2021 թվականի հունիսի 30-ին՝ StrategEast-ի նախաձեռնությամբ կայացավ «Արևելյան գործընկերության զարգացում» վերնագրված զեկույցի պաշտոնական ներկայացումը ուղիղ միացմամբ:
Վերջին մեկ տարվա ընթացքում «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը՝ իբրև Հայաստանի ներկայացուցիչ, Արևելյան գործընկերության մյուս անդամ պետությունների՝ Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցչական համայնքի հետ զուգահեռ իր ավանդն է ունեցել Արևելյան գործընկերության ապագայի տեսլականի և մի շարք առանցքային հարցերի շուրջ փորձագիտական կարծիքի ձևավորման, դրա հիման վրա ԵՄ-ԱլԳ եղած ծրագրերի բարելավման ու նոր նախաձեռնությունների մշակման հարցում: Նախաձեռնությունը՝ Միացյալ Նահանգներում գրանցված StrategEast կենտրոնինն է, որը հավաքելով նշված երկրներում ոչ պետական, տեղական կազմակեպությունների ներկայացուցիչների տեսակետները, մեկտեղել է դրանք «Արևելյան գործընկերության զարգացում» վերտառությամբ զեկույցում: Առցանց հանդիպման ժամանակ «Ինլայթի» կատարած աշխատանքներից խոսեց կազմակերպության վերլուծաբան՝ Հեղինե Ալեքսանյանը: Հարկ է նշել, որ ստեղծված զեկույցը տրամադրվելու է եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հնարավորություն ընձեռելով ստացված արձագանքների հիման վրա շտկել Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության բացերը, կանխել հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ավելի թիրախային ու հասցեական դարձնել համատեղ աշխատանքները՝ բարձրացնելով արդյունավետությունը:
2020 թվականը քաղաքական, տնտեսական և առողջապահական ճգնաժամի առաջ կանգնեցրեց թե՛ ԵՄ, և թե՛ ԱլԳ երկրներին, այդ թվում Հայաստանի Հանրապետությանը՝ ստիպելով վերանայել հանրային քաղաքականության իրենց մոտեցումները: Այս ամենը բնականաբար չի կարող իր արտացոլումը չունենալ միջտարածաշրջանային և միջազգային համագործակցության համատեքստում: Վերջին տարվա ընթացքում փոխվել են առաջնահերթությունները և հենց դրանց բացահայտմանն էին ուղղված StrategEast-ի հարցումներն այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ Նոր ընդհանուր տնտեսական տարածքը ԵՄ և ԱլԳ երկրների միջև, Թվային տնտեսության և հասարակության համաթիվը, Արևելյան գործընկերության ՏՏ ոլորտի կատարելագործումը, գենդերային կարծրատիպերի դեմ միասնական պայքարը, թվային շուկայում բաժանարարների նվազեցումը, անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության զարգացումը, ԱլԳ երկրներում Քովիդ-19 հաղթահարմանն ուղղված ԵՄ մակրոֆինանսական աջակցության փաթեթի վերանայումը:
Այս բոլոր հարցերին հայաստանյան դիրքից պատասխանելու հարցում իրենց շարունակական ներդրումն են ունեցել «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբաններ՝ Հեղինե Ալեքսանյանը, Հակոբ Հակոբյանը, Նարինե Պետրոսյանը, Գևորգ Գասպարյանը, Տաթև Ղազարյանը, Մարինե Ավետիսյանը:
Զեկույց. Արևելյան գործընկերության զարգացում (անգլերեն)
«Ինլայթ» ՀԿ-ի և StrategEast կենտրոնի համագործակցության շրջանակում հրապարակված նյութեր