Իրականացնող | Կառավարություն | Կենտրոնական բանկ |
Գործիքակազմ | Պետական ծախսերի և հարկերի դրույքաչափի փոփոխություն | Տոկոսադրույքի և փողի առաջարկի փոփոխություն |
Թիրախավորում | Հստակ չէ | Գնաճ |
Կողմնակի ազդեցություն | Պետական պարտքի վրա | Փոխարժեքի վրա |
Քաղաքական ազդեցություն | Ուժեղ կախցածություն քաղաքական գործընթացներից | Անկախություն քաղաքական գործընթացներից |
Որո՞նք են դրանց ազդեցության ժամկետները
Տարբեր են նաև այս երկու քաղաքականությունների ազդեցության ժամկետները:
Որպես կանոն դրամավարկային քաղաքականությունն ավելի արագ է ազդում տնտեսության վրա, քանի որ կենտրոնական բանկը կարող է յուրաքանչյուր ամիս կամ եռամսյակը մեկ ճշգրտել տոկոսադրույքը, մինչդեռ կառավարության ծախսերի աճի մասին որոշում կայացնելը կարող է բավականին երկար տևել: Դժվար է նաև որոշելը, թե ծախսերի ավելացման համար հատկացվող գումարը որ ոլորտում պետք է ծախսվի։
Տնտեսական ցնցումների ժամանակ նպատակահարմար չէ տնտեսական նախկին հավասարակշռությունը վերականգնելու համար հույսը դնել միայն դրամավարկային կամ միայն հարկաբյուջետային քաղաքականության վրա։ Այս երկու քաղաքականություններն էլ ունեն իրենց յուրահատկությունները, և միայն սրանց համադրման արդյունքում է հնարավոր լուծել տնտեսական խնդիրները:
Սակայն պետք է հաշվի առնել, որ այս քաղաքականություններն ունեն սահմանափակ ազդեցություն և ոչ միշտ է հնարավոր տնտեսական տատանումները հարթել սրանց միջոցով:․ Այնուամենայնիվ, հարկաբյուջետային քաղաքականությունն ավելի արդյունավետ է կիրառել երկարաժամկետ, իսկ դրամավարկայինը՝ կարճաժամկետ հատվածում:
Հեղինակ՝ Մարինե Ավետիսյան (Marine Avetisyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն