Դեկտեմբերի 2-ին «Իմ ռադիոյի» տաղավարում հյուրընկալվել էր «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի նախագահ Դավիթ Պետրոսյանը։
Ռադիոզրույցի ընթացքում Դավիթը նախ խոսեց «Ինլայթ»-ի գործունեության մասին՝ հետազոտությունների, վերլուծությունների իրականցում և խորհրդատվությունների անցկացում, կրթական, գիտական, թարգմանչական, հրատարակչական և տեղեկատվական գործունեության ծավալում:
Ներկայացվեց «Ինլայթ»-ի առանցքային նախագծերից մեկը՝ Վերլուծական ֆորումը, որը տարբեր մասնագիտացումների տեր անձանց համար իրենց մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում տեսական և պրակտիկ հետազոտական գործունեություն ծավալելու հարթակ է: Անդրադարձ կատարվեց կազմակերպության ռազմավարական բարեփոխումների նոր փաթեթին, որը ներառում է նորարարական մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառություն հետազոտական, վերլուծական նախագծերում:
Նշվեց, որ ֆորումը, տարիների ընթացքում բարելավելով ձևաչափը, ընդգրկում է կամավորության սկզբունքով աշխատող, Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող մասնագետների, գիտնականների, ովքեր հանդիսանալով կազմակերպության անդամներ, ներկայացնում են իրենց աշխատանքները՝ վերլուծությունների, հետազոտությունների, մասնագիտական թարգմանությունների ձևաչափով, որոնք իրենց ընթերցողներին գտնում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտասահմանում։
Նախագահը կազմակերպության ընթացիկ նախագծերից առանձնացրեց Ընտրական գործընթացներ խորագրով հրապարակվող և գրաֆիկների տեսքով ներկայացվող ներկայիս ՏԻՄ ընտրությունների թվային արդյունքների ամփոփումը․ մասնակցության աստիճանի վերլուծում, այս կամ այն քաղաքական գործընթացների պարզաբանում և այլն։
Նշվեց նաև, որ շուտով մեկնարկելու է տվյալագիտական ուղղություն ունեցող նոր նախագիծ, որի նպատակներից մեկն է իրականացնել տվյալների վրա հիմնված վերլուծություններ և խթանել թվային/քանակական տվյալների օգտագործումը հումանիտար, հասարակագիտական և տնտեսագիտական, վերլուծական և հետազոտական աշխատանքներում:
Դավիթը շեշտեց նաև, որ «Ինլայթ»-ը համագործակցում է արտասահմանյան (Streategest, Utblick), ինչպես նաև հայկական մի շարք կազմակերպությունների, հաստատությունների հետ․ համատեղ ծրագրեր մեկնարկելով՝ իրականացնում նաև փորձի փոխանակում։
Զրույցի վերջում նախագահը ընդգծեց, որ կազմակերպությանը միանալ ցանկացողները, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն, ունեն մասնագիտական հետաքրքրություններ, աշխատանքին և կամավորությանը վերաբերվում են շատ սթափ, ցանկանում են ռեալիզացվել, համարձակվում են մտածել և պատրաստ են որակական փոփոխություններ իրականացնել մեր երկրում, կարող են ուսումնասիրել «Ինլայթ»-ի կայքէջի «Միացի՛ր մեզ» բաժինը և լրացնել հայտադիմումը։
«Ինլայթ»-ը շահույթ չհետապնդող, ինքնաֆինանսավորվող հասարակական կազմակերպություն է, որը գործում է բացառապես կամավորության հիմունքներով: Իրականացվող բոլոր ծրագրերը կազմակերպվում են անվճար հիմունքներով, իսկ որոշները՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում: Եթե Դուք կիսում եք մեր որդեգրած քաղաքականությունը և կարևորում եք մեր գործունեությունը, կարող եք Աջակցել մեզ՝ մեր առաքելությունն իրականացնելու գործում: Շնորհակալություն ~