Թարգմանչի միջազգային օրվա խորհրդով «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ Թ.հավաք միջոցառումը։
Հանդիպման նպատակն էր՝ ամփոփելով բաժնի գործունեությունն ու Թ.ինքնեկ նախագիծը վերաիմաստավորել թարգմանչական բնագավառը բաժնի և համայնքի ներկայացուցիչների հետ քննարկման միջոցով։ Արդ, հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձան հարցերի, ինչպիսիք են․
- թարգմանչությունն ընդունել որպես արհեստ, թե՞ արվեստ,
- ի՞նչ առաքելություն է իր վրա վերցնում թարգմանիչը,
- թարգմանչի դերի կարևորությունը՝ որպես միջնորդ ընթերցողի և հեղինակի միջև,
- արդյո՞ք կարելի է ասել, որ թարգանիչն առավել առաջատար դիրքում է, քան հեղինակը։
Այս և այլ հարցադրումներ քննարկեցին հանդիպման ներկաները ակտիվ հարց ու պատասխանի, ինչպես նաև Հեղինե Ալեքսանյանի կողմից փոքրիկ բանախոսության ձևաչափում։
Հանդիպման երկրորդ մասում ամփոփվեց Թ.ինքնեկը՝ բաժնի փոդքասթային նախագիծը․ թարգմանչական և խմբագրական գործիքների, հասկացությունների և հարցադրումների աուդիո շտեմարան, որ ներկայացվում է թարգմանիչ-խմբագիր ամենատարբեր թեմաների շուրջ քննարկման միջոցով՝ հիմնված «Ինլայթ»-ի թարգմանչական և խմբագրական բաժնի անդամների փորձի վրա: Այս ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան քվեարկումների միջոցով ընտրել «փոդքասթ» բառի հայերեն համարժեքը՝ «փոխարձակ»։
Հանդիպման վերջում մասնակիցները փորձեցին սահմանել թարգմանչի սեփական բանաձևը, վերանայել, հաստատել կամ բացառել ներկայացված տարբերակները։ Հետաքրքրական էր «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Այդինյանի ձևակերպումը․
Թարգմանչի աշխատանքը նման է հաշվարկման երկուական համակարգին. ինչպես թարգմանիչն է ձգտում հեղինակի աշխատանքը հնարավորինս մատչելի ձևով մատուցել ընթերցողին, այնպես էլ երկուական համակարգի շնորհիվ համակարգիչը թվայնացնում է օգտատերի կողմից ներմուծվող ցանկացած տեղեկատվություն:
Հանդիպումն ավարտվեց ջերմ մթնոլորտում՝ խոստանալով լինել շարունակական։
«Թ․ ինքնեկ» նախագիծն իրականացվել է «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի և «Սատուրն» կրթական հասարակական կազմակերպության միջև համագործակցության շրջանակում: Վերջինս ապահովում էր նախագծի տեխնիկական հենքը։
«Թ․ ինքնեկ»-ի հրապարակումներին կարող եք հետևել «Ինլայթ»-ի կայքէջի «Նախաձեռնությունների ցանց» բաժնում՝ Enlight Podcast խորագրի ներքո, ինչպես նաև Enlight Studies YouTube-յան ալիքում: