Ի՞նչ է պետական պարտքը
Ներկայումս զագացած շուկայական տնտեսությամբ երկրները բյուջեի պակասուրդի ծածկման նպատակով օգտագործում են ազատ դրամական միջոցների ներգրավման մեթոդը: Արդյունքում ձևավորվում է պետական պարտքը, որի կառավարումը վերածվում է պետության տնտեսական քաղաքականության կարևորագույն բաղադրիչի [1]:
Պետական պարտքը բարդ և բազմաբնույթ տնտեսական կատեգորիա է, որի ձևավորման հետ կապված պետական մարմինների և ֆինանսական հաստատությունների միջև ձևավորվում է հարաբերությունների բարդ և փոխկապակցված համակարգ՝ կապված այդ պարտքի սպասարկման և մարման՝ որպես լրացուցիչ ֆինանսական պարտավորության հետ:
Լինելով բավականին բազմաբնույթ տնտեսական երեւույթ՝ պետական պարտքը չի կարող դիտվել որպես բացառապես դրական կամ բացասական գործոն: Սա առավելապես պայմանավորված է այն գնահատելու դժվարությամբ: Անցյալի և ներկայի տնտեսագետները մեծ ուշադրություն են դարձնում տնտեսության վրա պետական պարտքի հնարավոր բոլոր ուղղակի և անուղղակի ազդեցությունների ուսումնասիրությանը:
Դեյվիդ Հյումը, անդրադառնալով պետական պարտքի խնդրին, նշել է, որ պետությունը պարտքի ներգրավման մեխանիզմին դիմում է պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար, քանի որ հարկերի բարձրացմամբ միջոցների ներգրավումը հասարակական դժգոհության տեղիք կարող է տալ, որն էլ ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը.
«Հետևաբար ցանկացած կառավարություն գրեթե անխուսափելիորեն չարաշահելու է պարտքը: Արդյունքում կամ ազգը կկործանի պետական պարտքը, կամ պետական պարտքը կկործանի ազգը» [2]:
Հյումի այս մոտեցումն իհարկե չափազանցված է, քանի որ մինչ օրս պարտքը չի ոչնչացրել որևէ ազգի, բայց դա մեծ վնաս է հասցրել մի շարք երկրների և այն պատճառով, որ նրա հետ անզգուշորեն են վարվել: Հյումը առաջին անգլիացի հեղինակներից մեկն էր, որը ուշադրություն հրավիրեց պետական պարտքի վրա: Նրան դուր չէր գալիս տարածված այն միտքը, որ «հասարակությունը չի աղքատանում պետական պարտքի պատճառով, քանի որ այն պարտք է հիմնականում իրենց, և ոմանց նրանք այնքան եկամուտ են բերում, որքան խլում են ուրիշներից»: Հյումը կտրականապես մերժում էր այս գաղափարը՝ այն հայտարարելով «մակերեսային համեմատության», «անսկզբունքային» արդյունք [3]:
Ադամ Սմիթը գտնում էր, որ պետական պարտքը համեմատելի է «միակողմանի փողոցի հետ՝ երբ մուտք գործես, չես կարող հետ դառնալ» [4]: Նրա տեսանկյունից ներքին և արտաքին պետական պարտքը հավասարապես բացասական ազդեցություն են ունենում տնտեսության վրա.
«Ասում են, որ հասարակության պարտքի տոկոսները վճարելիս աջ ձեռքը վճարում է ձախով: Փողը չի հեռանում երկրից և ազգը չի աղքատանում: Այս մոտեցումն ամբողջովին հիմնված է մերկանտիլիստական համակարգի բարդության վրա»:
Անուիտետի հանգամանքը
Ըստ Սմիթի՝ կառավարությունն իր պարտատերերին անուիտետ է վճարում սովորաբար ավելի բարձր տոկոսադրույքով, քան այլընտրանքային ներդրումների եկամտաբերությունն է: Անուիտետի ապահովության վրա փոխառություն վերցնելով կամ անուիտետը այլ մարդկանց վաճառելով պարտատերերը ստանում են նոր կապիտալ պետությանը վարկի դիմաց:
Բայց այս նոր կապիտալը պետք է որ գոյություն ունենար երկրում և, ինչպես ցանկացած այլ կապիտալ, օգտագործվեր տնտեսության մեջ: Դա նոր է պետության վարկատուների համար, բայց ոչ երկրի: Չնայած այն փոխարինում է պետությանը փոխառված կապիտալին, բայց արդյունքում երկրում ոչինչ չի փոխվում, ու միայն մի ձեռքից անցնում է մյուսը:
Սմիթը գտնում էր, որ սա հանգեցնում է երկրի աղքատացման: Նման արդյունքը հնարավոր է, եթե մենք ենթադրենք ինչպես Սմիթը, այսինքն՝ պետությունը, իր քաղաքացիներից կապիտալ փոխառելով, ոչնչացնում է այն:
Սակայն որոշ փորձագետներ գտնում են, որ պետք է հաշվի առնել նաև այն, որ փոխառված կապիտալը պետությունը կարող է ներդնել տնտեսության առավել արտադրողական ճյուղում և արդյունքում ստեղծել ավելի մեծ հավելյալ արդյունք, քան եթե այն մնար քաղաքացու ձեռքում:
Արտաքին պարտք
Ինչ վերաբերում է արտաքին պարտքին, ապա նրա տոկոսագումարների վճարումը Սմիթը դիտարկում էր որպես ազգային հարստության կորուստ կամ նվազում, քանի որ դրանք հոսում են այն երկիր, որը պարտքը սպասարկող երկրի վարկատուն է:
Սմիթը նշել է.
«Հսկայական պարտքերը, որոնք այժմ ճնշում են և երկարաժամկետ հեռանկարում գուցե ոչնչացնեն Եվրոպայի բոլոր մեծ ազգերին, առաջընթաց են ապրում» [5]:
Տնտեսագիտական գրականության մեջ առկա են պետական պարտքի սահմանման վերաբերյալ մի շարք մոտեցումներ։
Ըստ Բ. Ա. Հեյֆեցի՝ լայն իմաստով պետական պարտքը բնութագրվում է որպես պետության և նրա կողմից լիազորված մարմնի չմարված ֆինանսական պարտավորություններ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների (իրավաբանական և ֆիզիկական անձանց) նկատմամբ [6]:
Հայ գիտնականները նույնպես անդրադարձ են կատարել պետական պարտքի մեկնաբանմանը: Մասնավորապես Գ. Ե. Կիրակոսյանի, Հ. Բ. Ղուշչյանի և Ի. Տ. Տիգրանյանի տնտեսագիտական բացատրական բառարանում պետական պարտքը մեկնաբանվում է որպես երկրի կառավարության պարտքի ընդհանուր չափը արժեթղթերի տերերին, որը հավասար է անցյալում բյուջետային պակասուրդի գումարին՝ հանած բյուջետային ավելցուկը [7]:
Մեկ այլ մոտեցմամբ սահմանվում է, որ պետական պարտքը պետության ներքին և արտաքին պարտավորության մեծությունն է իր պարտատերերին [8]:
Վերոնշյալ սահմանումներն ամփոփվում են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում [9], ըստ որի՝ պետական պարտքը Կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի արտաքին պարտքի հանրագումարն է: Պետական պարտքի բաղադրիչներն են ներքին պետական պարտքը, արտաքին պետական պարտքը և պետական երաշխիքները:
Պետական պարտքի ներգրավման նպատակներն են՝
- պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը և ընթացիկ իրացվելիության ապահովումը,
- վճարային հաշվեկշռի աջակցությունը և պահուստների համալրումը,
- ներքին պետական պարտքի շուկայի պահպանումը և զարգացումը:
[1] Թորոսյան Թ., Սարգսյան Լ., Դավթյան Մ., Ֆինանսատնտեսական ճգնաամը և նրա բացասական դրսևորումները: Ֆինանսատնտեսական ճգնաամը Հայաստանում և աշխարհում, Երևան, ՀՀ ԳԱԱ, 2009, էջ 87 [2] Hume, David. Writings on economics. Edited and introduced by E. Rotuein, London, Thomas Nelson and Sons Ltd, 1955. [3] Hume, David, “Of Public Credit,” Essays Moral, Political and Literary, Vol.I, New ed.; London, 1882, p. 366. Original edition published in 1742. [4] Головачев Д.Л. Государственный долг: российская и мировая практика. М., 1998. С. 14. [5] A. Smith, An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations, 1776, Book Five, Charter I. Part 1, http://www.ecn.bris.ac.uk/het/smith/wealbk05 [6] Хейфец Б. А., Решение долговых проблем. Мировой опыт и российская действительноцть, Москва, 2002, стр. 9 [7] Գ. Ե. Կիրակոսյան, Հ. Բ. Ղուշչյան, Ի. Տ. Տիգրանյան, Տնտեսագիտական բացատրական բառարան, Երևան, Տնտեսագետ, 1999, էջ 342-343 [8] Аветисян И. А. Основы финансового менеджмента на макроуровне (вопросы теории и методологии). Вологда, 2001, с. 194 [9] «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք, https://www.arlis.am/documentview.aspx?docid=119036Գրականություն
Հեղինակ՝ Նարինե Պետրոսյան (Narine Petrosyan)
Պատկերազարդումների հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան (Syuzi Melkonyan)
Սրբագրիչ՝ Վահե Սալահյան (Vahe Salahyan)
Վիդեոխմբագիր և ընթերցող՝ Միլենա Առաքելյան (Milena Araqelyan)
© «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն