«Ինչո՞ւ պատերազմ». թարգմանչական վերլուծություն

Ալբերտ Այնշտայնի՝ Զիգմունդ Ֆրոյդին ուղղված նամակի (Why War?)

և դրա հայերեն թարգմանության («Ինչո՞ւ պատերազմ»)

համեմատական ​​ուսումնասիրության ամփոփում

Նյութը հրապարակվում է «Ինլայթ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի շրջանակում:

Թարգմանությունը միասեռ գործընթաց չէ, ինչպես և տեքստի կազմաքանդումների ու վերստեղծումների հաջորդական շրջափուլերի կենտրոնում գտնվող թարգմանչի դերը միատարր չես անվանի: Ինքնին այդ դերը հասկանալը բավական բարդ է, քանզի թարգմանիչը մշտապես մնում է պատճառի (սկզնաղբյուր տեքստի) և հետևանքի (թարգմանության վերջնարդյունքի) մեջտեղում, ստվերում՝ անտեսանելի մնալով համապատասխանաբար այդ պատճառին և հետևանքին մոտ կանգնած հեղինակի և ընթերցողի համար: 

Ճանաչման այս անհնարինությունն էլ բերել է թարգանչի դերի` մինչ այժմ արդի մնացող սահմանման խնդրին: Ավելին, «թարգմանիչ» բառն իմաստավորող բնութագրիչների նախորոշման անկարողության արդյունքում սույն բառին հոմանիշների կերտման աղբյուր են դարձել թարգմանչի աշխատանքին ուղղված հեղինակի և ընթերցողի մեղադրանքները, իսկ դրանցից գլխավորը թարգմանչին հավասարեցնում է «դավաճանի»: 

Ո՞ւմ կամ ի՞նչն է թարգմանիչը դավաճանում: Սա է առանցքային հարցերից մեկը, որ եռամսյա պրակտիկայի ընթացքում պարբերաբար քննարկվել է ներխմբային հավաքների և բանախոսությունների ընթացքում՝ հիմնվելով մեծապես Անտուան Բեռմանի «Օտարության փորձընկալումը» աշխատության և թարգմանչի «մեղավորության» չափման` նրա առաջ քաշած ձևազեղծումների համակարգի վրա: Մյուս կողմից, քանի դեռ երրորդ կողմի համար ցրված չէ թարգմանչի դերի ընկալմանը խոչընդոտող մշուշը, և թարգմանիչն էլ հարկադրված է գործել մեղադրանքահեն հոմանիշների դրոշմով, թարգմանչի դերի միակ այլընտրանքային սահմանումը ունակ են տալ իրենք թարգմանիչները: Ինչո՞ւմ են հենց թարգմանիչները տեսնում իրենց դերը և ի՞նչ ասել է թարգմանչական ձեռագիր: 

Հենց այս հարցերի պարզաբանմանն էր ուղղված թարգմանչական պրակտիկայի վերջին առաջադրանքը, որում մեր պրակտիկանտները հանդես են եկել վերլուծաբանի դիրքից: Վերջիններս վերցրել են «Ինչո՞ւ պատերազմ» վերտառությամբ Ալբերտ Այնշտայնի և Զիգմունդ Ֆրոյդի միջև նամակագրության առաջին մասի հայերեն թարգմանությունը, և համեմատելով այն անգլերեն և ռուսերեն տարբերակների հետ, փորձել են, այդ նյութերի թարգմանիչների աշխատանքն ու կատարած ընտրությունները վերաիմաստավորելով, օրինաչափություններ վեր հանելով, ի վերջո գալ սեփական թարգմանչական ձեռագրի, հայացքի և դերի ճանաչմանն ու հասկացումին:

«Ինչո՞ւ պատերազմ» վերտառությամբ նամակի՝ որպես նախագծային աշխատանքի առարկայի ընտրությունը պայմանավորված է մերօրյա իրականության և հայ հասարակության համար դրա թեմատիկ խիստ արդիականությամբ, ինչպես նաև բնագրի յուրատիպ լեզվով և տոնայնությամբ, որն, իր հերթին, պայմանավորված է հեղինակի մտքի բացառիկ կառուցվածքով և նրա՝ հարցի ինքնօրինակ ընկալմամբ, ինչպես նաև գործի բավականին հետաքրքիր թարգմանությամբ:

Ալբերտ Այնշտայնի այս նամակը՝ Զիգմունդ Ֆրոյդին հրապարակվել է 1933 թվականին Մտավոր համագործակցության միջազգային ինստիտուտի կողմից: Այն, Ֆրոյդի պատասխանի հետ միասին, հանդիսանում է ինստիտուտի հովանավորությամբ իրականացված բաց նամակների միջազգային շարքի մի մասը, որոնցում ժամանակի առաջատար մտավորականները մտքեր էին փոխանակում գերակա խնդիրների շուրջ, որոնցից ամենակարևորը պատերազմի սպառնալիքն էր:

Նամակի հայերեն թարգմանությունը հրապարակվել է 2020 թվականին Սոցիոսկոպի կողմից (թարգմ.՝ Սոնա Մանուսյան): Այն թարգմանված է անգլերեն աղբյուրից, որը, գերմաներեն բնագրին զուգահեռ, համարվում է նամակի պաշտոնական երեք (գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն) տարբերակներից մեկը, որը ենթադրում է, որ գերմաներեն բնօրինակի լեզվական և ոճային առանձնահատկությունները հնարավորինս պահպանվել են անգլերեն տարբերակում։

Նախագծի շրջանակներում փորձ է արվել քննել թարգմանության հիմնական լեզվական առանձնահատկությունները՝ (անխուսափելի և կամայական) անճշտությունները (ըստ Բեռմանի ձևազեղծումների[1]), ինչպես նաև հասկանալ՝ արդյոք թարգմանությանը հաջողվե՞լ է հավատարիմ մնալ բնագրին, թե՞ հայերեն տարբերակը տեղայնացված ու ազգակենտրոն է։ Եթե առավել ազգակենտրոն է, ապա 1) կարելի՞ էր (անհրաժե՞շտ էր, անհնա՞ր էր) արդյոք խուսափել տեղայնացումից, 2) եթե անգլերեն տարբերակը իբրև չոր, մասնագիտական է ընկալվում, ապա ինչպիսի՞ն էր գերմաներեն բնօրինակը, և ինչո՞վ է պայմանավորված անգլալեզու լսարանի համար այդօրինակ չորության դյուրամատչելիությունն ու հեշտ ընկալումը, և հայերեն տարբերակի տեղայնացման միտումը։

Նախագծի մասնակից-թարգմանիչների կողմից հայերեն թարգմանության մեջ վեր են հանվել հիմնականում հետևյալ անճշտությունները (ըստ Բեռմանի ձևազեղծումների).

Որոշ բառեր/արտահայտություններ ավելացվել են, իսկ որոշ բառեր` վերափոխվել/բացատրվել (ընդարձակում և պարզաբանում):

Ձևազեղծումը ներկայացված է լուսաբանության օրինակով.

Experience proves that it is rather so-called “Intelligentzia” that is…

 

Իմ կենսափորձից ելնելով՝ հենց այսպես կոչված «ինտելիգենցիան» է, որ…

Իմ դերանվան ավելացումով, և փորձառություն բառը կենսափորձով փոխարինելով թարգմանիչը լուսաբանում է այն, ինչը բնօրինակը պահանջում է պահել անորոշ: 

Ինչպես նաև.

But my insistence on what is the most typical, most cruel and extravagant form of conflict between man and man was deliberate.

 

Սակայն ես գիտակցաբար եմ կանգնում մարդկային հանրությունների միջև կոնֆլիկտի ամենատիպական, ամենակորստաբեր ու անսանձ ձևի վրա:

Այս օրինակը կարելի է համարել երկարաձգում, կամ նույնիսկ լուսաբանություն: Նմանատիպ թարգմանությունը կարելի է բացատրել այսպես. թարգմանական պրոցեսի ընթացքում թարգմանիչը գայթակղվում է բնօրինակի վերլուծությամբ՝ փորձելով կատարել որոշ մտքերի բացատրություն՝ արդյունքում հանգեցնելով լուսաբանության/երկարաձգման՝ բացելով այն, ինչ ծրարված է բնագրում:

Հաշվի առնելով այն փաստը, թե ով է հեղինակը, և ինչպիսի մտքեր է արտահայտում բնօրինակում, այս դեպքում լավագույն տարբերակը կլիներ՝ կոնֆլիկտ մարդու և մարդու միջև, որն ավելի կընդգծեր Այնշտայնի մտահոգությունը մարդկանց միջև առաջացող պատերազմների հանդեպ:

Նախադասությունները, որոնք անգլերենում համադասական են, շատ հաճախ թարգմանված են որպես ստորադասական և հակառակը։ Դա միանգամայն տեղին կարող է դիտվել՝ նկատի ունենալով երկու լեզուների նախադասության կազմության տարբերությունները: Նման երևույթ կարելի է հանդիպել այս օրինակում.

The ill-success, despite their obvious sincerity, of all the efforts made during the last decade to reach this goal leaves us no room to doubt that strong psychological factors are at work, which paralyse these efforts.”

 

«Նախորդ տասնամյակում այս նպատակին հասնելուն ուղղված բոլոր ջանքերի ձախողումը, չնայած դրանց վստահաբար անկեղծ մտադրությանը, պարզորոշ ցույց է տալիս, որ այստեղ գործում են այդ փորձերը կաթվածահար անող ազդեցիկ հոգեբանական ուժեր»: 

Եթե համեմատենք անգլերենից հայերեն շատ թարգմանություններ կնկատենք, որ հաճախ հենց երկու լեզուներում նախադասության կազմության հաշվին տողերի կամ էջերի քանակը տարբերվում է, և ակնառու է դառնում հայերեն լեզվի ավելի երկար շարադասություն: Կարծում եմ, սա նաև գործ ունի այն մտքի հետ, որ թարգմանությունը նաև բացատրություն է և պարունակում է, այդ թվում, բնօրինակի որոշակի վերլուծություն: 

Պետք է նաև նշել, որ միշտ չէ, որ ձևազեղծման առկայությունը բերում է ազգակենտրոն թարգմանության. երբեմն այն պարզապես առաջացնում է իմաստային կամ նրբերանգային աղավաղումներ՝ ազդելով նյութի (այդ թվում՝ թարգմանության լեզվում) ընկալման վրա, ինչպես օրինակ կրոնական կազմակերպություններ արտահայտության դեպքում:

Որոշ իդիոմատիկ արտահայտություններ/դարձվածքներ տեղայնացվել են/փոխարինվել (մոտավոր) համարժեքներով:

Այս ձևազեղծումները, մեծ մասամբ, կատարվել են նամակի մասնագիտական չոր լեզուն  հայ լսարանին առավել դյուրահաղորդ ներկայացնելու նպատակով՝ ապահովելով ծանոթ բառամթերք: Նամակի յուրահատուկ լեզվի և ոճի ֆոնին հատկապես աչքի են ընկնում արտահայտություններ, ինչպիսիք են. հաշվի նստել, ձեռքի տակ են, կանգնում եմ այս ձևի վրա, դեմ եմ առնում: Կարելի է ասել, որ հատկապես բանականացման օրինակները հանգեցրել են ազգակենտրոն թարգմանության: 

Կան դեպքեր, երբ թարգմանությունը կրում է ավելի մեծ լեզվական լիցք, քան բնագիրը:

«Այս միջոցներով այն կառավարում և ուղղորդում է զանգվածների հույզերը, դրանք դարձնում իր կամազուրկ գործիքը»։

 

 “This enables it to organize and sway the emotions of the masses, and make its tool of them.”

Այս օրինակում ակնառու են թարգմանչական տարբերությունները։ Անգլերեն sway բառը թարգմանվում է որպես «տիրել, իշխել»։ Վերոնշյալ համատեքստում իմաստը հետևյալն է՝ այս միջոցները կառավարում, ուղղորդում են հույզերը, այսինքն՝ իշխում են դրանց։ Այս ամենի արտահայտչականությունը հայերենում արտահայտվում է մեկ բառով՝ «կամազուրկ»։ Այսինքն այս ավելացումը մի հնարք է, որն ավելի է ուժեղացնում նախորդ երկու բայերի իմաստները։ Եթե մեկնաբանենք ըստ Բեռմանի, ապա թարգմանիչն այստեղ դիմել է լուսաբանության՝ լրացուցիչ պատկերավոր բառի ներմուծմամբ, ևս մեկ անգամ ընթերցողի ուշադրությունը հրավիրելով գործիքի ազդեցության վրա: 

Երկու լեզուներով նյութի ընթերցանության ժամանակ կարելի է նկատել, որ անգլերեն տարբերակում օգտագործվել են հնարավորինս պարզ բառեր: Դժվար է նույնը ասել հայերենի համար: Լինելով հայոց լեզվի կրող՝ կարելի է նկատել թարգմանչի հակվածությունը «ճոխ»  ու հնչեղ բառապաշարի օգտագործմանը: 

Առկա են նաև բանականացման դեպքեր: 

It is common knowledge that, with the advance of modern science, this issue has come to mean a matter of life and death for civilization as we know it; nevertheless, for all the zeal displayed, every attempt at its solution has ended in a lamentable breakdown.

 

Արդեն հանրահայտ է, որ արդի տեխնիկական առաջընթացի հետ այս խնդիրը գոյության հարց է դարձել մարդկային քաղաքակրթության համար։ Ողջ եռանդով հանդերձ, սակայն, դրա լուծմանն ուղղված բոլոր ջանքերը մինչ այժմ սոսկալիորեն ձախողվել են։

Այս նախադասությունը բանականացման առնվազն երեք օրինակ է պարունակում. առկա են նախադասության կառուցվածքային փոփոխություններ՝ կոնկրետ իմաստի վերածում վերացականի, իմաստի նեղացում և գոյական անունի փոխարեն բայի կիրառում: Բնօրինակում առկա matter of life and death արտահայտությունը շատ կոնկրետ իմաստ է արտահայտում, որը, սակայն, հայերեն թարգմանության մեջ ավելի վերացական իմաստ է ստացել՝ կորցնելով կյանքի և մահվան հստակ իմաստը, ընդամենը սահմանափակվելով լինելիության կամ առկայության իմաստով: Կամ the advance of modern science արտահայտությունը արդի գիտական առաջընթացի փոխարեն թարգմանված է տեխնիկական աոաջընթաց՝ բերելով իմաստի նեղացման: 

Հաջորդ օրինակը ստորև.

…the schools and press, usually the Church as well.

 

…դպրոցները, մամուլը և մեծամասամբ նաև կրոնական կազմակերպությունները։

Այստեղ ևս առկա է բանականացում՝ եկեղեցու փոխարեն կիրառված է կրոնական կազմակերպություններ արտահայտությունը, որը, իհարկե,  առաջացնում է իմաստային աղավաղում:

Experience proves that it is rather the so-called “Intelligentzia” that is most apt to yield to these disastrous collective աsuggestions…”

 

«Իմ կենսափորձից ելնելով՝ հենց այսպես կոչված «ինտելիգենցիան» է, որ առավել հակված է տրվելու այս աղետաբեր կոլեկտիվ ներշնչանքներին…»

Այս ձևազեղծումը կարելի է մեկնել նաև իբրև լուսաբանություն: Experience բառը հայերենում լրացուցիչ մասնավորեցում է ստացել՝ դառնալով «իմ կենսափորձ»: Կարծում եմ, այստեղ «իմ» դերանվան ավելացումը բավականին տեղին է, քանզի մատնանշելով այն՝ թարգմանիչը հեղինակի ու ընթերցողի միջև ևս մեկ անգամ կապ է հաստատում: Ինչ-որ տեղ այն նույնիսկ ունի ոճական հնարք. որոշակի պատկանելիություն է ավելացնում: Իսկ «կենսափորձ» բառը, միանշանակ, ավելի է սաստկացնում Experience բառի իմաստային գործածությունը՝ դարձնելով  հայ լսարանի ականջին ավելի բարեհունչ:

Ամփոփելով կարելի է ասել, որ թարգմանությունները երբևէ չեն կարող կատարյալ լինել: Սխալներն ու սայթաքումներն անխուսափելի են. կարող են առաջանալ անճշտություններ և անհամապատասխանություններ: Սակայն կարևորը թարգմանչի միտումն ու նպատակն է. մնալ հավատարիմ բնագրին, թե՞ տեղափոխել բնագիրը սեփական լեզվի դաշտ և հարմարեցնել այն թիրախ լեզվի «կարգուկանոնին»։

Թեև նախագծի մասնակիցները միակարծիք չեն, սակայն ծավալված բուռն քննարկումներից կարելի է ենթադրել, որ սույն նամակի հայերեն թարգմանությունը, չնայած տեղ գտած անճշտություններին, բնագրի հոգեհուզական և տրամաբանական-գիտական տոնայնության բավականին հավասարակշռված և քիչ թե շատ բնական արտացոլումն է: Թեպետև առկա են տնայնացման դեպքեր, այնուամենայնիվ, հայ ընթերցողի համար թարգմանությունը բավականին «օտար» հնչողություն ունի։ Թարգմանչին ընդհանուր առմամբ հաջողվել է հնարավորինս հավատարիմ մնալ աղբյուրին՝ պահպանելով «ստեղծագործության ձայնը», բնագրի յուրահատուկ ոճն ու լեզվամշակութային յուրահատկությունները։

*

Ներկայացված օրինակները ծրագրի մասնակիցներ Հասմիկ Խաչատրյանի, Դիանա Նիկոլյանի և Սյուզաննա Մաթևոսյանի վերլուծական աշխատանքներից են։

Հղումներ

[1] Անտուան Բեռման, Օտարութեան փորձընկալումը. Մշակոյթ և թարգմանութիւն վիպապաշտ Գերմանիոյ մեջ (թարգմ.՝ Րաֆֆի Աճէմեան եւ Մարկ Նշանեան, հրատարակությունը՝ Սարգիս Խաչենց.ՓՐԻՆԹԻՆՖՈ. 2017):

Ծրագրի ամփոփագրին ծանոթացեք այստեղ։


Նյութը պատրաստեցին՝ Հեղինե Ալեքսանյանը և Մերի Պետրոսյանը։