Թարգմանչական սեմինարներ ԵՊՀ-ում

«Ինլայթ»-ի և ԵՊՀ ֆակուլտետային ՈւԳԸ-ների միջև համագործակցության շրջանակում «Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնի և ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ՈւԳԸ ջանքերով ուսանողների համար կազմակերպվեց «Թարգմանչական աշխատանքի ձևաչափային ընդգրկումը» խորագրով սեմինարների շարք։

Սեմինարների ընթացքում թարգմանիչների և խմբագիրների բաժնի ղեկավար Մերի Բաբայանը և մասնակիցները անդրադարձան այնպիսի հարցադրումների, ինչպիսիք են․ 

  • թարգմանչական հիմնական մեթոդներն ու ձևաչափերը (ուսանողները հնարավորություն ունեցան բացահայտել ձևաչափային առանձնահատկությունները կոնկրետ օրինակների թարգմանությամբ),
  • հետազոտական բաղադրիչը թարգմանչական աշխատանքում՝ մեկ նյութի թարգմանության պատմության հետազոտական շեշտադրումները, 
  • «թարգմանիչ-խմբագիր-սրբագիր» եռանկյունին` որպես հաջող և անքակտելի համագործակցային կապ։

Ուսանողներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկմանը՝ արտահայտելով իրենց տեսակետները, ուղղելով հուզող հարցերը վերոնշյալ և առնչվող այլ խնդիրների շուրջ։

Քննարկումներն անցկացվեցին մարտի 23-ին և ապրիլի 19-ին ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում։ Մասնակիցների կազմում էին և՛ ԵԼՀ ֆակուլտետի, և՛ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողներ, շրջանավարտներ։


«Ինլայթ»-ը, արդեն տարիներ շարունակ հետազոտական, վերլուծական, խորհրդատվական և կրթական գործունեությանը զուգահեռ, ծավալում է նաև թարգմանչական և հրատարակչական լայնածավալ գործունեություն:

Վերջին հինգ տարիների ընթացքում կազմակերպությունը պատրաստել և հրապարակել է շուրջ 700 վերլուծական նյութ և հոդված, կատարել է նույնքան թարգմանություն՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և գերմաներեն: 

Արդեն շուրջ երեք տարի կազմակերպությունը հայկական լսարանին է ներկայացնում արտասահմանյան հեղինակավոր պարբերականների նյութերի հայերեն թարգմանությունները: Թարգմանությունների ներկապնակում զետեղվում են մի շարք մեծանուն հեղինակների հոդվածներ և աշխատություններ՝ Պիեռ Ռոզանվալոնի, Ալեն Բադյուի, Սլավոյ Ժիժեկի, Նոամ Չոմսկու, Հանս Զեդլմայերի, Իմմանուել Վալլերշտայնի, Ջորջո Ագամբենի, Զիգմունդ Բաումանի, Յուրգեն Հաբերմասի, Կոնրադ Ադենաուերի, Էդգար Մորենի, Պոլ Ռիկյորի, Հաննա Արենդտի, Շանթալ Մուֆֆի և այլոց հոդվածները:

«Ինլայթ»-ի թարգմանիչների և խմբագիրների բաժնին միանալու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը, համագործակցության համար խնդրում ենք կազմակերպությանը ուղղել էլեկտրոնային նամակ: