Այն թարգմանիչներին ու թարգմանության սիրահարներին, որոնք ընկճված են կորստի և խեղաթյուրման հռետորաբանությամբ, որ շարունակում է բնութագրել ներկայիս թարգմանական քննադատությունն Արևմուտքում (վիպապաշտության (ռոմանտիզմի) ժառանգությունը բնօրինակի հանճարեղության իր պաշտամունքով)․ պարզապես նայե՛ք խորհրդային հռետորաբանությանը՝ որպես բոլորովին տարբերվող բանի։ Դիտարկենք Անդրեյ Ֆյոդորովի [1] 1941 թվականի Գրական թարգմանության մասին մենագրության հետևյալ հատվածը.
Թարգմանությունը խորհրդային գրականությունում արտասովոր բարձր մակարդակի վրա է և կատարում է արտասովոր պատասխանատու խնդիրներ։ Սա է պատճառը, որ խորհրդային թարգմանիչների աշխատանքների վերլուծությունն ու մասնավորապես, նրանց առջև ծառացած խնդիրների ուսումնասիրությունը հետաքրքրական են թե՛ սովետական, թե՛ համաշխարհային գրականության համար: Սա բնական է, քանի որ սովետական գրականությունը միջազգային է: (1941:4)
Այս հաղթական տոնի համար պատճառներ շատ կան։ Մի կողմից, խորհրդային վարչակարգը մեծ կասկածանքով էր դիտարկում բնագիրը՝ դարձնելով թարգմանությունն այնպիսին, ինչպիսին բարդական հեղինակումն է՝ նվազ վտանգավոր այլընտրանք ռոմանտիկական հեղինակումի համար (տե՛ս Բեր 2015, գլուխ 5)։ Մյուս կողմից, վարչակարգը ընդունում էր թարգմանության կարևորությունը ժողովուրդների միջև փոխըմբռնման ու համերաշխության խթանման համար, ինչպես բազմալեզու, բազմազգ Խորհրդային Միությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Այլ կերպ ասած՝ թարգմանությունը խթանելով՝ վարչակարգը բարձրացրեց իր հեղինակությունը՝ որպես միջազգային կոմունիստական շարժման մայրաքաղաք: Եվ մինչդեռ ԱՄՆ-ում թարգմանությունները կազմում էին հրատարակված աշխատանքների միայն 3 տոկոսը, սովետները հրատարակեցին մեծ թվով արտասահմանյան ստեղծագործություններ՝ հաճախ հսկայական տպաքանակով։ Վիճակագրությունը ցնցող էր՝ ինչպես 1949 թ.-ին «Համաշխարհային խաղաղության գործի մասին» ելույթում պարծենում էր գրող Ալեքսանդր Ֆադեևը.
Համամիութենական գրքերի պալատի տվյալների համաձայն՝ 1917-1948 թվականներին, ասել է թե, նոր Ռուսաստանի գոյության ամբողջ ընթացքում, 206 ամերիկացի գրողի աշխատանք (խոսքը միայն գրականության մասին է) է թարգմանվել ռուսերենով և Խորհրդային Միության այլ լեզուներով։ Ընդհանուր առմամբ, հրատարակվել է ամերիկյան գրականության 2245 գործ՝ 39,709,000 օրինակ ընդհանուր տպաքանակով: Դրանց թվում՝ Ջեք Լոնդոնի ստեղծագործությունները տպագրվել են Խորհրդային Միության ժողովուրդների 29 լեզվով՝ 11,164,000 տպաքանակով, Էփթոն Սինքլերի աշխատանքները՝ 15 լեզվով՝ 2,951,000 տպաքանակով, [Էռնեստ] Թոմփսոն Սիթընինը՝ 21 լեզվով և 2,268,000 տպաքանակով, Մարկ Տվենինը՝ 22 լեզվով և 3,464,000 տպաքանակով, Օ․ Հենրիինը՝ 1,618,000 տպաքանակով, Թեոդոր Դրայզերինը` 501,000 տպաքանակով, Ջեյմզ Ֆենիմոր Կուպերինը՝ 452,000 տպաքանակով, Էրսկին Քոլդուելինը` 290,000 տպաքանակով, Սինքլեր Լյուիսինը՝ 276,000 տպաքանակով, Էդգար Ալլան Պոյինը՝ 204,000 տպաքանակով, Վաշինգտոն Իրվինգինը` 276,000 տպաքանակով, Լոնգֆելոյինը՝ 195,000 տպաքանակով, Սթենբեքինը՝ 375,000, Ուոլթ Ուիթմանինը` 104,000 տպաքանակով, Հեմինգուեյինը՝ 130,000 տպաքանակով, և Լանգսթոն Հյուզինը՝ 119,000 տպաքանակով: Այդպիսին է ռուս ժողովրդի հետաքրքրությունը ամերիկյան գրականության հանդեպ, որն առաջարկել է և այսօր էլ շարունակում է առաջարկել ամերիկյան ժողովրդի կյանքի անդրադարձումը։ (Ֆադեև 2013:84)
Այս սևեռումը թարգմանության վրա տեղի ունեցավ անմիջապես բոլշևիկների իշխանության գալուց հետո, ինչի մասին վկայում է 1918 թվականին՝ երկրի քաղաքացիական պատերազմի ֆոնին, Վսեմիրնայա Լիտերատուրա կամ «Համաշխարհային գրականություն» հրատարակչության հիմնադրումը: Չնայած հիմնադրման դժվար պայմաններին՝ հրատարակչությունն ուներ վերամբարձ ձգտումներ: Ինչպես 1923 թվականի իր ամենամյա զեկույցում նշել է հրատարակչության տնօրեն Ալեքսանդր Տիխոնովը.
Առաջին երկու տարիներին Հրատարակչությունն աշխատում էր մեծ մասշտաբով՝ 350 թարգմանիչ և խմբագիր․ տարեկան ընդունվում էր մինչև 2500–3000 տպագրական թերթ (ավելի քան 100 միլիոն նիշ): Մի կողմից, նման տպավորիչ ձեռնարկությունը անհրաժեշտ էր, քանի որ այն պետք է կատարեր Լուսավորության ժողովրդական կոմիսարիատի նկատմամբ իր պարտավորությունները․ համաձայն պայմանագրի՝ տարեկան պետք է տպագրվեր 300 հատոր (մեջբերված՝ Տյուլենև 2016:12)։
Ավելին, ձեռնարկության մասշտաբները առաջ բերեցին թարգմանության վերաբերյալ որոշ ամենավաղ համակարգված անդրադարձումներից՝ Կորնեյ Չուկովսկու և Նիկոլայ Գումիլյովի 1919 թվականի Գրական թարգմանության սկզբունքները և 1920-ի ընդլայնված հրատարակությունը՝ Դմիտրի Բոգդանովիչի հետ: 1941 թ.-ի դրությամբ թարգմանության տեսության և պրակտիկայի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, հինգ ռուսական մենագրություն էր ի հայտ եկել, ինչպես նաև բավականին մեծ թվով գիտական հոդվածներ. համեմատելի ոչինչ չկար արևմուտքի հետ, ուր միայն Երկրորդ աշխարհամարտից հետո սկսվեց այսօրինակ համակարգված անդրադարձումը։
Եվ այս տպավորիչ թվերի հետևում կար ավելին, քան պարզապես քարոզչությունը։ Թարգմանված գրականությունը հսկայական ժողովրդականություն էր վայելում խորհրդային ընթերցողների շրջանում։ Իրոք, Մորիս Ֆրիդբերգը ապացուցել է, որ հետստալինյան շրջանում խորհրդային քոլեջի և համալսարանի ուսանողները իրապես նախընտրում էին թարգմանված գրականությունը (Ֆրիդբերգ 1977:71)։ Արտերկիր ճանապարհորդության ու օտարերկրացի զբոսաշրջիկների հետ փոխազդեցության խիստ սահմանափակումների պայմաններում, չի կարելի թերագնահատել թարգմանված գրականության դերը խորհրդային ընթերցողների համար՝ օտար երկրների և ժողովուրդների հետ կապ, դեպի արտաքին աշխարհ պատուհան ապահովելու հարցում: Ինչպես նշում է Ֆրիդբերգը․ «ԽՍՀՄ-ում բնավ անսովոր չէ, որ թարգմանված արևմտյան գրականությունը՝ մասնավորապես հազվադեպ տպագրվող հին սիրված նյութերը, շատ արագ վաճառվում են գրախանութներում և շուտով հասանելի դառնում միայն սև շուկայում» (1977:275): Գրաքննության պատմությունը միայն բարձրացրեց օտարազգի հեղինակների համբավը, այսպիսով, երբ 1966 թ.-ին հայտնվեց Բոդլերի ռուսական հավաքածուն՝ մի քանի տասնամյակ անց այն բանից, երբ ֆրանսիացի բանաստեղծը համարվում էր persona non grata, 50,000 տպաքանակը վաճառվեց ժամերի ընթացքում (Վաններ 1996:5)։
Թարգմանության եզակի դերը միջմշակութային համերաշխության խթանման գործում, որը պաշտոնապես օգտագործվում էր խորհրդային վարչակարգի կողմից, և գոյություն ուներ ողջ խորհրդային շրջանում այլատյացության և գրաքննության աճի հետ մեկտեղ, իր արմատներն ուներ դեռ տասնութերորդ դարի վերջում: Այն փաստը, որ Ռուսաստանի հետզհետե ընդդիմակիր մտավորականությունը քաջածանոթ էր արևմտաեվրոպական լեզուներին (մեծ մասը 19-րդ դարի սկզբին տիրապետում էր ֆրանսերենին), թույլ էր տալիս նրանց թարգմանել, իսկ իբրև ընթերցող՝ համեմատել թարգմանությունը բնագրի հետ։ Ռուսաստանի մտավորականության առավել ընդդիմադիր հատվածը բաղկացած էր արևմտականներից, որոնք փնտրում էին Ռուսաստանի սոցիալական և քաղաքական խնդիրների պատասխանները արևմտաեվրոպական մտածողների մոտ՝ սկսած տասնութերորդ դարի վերջից, երբ մասոնականությունը և պիետիզմը տարածվեցին ռուսական բարձր խավերի շրջանում՝ ուղեկցվելով այդ շարժումների համար առանցքային մի շարք տեքստերի թարգմանությամբ։ Պիետիզմի վերելքը Ռուսաստանում բերեց Ռուսական աստվածաշնչային հասարակության հիմնադրմանը, որ նվիրված էր ժամանակակից ռուսերենով Աստվածաշնչի թարգմանությանը՝ Ռեֆորմացիայի ընթացքում Արևմտյան Եվրոպայում նման ջանքերի ունեցած բոլոր քաղաքական հետևանքներով հանդերձ։ 1824թ.-ին հասարակությունը փակվեց ցարի հրամանով։
1825թ.-ի դեկաբրիստների ձախողված ապստամբության նախօրեին Ռուսաստանի վերնախավը հիանում էր ֆրանսիական հեղափոխական պոեզիայով. այն առաջարկում էր նրանց քաղաքացիական գրականության մի մոդել, որում բանաստեղծը ակտիվորեն ներգրավված էր իր ժամանակների քաղաքականության մեջ: Դեպի ֆրանսիական հեղափոխական պոեզիայի այս հակումը շարունակվելու էր տասնիններորդ դարում՝ համալրված ամերիկյան աբոլիցիոնիստական պոեզիայի հանդեպ հետաքրքրությամբ, որը ռուսները օգտագործում էին թարգմանությունում իրենց սեփական «ազատության շարժման» (освобожденное движение) մեջ՝ վերջ դնելու համար ճորտատիրությանը, և ոչ միայն: Դիտարկեք Երկրորդ աշխարհամարտի շեմին բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի մեկնաբանությունը աքսորավայրից՝ Հարրիեթ Բիչըր Սթոուի «Քեռի Թոմի խրճիթը»-ի թարգմանությունը կարդալուց հետո․ «Այժմ՝ կյանքումս առաջին անգամ, կարդում եմ «Քեռի Թոմի խրճիթը» ամբողջությամբ։ Հիանալի գիրք է, համարձակ և լիովին ժամանակակից: Կարդում եմ Ֆոյխտվանգերի Jud Süss-ը՝ նույնպես ժամանակակից։ Բոլոր հանցանքները, բոլոր ցավերը աշխարհի չափ հին են» (մեջբերված՝ ՄըԿայ 2013:3)։
Այս երկու աշխատանքների առադրումը խոսուն է. այն աստիճան աբոլիցիոնիստական տրամասությունն արդեն «փոխառված էր» Հին Կտակարանից՝ Բաբելոնում հրեաների փոխարեն ունենալով սևամորթ ստրուկներին: Այս սուրբ պատմությունը, որը տարածվել է Աստվածաշնչի թարգմանությունների միջոցով, ազնվացնում էր աֆրոամերիկացիների դրությունը և խոստանում ազատագրում՝ վերադարձ «ավետյաց երկիր», որը փոխաբերական իմաստով ընկալվում է որպես ազատում կամ բառացիորեն՝ վերադարձ Աֆրիկա: Ամերիկյան աբոլիցիոնիստական գրականությունը, իր հերթին, ընկալունակ լսարան գտավ ոչ միայն Ռուսաստանում՝ ճորտատիրական իր ավանդույթով, այլ նաև Հնդկաստանի դալիթական կամ նախկին Անձեռնամխելիների շրջանում, որոնք ոգեշնչված էին դրանով կաստայական համակարգը փլուզելու իրենց ջանքերում՝ հանդես բերելով թարգմանության ունակությունը՝ լեզվական, էթնիկական և կրոնական ուղղություններով համերաշխություն հաստատելու հարցում (Կապուր 2004:13)։
Գրաքննության պայմանները ևս թարգմանությունը և գուցե մասնավորապես պոեզիայի թարգմանությունը, դարձրին արտոնյալ տեղ քաղաքական հարցերի հանրային քննարկման համար, քանի որ պարտավորվածությունն այդ աշխատանքների համար, կարելի է ասել, թուլացվել էր: Սա, իր հերթին, խթանեց հերմենևտիկայի պրակտիկան, որ հնարավորություն ընձեռեց ընտրյալ ընթերցողներին ամբողջությամբ բացահայտել այս աշխատանքների ընդդիմադիր բովանդակությունը և անդամակցել կամ վերահաստատել իրենց անդամությունը ընթերցողների այդ հատուկ համայնքին։ Սակայն այս թարգմանությունները չէին խոսում միայն թիրախային մշակույթի խնդիրների մասին․ այլ կերպ ասած՝ լիովին տեղայնացված և հարմարեցված չէին։ Դրանք պահպանեցին իրենց կապը սկզբնաղբյուրի մշակույթի հետ՝ այդպիսով ծառայելով որպես միջմշակութային համերաշխության դրսևորում: Սա մի բան է, որի կատարման համար թարգմանությունը թերևս եզակիաբար համապատասխանում է, սակայն մթնեցվում է այն մոտեցումներով, որոնք կա՛մ աղբյուրին են միտված, կա՛մ թիրախին: Ընդունելով թարգմանական աշխատանքներին հատուկ համերաշխությունը, համերաշխությունը, որը հաճախ ոգեշնչում է նրանց և միգուցե խթանվում նրանցից, մենք կարող ենք մտածել անդին նրանից, ինչը Կոբուս Մարաին բնորոշում է իբրև «տեղայնության և միեղենության անլուծելի հարախոհություն՝» (2014:3) տեղայնությունն ու միեղենությունը հասկանալով ոչ թե կամ/կամ-ի, այլ՝ և/և-ի առումով։ Որդեգրելով թարգմանական բարդ մոտեցումը՝ Մարաին պնդում է, ներկայացնում է «փիլիսոփայական դիրքորոշում, որը չի փորձում կրճատել ո՛չ մեկը շատի մեջ, ո՛չ էլ շատը՝ մեկի: Ավելի շուտ՝ հարախոհության փիլիսոփայություն է, որը պահպանում է և՛ մեկը, և՛ շատը, միեղենն ու դիպվածականը, իսկ թարգմանագիտության դեպքում՝ աղբյուրը և թիրախը, սեփականն ու ուրիշը՝ որպես իրականության բաղկացուցիչ մասեր» (2014: 22)։ Համերաշխությունը թույլ է տալիս պահպանել տեղայնությունն ու միեղենությունը չլուծված լարվածության պայմաններում՝ դարձնելով թարգմանությունը մշտապես ավելին, քան դրա առանձին մասերի հանրագումարը։
Թարգմանության այս առաջադեմ կողմը, որը հաճախ անտեսվում է արևմտյան գրվածքում՝ հօգուտ, իմ որակմամբ, ավելի պահպանողական «հավերժացման» թարգմանության (տե՛ս Բրոդսկի 2007), գուցե ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, որքան բանտային թարգմանությունում, որը ցավոք, արդի Ռուսաստանում ունի հարուստ ավանդույթ, որն անխափան շարունակվեց խորհրդային ժամանակաշրջանում: Ինձ հուզեց պաթոսը խցում փակված մեկի, որ արտաքին աշխարհի հետ կապ է հաստատում թարգմանության արարի միջոցով և շատ դեպքերում ցուցադրաբար շարունակում է զբաղվել այն հարցերով, որոնք բանտարկել են իրեն ճաղերի հետևում։ Փաստորեն, Լենինն իր բանտարկված աներոջը խորհուրդ տվեց ժամանակն անցկացնել թարգմանելով, քանի որ այն ժամանակ անցկացնելու և օտար լեզուներ սովորելու օգտակար միջոց էր (Ֆյոդորով 1953:74)։
Այնուամենայնիվ, Ռուսաստանում բանտային թարգմանությունների հարուստ ավանդույթ կար, և ինչպես արդեն նշեցի, հետաքրքիր կերպով շարունակական բնույթ էր կրում նախա և հետհեղափոխական Ռուսաստանում: Թարգմանության արդյունքում ծագած համերաշխության կապերը հնարավոր են դարձել էթնիկական, ռասայական և ազգային տարբերություններից անդին կարդալու, բազմատեսակ ճնշումների ներքո համայն մարդկությանը ճանաչելու կարողությամբ և պատրաստակամությամբ: Նման համերաշխությունը հատկապես ակնհայտ էր թարգմանիչ և հրապարակախոս Միխայիլ Միխայլովի (1825-1865) աշխատանքում, որը շարունակեց թարգմանել արմատական գործունեության համար բանտարկվելուց հետո և կարողացավ ծածուկ բանտ տեղափոխել աշխատանքները, որ այնուհետև կեղծանվան տակ տպագրվեցին: Արմատական վիճակակիցների համար, որոնք գիտեին, որ այդ թարգմանությունները կատարում է բանտարկված Միխայլովը, սա անհնազանդության ոգեշնչող գործողություն էր:
Միխայլովի՝ թարգմանության համար տեքստերի ընտրության առումով շշմեցնում է նրա՝ բոլոր ճնշված ժողովուրդների հետ ընդհանրություն գտնելու ունակությունը: Բանտում նրա կատարած թարգմանությունների թվում էին ստրկության վերացման դեմ բանաստեղծությունները՝ կապ ստեղծելով ռասայական ստրկության ամերիկյան ինստիտուտի և ռուսական ճորտատիրության ինստիտուտի միջև: Նա նաև թարգմանել է իռլանդացի բանաստեղծ Թոմաս Մուրի «Իռլանդական մեղեդիները»՝ ոգեշնչված 1798-ի իռլանդական ձախողված ապստամբությամբ, որը դաժանորեն ճնշվեց բրիտանացիների կողմից՝ կապ գտնելով Իռլանդիայի գաղութային իրավիճակի և Ռուսաստանի միապետության փորձառության միջև (Ֆատեև1969):
Մենք թերևս պետք է մեղադրենք մոդեռնիզմը և դրա ներշնչած «Նոր քննադատությունը» համերաշխության ամբողջ հարցին ուշադրություն չդարձնելու համար` բարձր արվեստի, մասնավորապես պոեզիայի ոլորտից հեռացնելով «գռեհիկ» քաղաքական մտահոգությունները: Թարգմանական ուսումնասիրությունների բնագավառում համերաշխությունը, ի վերջո, արժանի ուշադրությունն է ստանում կամավոր թարգմանության երևույթի ուսումնասիրության մեջ՝ սահմանված որպես «թարգմանություն, որն իրականացնում են մարդիկ իրենց ազատ կամքը կիրառելով թարգմանական աշխատանքում, որը չի վարձատրվում, պաշտոնապես կազմակերպված է և կատարվում է ի շահ այլոց» (Օլոհան 2014:19): Նման թարգմանությունների համար, որոնց նպաստում են Համաշխարհային ցանցի վերելքը և մասնավորապես առցանց ամպային համատեղ թարգմանական հարթակների առկայությունը, (տե՛ս Բաբիչ և այլք 2012) համերաշխությունը և՛ խթան է, և՛ նպատակ: Օրինակ՝ Օ՛Բրայենը և Շելերը (2010), իրենց իրականացրած՝ շահույթ չհետապնդող «Rosetta» հիմնադրամի համար կամավոր հիմունքներով թարգմանություններ կատարող 139 թարգմանիչների ուսումնասիրության ժամանակ բացահայտեցին, որ «կամավորներին դրդող հիմնական խթանը ցանկությունն է աջակցել այն գործին, որին միտված է կազմակերպությունը» (Կրեսպո 2015: 64):
Թարգմանագիտության շրջանակներում ուշագրավ փորձեր են կատարվել՝ հաղթահարելու թարգմանության դեմ ռոմանտիկ նախապաշարմունքը: Այս փորձերը հիմնականում կենտրոնացել են թարգմանչի խնդրի ստեղծագործական ասպեկտները շեշտելու վրա` թարգմանությունը՝ որպես գրելու ձև ներկայացնելու համար (Բասնեթ և Բուշ 2007; Քեննի, Բեր, և Թիմոցկո 2015): Այնուամենայնիվ, համերաշխության վրա կենտրոնացումն անգամ ավելի կարևոր ներդրում է թարգմանության և «բնօրինակի» միջև հարաբերությունների վերանայման մեջ, քանի որ, ինչպես կարելի է պնդել, սա մի բան է, որը թարգմանությունը բնօրինակից ավելի լավ է անում: Քանզի նույնիսկ երբ դիտարկում ենք գիրը որպես երկխոսություն ապագա ընթերցողի և անցյալի գրողի հետ, թարգմանության նախաձեռնած երկխոսությունն անպայմանորեն միջմշակութային է՝ դուրս գալով լեզվական և մշակութային սահմաններից այն բանի միջոցով, ինչը Գայատրի Սպիվակն անվանել է «ընթերցանության ամենաինտիմ ակտ» (Սպիվակ 1993: 183): Վերաձևակերպելով Անդրեյ Ֆյոդորովին՝ սա բնական է, քանի որ թարգմանված գրականությունն արդեն առհավետ միջազգային է:
[1] Խմբագրի կողմից․ Բնօրինակում խորհրդային հեղինակի անունը նշված էր Andrei Fedorov, հայերեն թարգմանությունում, սակայն, թարգմանելիս հիմք ենք վերցնում ռուսերեն Фёдоров տարբերակը:Ծանոթագրություն
Հղումներ
Թարգմանիչ՝ Մարիետա Ստեփանյան (Marieta Stepanyan), խմբագիր՝ Հեղինե Ալեքսանյան (Heghine Aleksanyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են։