Թարգմանչական և խմբագրական պրակտիկա #2

Թարգմանչական և խմբագրական պրակտիկա #2

Ամփոփագիր

2021 թվականի մայիսի 10-ին մեկնարկեց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի կողմից կազմակերպված թարգմանչական և խմբագրական 3-ամսյա պրակտիկան։ Պրակտիկան համակարգվում էր Կազմակերպության Թարգմանիչների բաժնի կողմից աշխատանքների կազմակերպման հեռավար և հեռահար եղանակներով:

Այս անգամ պրակտիկան անցկացվեց Թարգմանչական «գարուն» խորագրի ներքո: 

Որպես նպատակ սահմանվել էր թարգմանչական աշխատանքի իրականացման տեսական, մեթոդաբանական և պրակտիկ պատկերացումների ձևավորումից անդին թարգմանչական մտքի և ձեռագրի կազմավորումը, և այդ նպատակին էր միտված պրակտիկայի բազմաշերտ ծրագիրը։

Մասնակիցների ընտրությունը

Մասնակիցների ընտրության հիմքում է եղել նախ նրանց լրացրած հայտադիմումը, ապա այդ փուլը հաղթահարած դիմորդները հնարավորություն են ստացել անցնել հաջորդ՝ հարցազրույցի փուլ։ 

Ընդհանուր առմամբ մենք ստացել ենք մասնակցության 63 հայտ, որոնցից ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարել է 9 հայտ։ 

Բուն պրակտիկայի ընթացքը

Ծրագրի արդյունավետությունն ու ստեղծագործականությունն ապահովելու նպատակով այն բաժանված է եղել երեք փոխկապակցված փուլերի:

Առաջին  փուլ | Մայիսի 10-Հունիսի 6

Այս ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է Կազմակերպության գործունեությանը, թարգմանիչների և խմբագիրների բաժնի անդամների գործառույթներին և կանոնակարգերին, իրականացվել է ծրագրի ընդհանուր աշխատանքների ներկայացում՝ տեխնիկական և գաղափարային, ինչպես նաև մասնակիցները ստացել են անհրաժեշտ գործիքակազմն ու աշխատանքային փաթեթները: Հետագայում՝ ծրագրի ամփոփման փուլում, մասնակիցները կփաստեն, որ աշխատանքների գործիքակազմը համարժան լրացում է ծրագրի արդիականությանն ու չափանիշներին։

Ներածական փուլն ամփոփվեց թարգմանիչ Լիլիթ Արսենյանի «Մեկ նյութի թարգմանման պատմություն»-ով և գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանի «Թարգմանիչների առաջ բերած հիմնական աղավաղումները օտարը թարգմանելիս՝ ըստ Բեռմանի» թեմայով բանախոսությամբ։ Վերջինիս արդյունքները լայնորեն օգտագործվել են մասնակիցների կողմից ավարտական վերլուծական աշխատանքն իրականացնելիս։ 

Այսպիսով՝ կատարելով փորձնական անհատական և խմբային թարգմանություններ,  համագործակցելով բաժնի թարգմանիչ-խմբագիրների հետ, ընթերցելով և քննարկելով թարգմանչության վերաբերյալ տեսական նյութեր՝ ներածական փուլի ընթացքում մասնակիցները հանդես են եկել բուն թարգմանչի դերում։

Երկրորդ փուլ | Հուլիսի 7-30 

Երկրորդ փուլը նոր փորձությունների, ձևաչափերի և դերերի շրջան էր։ 

Առաջին փորձությունը տեսաձայնագրությունների թարգմանությունն էր, որի տեսական մասի ապահովմանն էին միտված գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանի՝ թեմային համարժեք բանախոսությունները և կազմակերպված քննարկումները, մասնավորապես Մարկ Նշանյանի «Թարգմանել օտարության մեջ» դասախոսության ունկընդրումը և տեսալսողական նյութերի թարգմանության չափանիշների հակիրճ ներկայացումը։ Քանզի այս փուլում պրակտիկայի մասնակիցները հանդես էին գալու խմբագրի դերում՝ աշխատելով մեկը մյուսի տեսաձայնագրության թարգմանության խմբագրման վրա, կազմակերպվեց բաժնի անգլերեն լեզվի գլխավոր խմբագիր Մարինե Օհանջանյանի բանախոսություն-քննարկումը նախորդ պրակտիկայի նախագծային աշխատանքի՝ “Human” («Մարդ») ֆիլմի խմբագրական նրբությունների շուրջ։ Հետագայում մասնակիցներն աշխատել են նաև խաղ-քուիզերի թարգմանության ուղղությամբ։ 

Ծրագրի նման ձևաչափային ընդգրկումը մասնակիցները բարձր են գնահատել թե՛ արդիականության, թե՛ բովանդակային տարաբնույթության տեսանկյունից։  

Երրորդ փուլ | Հուլիսի 3-Օգոստոսի 10

Տվյալ փուլի ընթացքում մասնակիցները հանդես են գալիս հետազոտողի դերում՝ ստեղծագործելով և վերլուծելով: Նախ իրականացվում է Ռոբերտ Ֆրոսթի «Պատի նորոգումը» (“Mending Wall”) բանաստեղծության թարգմանությունը, սակայն տարբերվող տեսանկյունից: Մասնակիցների մի մասը, մի կողմից, խնդիր ունեին կազմաքանդել բանաստեղծության ձևը, իրականացնել թարգմանությունը արձակի պես առավելագույնս պահպանելու համար իմաստային բաղադրիչը, իսկ մյուս մասը՝ պահպանելու էին չափը՝ կարծես թե յամբական կառուցվածքով՝ զոհելով իմաստային ճշգրտությունը ձևի պահպանման համար: Բանաստեղծության լավագույնս իրականացված թարգմանություններին կարող եք ծանոթանալ թվային ամսագրում։ 

Աշխատանքների բովանդակային տեսական լրացումն իրականացնելու համար մասնակիցները քննարկեցին որոշ հարցեր կազմակերպության վերլուծաբան Մարինե Խաչատրյանի «Թարգմանիչը՝ գաղտնի գրող» թեմայով և բաժնի ֆրանսերեն լեզվի խմբագիր Լուսինե Աղաջանյանի «Թարգմանության/Խմբագրության առանձնահատկություններ, վերլուծության տեխնիկաներ» թեմայով բանախոսությունների ընթացքում։ 

Փոխլրացնելով ծրագրի տեսական և պրակտիկ բաղադրիչները պրակտիկայի մասնակիցները հասան իրենց նախագծային աշխատանքին, այն է՝ Այնշտայն-Ֆրոյդ «Ինչու՞ պատերազմ» նամակագրության թարգմանության վերլուծությամբ վեր հանել նամակագրության երկլեզու թարգմանությունների հաջող և անհաջող հատվածները՝ հենվելով տեղի ունեցած բանախոսությունների և հատկապես Բեռմանի «Թարգմանիչների ձևազեղծումները» սխեմայի վրա:

Ամփոփում

Այսպիսով՝ մասնակիցներից պրակտիկան հաջողությամբ կարողացան հաղթահարել միայն 4-ը։ Նրանց հանձնվեցին երկլեզու հավաստագրեր օգոստոսի 21-ին ամփոփիչ հանդիպման ժամանակ։ 

Հեղինե Ալեքսանյան

«Շնորհակալ ենք բոլորիդ ներդրման, ձգտման և աշխատանքի համար: Անչափ հետաքրքիր էր ձեզ տեսնել և բացահայտել թարգմանիչ-հետազոտողի, թարգմանիչ-գրողի, թարգմանիչ-ընթերցողի, թարգմանիչ-վերլուծողի, խմբագրի և ի վերջո հարցադրողի դերում: Թե ինչ քաղեցիք այս ամիսներին յուրաքանչյուրդ, խիստ անհատական է, և վստահ եմ՝ միջնաժամկետ կտրվածքում էլ դեռ կդրսևորվի: Լիահույս եմ, որ ի սրտե սիրում եք թարգմանել և կշարունակեք ամեն նյութի հետ հղկել ձեր սեփական աշխատանքային ձեռագիրն ու այն բոլոր որակները, որի սաղմերը ձեր առաջին աշխատանքներում դրեցիք»:

Մերի Բաբայան

«Մեր փորձառության ընթացքում սա երկրորդ թարգանչական և խմբագրական պրակտիկայի ծրագիրն էր, որ հաջողությամբ ավարտեցինք։ Յուրաքանչյուրն իր ծրագրային և մասնակցային տեսանկյունից առանձնանում էր յուրահատուկ «բույրով»։ Մենք ուրախ ենք, որ ինչ-որ չափով կարողացանք մասնակիցների համար թարգմանչական և խմբագրական փորձառության ուղեծիր ապահովել, և նրանց հետ ոչ պակաս ուշագրավ հետագա համագործակցության հույսեր ունենք»:

Սպասելիքներ և արդյունքեր

Պրակտիկայի մեկնարկին մասնակցիները կազմել էին նպատակների և ակնկալիքների փոքրիկ դիագրամ․

Նախանշված նպատակներ

Ամփոփման ընթացքում մասնակիցները նշեցին, որ ծրագրից ստացած արդյունքները լիարժեքորեն համապատասխանում են նախանշված նպատակներին և առաքելությանը։ Նրանք նաև առանձնացրին թարգմանչի մի քանի կարևորագույն հմտություններ, որոնք ձեռք են բերել պրակտիկայի ընթացքում կամ հենց այդ հմտություններով են տեսում հաջողված թարգմանչին․

Թարգմանչի հմտություններ

Պրակտիկայի լավագույն աշխատանքներից արդեն իսկ հրապարակվել են հետևյալները.


Ներկայացնում ենք նաև «Թարգմանչական և խմբագրական պրակտիկա» ծրագրի նախագծային աշխատանքը՝  թվային ամսագիրը։

«Թարգմանչական գարուն» թվային ամսագիր

«Ինլայթ»-ի թարգմանիչների թիմին միանալու համար անցեք հղմամբ: