2022թ․ հունվարի 18-ին մեկնարկեց «Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված «Մետրիկա» նախագիծը, որն անցկացվեց հեռավար տարբերակով՝ Վերլուծական ֆորում նախագծի շրջանակում:
Ծրագրի նպատակները
Նախագծի նպատակն էր խթանել թվային/քանակական տվյալների օգտագործումը հումանիտար և հասարակագիտական վերլուծական և հետազոտական աշխատանքներում, զարգացնել թվային/քանակական վերլուծության գործիքների, մեթոդների օգտագործման հմտություններ՝ վերլուծությունների որակը բարելավելու, դրանք առավել ապացուցահեն դարձնելու համար:
Դասախոսությունների բովանդակությունը
Շուրջ երկու ամիս տևած դասախոսությունների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան զարգացնելու ու կատարելագործելու քանակական հետազոտություններ անելու հմտությունները։
Ծանոթացում
Առաջին հանդիպման ժամանակ պրակտիկանտները ծանոթացան միմյանց և կազմակերպության անդամների հետ, որից հետո ներկայացվեցին կազմակերպության գործունեությունը, պրակտիկայի ընթացքի մասնամասները և կատարվելիք աշխատանքները, նրանք ստացան անհրաժեշտ գործիքակազմն ու աշխատանքային փաթեթները։
Բուն բանախոսությունները բաժանված են եղել երեք հատվածի։ Դրանք ուղեկցվել են խմբային և անհատական պրակտիկ աշխատանքներով ու վարժություններով։
Քանակական հետազոտության նախապատրաստում
Դասախոսությունների այս հատվածում մասնակիցները ծանոթացան քանակական և որակական հետազոտությունների հիմնական տարբերություններին, ուսումնասիրեցին հետազոտական հարց և վարկած կազմելու, փոփոխականներն առանձնացնելու տեխնիկաները։ Այս դասի պրակտիկ աշխատանքներից էր մինչ օրս արված որոշ հետազոտությունների դասակարգումը որակականի և քանակականի, խմբային հետազոտական հարցերի ու վարկածների օրինակների քննարկումները։
Երկրորդ հերթին, մասնակիցները ծանոթացան մեթոդաբանական որոշ հարցերի, ընտրանքի տեխնիկաներին, մանրամասն քննարկեցին հավանական և ոչ հավանական ընտրանքի բոլոր տեսակները, քննարկումների միջոցով վեր հանեցին դրանց առավելություններն ու թերությունները։ Քանի որ հարցումների մեթոդը, որի վրա կենտրոնացած էր դասընթացը, ներառում է մարդկանց հետ աշխատանք, ուստի թեթևակի անդրադարձ կատարվեց նաև հետազական էթիկական հարցերին։
Բացի այդ, պրակտիկանտները ձեռք բերեցին հարցաշար կազմելու որոշակի հմտություններ և փորձնական վատ հարցերի սխալները ուղղելու միջոցով յուրացրեցին մի քանի կանոններ հարցեր կազմելու վերաբերյալ։ Ծանոթացան օպերացիոնալիզացիայի մեթոդին, որի միջոցով սովորեցին չափելի դարձնել փոփոխականները։ Խմբային աշխատանքի միջոցով ամրապնդեցին օպերացիոնալիզացիայի հմտությունները։
Քանակական տվյալների վերլուծություն
Դասախոսությունների այս հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան սովորելու քանակական տվյալների վերլուծության մի շարք ձևեր SPSS ծրագրի միջոցով։ Նախ ներբեռնեցին ծրագիրը, ապա ծանոթացան, թե ինչպես կարելի է անել հետևյալ աշխատանքները․
- Տվյալների մուտքագրում
- Հաճախականություններ/Frequencies
- Խաչաձև վերլուծություններ/Crosstabs
- Համակցային վերլուծություններ/Correlations
- Ռեգրեսիոն վերլուծություններ/Regression analysis․
Բաց տվյալների հետ աշխատանք
Ծրագրի այս մասում պրակտիկանտների ուշադրությունը հրավիրվեց մի քանի բաց տվյալների շտեմարանների վրա, որոնք հետազոտողները կարող են օգտագործել իրենց հետազոտություններն իրականացնելու կամ հարստացնելու համար։ Ցույց տրվեցին օնլայն վերլուծության գործիքներից օգտվելու մի քանի ձևեր, բաց տվյալները օգտագործելու մի քանի օրինակների միջոցով փորձ արվեց մատնանշել դրանք ի նպաստ իրենց հետազոտության կիրառելու բազմաթիվ հնարավորությունները։
Առաջադրանքներ
Այնուհետև տրվեցին երեք հնարավոր հանձնարարություններ։ Օգտագործելով ձեռք բերված գիտելիքները՝ պրակտիկանտները կա՛մ պետք է ներկայացնեին իրենց հետագա նախագիծը, կամ նախկինում արված հետազոտություններից մեկը, կա՛մ էլ օգտվելով բաց տվյալներից՝ անեին իրենց հետաքրքրող թեմայի վերաբերյալ վերլուծություններ` գտնելով կապեր երևույթների միջև ու բացատրելով դրանք։ Առաջարկվող առաջադրանքներից մեկը ընտրելով՝ յուրաքանչյուր մասնակից արեց փոքրիկ պրեզենտացիա, որը նախագիծը ավարտելու պայմաններից էր հանդիսանում։
Նախագծի ամփոփում և գնահատում
Դասախոսությունների փուլը ամփոփելու և հետագա աշխատանքները քննարկելու նպատակով կազմակերպվեց անցանց հանդիպում, որի ընթացքում էլ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները ստացան սերտիֆիկատներ։ Արդյունքում մասնակիցներից 8-ը հաջողությամբ ավարտեց նախագծի առաջին՝ դասախոսությունների փուլը։
Բանախոսությունների արդյունավետությունը գնահատվել է մասնակիցներին ուղարկված հետադարձ կապի ձևաթղթերի միջոցով։ Գնահատումն արվել է երկու անգամ՝ ծրագրի ընթացքում (որակը բարելավելու և մասնակիցների հետազոտական կարիքներին ընդառաջելու համար) և ավարտից հետո։
Դասախոսությունները վարել է Մարինե Խաչատրյանը։
Մարտի 27-ին տեղի է ունեցել նախագծի դասախոսությունների փուլի ամփոփումը «Հոդված 3» ակումբում՝ անցանց ձևաչափով:
Լուսանկարները՝ Վահե Սալահյանի | Sulahyan’s Photography