Ի՞նչ է գնաճը
Գնաճը տվյալ արժույթի գնողունակության անկումն է ժամանակի ընթացքում: Այն կարող է արտացոլվել որոշակի ժամանակահատվածում ապրանքների և ծառայությունների սպառողական զամբյուղի միջին գների մակարդակի բարձրացման մեջ տոկոսային արտահայտությամբ։
Փողի զանգվածի արագ աճը հանգեցնում է փողի արժեքի ընկնելուն՝ նպաստելով գների արագ աճին: Գնաճը ցույց է տալիս ապրանքների և ծառայությունների փաթեթի գների փոփոխությունների ընդհանուր ազդեցությունը։ Քանի որ արժույթը կորցնում է իր գնողունակությունը, գները բարձրանում են, և ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ է հնարավոր լինում գնել:
Գնողունակության այս կորուստը ազդում է հասարակության ընդհանուր ծախսերի վրա, ինչը ի վերջո հանգեցնում է տնտեսական աճի դանդաղեցման: Տնտեսագետների շրջանում ընդունված է այն կարծիքը, որ կայուն գնաճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ երկրի փողի զանգվածի աճը գերազանցում է տնտեսական աճը:
Գնաճի դեմ պայքարելու համար երկրի համապատասխան դրամավարկային մարմինը, սովորաբար կենտրոնական բանկը, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում փողի և վարկի մատակարարումը կառավարելու համար թույլատրելի սահմաններում գնաճը պահելու և տնտեսությունը կայուն պահելու նպատակով:
Գնաճի հաշվարկը
Հայաստանի Հանրապետությունում գնաճի պաշտոնական ցուցանիշները հաշվարկվում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից։ Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) հիմնական խնդիրներից է գների կայունության ապահովումը, ՀՀ ԿԲ-ն նույնպես իրականացնում է գնաճի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ և հաշվարկներ։
Իրական տնտեսությունում գնաճը չափելու համար դիտարկում են սպառողական զամբյուղի 452 ապրանքների և ծառայությունների գները։ Այդ ապրանքների և ծառայությունների գները երբեք հավասարաչափ չեն փոխվում. մի մասը աճում է, մի մասը՝ նվազում, և այդ տարբեր փոփոխությունների «գումարային էֆեկտը» արտահայտվում է պաշտոնական գնաճի ցուցանիշում։
Այնպես որ պետք է տարբերել որոշ ապրանքների և ծառայությունների գների բարձրանալը ընդհանուր գնաճից։ Սպառողական զամբյուղը կառուցվում է այնպես, որ հնարավորինս ճիշտ արտացոլի ընտանիքների կողմից միջինում սպառվող ապրանքների և ծառայությունների ամբողջությունը։
Սպառողական զամբյուղի արժեքը բազային տարվա նկատմամբ արտահայտված տվյալ ժամանակահատվածում սպառողական գների ինդեքսն է (ՍԳԻ), իսկ ՍԳԻ-ի տոկոսային փոփոխությունը որոշակի ժամանակահատվածում` սպառողական գների գնաճը։ Այսինքն՝ վերջինս հաշվարկվում է ՍԳԻ-ի ներկա արժեքի և բազիսային արժեքի հարաբերությամբ։ Օրինակ՝ եթե բազային տարվա ՍԳԻ-ն 100 է, իսկ ներկայիս ՍԳԻ-ն` 110, գնաճը ժամանակահատվածում կազմում է 10 տոկոս:
Տոկոսային գնաճի մակարդակը = (ՍԳԻ տվյալ տարվա արժեք / ՍԳԻ բազիսային տարվա արժեք) * 100
Գնաճի դրական և բացասական կողմերը
Գնաճը կարող է ընկալվել դրական և բացասական տեսանկյունից՝ կախված նրանից, թե որքան արագ է տեղի ունենում փոփոխությունը և հատկապես ում է վերաբերում։
Այսպես՝ նրանք, ովքեր ունեն նշանակալի ակտիվներ, ինչպիսիք են արժույթով արտահայտված գույքը կամ ֆոնդային ապրանքները, կարող են օգուտներ քաղել գնաճի որոշակի մակարդակից, քանի որ վերջինս կբարձրացնի իրենց ակտիվների գինը, և հնարավորություն կտա ավելի բարձր գնով վաճառել։
Մյուս տեսանկյունից հակառակ կողմը՝ գնորդները, բնականաբար չեն ցանկանա ավելի բարձր գնով ձեռք բերել այդ ակտիվները։ Գնաճով ինդեքսավորված պարտատոմսերը ներդրողների համար գնաճից շահույթ ստանալու մեկ այլ տարածված տարբերակ են:
Չնայած բարձր գնաճը վնասում է տնտեսությանը՝ գնանկումը նույնպես ցանկալի չէ: Երբ գներն ընկնում են, սպառողները հետաձգում են գնումներ կատարելը, եթե կարող են՝ ապագայում կանխատեսելով ավելի ցածր գներ: Տնտեսության համար սա նշանակում է ավելի քիչ տնտեսական գործունեություն, արտադրողների կողմից եկամտի պակաս և ավելի ցածր տնտեսական աճ:
Տնտեսությունների համար ավելի նախընտրելի է գնաճի կայուն մակարդակը, որը նաև խթանում է ծախսելը խնայելու փոխարեն։ Եթե փողի գնողունակությունը ժամանակի ընթացքում ընկնում է, ապա սա կարող է ավելի մեծ խթան լինել տվյալ պահին ծախսելու խնայելու և ավելի ուշ ծախսելու փոխարեն: Արդյունքում մեծանում են ծախսերը, ինչն էլ խթանում է տնտեսական ակտիվությունը երկրում:
Տնտեսության բոլոր մասնակիցները՝ ձեռներեցները, աշխատողները, սպառողները և այլն, արտադրության, վաճառքի, գնման և պլանավորման որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն գնաճի և հնարավոր թանկացման հետևանքները։
Գնաճի անկայուն մակարդակը լրացուցիչ անորոշության և սպասումների առիթ կարող է հանդիսանալ։ Հետևաբար գների ընդհանուր մակարդակի սպասվող աճի շուրջ տնտեսական վարքը հետազոտելու, գնահատելու և ճշգրտելու համար ծախսված ժամանակն ու ռեսուրսները անխուսափելիորեն հսկայական ծախս են ներկայացնում ողջ տնտեսության համար:
Գնողունակության և գների այս հաջորդական փոփոխությունը, որը հայտնի է որպես «Կանտիլոնի էֆեկտ», նշանակում է, որ գնաճի ժամանակի ընթացքում ոչ միայն բարձրացնում է գների ընդհանուր մակարդակը, այլ նաև խեղաթյուրում է հարաբերական գները, աշխատավարձերը, որն էլ ավստրիացի մի շարք տնտեսագետների կարծիքով տնտեսության անկման ցիկլերի հիմնական շարժիչն է:
Տնտեսագետներից շատերն այժմ կարծում են, որ ցածր, կայուն և, ամենակարևորը, կանխատեսելի գնաճը լավ է տնտեսության համար: Իմանալը, որ ապագայում գները մի փոքր ավելի բարձր կլինեն, սպառողներին խթանում է ավելի շուտ գնումներ կատարելու, ինչը խթանում է տնտեսական ակտիվությունը:
Բազմաթիվ կենտրոնական բանկեր իրենց առաջ հիմնական նպատակ են դրել` պահպանել ցածր և կայուն գնաճը։
Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Միլենա Առաքելյան (Milena Arakelyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն