«Ինլայթ» համագումար 2022

Հունվարի 23-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում (Microsoft Innovation Center) տեղի ունեցավ «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոն ՀԿ-ի՝ Կանոնադրությամբ սահմանված և ավանդական դարձած տարեկան Համագումարը։

Համագումարը բացեց կազմակերպության նախագահ Դավիթ Պետրոսյանը։ Վերջինս ողջունելով ներկաներին՝ կազմակերպության անդամներին ու կամավորներին, ներկայացրեց հանդիպման օրակարգը։

Ողջույնի խոսքից հետո ելույթներով հանդես եկան Կանոնադրական մարմինների (Խորհուրդ, Վերաքննիչ, Վերստուգող) անդամները և ներկայացրին անցած տարվա իրենց կատարած աշխատանքները։

Այնուհետև ամփոփվեց կազմակերպության նախորդ տարվա գործունեությունը։ Վերլուծական ֆորումի համակարգող Անահիտ Կարապետյանը անդրադարձ կատարեց ֆորումի կատարած աշխատանքներին ու նոր համագործակցություններին։ Թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը խոսեց բաժնի գործունեության նոր ուղիների, իրականացված նախագծերի ու նոր նախաձեռնությունների մասին։ Գլխավոր խմբագիր Աննա Խաչյանը ներկայացրեց Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի կատարած աշխատանքների արդյունքները, այլ բաժինների հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերն ու նախաձեռնությունները։ Իսկ Աշխատակազմի աշխատանքները ներկայացրեց փոխնախագահ Լիլիթ Կարապետյանը։ 

Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև Կանոնադրական մարմինների ընտրությունը և գործող Խորհրդի կողմից մշակված «Ինլայթ»-ի 2022-2025թթ. ռազմավարության հաստատման քվեարկությունը։ 2022-2025թթ․ ռազմավարության նպատակներից են՝

  • ընդլայնել արտաքին օղակների, կենտրոնների և կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ ապահովելով ավելի բարձր ճանաչելիություն, նոր ծրագրերի իրականացում, փոխանակային ծրագրերի իրագործում,
  • ստեղծել կայուն բազային ֆինանսավորման աղբյուր, ինչը հնարավորություն կտա «Ինլայթ»-ին ռեսուրսներ ապահովել առկա ծրագրերի, նոր նախագծերի ու մտահղացումների իրականացման համար՝ միաժամանակ մնալով անկախ և հավատարիմ իր հռչակած սկզբունքներին,
  • ավելացնել հետազոտական և հրատարակչական նախագծերը,
  • բարելավել վերլուծությունների որակը, ընդլայնել դրանցում կիրառվող մեթոդները, զարգացնել թվային վերլուծության հմտությունները,
  • հանրության շրջանում մեծացնել «Ինլայթ»-ի և ինլայթյան համայնքի տեսանելիությունը և խթանել այլ կարևոր հարցերի իրականացումը:

Կանոնադրական մարմինների ընտրություններում Խորհրդի կազմում ընտրվեցին՝ Մարիամ Ջամալյանը, Մարինե Խաչատրյանը, Լուսինե Հովհաննիսյանը, Վերաքննիչ ընտրվեց Հարություն Հովհաննիսյանը, Վերստուգող՝ Նարինե Պետրոսյանը: Կանոնադրական մարմինների նորընտիր ներկայացուցիչները առանձին-առանձին խոսեցին իրենց նպատակների ու հետագա անելիքների մասին։ Նորընտիր կանոնադրական մարմիններն իրենց լիազորությունները կստանձնեն 2022թ. փետրվարի 1-ից: 

Համագումարն ավարտվեց անդամներին ու կամավորներին վկայականների, շնորհակալագրերի ու նվերների հանձնումով։

#EnlightForum2022

«Ինլայթ» համագումար