Մուլտֆիլմեր՝ դասական երաժշտությամբ
Թոմը և Ջերրին Լիստ են նվագում, հիմար մկնիկը չի քնում Շոստակովիչի ելևեջների ներքո, իսկ կապիկը Ռայխ է լսում. Arzamas-ն ընտրել է ամենահետաքրքիր մուլտֆիլմերը, որտեղ առանցքային հերոսներից մեկը երաժշտությունն է։
***
Մուլտֆիլմեր՝ դասական երաժշտությամբ | Մաս 2
«Վանականը և ձուկը» («Le Moine et le Poisson»)
Ռեժիսոր՝ Մայքլ Դյուդոկ դե Վիտ, Ֆրանսիա, 1994
Երաժշտությունը՝ Սերժ Բասսե՝ հիմնված Արկանջելո Կորելիի «La Folia»-ի վրա
Հոլանդացի Մայքլ Դյուդոկ դե Վիտի հռչակը տարածվեց ֆրանսիական հայտնի «Ֆոլիմաժ» ստուդիայի նստավայրում «Վանականը և ձուկը» ֆիլմը նկարահանելուց հետո միայն, վերջինս անմիջապես բազմաթիվ հեղինակավոր մրցանակների արժանացավ, և «Օսկարի» առաջադրվեց (այնուամենայնիվ, նրա հաջորդ ֆիլմը՝ «Հայր և դուստր», որ բոլոր համաշխարհային փառատոնների մրցանակների բերքը հավաքեց, ավելի հաջողված էր): Ֆիլմը, որը նկարված է ջրաներկով և թանաքով, լի օդով, դյուդոկյան շլացուցիչ արևով, սուր ստվերներով և հերոսի զարմանալի ցատկոտ շարժումով, պատմում է մի վանականի մասին, որը որոշել է ձուկ որսալ հումորով և քնքշությամբ՝ կարծես մի քնարական բանաստեղծություն` անորսալի երազանքի և հոգևոր ճանապարհորդության մասին: Բարոկկո ոճի արտիստ Արկանջելո Կորելիի «La Folia» կոմպոզիցիայի ժամանակակից տարբերակը պահպանում է պարզության և թեթևության այս զգացումը՝ դրան ավելացնելով հնության շղարշը: Մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ:
«Սևիլյան սափրիչ»
Ռեժիսոր՝ Նատալյա Դաբիժա, Ռուսաստան, 1994
Երաժշտությունը՝ Ջոակինո Ռոսսինի՝ օպերա «Սևիլյան սափրիչ»
BBC-ով հեռարձակվող «Operavox» անիմացիոն հեռուստատեսային ցիկլը նախաձեռնվել է որպես միջազգային կրթական նախագիծ։ Այն բաղկացած էր վեց կեսժամյա ֆիլմերից՝ հիմնված դասական օպերաների վրա, բոլոր նկարներն արված էին տարբեր ռեժիսորների կողմից՝ տարբեր տեխնիկաներով։ Ցիկլի ամենահայտնի սերիաներից մեկը «Սևիլյան սափրիչն» էր, որը նկարահանվել է Նատալյա Դաբիժայի կողմից «Кристмас Филмз» ստուդիայում, որը դժվարին 1990-ական թվականներին գոյատևում էր հիմնականում արտասահմանյան խոշոր նախագծերում մասնակցելու շնորհիվ։ Դաբիժան խելամտորեն օգտագործում էր թատրոնի հնարքը, որտեղ կուլիսային մեխանիզմների աշխատանքը (դեկորացիաների փոփոխություն և այլն) ծավալվում է մեր աչքի առաջ, և այնքան էլ պարզ չէ, թե որ իրադարձություններն են տեղի ունենում իրականում, որոնք՝ թատրոնում, իսկ որոնք՝ երևակայական դաշտում։ Ամեն ինչ խառնված է և պայմանական։ Իսկ նկարչուհի Նինա Վինոգրադովան հրաշալի տիկնիկներ էր ստեղծել (ընդ որում՝ հմայիչ Ֆիգարոն ակնհայտորեն ստեղծվել էր Ալեքսեյ Բատալովի կերպարանքով):
«Կախարդական ֆլեյտա»
Ռեժիսոր՝ Վալերի Ուգարով, Ռուսաստան, 1995
Երաժշտությունը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ «Կախարդական ֆլեյտա» օպերա
Նույն «Operavox» նախագծից Վալերի Ուգարովի «Կախարդական ֆլեյտայի» մասին արժե խոսել առանձին: Դա հիանալի ֆիլմ է՝ լի անասելի ֆանտազիաներով, վերափոխումներով և այն անիմացիոն մոգությամբ, որն այդքան համապատասխան է Մոցարտի օպերային: Ֆիլմի նկարիչը, ով կարողացավ այստեղ միակցել տարօրինակն ու սարսափելին ծիծաղելիի հետ, Իգոր Օլեյնիկովն էր, այսօր՝ հանրահայտ գրքային նկարազարդող։ Ֆիլմը հարգանքի տուրք է բազմաթիվ արվեստներին, այդ թվում՝ կրկեսին (կերպարների միջոցով), կինոյին (կլոր էկրան-լուսինը՝ Գիշերվա թագուհու հանդերձանքի վրա), և, իհարկե, թատրոնին, որը մեզ ակնարկում են առաջին կադրերից, և վերջում ամբողջ կախարդական աշխարհը վերածվում է բեմահարթակի՝ խոնարհվելիս միմյանց միացնելով չարագործներին և հերոսներին: «Կախարդական ֆլեյտա» օպերան, հավանաբար իր ֆանտաստիկայի պատճառով, ընդհանրապես, շատ սիրված անիմացիա դարձավ: Արիաներից մեկը անիմացվեց «Երևակայական օպերա» նախագծում, որի մասին արդեն խոսել ենք վերևում: Ռեժիսորներ Էմանուելե Լուցատին և Ջուլիո Ջանինին 1978 թվականին «Կախարդական ֆլեյտայի» հիման վրա մեկ ժամ տևողությամբ ֆիլմ նկարահանեցին՝ նույն վառ պրիմիտիվիստական ոգով, ինչպես գլուխգործոցները՝ ըստ Ռոսինիի: Իսկ բրիտանական թատերական «1927» ընկերությունը, որը զարմանալի կերպով անիմացիան միացնում էր բեմին, մի քանի տարի առաջ բեմադրեց Մոցարտի օպերան Բեռլինի «Komische Oper»-ում։ Էկրանին ռեժիսոր Փոլ Բերիթի հեղինակած ֆանտասմագորիկ անիմացիան էր, իսկ դերասանները փոխներգործում էին դրա հետ։
«Երևակայություն 2000» («Fantasia 2000»)
Ռեժիսորներ՝ Ջեյմս Էլգար, Գաեթան Բրիցի, Փոլ Բրիցի և այլք, ԱՄՆ, 1999
Հատված «Կենդանիների կառնավալ»
Երաժշտությունը՝ Ջորջ Գերշվին՝ «Կապույտ ռապսոդիա», Կամիլ Սեն-Սանս՝ «Կենդանիների կառնավալ», Փոլ Դյուկ՝ «Կախարդի աշակերտ» և այլն
Առաջին «Երևակայությունից» 60 տարի անց Disney-ը նկարահանեց ֆիլմի շարունակությունը՝ անիմացիոն էպիզոդների նոր լիամետրաժ հավաքածու դասական երաժշտությամբ (այս անգամ՝ յոթ մասից), ընդ որում, «Կախարդի աշակերտը» Միկի Մաուսի հետ հին ֆիլմից տեղափոխվեց նոր ֆիլմ: Հիմնական նորամուծությունն այն էր, որ մուլտֆիլմը նկարահանվել էր IMAX ձևաչափով (սա առաջին անիմացիոն լիամետրաժն էր, որը նկարահանվել էր մեծ էկրանի համար), իսկ ավանդական անիմացիան այստեղ զուգակցվեց համակարգչայինի հետ։ Այս նախագծի հաղորդավարները փոխվում էին յուրաքանչյուր էպիզոդից առաջ, իսկ համարների մեծ մասը նվագում էր Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ջեյմս Լիվայնի ղեկավարությամբ։ «Երևակայություն 2000»-ը բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում՝ մի քանի «Էմմի», բայց այնքան բարձր չի գնահատվել, որքան առաջին մասը։ Ֆիլմը կրկին սկսվում է աբստրակցիայով՝ լույսի հաղթանակի մասին փոխաբերական դրվագով՝ հիմնված Բեթհովենի Հինգերորդ սիմֆոնիայի վրա (սև և գունավոր եռանկյունիներն այստեղ թիթեռներ և սև թռչուններ են հիշեցնում): Կա նաև դրվագ Ջորջ Գերշվինի «Կապույտ ռապսոդիայի» հիման վրա՝ 1930-ական թվականների Նյու Յորքի մասին՝ ծաղրանկարիչ Էլ Հիրշֆելդի ոգով, ինչպես նաև Էդուարդ Էլգարի «Վսեմ և հանդիսավոր երթերը», որտեղ Նոյյան տապանի պատմությունը հյուսվում է Դոնալդ Դաքի պատմությանը, որը սկզբում կորցրել է, իսկ հետո նորից գտել իր կնոջը։ Եվ վերջապես, Սեն-Սանսի զվարճալի «Կենդանիների կառնավալը» ֆլամինգոների երամի մասին, որոնցից մեկը տարված էր յո-յո խաղալիքով:
«Ադաջիո»
Ռեժիսոր՝ Հարի Բարդին, Ռուսաստան, 2000
Երաժշտությունը՝ Ռեմո Ջիազոտտո՝ Ադաջիո Ալբինոնի
«Ադաջիո»-ում ռուսական անիմացիայի վարպետը, որը ֆիլմերում միշտ բացահայտում է ամենահասարակ առարկաների և նյութերի խաղային հնարավորությունները, աշխատում է իր սիրելի առակի ժանրում՝ օրիգամիի ոգով պատրաստված պայմանական թղթե տիկնիկների հետ: Սպիտակ ազնվական հերոսի հակադրությունը սև աշխարհիկ ամբոխին, որը նախ ոտնահարում է, իսկ հետո փառաբանում նրան, առաջին հերթին կապված է Քրիստոսի մահվան և հարության պատմության հետ, որին հատկապես աջակցում է Ջիազոտտոյի վսեմ երաժշտությանը: Բայց սա միանշանակ նաև հետխորհրդային իրականության վերաբերյալ ռեժիսորի զայրույթի արտահայտումն է:
«Պետյան և գայլը» («Peter & The Wolf»)
Ռեժիսոր՝ Սյուզի Թեմփլթոն, Լեհաստան, 2006
Երաժշտությունը՝ Սերգեյ Պրոկոֆև՝ «Պետյան և գայլը»
Սերգեյ Պրոկոֆևի 1936 թվականի սիմֆոնիկ հեքիաթի նորագույն տիկնիկային տարբերակը, որը նկարահանվել Է բրիտանացի ռեժիսոր Սյուզի Թեմփլթոնի և լեհական թիմի կողմից և «Օսկար»-ի արժանացել, թերևս բոլորից ամենահայտնին է, չնայած այս սյուժեով բեմադրություններ շատ կան, ներառյալ երկու ոչ այնքան հաջող հայրենականները, նույնպես տիկնիկային՝ 1958 և 1976 թվականների՝ ռեժիսոր Անատոլի Կարանովիչի աշխատանքները և զվարճալիորեն նկարված ամերիկյան մի տարբերակ՝ Disney-ի մեկ այլ հավաքածու երաժշտական նախագիծը՝ «Make Mine Music» (1946)՝ իր սեփական զավեշտական մեկնաբանությամբ՝ թռչուն Սաշայի և բադ Սոնյայի հետ: Կոպիտ, աներևակայելի իրական, կենցաղային շատ մանրամասներով, Թեմփլթոնի տարբերակը աղքատ հետվերակառուցական գավառական Ռուսաստանի մասին՝ մռայլ միայնակ դեռահաս Պետյայի հետ, որին գոպնիկները ծեծում էին, ուժեղ տպավորություն էր թողնում: Դատելով ակնարկներից՝ հայրենական հանդիսատեսը ինչ-որ չափով վիրավորված էր դրսից Ռուսաստանի նկատմամբ նման տհաճ հայացքի համար՝ չմտածելով, որ լեհական Se-ma-for ստուդիայի նկարիչները, որտեղ նկարահանվել էր ֆիլմը, հիշողության մեջ և աչքերի առաջ ունեցել էին նույն խորհրդային աղքատ իրականությունը Լեհաստանում:
«Ֆանտազիա Մահացած մարդու մասին՝ Բեթհովենի երաժշտության ներքո»
Ռեժիսոր՝ Մարիա Լիտվինովա, Ռուսաստան, 2006
Երաժշտությունը՝ Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սիմֆոնիա N 7 լա մաժոր (II մաս ” Allegretto)
Երիտասարդ Մարիա Լիտվինովան, ով այժմ թատրոնի հայտնի ռեժիսոր է և իր ամուսնու՝ Վյաչեսլավ Իգնատովի հետ տպավորիչ տիկնիկային և մանկական ներկայացումներ է բեմադրում ամբողջ Ռուսաստանում և արտերկրում, նկարահանել է այս շատ պարզ մուլտֆիլմը, դեռ այն ժամանակ, երբ սովորում էր ԿՀՊԻ-ում (Կինոի համամիութենական պետական ինստիտուտ, ВГИК) և մինչ դիպլոմ ստանալը շատ ժամանակ կար:
«Drux Flux»
Ռեժիսոր՝ Թեոդոր Ուշև, Կանադա, 2008
Երաժշտությունը՝ Ալեքսանդր Մոսոլով՝ «Գործարան: Մեքենաների երաժշտությունը»
Կանադա-բուլղարացի ռեժիսոր և մտավորական Թեոդոր Ուշևը նկարահանել է «Drux Flux»-ը Հերբերտ Մարկուզեի «Միաչափ մարդը» գրքի տպավորության ներքո, որտեղ ուսումնասիրվում է արդյունաբերական հասարակության գաղափարախոսությունը, որն էլ մարդուն միաչափ է դարձրել: Ուշևը բազմաթիվ արխիվային նյութեր և աշխարհով մեկ քանդվող գործարանների ժամանակակից հոլովակներ է օգտագործում՝ աստիճանաբար իր կոլաժ ֆիլմը վերածելով կիսաաբստրակտ պատկերների սրընթաց հեղեղի՝ խորհրդային ավանգարդ կոմպոզիտոր Ալեքսանդր Մոսոլովի 1920-ական թվականների «Գործարան: Մեքենաների երաժշտությունը» ստեղծագործության հզոր երաժշտության ներքո: Ի հակակշիռ Մարկուզայի գաղափարներին՝ Մոսոլովի երաժշտության մեջ հիացմունք կա ուրբանիզմի և գործարանների ստեղծարար արդյունաբերական ուժի նկատմամբ։ Եվ Ուշևը, ռուսական երաժշտական և տեսողական ավանգարդի երկրպագուն, օգտագործելով «Drux Flux»-ում կոնստրուկտիվիստական պլաստիկան և արխիվային գործարանային պաստառները, իր ֆիլմում պահպանում է այս հիացմունքը՝ քննադատական դիտակետին հավասար: Թեև ֆիլմը դրամատիկ կերպով եզրափակվում է Վալտեր Բենիամինի մեջբերումով. «Հանուն հուսալքյալների է մեզ հույսը տրված»:
«Սիրավեպ» («Romance»)
Ռեժիսոր՝ Ժորժ Շվիցգեբել, Կանադա, Շվեյցարիա, 2011
Երաժշտությունը՝ Սերգեյ Ռախմանինով՝ Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
Շվեյցարացի ռեժիսոր Ժորժ Շվիցգեբելի ֆիլմերը միշտ կառուցված են երաժշտությանը ենթակա սրընթաց և պտտվող շարժման վրա, նույնիսկ իր տեսարանների անուններն են կապված երաժշտության հետ («Անտառի արքան»՝ ըստ Շուբերտի, «Ֆուգա», «78 պտույտ»): «Սիրավեպը» Ռախմանինովի երաժշտությամբ պատմում է սիրո մի պատմություն՝ կարծես եղած, կամ երազած, ինչպես մի պար-վազք՝ տեղերի և իրավիճակների անվերջ փոփոխությամբ, որը կառուցված է արտացոլումների և պրոյեկցիաների վրա: Հերոսների կյանքը վերածվում է նկարի՝ թանգարանում, ֆիլմի՝ էկրանին, հայելու մեջ արտացոլման, տեսարանի՝ պատուհանից և այլն, և այլն՝ գունագեղ բծերի նուրբ և պայմանական խորեոգրաֆիայում:
«Սերգեյ Պրոկոֆև: Չորրորդ նարիջը»
Ռեժիսոր՝ Յուլիա Տիտովա, Ռուսաստան, 2011
Երաժշտությունը՝ Սերգեյ Պրոկոֆև՝ նվագախմբային և կամերային ստեղծագործությունների հատվածներ
Բելառուս ռեժիսոր Յուլիա Տիտովայի ֆիլմը՝ Սերգեյ Պրոկոֆևի մասին իր իսկ երաժշտությամբ, նկարահանվել է Մոսկվայի «М.И.Р.» ստուդիայի «Հին դաշնամուրի հեքիաթները» կոմպոզիտորների մասին ճանաչողական շարքում: Շարքն արդեն ներառում է 13 րոպեանոց 13 դրվագ՝ բոլորի համար գեղեցիկ «սորուն» նախանկարներով: Նախագծին տարբեր երկրների ռեժիսորներ են մասնակցել (մասնավորապես՝ տիկնիկային անիմացիայի բրիտանացի աստղ Բարրի Փերվզը Չայկովսկու մասին մի դրվագ է նկարահանել):
Ի դեպ, հեռուստադիտողները երաժշտական-անիմացիոն «սորուն» շոուները մեծ էկրաններին շատ են սիրում, չնայած դրանք ամբողջությամբ չեն կարող անիմացիա կոչվել, քանզի կադրային նկարահանումը բացակայում է: Բայց կան անիմատորներ, որոնք վարպետորեն անում են դա, ինչպես, օրինակ, հունգարացի ռեժիսոր Ֆերենց Ցակոն իր ավազե նկարներում (օրինակ՝ «Տարվա եղանակները»՝ ըստ Վիվալդիի): «Սերգեյ Պրոկոֆև: Չորրորդ նարիջը» մուլտֆիլմը կարող եք դիտել այստեղ:
«Թաքցված արցունք» («Una furtiva lagrima»)
Ռեժիսոր՝ Կառլո Վոգելե, ԱՄՆ, 2011
Երաժշտությունը՝ Գաետանո Դոնիցետտի ” «Una Furtiva Lagrima» մեներգ «Սիրային խմիչք»օպերայից
Կառլո Վոգելեն, ռեժիսոր, որը հայտնի է իր սրամիտ առարկայական անիմացիայով և ամենատարբեր հերոսներով՝ գուլպաներից մինչև երշիկներ, նկարահանել է տենորային երգացանկի ամենահայտնի արիաներից մեկը՝ Նեմորինոյի ռոմանսը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայից՝ Մեծն Էնրիկո Կարուզոյի կատարմամբ, որպես ձկան ողբալի մի մահերգ՝ շուկայից դեպի թավա տանող ճանապարհին։ Այս ֆիլմը փառատոնային մեծ հաջողություն ունեցավ, իսկ Կառլոն պատմեց, թե ինչ դժվարությունների է բախվել, նկարահանելով ֆիլմը ռեկորդային մի քանի շաբաթվա ընթացքում. թարմ ձուկը անընդհատ փչանում էր և մասերի բաժանվում, իսկ նույնից նորը գտնելը հեշտ չէր:
«Թեթև մոտիվ» («Light Motif»)
Ռեժիսոր՝ Ֆրեդերիկ Բոնպապա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, 2014
Երաժշտությունը՝ Սթիվ Ռայխ՝ «Երաժշտություն 18 երաժիշտների համար»
Թվում է, թե Սթիվ Ռայխի երաժշտությունն իր մաթեմատիկական հաշվարկով, հատկապես, անիմացիոն փորձերի է հրահրում, որոնք ձգտում են կրկնել նրա մինիմալիստական կառուցվածքը սեփական լեզվով: Ռեժիսոր Ֆրեդերիկ Բոնպապան առաջարկում է օգտագործել սինեստեզիայի փորձը, այսինքն՝ այնպիսի անսովոր ընկալումը, երբ մարդն ակամա լրացնում է մի որակը մյուսով։ Օրինակ՝ հնչյունները նա տեսնում է գունավոր կամ որպես երկրաչափական պատկերներ։ Այսպիսով, «Թեթև մոտիվը», որը մի քանի տարի առաջ բազմաթիվ մրցանակների է արժանացել (հիմնականում թվային արվեստի փառատոններում), առաջարկում է «Երաժշտություն՝ 18 երաժիշտների համար» աշխատանքի վիզուալիզացիան գույնի, առարկաների շարժման և նույնիսկ ճարտարապետության միջոցով: Եվ այս բոլոր խաղերի մեջտեղում դնում է մեդիտացիա անող կապիկին, ինչի պատճառով ֆիլմը դադարում է ընկալվել որպես զուտ վերացական:
Ռայխի երաժշտությունը կարծես ստեղծված լինի վիզուալիզացիայի համար, և, ահա, արդյունավետորեն օգտագործող խորեոգրաֆիայի մշակման համակարգչային հնարավորությունները ևս մեկ օրինակ, ինչի արդյունքում մենք կարծես շարժումների «արձագանքն» ենք տեսնում՝ Մայքլ Լանգանի և Թերա Մայերի «Choros»-ը։ Սա ակնհայտ հարգանքի տուրք է կանադացի անիմացիոն հեղափոխական Նորման Մաքլարենին՝ 1968 թվականի նրա «Պա-դե-դե» ֆիլմին, երբ կինոյում դեռ թվային տեխնոլոգիա չէր օգտագործվում:
«Պիֆ-պաֆ, օ՜յ-օ՜յ-օ՜յ»
Ռեժիսորներ՝ Հարի Բարդին, Վիտալի Պեսկով, ԽՍՀՄ, 1980
Երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկի
Ըստ օպերաների ստեղծված այսչափ մուլտֆիլմերի մասին պատմելուց հետո չի կարելի չհիշել թատրոնի մասին այս ծաղրական տեսարանը՝ հիմնվելով հայտնի ծաղրանկարիչ Վիտալի Պեսկովի նկարների վրա: Այստեղ իրականում դասական երաժշտություն չկա (ֆիլմի կոմպոզիտորը Մաքսիմ Դունաևսկին էր), բայց այստեղ անեկդոտի ժանրում (և միևնույն ժամանակ «Թատերական վեպի») պատմվում է, թե ինչպիսին կլիներ փախած նապաստակի մասին ոտանավորը դրամայում, օպերետայում, մանկական հանդեսում, փորձարարական բեմադրման մեջ և, իհարկե, օպերայում։ Ամենազարմանալին այն է, որ գրեթե 40 տարի է անցել, և ծաղրերգությունը մնում է նույնքան թափանցիկ, ինչպես և դրա առարկաներն են ակնհայտ:
Բոնուս ծնողների համար
«Մեներգ» («Aria»)
Ռեժիսոր՝ Պյոտր Սապեգին, Նորվեգիա, Կանադա, 2001
Երաժշտությունը՝ Ջակոմո Պուչինի՝ «Մադամ Բաթերֆլայ» օպերա
Պյոտր Սապեգինը (ժամանակին՝ մոսկովյան թատերական նկարիչ, ով 1990-ականներից դարձել է նորվեգացի ամենահայտնի անիմացիոն ռեժիսորներից մեկը) նկարահանել է «Մեներգը»՝ «Մադամ Բաթերֆլայ» օպերայի սյուժեի հիման վրա։ Սա շատ ուժեղ տիկնիկային ֆիլմ է, որը բազմաթիվ փառատոնային մրցանակների է արժանացել։ Լեյտենանտ Պինկերտոնը, որը պատահաբար չէ պլաստիկ Քենին նման, Չիո-Չիո-Սանին պատեֆոն է նվիրում՝ Պուչինիի օպերայի ամենահայտնի մեներգը նվագող ձայնասկավառակով։ Տիկնիկայնության թեման ֆիլմի կենտրոնում է՝ սկսած նրանից, որ սա «կին-տիկնիկ» սյուժեի պարադոքսալ մեկնությունն է, որտեղ տիկնային է մեծամասամբ տղամարդը և այն ամենը, ինչ վերաբերում է նրան: Նույնը նաև պլաստիկ, գրեթե անսեռ մարմիններով սիրային տեսարանի վերաբերյալ է, ինչպես և լեյտենանտի ամերիկացի Բարբի-կնոջ՝ զանգվածային շուկայի արտադրանք է՝ գունավոր, մանկական տիկնիկներով լի մեքենայով: Այդպիսին է նաև ֆիլմի սարսափելի ավարտը, որտեղ տիկնիկ լինել չցանկացող Չիո-Չիո-սանը, ամեն ինչից զրկվելով, կատաղի կերպով ոչնչացնում է իր տիկնիկային մարմինն ու ոսկորները։
«Սատիմանիա» («Satiemania»)
Ռեժիսոր՝ Զդենկո Գասպարովիչ, Հարավսլավիա, 1978
Երաժշտությունը՝ Էրիկ Սաթիի ստեղծագործություններ
Անիմացիայի պատմության լավագույն երաժշտական ֆիլմերից մեկը նկարահանել է խորվաթ ռեժիսոր Զդենկո Գասպարովիչը՝ Էրիկ Սաթիի երաժշտությամբ։ 1978 թվականին Զագրեբի դպրոցը դեռ նշանակալիների ցանկում էր, չնայած գնալով մարում էր, և «Սատիմանիան» դարձավ նրա հիմնասյուներից մեկը և Գասպարովիչի գլխավոր ֆիլմը, որը իր հեղինակային ֆիլմերը գրեթե չէր նկարահանում: Ֆիլմը բազմաթիվ մրցանակներ է ստացել ամբողջ աշխարհում, բայց գլխավորն այն է, որ դրամատուրգիայի և պատմվածքի տեսակով այն նոր էր, իսկ այդ ժամանակ անիմացիան այդպես չէին նկարում։ «Սատիմանիա» ֆիլմը՝ որպես երաժշտություն, փոփոխական է, որն ակնթարթորեն փոխում է թեման, միջոցները, խաղում է ինչպես մասսայական կուլտուրայի, այնպես էլ դասական արվեստի հետ։ Սա քաղաքի մասին ազատ պատմություն է՝ իր ֆլանյորներով, ռեստորաններով, ֆիլմերով և հասարակաց տնից անվերջ տխուր, երազկոտ կանանցով: Լեգենդար բուռն սկիզբը քայլվածքների մի ամբողջ հավաքածուով, որոնցից հնարավոր չէ կտրվել (իսկ անիմատորների համար քայլվածքը պարզապես ֆետիշ է), փոխարինվում է սառած էսքիզներով, կարծես ընդհանրապես առանց անիմացիայի: Գասպարովիչը իրեն չի կաշկանդում ոչ միայն սյուժեով, այլև ընդհանրապես ոչ մի կանոններով, նրա կինոն հոսում է ջրի պես, ուր նա ուզում է, միտքը ցատկում է և վերադառնում՝ քմահաճ, բայց իմաստալից:
Այս ժապավենի մասին խոսելիս չի կարելի չհիշել ճապոնական հեղինակային անիմացիայի ամենահայտնի ռեժիսոր Կոջի Յամամուրայի «Սաթի «Շքերթ»» ֆիլմը։ Այն նկարահանվել է՝ ըստ Էրիկ Սաթիի «Շքերթ» բալետի և նրա գրառումների, իսկ հերոսների շարքում է նաև զվարճալի մորուքավոր կոմպոզիտորը:
«Կենդանիների կառնավալ» («The Carnival of the Animals»)
Ռեժիսոր՝ Միքայելա Պավլատովա, Չեխիա, 2006
Երաժշտությունը՝ Կամիլ Սեն-Սանս՝ «Կենդանիների կառնավալ»
Միքայելա Պավլատովան՝ այսօր ամենահայտնի չեխ անիմացիոն ռեժիսորներից մեկը, որը շատ է նկարահանում կանանց թեմաներով, այս սրամիտ ֆիլմը պատրաստել է Սեն-Սանսի երաժշտությամբ՝ բոլոր կենդանի էակների սեքսուալության մասին: Պատմությունը սկսվում է մարմնի սեռական հասունության փոփոխությունների, գայթակղությունների, վախերի, երազների, միայնության և երիտասարդության գերզգայնության մասին անհանգստություններից և հասնում է ամբողջ բնության հաղթանակին և օրգազմին՝ ընդհուպ մինչև խխունջներ և մեղուներ:
Թարգմանիչ՝ Մեսրոպ Հովսեփյան (Mesrop Hovsepyan), խմբագիր՝ Անի Յախշիբեկյան (Ani Yakhshibekyan) © Բոլոր իրավունքները պաշտպանված են։