Հոկտեմբերի 2-ին «Վերնատուն» հաղորդման շրջանակներում Հանրային ռադիոյի հյուրերն էին «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը և թարգմանիչների ու խմբագիրների բաժնի գլխավոր խմբագիր Հեղինե Ալեքսանյանը։ Հաղորդման ընթացքում արծարծվեցին կազմակերպության գործունեությանը, նրա առջև ծառացած հիմնախնդիրներին, թարգմանչությանը, թարգմանչի ձեռագրին, կազմակերպության կողմից արված թարգմանություններին առնչվող հարցեր։
Հաղորդման սկզբում գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը անդրադարձավ «Ինլայթ»-ի ստեղծման, ձևավորման և զարգացման պատմությանը՝ նշելով, որ կազմակերպության առջև դրված խնդիրները, ժամանակի ընթացքում մնալով նույնը, այժմ ավելի վերաիմաստավորվում և վերաարժևորվում են։ Լինելով հանրային և պետական շահը սպասարկող կազմակերպություն ու հիմնվելով Լուսավորականության շրջանի գաղափարների վրա՝ «Ինլայթ»-ը համախմբում է այնպիսի մարդկանց, երիտասարդների, որոնք խիզախում են մտածել և գործել՝ իմաստավորելով իր «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսը։
Կազմակերպությունը, կարևորելով հանրային ֆունկցիոնալ մտքի կազմակերպումը, փորձում է ինքնուրույն ստեղծել դրա և՛ պահանջարկը, և՛ առաջարկը։ Ի սկզբանե լինելով վերլուծական կենտրոն և իր շուրջը համախմբելով տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդների՝ միջազգայնագետների, քաղաքագետների, տնտեսագետների, պատմաբանների, մշակութաբանների, որոնք քննարկումների արդյունքում վեր էին հանում երկրի համար օրակարգային խնդիրները և ներկայացնում արժեքավոր վերլուծություններ այդ հարցերի շուրջ, «Ինլայթ»-ն այդ ամենին առընթեր այժմ իրականացնում է նաև արտասահմանյան հեղինակավոր պարբերականների, անվանի տեսաբանների, վերլուծաբանների հոդվածների թարգմանությունը՝ փորձելով լրացնել հայերեն գիտական հոդվածների, նյութերի առկայության պակասը։
Հեղինե Ալեքսանյանը, խոսելով թարգմանությունների և թարգմանիչների մասին, տարբեր գիտակարգերում սեփական տեսությունները ստեղծելու համար նախ և առաջ կարևորեց թարգմանության միջոցով համապատասխան եզրերի հայերեն տարբերակների ստեղծումը։ Արժևորելով հետազոտող-թարգմանիչների առկայության և թարգմանության որակի կարևորությունը՝ Հեղինեն առանձնացրեց առկա գլխավոր խնդիրները՝ թարգմանչի առջև ծառացած թարգմանության նպատակի բացահայտումը, թարգմանության մեթոդի ընտրությունն ու թարգմանչական ձեռագրի ձևավորումը։ Հեղինեն նշեց նաև, որ «Ինլայթ»-ում յուրաքանչյուր վերլուծաբան, թարգմանիչ, խմբագիր ազատ է առաջարկել իր կարծիքով օրակարգային կամ արդիական հոդված և նախաձեռնել դրա թարգմանական ու խմբագրական գործընթացը։
Անդրադառնալով «Ինլայթ»-ի կողմից իրականացված նշանավոր գերմանացի քաղաքական տեսաբան Կարլ Շմիթի «Զրույց իշխանության և տիրակալի հասանելիության շուրջ» ռադիոէսսեի ռուսերենից հայերեն թարգմանությանը՝ Աննան հայտնեց նաև այս տարվանից հրատարակչական գործունեությանը ձեռնամուխ լինելու մասին։
Հանդիպման վերջում խոսելով պետության հետ համագործակցության մասին՝ շեշտվեց, որ նման հանրային հետազոտական կենտրոնների հետ և, առհասարակ, նման ոլորտներում պետության դերը, վերջինիս ավելի նախաձեռնող ու արձագանքող լինելը խիստ կարևոր է։
Պատրաստեց Մարիամ Մանուկյանը