Գնաճի կամ գների բարձրացման պատճառ կարող են հանդիսանալ տնտեսության տարբեր գործոններ։ Սովորաբար գնաճը արդյունք է արտադրության ծախսերի կամ ապրանքների և ծառայությունների պահանջարկի մեծացման: Այլ կերպ ասած` գնաճն ամբողջական պահանջարկի և ամբողջական առաջարկի միջև առաջացած անհավասարակշռությունն է:
Փողի առաջարկի աճը գնաճի հիմքն է, չնայած դա կարող է տեղի ունենալ տնտեսության տարբեր մեխանիզմների միջոցով: Փողի առաջարկը կարող է ավելացվել դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինների կողմից տարբեր եղանակներով, ինչպիսիք են փողի քանակի ավելացում, երկրորդային շուկայում բանկերից պետական պարտատոմսեր գնելով և այլն։ Բոլոր նման դեպքերում փողը կորցնում է իր գնողունակությունը:
Քանի որ գնաճի պատճառները բազմազան են, ուստի նպատակահարմար է դրանք խմբավորել ներքին և արտաքին բնույթի պատճառների մեջ:
Գնաճի ներքին պատճառներից է.
- տնտեսության կառուցվածքային դեֆորմացիան, այսինքն, երբ սպառման առարկաներ արտադրող ճյուղերն ու արտադրություններն իրենց զարգացման տեմպերով հետ են մնում արտադրության միջոցներ արտադրող ճյուղերի զարգացման տեմպերից:
- Ներքին պատճառ է նաև այն, որ սպառողները սպասվող գնաճից խուսափելու համար սկսում են ավելի շատ ապրանքներ գնել և ընթացիկ սպառողական պահանջարկը ընդլայնվում է: Պահանջարկի մեծացման հետևանքով գները սկսում են բարձրանալ, միաժամանակ կրճատվում են խնայողությունները, հետևաբար և վարկային ռեսուրսները, ուստի և արտադրության ընդլայնումը կանխվում է: Ինչպես երևում է, գների բարձրացումը դառնում անխուսափելի:
Գնաճի արտաքին պատճառներից է ՝
- արտաքին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը՝ արտաքին առևտրից ստացվող եկամուտների կրճատումը և այլն:
Տնտեսության առաջարկի կամ պահանջարկի վրա ճնշումները կարող են նաև գնաճային լինել: Այդ պատճառով գնաճի առաջացման պատճառները քննարկվում են նաև պահանջարկի և առաջարկի տեսանկյունից։ Պահանջարկային գնաճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ փողի առաջարկի աճը խթանում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր պահանջարկին՝ ավելի արագ տնտեսական աճ ունենալու համար, քան տնտեսության արտադրական կարողություններն են: Սա մեծացնում է պահանջարկը և հանգեցնում թանկացումների:
Պահանջարկային ինֆլյացիան (գնորդների) առաջանում է նաև փողային և ոչ փողային գործոնների ազդեցությամբ: Փողային գործոններն են.
- արտադրության աճը գերազանցող փողի անվանական քանակության աճը,
- տնտեսավարող սուբյեկտների ինֆլյացիոն սպասումներով պայմանավորված փողի զանգվածի շրջանառության արագության աճը:
Ոչ մոնետար գործոններն են տնտեսավարող սուբյեկտների վարկի փոփոխությունը և ամբողջական պահանջարկի կառուցվածքային տեղաշարժերը: Պահանջարկի ինֆլյացիայի պատճառը ամբողջական պահանջարկի ավելցուկն է արտադրության իրական ծավալի համեմատությամբ:
Ինֆլյացիայի աճի պատճառ կարող է հանդիսանալ նաև պետական հատվածի, ինչպես նաև ռազմական համալիրի ընդլայնումը, որն ուղեկցվում է աշխատանքի արտադրողականության հետ չկապված աշխատավարձի ծավալի մեծացմամբ։
Տնտեսության մեջ որոշակի չափի արտադրանքի ֆիքսված գների ֆոնի վրա աշխատողների անվանական եկամուտների աճը ևս կարող է ինֆլյացիայի առաջացման գործոն դառնալ:
Արտադրությունը խաթարող առաջարկի ցնցումները (օրինակ՝ ի հետևանք բնական աղետների), որոնց արդյունքում բարձրանում են արտադրության ծախսերը (օրինակ՝ նավթի բարձր գները), կարող են նվազեցնել ընդհանուր առաջարկը և հանգեցնել «ծախսածին» գնաճի։ Առաջարկային գնաճը գործում է նաև արտադրական գործընթացի ներդրումների միջոցով։ Վերջինս տեղի է ունենում ամբողջական առաջարկի կրճատմամբ պայմանավորված միավոր արտադրանքի վրա կատարված ծախսերի մեծացման պատճառով:
Առաջարկային ինֆլյացիայի առաջ գալու մեխանիզմը բնութագրվում է նրանով, որ ծախսերի նախնական բարձրացման ժամանակ բարձրանում է գների մակարդակը և դրանից հետո միայն մեծանում է դրամական զանգվածը:
Սովորաբար ընդունված է գնաճը քննարկել միայն բացասական տեսանկյունից, մինչդեռ իրականում գների բարձրացումը նպաստում է նաև տնտեսական աճին: Հետևաբար գնաճը պետության համար մի լծակ է, որի օգնությամբ կարող է իրականացվել տնտեսական զարգացում: Նպաստելով գների և շահույթի նորմայի բարձրացմանը՝ սկզբում այն հանդես է գալիս որպես մրցակցության աշխուժացման գործոն: Զարգացած շուկայական երկրներում սողացող գնաճ դիտվում է որպես տնտեսական աճի դրական գործոն, մինչդեռ գնաճի մյուս տեսակները համարվում են բացասական երևույթներ:
Գների կայունության ապահովման նպատակով երկրների կենտրոնական բանկերը իրականացնում են դրամավարկային քաղաքականություն։
Գրականություն
Հեղինակ՝ Հերմինե Ֆանյան (Hermine Fanyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Նարինե Գալոյան (Narine Galoyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Էլեն Անտապյան (Elen Antapyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն