Հուլիսյան ճգնաժամի ներծին և արտածին գործոնները

Photo: http://www.thesundaily.my/
Photo: http://www.thesundaily.my/

Նախաբան

2016 թվականի հուլիսի 17-31-ն ընկած ժամանակահատվածն անկախ Հայաստանի պատմության մեջ նշանավորվեց ևս մեկ աղմկահարույց իրադարձությամբ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը (այսուհետ՝ ՊՊԾ գունդ) և պատանդառեց ոստիկանության մի քանի աշխատակիցների, այդ թվում՝ մեկական գեներալի և գնդապետի: Գրավման գործողության և հետագա օրերին ծավալված իրադարձությունների հետևանքով զոհվեցին ոստիկանության 3 ծառայողներ, և եղան բազմաթիվ վիրավորներ թե՛ ոստիկանության, թե՛ «Սասնա ծռեր» խմբավորման և թե՛ շարքային քաղաքացիների շրջանում: ՊՊԾ գնդի գրավումը մեծ հասարակական հնչեղություն ստացավ և սկսեց ուղեկցվել բազմամարդ երթերով, ցույցերով, բողոքի տարաբնույթ ակցիաներով՝ ի պաշտպանություն զինված խմբի անդամների ու նրանց հետապնդած նպատակների, որոնք իրենց կուլմինացիային հասան հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ ոստիկանության զորքերի և երթի մասնակիցների միջև տեղի ունեցավ լուրջ բախում, որի հետևանքով վիրավորների թիվը հասավ շուրջ յոթ տասնյակի: Ի վերջո հուլիսի 31-ին խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի հայտարարությունից հետո զինված խումբը վայր դրեց զենքերը և հանձնվեց իշխանություններին:

Քաղաքական կոնֆլիկտի տեսական վերլուծություն

Քաղաքական կոնֆլիկտը, որպես այդպիսին, իրենից հասարակական կյանքի միանգամայն ունիկալ երևույթ չի ներկայացնում: Որպես սուբյեկտներ՝ քաղաքական կոնֆլիկտներում հանդես են գալիս ինչպես առանձին անհատներ, այնպես էլ տարբեր հավաքական շահեր ու պահանջմունքներ սպասարկող սոցիալական խմբեր, որոնց շահերը կարող են բախվել փոխադարձ պահանջմունքների ու սկզբունքների հակասության ու անհամատեղելիության հիմքի վրա, ինչի պարագայում իշխանությունն ու դրա իրականացման համար նախատեսված ռեսուրսները` որպես հզոր բաշխական ու վերահսկողական մեխանիզմների ամբողջություն, վերածվում են հակամարտության առանցքային օբյեկտի: Քաղաքական կոնֆլիկտների որոշիչ պատճառները հանդես են գալիս որպես կոնֆլիկտածին գործոններ: Դա, մասնավորապես, սոցիալ-քաղաքական գործոնների մասին է՝ քաղաքական համակարգի և քաղաքական փոխհարաբերությունների առանձնահատկությունների, որոնք հասարակության մեջ զգալի ազդեցություն են ունենում սոցիալական լարվածության ու կոնֆլիկտայնության մակարդակի վրա:
Այս և ցանկացած այլ կոնֆլիկտի առաջացման իրական պատճառների ու նպատակների մասին ճշմարիտ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է խնդիրը հետազոտել 3 դիրքերից` կոնֆլիկտի առաջացման համար առկա պոտենցիալ դրդապատճառների վերհանում, կոնֆլիկտային գործընթացի զարգացման դինամիկայի վերլուծություն և կոնֆլիկտին նախորդած ու հաջորդած զարգացումների տրամաբանական հաջորդականության ու կապերի բացահայտում: Կոնֆլիկտների տիպաբանության տեսանկյունից «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմամբ առաջ եկած ներքաղաքական ճգնաժամը սկզբունքորեն կարող է դասվել մակրոկոնֆլիկտների շարքին, որի ժամանակ ռադիկալ տրամադրված անձանց խումբը գրավեց պետական իշխանության ենթակայության տակ գտնվող ուժային կառույցի հենակետը՝ իրենց առաջ քաշած պահանջների բավարարումը պրակտիկ գործընթացի մեջ դնելու նպատակով: Տեսականորեն երկրի ներքին դրությունը կարող էր պատճառ հանդիսանալ նման զինված ապստամբության համար. հասարակության սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակը, ազգային անվտանգության համար սպառնալիք դարձած արտագաղթը, տնտեսության մոնոպոլիզացված կարգավիճակը, երկրի քաղաքական դաշտի մոնոպոլիզացիան, էական չափերի հասնող կոռուպցիան, անարդարությունը, ընտրությունների միջոցով քաղաքական վերափոխումների հասնելու խիստ ցածր հավանականությունը և բազմաթիվ այլ խնդիրներ մինչ այժմ գոյություն ունեցած բոլոր իշխանությունների ժամանակ հանգեցրել են ներպետական իրավիճակի դեգրադացմանը, իշխանություն-հասարակություն հարաբերություններում անջրպետի գոյացմանը և, հետևապես, հավատի ու վստահության բացակայությանը, ինչի պարագայում խիստ բարձր է հասարակության մեջ ռադիկալ ընդդիմադիր տրամադրված խմբերի ի հայտ գալու հնարավորությունը, որոնց մղած հակաիշխանական պայքարը իր տարաբնույթ դրսևորումներով կարող է հասարակական զգալի աջակցություն գտնել՝ հաշվի առնելով գոյություն ունեցող խնդիրների հրատապությունն ու դրանց համընդհանուր և մեծ զանգվածների համար մտահոգիչ լինելը:

Իրադարձությունների զարգացման դինամիկան

ՊՊԾ գնդի գրավումից հետո իրադարձությունների զարգացման դինամիկան ցույց տվեց, որ խմբի անդամները հետագա գործողությունների մշակված ծրագիր, ռազմավարական ու մարտավարական հստակ քայլեր չունեին: Դա ոչ միայն կարելի է եզրակացնել այդ երկու շաբաթների ընթացքում տիրող երկարատև անորոշությունից ու առաջ քաշված նպատակներին հասնելու հստակ ու իրատեսական ճանապարհային քարտեզի բացակայությունից, այլև իշխանությունների առջև դրված պահանջների բովանդակությունից: Իրենց առաջնորդ, Հիմնադիր խորհրդարանի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի և մնացած քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջի առաջադրման հետ մեկտեղ հանրապետության նախագահի հրաժարականի և արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջների առաջ քաշումը գալիս են փաստելու, որ ապստամբությունը առավելապես միտված է եղել հասարակական տրամադրությունները բորբոքելուն, լայն զանգվածներին արթնացնելուն ու ոտքի հանելուն, և ոչ թե անմիջականորեն ապստամբության միջոցով իշխանություններից զիջումներ կորզելուն: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ զինված պայքարի միջոցով արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ պահանջելիս պետք է հանրությանը ներկայացնել նաև բարեփոխումների իրականացման հստակ ճանապարհային քարտեզ և կատարվելիք քայլերի հիմնավորվածության ներկայացում: Սրա նպատակը հասարակությանը հասկանալի դարձնելն է` արդյոք իշխանափոխության գնալու դեպքում որքանով են արդյունավետ լինելու առաջադրված նպատակների իրականացումն ու ինչ շոշափելի արդյունքների են դրանք հանգեցնելու, քանի որ, դիցուք, արտահերթ ընտրությունների պահանջի կատարման պարագայում, հաշվի առնելով նախընտրական քարոզչության բավականին կարճ ժամանակահատված ընդգրկելը, քաղաքական ընտրությունների, հետընտրական պայքարի ու ընդհանրապես գոյություն ունեցող քաղաքական ուժերի հանդեպ հավատը կորցրած հանրությանը քարոզչությամբ ու ունեցած ծրագրերի ներկայացմամբ վստահություն ներշնչելը այդքան էլ արդյունավետ ու հեռանկարային գործ չէ:

Սասնա ծռերը` որպես ներքաղաքական բեմադրություն

Այժմ դիտարկենք կոնֆլիկտին նախորդող ու հաջորդող ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունները՝ փորձելով վերհանել դրանց միջև առկա տրամաբանական կապը: 2016 թ-ի ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից վերսկսած ռազմական գործողությունները, որի հետևանքով հայկական կողմը ունեցավ մոտ 100 զոհ, զինտեխնիկայի և 800 հա տարածքի կորուստներ, առավել ակներև դարձրին երկրի պաշտպանական համակարգում առկա մի շարք խնդիրներ, ինչը հիմք հանդիսացավ հասարակական լայն քննարկման ծավալման համար՝ հասարակության մոտ հանգեցնելով իշխանության լեգիտիմության էլ ավելի նվազեցմանը: Ռազմական բախման ծայրաստիճան սրումը և դրա հետ սերտորեն կապված ռուսական կողմի թելադրանքը ստիպեց հակամարտության կողմերին միջնորդների հետ մեկտեղ կրկին նստել բանակցային սեղանի շուրջ: Բանակցային գործընթացի վերսկսումից հետո հասարակական շրջանակներում լայն տարածում գտավ ապրիլյան պատերազմից հետո «հողեր հանձնելու» մասին իշխանությունների պատրաստակամության մասին թեզը, ինչը, մեր կարծիքով, ոչ միայն իրադարձությունների զարգացման դինամիկայով պայմանավորված հասարակական կարծիքի դրսևորում էր, այլև որոշակիորեն արտացոլում էր ընթացող քաղաքական գործընթացների էության որոշ ատրիբուտներ, մասնավորապես՝ հայկական կողմի վրա գործադրվող ճնշումները: Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման հիմքում ընկած պատճառահետևանքային կապերի և ուղեկցող քաղաքական զարգացումների տրամաբանությունից ելնելով՝ իրատեսական ենք համարում վերսկսված բանակցություններում հայկական կողմի վրա զգալի ճնշումների առկայությունը՝ միտված ադրբեջանական կողմին տարածքային զիջումներ անելուն։ Սրան զուգահեռ պետք է ընդգծել, որ հայկական իշխանությունների համար ակնհայտ էր ապրիլյան ռազմական գործողություններից հետո որևէ տարածքային զիջում անելու պարագայում սեփական իշխանության պահպանման անհնարինությունը երկրում: Հաշվի առնելով այս հանգամանքը` կարելի է եզրակացնել, որ ‹‹Սասնա ծռեր›› խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմամբ երկրում առաջացած ներքաղաքական ճգնաժամը կարող էր իրականացվել ներքին ուժերի կողմից` որպես քաղաքական յուրահատուկ գործողություն` ուղղված արտաքին լսարանին` զիջումների հարցում հասարակության խիստ ու անզիջում դիրքորոշումը փաստելու և զիջումների հնարավոր պարտադրանքը չեզոքացնելու նպատակով: Ասվածը կարելի է հիմնավորել մի քանի տեսանկյունից: Նախ` տարածքային զիջումների միտված պաշտոնական դիրքորոշում ու պատրաստակամություն չի արտահայտվել, և դրա ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից չեն կատարվել այնպիսի գործնական քայլեր, որոնք ծանրակշիռ հիմքեր կտային նմանատիպ ռադիկալ քայլերով կանխարգելիչ գործողություն իրականացնելու համար: Զինված խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման օրերին տարածված հայտարարությունների բովանդակային վերլուծությունը փաստում է դրա ընդգծված հակառուսական ուղերձները` ի դեմս համաժողովրդական պայքարի միջոցով ազատագրվելուն և երկիրը ռուսական «գուբեռնիայի» վերածվելուց խուսափելուն: Խմբավորման կողմից առաջ քաշված պահանջների մեջ կարմիր թելի նման առկա էր Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ զինյալների անզիջում ու սուր դիրքորոշումը` տարածքային զիջումների կտրականապես բացառման հիմքով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ՊՊԾ գնդի գրավումն իրականացնողների դերում հանդես են եկել Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկներ, որոնց անցած մարտական ուղին և դրա հիմքով հասարակության շրջանում վերջիններիս հանդեպ տածած ժողովրդականությունը նպաստավոր պայմաններ կարող էին ստեղծել խմբավորման իրականացրած գործողությունների ժողովրդական աջակցության ու հավանության ապահովման համար, ինչը ենթադրյալ քաղաքական ուղերձի կարևոր բաղադրիչներից է: Խմբավորման անդամները ենթադրաբար ունեցել են իրական պատկերացումներ ու կանխատեսումներ ժողովրդի ակտիվ մասնակցության հնարավոր չափերի մասին (հայտնի են մի քանի դեպքեր, երբ հատկապես հետընտրական շրջանում քաղաքական տարբեր ուժերի կողմից սկսած ժողովրդական շարժումները տարբեր պատճառներով որևէ արդյունքի չեն հասել, և հասարակական թերահավատությունն ու քաղաքական պայքարում փոփոխությունների հասնելու հույսը աստիճանաբար հասել են նվազագույն մակարդակի): Սրանից ելնելով` կարող ենք շեշտել, որ պոտենցիալ ներքաղաքական ցնցումների ու անկանխատեսելի զարգացումների տանող գործողություններ իրականացնելուց հետո, որպես խմբավորման հանձնվելու հիմնավորում, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների և այլոց արյունը չթափելու ձգտումը ներկայացնելը տրամաբանական ու լուրջ չէր։ Իսկ դա այն դեպքում, երբ գնդի գրավման և հետագա գործողությունների ընթացքում արդեն սպանվել էին ոստիկաններ, և թափվել էր արյուն։ Զենքը վայր դնելը խմբավորման կարծիքով սկիզբ առած ժողովրդական շարժման պայմաններում նրանց հռչակած նպատակներին համապատասխան չէր:
Եվ ևս մեկ ուշագրավ հանգամանք. նախաքննության ավելի վաղ փուլում հայտնի էր դարձել, որ ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք, ովքեր զինված են եղել ապօրինաբար ձեռք բերված 14 ինքնաձիգներով և այլ զենք-զինամթերքով։
Հետագա նախաքննությամբ պարզվել է, որ, բացի արդեն նշված 31 զինյալներից, 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը զավթելուն մասնակցել են ևս երկու զինյալներ երկու ինքնաձիգներով, ովքեր նույն օրն իսկ աննկատ լքել են գնդի տարածքը՝ իրենց դուրս բերելով նաև գնդի զինանոցից հափշտակված «Մակարով» տեսակի երկու ատրճանակներ: Թե ինչ նպատակ է հետապնդել խմբավորումը վերոնշյալ երկու անձանց հետ կապված, ովքեր գնդի գրավումից անմիջապես հետո լքել են դրա տարածքը, արդյոք դա մարտավարական որոշակի քայլ է եղել, թե այստեղ այլ բնույթի ուղերձներ կան, հնարավոր կլինի հստակեցնել գործի քննությանը ներկայացված այլ տվյալներով:

Ամփոփում

Հայաստանի՝ կառավարման պառլամենտական ձևին անցնելուն հաշված ամիսներ են մնացել: Ընդամենը 5 ամիս անց երկիրը կանգնելու է խորհրդարանական ընտրությունների առջև, որից հետո էլ առավել ակտիվ ընթացք կստանա կիսանախագահական կառավարման մոդելից խորհրդարանականին անցման գործընթացը, որից առաջ առկա հասարակական-քաղաքական իրականության ազդեցությամբ գործող իշխանության լեգիտիմությունն ընկած է առավել, քան երբևէ: Ուստի իշխող վարչակարգի համար առանցքային է դարձել սեփական հեղինակության ու լեգիտիմության բարելավման ուղղությամբ լուրջ և արդյունավետ գործողություններ ծավալելը: Կառավարության փոփոխությունը զուգահեռաբար կարող է ծառայել նաև հենց այս նպատակին: Այս համատեքստում հատկանշական է նոր ձևավորված կառավարությունում հիմնականում անկուսակցական և համեմատաբար ցածր հանրային ճանաչելիություն ունեցող անձանց նշանակումը նախարարական պաշտոններում, որոնք խնդրահարույց ու աղմկոտ անցյալ չունեն, կամ առնվազն այդպիսի գործունեության մասին հանրային տեղեկացվածությունը բացակայում է՝ այդպիսով որոշակի դրական տրամադրվածություն ու թեկուզ փոքրաքանակ բարեփոխումների հանդեպ հավատ առաջ բերելով հանրության շրջանում: Իսկ մինչև խորհրդարանական ընտրությունները սոցիալ-տնտեսական ոլորտում այս կամ այն չափով դրական փոփոխությունների իրականացման արդյունքում իշխանությունը հույս ունի, որ հանրության շրջանում կարող է հասնել իր հանդեպ փոքր-ինչ դրական տրամադրվածության ձևավորմանը: Սրա գլխավոր նպատակն ընտրություններն առավել անաղմուկ ու սահուն անցկացնելն է՝ նախորդ տարիների համեմատ՝ սեփական իշխանության վերահաստատումը առավել լեգալ ու դեմոկրատական գործելաոճով իրականացնելու նպատակով:


Գրականություն

  1. Ланцов С., Политическая конфликтология, Питер, 2008, c.
  2. Коваленко Б., Пирогов А., Рыжов О., Политическая конфликтология, Москва, 2002

Հեղինակ՝ Հայկ Սահակյան (Hayk Sahakyan): © Բոլոր իրավունքները պաշտպանված են:


Hayk Sahakyan
Քաղաքագետ, լրագրող։ Մասնագիտական հետաքրքրությունների ոլորտը՝ ժողովրդավարացումը հետավտորիտար հասարակություններում, անցումային գործընթացներ, տարածաշրջանային քաղաքականություն։