2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան-ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել էր Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անօրինական հսկիչ անցակետ տեղադրելու մասին։ Ապրիլի 28-ին ադրբեջանական այսպես կոչված «բնապահպան ակտիվիստներին» փոխարինել էին ադրբեջանական ոստիկանության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Հունիսի 15-ից 10 օրով արգելվել էր նաև խաղաղապահների տեղաշարժը, հունիսի 25-ից վերսկսվել էր ԿԽՄԿ-ի գործունեությունը, սակայն արգելվել են Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։ Արգելված էր նաև խաղաղապահների կողմից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը:
Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով ֆիզիկապես խոչընդոտվել էր Արցախի միակ ճանապարհի գործունեությունը, Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում էր Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծեց հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի ժողովրդի նկատմամբ: Ռազմական այս գործողությունները շարունակությունն էին 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսված Արցախի շրջափակման: 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը դեպի Հայաստան։ Հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի հաղորդած տվյալներով՝ Արցախից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի ստորագրած հրամանագրի համաձայն՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, որով, փաստացի, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
«Ինադու» փոդքասթի սույն էպիզոդների հրապարակումներն իրականացվում են post factum:
Ինադու 3 | Շրջափակում. օր 246: Մենք հոգնել ենք
Փոդքասթի հեղինակները ուսուցչուհի, բլոգեր Նինան և հաղորդավարուհի, դերասանուհի Շողերն են։ Այս փոդքասթի միջոցով նրանք փորձում են ներկայացնել կյանքը շրջափակված Արցախում՝ առաջին օրերից մինչև ներկա իրականություն, կիսվում են իրենց հույզերով, հոգսերով և սպասումներով։ Զրույցի այս ոճը ընտրելու նպատակը շրջափակված արցախյան իրականությունը ի ցույց դնելն է։ «Իրադարձությունները այնքան արագ են փոխվում ու այնքան ասելիք կա, որ հեռուստացույցով ոչ մի հաղորդում, ոչ մի նյութ կամ ինստագրամում արված ոչ մի փոստ չի կարող պատմել այն ինչ կատարվում է»,-ասում է Նինան։
Երեխայի աչքերով՝ շրջափակումը, պատերազմը, կորուստը, երազանքները
«Ինադու» փոդքասթ | Էպիզոդ 4
Արցախի համայնքաբնակ երեխաների երազանքների, շրջափակած առօրյայի, կաթվածահար կրթության, փոքրերի՝ մեծ խնդիրները հաղթահարելու հոգեբանության մասին Նինան ու Շողերը զրուցում են Արցախի գյուղերից մեկում ապրող 11-ամյա Մանեի հետ։
Արցախի շրջափակումը սկսվեց ձմռանը․ էլեկտրաէներգիայի մատակարարումը իրականացվում էր Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ հովհարային անջատումներով, իսկ գազամատակարարումը գրեթե ամբողջովին խափանվել էր։ Այս պայմաններում ժամանակավորապես դադարեցվել էին գազով ջեռուցվող հանրակրթական դպրոցներն ու ուսումնական հաստատությունները։
Այն դպրոցում, որտեղ Մանեն էր սովորում, որոշ դասարաններում փայտի վառարաններ էին դրվել, և դասամիջոցներին ու ազատ ժամերին մի քիչ տաքանալու համար այդ «բախտավոր» դասարաններում էին հայտնվում այլ աշակերտներ. «Դասարաններ կային, որտեղ վառարաններ չկային, գյուղացիներն էլ չունեին, որ տային»։
Նոր ուսումնական տարվա համար նախապատրաստությունները նույնպես խնդիրներով լի էին։ Ինչպես Մանեն էր պատմում, զգացվում էր ուսումնական իրերի, գրենական պիտույքների, հագուստների պակաս․ մինչ դժվարությամբ գյուղից քաղաք եկողները կկարողանային ինչ-որ բան ձեռք բերել, ապրանքները արդեն սպառված էին լինում, խանութները՝ դատարկ։
Ուտելիքի խնդիրը գյուղում համեմատաբար քիչ էր զգացվում, սննդի պակասը փորձում էին լրացնել այգում աճեցված մրգերով ու բանջարեղենով։ Սննդից բացի երեխաները զգում էին նաև քաղցրավենիքի պակասը։ Մանեն արդեն պատկերացրել էր, թե ինչպես է նշելու իր ծննդյան տարեդարձը, բայց շրջափակումը սկսվելուց հետո արդեն այդքան էլ ցանկություն չուներ այն նշելու։
Չնայած բոլոր դժվարություններին 11-ամյա Մանեն ցանկանում էր շարունակել ապրել Արցախում. «Իմ քեռին, հորեղբայրը, հայրիկը, պապիկը այս հողի համար կռվել են, արյուն են թափել …»։
Մի քանի հարց՝ ուղղված 11-ամյա Մանեին։
«…Շատ մարդ կա՝ ըսօր ասում ա թաքի խաղաղություն ինի, վեչինչ հինչա, հինչ ինումա ինի, թաքի խաղաղություն ինի: Տու համ պատերազմ ըս տըսալ, համ խաղաղություննս գյուդում, հունցը՞ս մտածում, որ մին օր մըզ ասին ձև չկա պիտի կըռվավ, եթե օզումըք ստըղ ապրիք, պիտի նորից կռէվ անիք, հի՞նչ անինք»: {Շատ մարդ կա, որ այսօր ասում է ինչ լինում է լինի, թող խաղաղություն լինի: Դու և՛ պատերազմ ես տեսել, և՛ խաղաղությունը գիտես, ի՞նչ ես կարծում, որ մի օր մեզ ասեն՝ ձև չկա, եթե ուզում եք այստեղ ապրել, որեմն նորից պիտի կռվեք, ի՞նչ անենք)։}
Մանե. «Պատերազմից հետո խաղաղություն երբեք ինիլ չի։ Որովհետև ինձ ըտեհ խաղաղությունը մի հանց պանա, որ քու լոխ հարազատները էնին քու կողքետ։ Ես էս պատերազմում էնքան հարազատ եմ կորցրալ ու էն մնացած էրեխքն էլ են [․..] կորցրալ, ու էս պատերազմից հետո, երևի բոլոր պատերազմից հետո, լիարժեք խաղաղություն երբեք ինել չի: Բայց եթե մըզ հնարավորություն ինի կռվալ [․..] մեր ուժերով, կամ թեկուզ մըզ օգնին, ես ավելի շատ կկռվիմ կմահանամ, քան ապրիմ ստըղան դուրս, կամ ստըղ, բայց գերության մեջ»։ {Պատերազմից հետո խաղաղություն երբեք չի լինի: Որովհետև ինձ համար խաղաղությունը մի այնպիսի բան է, երբ բոլոր հարազատներդ քո կողքին են: Ես այս պատերազմում շատ հարազատներ եմ կորցրել ու մյուս երեխաներն էլ, ու այս պատերազմից հետո, լիարժեք խաղաղություն երբեք չի լինի: Բայց եթե մեզ հնարավորություն լինի կռվել մեր ուժերով, կամ թեկուզ մեզ օգնեն, ես ավելի շատ կկռվեմ կմահանամ, քան կապրեմ այստեղից դուրս կամ էստեղ, բայց գերության մեջ}
«Ամենամեծ երկու հերոսություն կա։ Մինը էնա, որ տու քինում ըս հայրենիքի համար մըռնում ես, մինն էլ էն ա, որ տու, ինչքան էլ տիժար ա, հանուն հայրենիքի ապրում ըս։ Ու մարդիկ շատ հաճախ ասում են, վե՞րն ա ավելի մեծ հերոսություն՝ կյանքը տա՞լ հայրենիքի հետի, թե՞ փիս կյանքով ապրել հայրենիքի հետի»։ {Ամենամեծ երկու հերոսություն կա. մեկը նա է, որ դու գնում և հայրենիքի համար մեռնում ես, մյուսն էլ, որ դու, որքան էլ դժվար լինի, ապրում ես հանուն հայրենիքի: Ու մարդիկ շատ հաճախ ասում են՝ ո՞րն է ավելի մեծ հերոսություն՝ կյանքը տա՞լ հայրենիքի համար, թե՞ վատ կյանքով ապրել հանուն հայրենիքի:}
Մանե. «Շատ հարազատ մարդիկ ամենաթանկ բանը՝ իրենց կյանքը, տվեցին մեր էս հողի համար։ Էդ երկու տարբերակը իրար հետ կապված են, որովհետև նրանք իրենց կյանքը տվել են ու հիմա ինչ էլ լինի, թեկուզ լավ, թեկուզ վատ պետք է ապրենք այստեղ … »
Ի՞նչ է երազում Մանեն՝ որպես արցախցի, և ի՞նչ է երազում Մանեն՝ որպես աղջիկ։
Մանեն՝ որպես արցախցի երազում է խաղաղության մասին, որ իրենց գյուղում հանգիստ կարողանա շրջել, որպեսզի վախով չապրեն։ Մանեն՝ որպես աղջիկ երազում է այցելել Բրազիլիա, տեսնել Ռիո դե Ժանեյրոն, անվճար ընդունվել համալսարան, և շատ գումար ունենալ՝ քաղցկեղով հիվանդներին օգնելու համար։
Պատրաստեց՝ Մարիամ Մանուկյանը
Փոդքասթը՝ «Ինադու 4 | Երեխայի աչքերով՝ շրջափակումը, պատերազմը, կորուստը, երազանքները»
Նյութը հրապարակվում է «Ինադու» փոդքաստի հեղինակներ Նինա Շահվերդանի և Շողեր Սարգսյանի համաձայնությամբ: Տեսանյութի բնօրինակները հրապարակվում են «Ինադու»-ի Youtube-յան էջում: Հրապարակումների տեքստային և վիզուալ հատվածի պատրաստումը, թարգմանությունը իրականացվում են «Ինլայթ»-ի կողմից:
«Ինադու» փոդքաստին աջակցել կարող եք Patreon-ի միջոցով՝ հղմամբ:
Արցախի խնդրի և շրջափաման շուրջ մյուս հրապարակումները կարդացեք Արցախյան քրոնիկոն խորագրի ներքո: